Աստծու օգնությամբ հաղթահարել եմ փորձությունները
ՊԱՏՄՈՒՄ Է ՎԱԶԻՐ ԱՍԱՆՈՎԸ
Անկողնուց վեր ցատկելով՝ Աստվածաշունչը կապեցի գոտկատեղիս ու արագորեն հագնվեցի։ Վերցրի մի քանի շոր, դրեցի անկողնուս մեջ ու վերմակով ծածկեցի, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե ես եմ այնտեղ։ Հետո պատուհանից դուրս ցատկեցի ու վազեցի Թագավորության սրահ՝ ճանապարհին անընդհատ աղոթելով Աստծուն։ 1991 թվականն էր։ Այդ ժամանակ 14 տարեկան էի։
ԵՍ ԾՆՎԵԼ եմ քրդական ընտանիքում Ղազախստանի հարավային քաղաքներից մեկում։ Այն ժամանակ Ղազախստանը Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր։ Ծնողներս ու բարեկամներս շատ էին ուզում, որ դառնամ մեր ազգի ապագա առաջնորդ և ազատարար, ուստի ինձ դաստիարակել էին այդ ոգով։ Ես այնպիսի ատելությամբ էի լցված քուրդ ժողովրդի թշնամիների հանդեպ, որ պատրաստ էի անգամ սպանելու նրանց՝ իմ ժողովրդին ազատագրելու համար։
1980–ականների վերջում ես, մայրս ու կրտսեր եղբայրս սկսեցինք Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Չնայած հայրս արգելեց մեզ շփվել քրիստոնյաների հետ, ես շարունակեցի ուսումնասիրել։ Սա լուրջ քայլ էր իմ կողմից, որովհետև չլսված բան է, որ քրդական ընտանիքում տան գլխի ասածը չանեն։ Ես սիրում էի հորս, բայց սիրում էի նաև Աստվածաշնչի ճշմարտությունները։
Հալածանք տանը և դպրոցում
Մի օր ուսուցիչը պայուսակիս մեջ «Դիտարան» պարբերագիր տեսավ ու հայտնեց ծնողներիս։ Հայրս խիստ զայրացավ ու այնպես խփեց, որ քթիցս արյուն եկավ։ «Դու դեռ դրանց հետ ես, հաա՜»,— բղավում էր նա։
Դրանից հետո հայրս հայտարարեց, որ ինձ այլևս չի համարում իր որդին։ Ես շատ տխրեցի այդ խոսքերից։ Հալածանք սկսվեց նաև դպրոցում։ Դասընկերներիցս շատերը խուսափում էին ինձնից, մի քանիսն էլ բացեիբաց հայհոյում էին։ Ուսուցիչներս ցածր գնահատականներ էին դնում, հաճախ էլ դասի ժամանակ ծաղրում էին հավատս՝ փորձելով աթեիստական գաղափարներ սերմանել իմ մեջ։
Չնայած հակառակությանը՝ ես ջանում էի հաճախել քրիստոնեական հանդիպումներին և մարդկանց պատմել իմ նոր հավատի մասին։ Որոշ ժամանակ անց հայրս իմացավ, որ շարունակում եմ հանդիպել Վկաների հետ ու կարդում եմ Աստվածաշունչը։ Մի կիրակի տնից դուրս գալու առիթ էի փնտրում ժողով գնալու համար։ Հայրս ինձ անմիջապես ուղարկեց քնելու և խստորեն ասաց. «Սրանից հետո ամեն կիրակի այս ժամին դու անկողնում լինես»։ Նա ասաց, որ վերջս լավ չի լինի, եթե այդպես չանեմ։ Ես չէի կասկածում, որ նա կիրականացնի իր սպառնալիքները։
