Չհաջողված հաջողություն
Մոտ 25 տարեկանում նա արդեն հայտնի երգչուհի էր և շատ հարուստ էր։ Քչերին է հաջողվում այդ տարիքում լինել ճանաչված ու մեծ կարողության տեր։ Բայց ամեն ինչ անսպասելիորեն փոխվեց նրա կյանքում։ Երկու անհաջող ամուսնությունից հետո նա ստիպված էր բուժվել վերականգնողական կենտրոններում, քանի որ դարձել էր հարբեցող ու թմրամոլ։ Երիտասարդ երգչուհու կյանքը խորտակված էր։
ՑԱՎՈՔ, այս երիտասարդ կնոջ պատմությունը բացառություն չէ. նման ողբերգական պատմություններ հաճախ ենք լսում հայտնի մարդկանց մասին։ Անգամ բիզնեսի աշխարհում թվացյալ հաջողակ մարդիկ անհանգիստ կյանքով են ապրում։ Նյու Յորքի թերթերից մեկում մեծահարուստ բանկիրների մասին գրված էր. «Ավելի մեծ եկամուտ ձեռք բերելու համար մարդիկ վտանգում են իրենց կարիերան, նրանց ընտանիքները քայքայվում են, մինչդեռ թմրադեղերի առևտրով զբաղվողները միշտ գործ են ունենում.... Եկամտի բարձրագույն տոկոսները որոշ բանկիրների անպարտելիության զգացում են հաղորդում, մինչդեռ մյուսները էմոցիոնալ ճնշված վիճակում են հայտնվում, իսկ ոմանք էլ ի վիճակի չեն լինում նորմալ կյանք վարելու, քանի որ փորձում են անել ավելին, քան կարող են»։
Այս խնդիրների պատճառը մի՞թե այն չէ, որ մարդիկ սխալ ճանապարհով են փորձում հասնել երջանկության ու հաջողության։ Ճիշտ է, փողն անհրաժեշտ է մեր կարիքները բավարարելու համար, բայց արդյո՞ք հաջողությունը կախված է հարստություն կուտակելուց։ Չինաստանում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ թեև աշխատանքի միջին եկամուտը հասել է 250 տոկոսի, մարդիկ բավարարվածություն չեն ստանում իրենց կյանքից։
Իսկական հաջողությունը, ուրեմն, պետք է չափվի ավելի արժեքավոր բանով, քան կարիերան է կամ տան, մեքենայի, թանկարժեք ժամացույցի գինը։ Ավելի արժեքավոր է այն, թե ինչ սկզբունքներով է ապրում մարդը և ինչ նպատակներ ունի կյանքում։ Օրինակ՝ մարդը կարող է լինել խելացի և ուժեղ, սակայն բարոյազուրկ և չսիրված, կամ ճանաչված և հաջողակ, բայց այդպես էլ չհասկանա, թե որն է իր կյանքի իմաստը։
Հետևաբար, իսկապես երջանիկ մարդիկ իրենց կյանքը կենտրոնացնում են ավելի կարևոր բաների վրա և առաջնորդվում են ողջամիտ սկզբունքներով։ Այդ պատճառով նրանք ունեն ներքին խաղաղություն, ինքնահարգանքի զգացում և սիրված են ուրիշների կողմից։ Այսպիսի մարդիկ նաև ունեն կյանքի նպատակ և չեն կենտրոնանում իրենց անձի վրա, ուստիև գոհացուցիչ և իմաստալից կյանք են վարում։ Սակայն գուցե հարցնեք. «Այդ ի՞նչ սկզբունքներ են։ Ի՞նչ նպատակի մասին է խոսքը»։ Կարո՞ղ ենք արդյոք ինքնուրույն գտնել այս հարցերի պատասխանները, թե՞ պետք է մեկ ուրիշին դիմենք։
[Շրջանակ 3–րդ էջի վրա]
ԱՂԱՎԱՂՎԱԾ ՏԵՍԱԿԵՏ
Ըստ բժիշկների՝ սպորտում հաջողություններ ունենալու համար գնալով ավելի շատ երիտասարդ մարզիկներ են դոպինգ ընդունում, որը մեծ վնաս է հասցնում նրանց առողջությանը։ Մի էլեկտրոնային պարբերագրում ասվում է. «Երբ վերջերս անցկացված մի հարցման ժամանակ քոլեջի ուսանողներին հարցրին, թե կօգտագործեին արդյոք ստերոիդ հորմոնային նյութը, եթե իմանային, որ դրա շնորհիվ կհաղթեն, սակայն հինգ տարի հետո լուրջ հիվանդություն կունենան, գրեթե բոլորը պատասխանեցին՝ այո։ Իսկ երբ հարցրին, թե ինչ կանեին, եթե իմանային, որ հինգ տարի հետո կմահանան, 65 տոկոսը նույն պատասխանը տվեց» (Education Update)։