Ո՞ւմ կարող ենք դիմել
ԹԵՐԵՎՍ համաձայնվեք, որ մենք անկատար ենք և այդ պատճառով մեր մեջ սխալ ցանկություններ են առաջանում (Ծննդոց 8։21)։ Միլիոնավոր մարդիկ ունայն նպատակներ են հետապնդում և ընկնում են մարմնի ցանկության, աչքերի ցանկության հետևից և իրենց ապրուստի միջոցները սիրում են ցուցադրաբար ներկայացնել (1 Հովհաննես 2։16)։ Ի վերջո, նրանք վհատվում են և իրենց դժբախտ են զգում։
Փաստորեն, հաջողությունը կախված չէ ճանաչում ունենալուց, հարստությունից կամ ուժից։ Այն բավարարվածության ներքին զգացում է, որն առաջանում է բարոյական բարձր չափանիշներով ապրելուց և կյանքում ճիշտ նպատակ ունենալուց։ Իսկ ո՞վ կարող է ցույց տալ իսկական հաջողության հասնելու ճանապարհը։
Արժե՞ դիմել Աստծուն
Շատերը Արարչին են դիմում առաջնորդության համար, քանի որ նա գիտի, թե ինչու է մեզ ստեղծել, ուստիև որն է մեր կյանքի նպատակըa։ Նա գիտի նաև, թե ինչպես է ստեղծել մեզ։ Հետևաբար մեր Ստեղծիչը կարող է սովորեցնել, թե ինչ սկզբունքներով պետք է ապրեն մարդիկ։ Ավելին, Աստված սիրո մարմնացում է և ուզում է, որ մենք իսկապես երջանիկ և հաջողակ լինենք (1 Հովհաննես 4։8)։ Ինչպե՞ս է նա առաջնորդում մեզ. Աստվածաշնչի միջոցով, որը գրել են մոտ 40 մարդիկb (2 Տիմոթեոս 3։16, 17)։ Իսկ կարո՞ղ ենք վստահել այդ գրքին։
Հիսուս Քրիստոսն ասաց. «Իմաստությունը արդարացվում է իր գործերով» (Մատթեոս 11։19; Հովհաննես 7։29)։ Աստծու իմաստությունը մեզ հաջողություն ու երջանկություն է բերում և ցույց է տալիս «ամեն բարի ուղին», մինչդեռ մարդկային իմաստությանն ապավինելը միայն դժբախտություն է բերում (Առակաց 2։8, 9; Երեմիա 8։9)։
Օրինակ՝ հիպիների շարժումը, որը սկսվեց 1960–ականներին, մերժում էր հասարակության մեջ ընդունված չափանիշները։ Հիպիները խրախուսում էին թմրանյութերի գործածությունը, ազատ սեռական կյանքը և առաջնորդվում էին «ապրիր այսօրվա օրով» կարգախոսով։ Արդյո՞ք դա ճիշտ ապրելակերպ էր։ Արդյո՞ք մարդիկ սկսեցին ապրել իմաստալից կյանքով, ձեռք բերեցի՞ն խաղաղություն և երջանկություն։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ երջանիկ չդարձան։ Մարդկային հասարակության բարոյական չափանիշները շարունակեցին անկում ապրել (2 Տիմոթեոս 3։1–5)։
Ի տարբերություն մարդկային փիլիսոփայության՝ Աստվածաշնչի իմաստությունը անցել է ժամանակի փորձությունը (Եսայիա 40։8)։ Հաջորդ հոդվածում կտեսնեք, թե որ վեց կարևոր քայլերն են օգնել միլիոնավոր մարդկանց լինելու իսկապես երջանիկ և հաջողակ։
[Ծանոթագրություններ]
a Տե՛ս «Համոզմունքներ, որ խեղաթյուրեցին հաջողության մասին պատկերացումը» շրջանակը։
b Տե՛ս 2007 թ. «Արթնացե՛ք» պարբերագրի հատուկ թողարկումը՝ «Կարո՞ղ եք վստահել Աստվածաշնչին»։ Այդտեղ ներկայացվում են հնագիտական, պատմական, գիտական և այլ փաստեր այն մասին, որ Աստվածաշունչը իսկապես ներշնչված է Աստծուց։
[Շրջանակ 5–րդ էջի վրա]
ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐ, ՈՐ ԽԵՂԱԹՅՈՒՐԵՑԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄԸ
Շատերը պնդում են, թե Աստված չկա, և թե կյանքն առաջ է եկել էվոլյուցիայի հետևանքով։ Եթե այս տեսակետը ճիշտ է, ապա կյանքը մի շարք քիմիական ու կենսաբանական պատահական երևույթների արդյունք է, ուստիև անիմաստ է փնտրել նպատակ ու համընդհանուր սկզբունքներ։
Մյուսները հավատում են, որ Աստված է ստեղծել մեզ, սակայն հետո հրաժարվել է մեզնից։ Փաստորեն, ըստ այս համոզմունքի՝ մենք որբ ենք, չենք կարող կյանքում նպատակ ունենալ, ոչ էլ սկզբունքներով ապրելու կարիք ունենք։ Բայց մտածեք. եթե Արարիչը կենդանիներին բնազդով է ստեղծել, և նրանք իրենց դերն ունեն բնության մեջ, ապա մի՞թե նա կստեղծեր մարդկանց և հետո կթողներ, որ ապրեն աննպատակ, առանց առաջնորդության։ Իհարկե ոչ (Հռոմեացիներ 1։19, 20)։
Նպատակի և համընդհանուր սկզբունքների որոնումը անիմաստ համարելով՝ աթեիստական փիլիսոփայությունը խեղաթյուրում է հաջողության մասին պատկերացումը։
[Նկար 5–րդ էջի վրա]
Աստծու իմաստությունը մեզ հաջողություն ու երջանկություն է բերում