Արցունքն աչքերիս՝ աղաչեցի Եհովային՝ ճշմարիտ Աստծուն, որ փափկեցնի հորս սիրտը։ Աստվածաշնչից հիշեցի հին իսրայելացիներին, որոնք գերի էին Եգիպտոսում։ Հայրս հիշեցնում էր համառ փարավոնին, որը նրանց թույլ չէր տալիս գնալ Եհովային երկրպագելու (Ելից 5։1, 2)։
Համարձակ քայլեր
Մի կիրակի որոշեցի գնալ ժողով։ Անկողնում պառկած՝ լուռ աղոթում էի Եհովային։ Անհանգըստությունից սիրտս ուժեղ խփում էր։ Երբ ծնողներս մտան իմ սենյակ, ձևացրի, թե քնած եմ։ Հայրս հպարտորեն ասաց. «Տե՛ս՝ ինչ հնազանդ տղա ունեմ»։ Նա համբուրեց ինձ, ու երկուսով լուռ դուրս եկան։ Ես շարունակեցի ջերմեռանդորեն աղոթել։
Նրանց գնալուց հետո, ինչպես նշեցի սկզբում, վեր ցատկեցի, մահճակալի տակից հանեցի կոշիկներս, հագա ու պատուհանից դուրս թռա։ Երկու ժամերը ժողովում արագ անցան։ Մտածում էի՝ ինչ կանի ինձ հայրս, երբ տուն վերադառնամ։ Մայրս տեսել էր, որ անկողնում իմ փոխարեն շորերս են, բայց, բարեբախտաբար, հորս ոչինչ չէր ասել։ Այդուհանդերձ, նա ինձ զգուշացրեց, որ մյուս անգամ չի լռելու։
Մի օր ծնողներիս ասացի, որ ընկերներիցս մեկը պետք է գնա մի հատուկ միջոցառման, և ինձ առաջարկել է գնալ իր հետ։ Դա 1992 թ.–ին էր։ Իրականում այդ միջոցառումը, որին ուզում էի ներկա լինել, Եհովայի վկաների համաժողովն էր, որն անցկացվելու էր Թարազ քաղաքում։ Այն մեր քաղաքից՝ Քարաթաուից, հեռու էր մոտ 100 կիլոմետր։ Համաժողովին պետք է մկրտվեի՝ խորհրդանշելով իմ նվիրումը Եհովային։ Մորս հարցրի, թե արդյոք կարող եմ ամբարից մի դույլ արևածաղկի սերմ վերցնել։ Նա տվեց, ես այն բովեցի ու վաճառեցի շուկայում։ Այդպիսով բավականաչափ փող ունեցա համաժողով գնալու համար։
Երբ վերադարձա, հայրս հարցրեց, թե արդյոք լավ ժամանակ անցկացրի ընկերոջս հետ։ Ասացի, որ շատ լավ էր։ Զգացի, որ Եհովան օգնեց ինձ, որովհետև հայրս ուրիշ հարցեր չտվեց։ Ինձ շատ հոգեհարազատ էին Առակաց 3։5, 6 խոսքերը. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր։ Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները»։
Հոգևորապես թուլանում եմ
Հայրս շարունակում էր հալածել ինձ։ Ես նախկինի պես շփվում էի Վկաների հետ, նա էլ, ինչպես միշտ, դաժանորեն ծեծում էր ինձ՝ թե՛ մարդկանց ներկայությամբ, թե՛ առանձին։ Գրեթե ամեն օր ինձ ստորացնում էին ու ճնշում, և ես հաճախ էի լաց լինում։ Այդ ժամանակ Ղազախստանը անկախացել էր Խորհրդային Միությունից, և ծնողներս ու բարեկամներս համոզում էին ինձ քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի օգուտ տամ մարդկանց։ Նրանք կարծում էին, որ ես հնարավորությունս բաց եմ թողնում։
