Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 10–11
  • Իրավաբանը քննում է Եհովայի վկաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իրավաբանը քննում է Եհովայի վկաներին
  • 2010 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Երեխանե՛ր, սրտանց կատարեք Եհովայի կամքը
    2010 Դիտարան
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 10–11

Իրավաբանը քննում է Եհովայի վկաներին

«ԵՍ ՇԱՏ քիչ բան գիտեի Եհովայի վկաների մասին»,— ասում է Հարավաֆրիկյան Հանրապետության փաստաբանների գրասենյակի տնօրեն և իրավաբան Լես Սիվինը։ Ինչո՞ւ նա սկսեց հետաքրքրվել Եհովայի վկաների համոզմունքներով։ Ի՞նչ եզրահանգման եկավ։ Տեսնենք, թե ինչ է նա պատմում «Արթնացե՛ք»-ի թղթակցին։

—Ի՞նչ կրոն եք դուք դավանել։

—Ծագումով հրեա եմ, իսկ կինս՝ Քերոլը, որի հետ ամուսնացա 1970-ականներին, իրեն համարում էր անգլիկան եկեղեցու անդամ, թեև անտարբեր էր կրոնի հանդեպ։ Սկզբում կրոնը ընդհանրապես ոչ մի դեր չուներ մեր ընտանեկան կյանքում։ Սակայն երբ մեր տղան՝ Էնդրյուն, դարձավ ութ տարեկան, Քերոլը սկսեց մտածել, որ նա պետք է որևէ կրոնի անդամ դառնա։ Ռաբբիներից մեկը մեզ ասաց, որ եթե Քերոլը դավանափոխ լինի և ընդունի հուդայականությունը, Էնդրյուն ինքնաբերաբար հրեա կդառնա ու 13 տարեկանում կկարողանա մասնակցել Բար Միցվա կոչվող հատուկ արարողությանը։ Ուստի ամեն շաբաթ սկսեցինք հաճախել ժողովարանում անցկացվող դավանափոխության դասընթացների։

— Ինչպե՞ս ծանոթացաք Եհովայի վկաների հետ։

— Ամեն անգամ, երբ Վկաները մեր տուն էին գալիս, թույլ չէի տալիս որ խոսեն, միայն ասում էի. «Ես հրեա եմ և չեմ ընդունում Նոր Կտակարանը»։ Բայց մի օր Քերոլը ասաց, որ իր ընկերներից մեկը Վկա է և շատ լավ է հասկանում Աստվածաշունչը։ Առաջարկեց նրա միջոցով ավելի շատ բան իմանալ Աստվածաշնչից։ Դժկամորեն համաձայնվեցի, և մենք սկսեցինք Վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել։

— Ինչպե՞ս էր ընթանում ուսումնասիրությունը։

— Ես հպարտ մարդ էի։ Դավանափոխության դասընթացների ժամանակ վերագտել էի իմ հոգևոր արժեքները և հասկացել էի, որ ընտրյալ ազգից եմ սերել։ Այդ պատճառով մտածում էի. «Էս մարդիկ ի՞նչ կարող են սովորեցնել ինձ»։ Մեր առաջին հանդիպման ժամանակ Վկային ասացի. «Ես հրեա եմ ծնվել և հրեա էլ կմեռնեմ։ Ես ունեմ իմ կրոնը։ Ձեր ասածները չեն փոխի ինձ»։ Վերջինս բարյացակամորեն ընդունեց իմ տեսակետը։ Հետաքրքիր էր, ուրբաթ և երկուշաբթի երեկոները շարունակում էինք հաճախել հրեական դավանափոխության դասընթացներին, իսկ կիրակի առավոտյան Վկաները գալիս էին մեր տուն և մեզ հետ Աստվածաշունչ էին ուսումնասիրում (եթե իհարկե չէի կարողանում պատճառ գտնել, որ նրանք չգան)։ Սակայն, ի տարբերություն ժողովարանում անցկացվող մեր դասընթացների, Վկաների ուսումնասիրությունը անվճար էր։