Ավագ եղբայրս մեծ նվաճումների էր հասել սպորտի բնագավառում, ու հայրս հաճախ նրան օրինակ էր բերում ինձ համար։ 1994 թ.–ի վերջում ես նույնպես սկսեցի զբաղվել սպորտով։ Քանի որ ընդունակ էի, կարճ ժամանակում հաջողությունների հասա ֆուտբոլի ու մարմնամարզության բնագավառներում և արժանացա մրցանակների։ Բոլորը ինձ գովում էին։ Սկսեցի նաև իրավաբանություն ուսումնասիրել, որպեսզի պաշտպանեմ քրդերի իրավունքները։ Նույնիսկ հետաքրքրվում էի քաղաքականությամբ և մտածում էի քրդական երիտասարդական կուսակցություն հիմնելու մասին։ Հիմա հայրս գովում էր ինձ։
«Պա՛պ։ Դու հաղթեցիր»
Ես հոգևորապես թուլացել էի։ Այլևս չէի կարդում Աստվածաշունչ և չէի գնում Եհովայի վկաների հանդիպումներին։ Ինձ մխիթարում էի այն մտքով, որ նորից կսկսեմ ծառայել Եհովային, երբ մի քիչ էլ մեծանամ։ Մի անգամ հայրս հարցրեց, թե արդյոք շփվում եմ Եհովայի վկաների հետ։ Ես պատասխանեցի. «Ո՛չ, պա՛պ։ Դու հաղթեցիր։ Հիմա ուրա՞խ ես»։ Հորս դեմքը երջանկությունից փայլում էր։ «Վերջապե՛ս։ Հիմա դու իմ որդին ես»,— հպարտ ասաց նա։
Երկու տարի չգնացի ժողով։ Ճիշտ է, երբեմն ուզում էի գնալ, բայց ամաչում էի։ Մտածում էի, որ ժողովի անդամները ինձ չեն հասկանա։
Սակայն ես համոզված էի, որ Եհովային ծառայելուց լավ բան չկա։ Հաճախ էի ինքս ինձ ասում. «Չէ՞ որ ես սիրում եմ Եհովային»։ Հետո հայրս սկսեց պնդել, որ սովորեմ համալսարանում։ Ես համաձայնվեցի և նույնիսկ խոստացա դպրոցը բարձր գնահատականներով ավարտել։ Բայց սրտումս հույս էի փայփայում, որ հենց ընդունվեմ համալսարան Ալմաթիում, որը ժամանակակից մեծ քաղաք է Ղազախստանի հարավում, կփնտրեմ ու կգտնեմ Եհովայի վկաներին։
Ուրախալի փոփոխություններ
Նոր էի սկսել ուսումս համալսարանում, երբ հանդիպեցի երկու Վկայի, որոնք քարոզում էին փողոցում։ Նրանք ինձ հարցրին. «Ձեր կարծիքով՝ ո՞վ է ղեկավարում աշխարհը»։
Ես պատասխանեցի. «Բանսարկու Սատանան՝ Եհովայի ու ամբողջ մարդկության թշնամին» (2 Կորնթացիներ 4։3, 4)։ Ասացի, որ ես մկրտված Վկա եմ, բայց հոգևորապես թուլացել եմ։
1996 թ. վերջերին դարձյալ սկսեցի Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ։ Մի քանի հանդիպումից հետո Եհովային ծառայելու ցանկությունս կրկին բոցավառվեց, և սկսեցի ակտիվորեն մասնակցել Ալմաթիի Վկաների գործունեությանը։ 1997 թ. սեպտեմբերին դարձա ռահվիրա (լիաժամ ծառայող)։
Մեկ տարի անց հայրս այցելեց ինձ։ Ես վազելով ընդառաջ գնացի նրան, ու մենք պինդ գրկախառնվեցինք։ Նա ինձնից ներողություն խնդրեց այն բոլոր տարիներին ինձ վատ վերաբերվելու համար։ Հայրս ասաց, որ չի հասկացել ո՛չ ինձ, ո՛չ իմ հավատը։ Ես պատասխանեցի. «Պա՛պ, ես քեզ շատ եմ սիրում»։
Ես պարզապես երջանիկ էի, երբ հայրս վերցրեց աստվածաշնչային գրականություն, ինչպես նաև խնդրեց Աստվածաշունչ՝ ասելով, որ ուզում է այն կարդալ ծայրից ծայր։ Մեկ տարի անց նա նորից եկավ ինձ մոտ, այս անգամ՝ մայրիկի հետ։ Թագավորության սրահում տարբեր ազգերի մարդիկ ջերմորեն ողջունեցին նրանց՝ մոտենալով և ծանոթանալով նրանց հետ։ Հայրս անչափ տպավորված էր։ Նա սկսեց Եհովայի վկաների գրականությունը կարդալ մեծ հետաքրքրությամբ։
Առատ օրհնություններ
2001 թ. սեպտեմբերին ամուսնացա մի հրաշալի ռուս աղջկա՝ Ելենայի հետ։ Նա մկրտվել էր 1997 թ.–ին, իսկ 2003 թ. մայիսին սկսեց ծառայել ռահվիրա։ Մեր ուրախությանը չափ չկար, երբ իմացանք, որ ծնողներս սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Վկաների հետ և հոգևորապես առաջադիմում են։ Անկեղծ ասած՝ հավատս չէր գալիս, մինչև որ անձամբ հորիցս չլսեցի այդ մասին։ Նա հեռախոսով ասաց, որ Եհովան է միակ ճշմարիտ Աստվածը։
Այնքան ուրախ եմ, որ այստեղ՝ Ալմաթիում, հնարավորություն եմ ունեցել Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնելու տարբեր երկրներից եկած մարդկանց հետ՝ Չինաստանից, Իրանից, Պակիստանից, Սիրիայից և Թուրքիայից։ Վերջերս մի իրանցի մոլլա խնդրեց ինձ, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնեմ իր մայրենի լեզվով՝ պարսկերենով։ Ուսումնասիրել եմ Աֆղանստանում ծառայած մի նախկին գեներալի հետ. նա անչափ տպավորվել էր Եհովայի մասին իր սովորած բաներից։ Սիրիայից եկած մի մարդու հետ հաճույքով Աստվածաշնչի ուսումնասիրություն եմ անցկացրել իմ մայրենի լեզվով՝ քրդերենով։ Ուսումնասիրություններ եմ անցկացրել նաև ղազախերեն և ռուսերեն՝ այն լեզուներով, որոնք գիտեմ մանկուց։
Այսօր Ալմաթիում կա Եհովայի վկաների՝ 35–ից ավելի ժողով։ Ես ու Ելենան ծառայում ենք ղազախական ժողովում։ Անցած տարի կնոջս հետ պատիվ ունեցա ժամանակավորապես ծառայելու Եհովայի վկաների նորակառույց մասնաճյուղում, որը գտնվում է մեր քաղաքի մոտ։
Մի ժամանակ ինձ սովորեցնում էին ատել, բայց Եհովան սովորեցրեց սիրել։ Համոզված եմ, որ մենք երբեք չպետք է թույլ տանք, որ մարդիկ, նույնիսկ լավագույն մղումներ ունեցող հարազատներն ու ընկերները, մեզ ստիպեն անելու Աստծուն հակառակ բաներ (Գաղատացիներ 6։9)։ Երջանիկ եմ, որ ես ու կինս «շատ բան ունենք անելու Տիրոջ գործում» (1 Կորնթացիներ 15։58)։
[Մեջբերում 21–րդ էջի վրա]
Մայրս ինձ զգուշացրեց, որ մյուս անգամ չի լռելու
[Նկարներ 23–րդ էջի վրա]
Քարաթաուի այն Թագավորության սրահը, որ պատանի ժամանակ այցելում էի
Ծնողներս այժմ լավ են վերաբերվում մեր գործունեությանը
Ես ու Ելենան մեր ամուսնության օրը
Ելենայի հետ՝ նորակառույց մասնաճյուղում