Ուսումնասիրության ընթացքում իմ հրեական Աստվածաշնչից էի կարդում համարները, քանի որ մտածում էի, որ Վկաները Աստվածաշնչի այնպիսի թարգմանություն են օգտագործում, որը հարմարեցված է իրենց համոզմունքներին։ Սակայն ի զարմանս ինձ՝ այս երկու Աստվածաշնչերի միջև ոչ մի հակասություն չգտա։ Այդ պատճառով վճռեցի ամեն գնով ապացուցել, որ Վկաները միևնույն է չգիտեն, թե ինչ են սովորեցնում։

Ժողովարանում մի քանի դասընթացների հաճախելուց հետո Քերոլը ասաց, որ ռաբբին այդքան էլ լավ չգիտի Աստվածաշունչը։ Նա ասաց, որ որոշել է դադարեցնել դասընթացները և երբեք չի ընդունի այն կարծիքը, որ Հիսուսը Քրիստոսը չէ։ Ես այնքան էի վհատվել, որ սկսել էի ամուսնալուծության մասին մտածել։ Սակայն երբ սթափվեցի, որոշեցի ուրիշ մարտավարության դիմել. որպես իրավաբան՝ փաստեր բերել, որ այդ «խելքը թռցրած աղանդավորները» սխալ են։

— Հասա՞ք ձեր նպատակին։

— Ռաբբիներից մեկը ինձ մի գիրք տվեց, որը հերքում էր մեսիական մարգարեությունները։ Մեկուկես տարի ես ու Քերոլը միասին ուսումնասիրեցինք այդ գիրքը։ Միևնույն ժամանակ Վկաները շարունակում էին մեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սակայն ամեն անգամ, երբ ռաբբիի տված գրքից մի մարգարեություն էի ուսումնասիրում, անհանգստությունս ավելի էր մեծանում։ Տեսնում էի, որ հակառակ այդ գրքում բերված բացատրությունների՝ Աստվածաշնչում մեսիական մարգարեությունները մատնանշում են մեկ անձնավորության՝ Հիսուս Քրիստոսին։ Ի վերջո ինձ համար ամեն բան պարզ դարձավ, երբ ուսումնասիրեցինք Դանիել 9։24–27 համարներում գրի առնված մարգարեությունը, որի համաձայն՝ Մեսիան պետք է հայտնվեր մ.թ. 29 թ.-ինa։ Վկան բերեց Եբրայերեն Գրությունների անգլերեն տողացի թարգմանությունը, որը բառացի թարգմանություն էր։ Ես ստուգեցի այդ համարը, ժամանակագրական հաշվարկներ կատարեցի և ասացի. «Շատ լավ, մարգարեությունը բերում է մեզ մ.թ. 29 թիվը, հետո՞ ինչ»։

«Դա հենց այն տարին է, երբ Հիսուսը մկրտվեց»,— պատասխանեց Վկան։

Ես քարացել էի։ Ապշել էի, թե որքան ճշգրիտ և ներդաշնակ են աստվածաշնչյան մարգարեությունները։

— Ձեր ընկերները ինչպե՞ս արձագանքեցին, երբ իմացան, որ փոխել եք ձեր տեսակետը։

— Ոմանք շատ անհանգստացան։ Նրանք խոստացան, որ ինձ ու կնոջս կծանոթացնեն այնպիսի մարդկանց հետ, ովքեր կապացուցեն մեզ, որ մենք իրականում խաբվել ենք։ Սակայն մեր համոզմունքները հիմնված էին հետազոտությունների և տրամաբանության վրա, ու մենք ամենևին էլ խաբված չէինք։

— Ի՞նչը մղեց ձեզ դառնալու Վկա։

— Սկզբում հաճախեցի Թագավորության սրահում անցկացվող մի քանի ժողովի հանդիպումների։ Ընկերակցում էի կնոջս, որն արդեն Եհովայի վկա էրb։ Տպավորված էի Վկաների ջերմ վերաբերմունքից, զարմանում էի, որ անկախ ազգային պատկանելությունից՝ իրար հանդեպ այդպիսի սեր են տածում։ Իմ կրոնի մեջ նման բան չէի տեսել։ Մոտ երեք տարի էլ շարունակեցի ուսումնասիրել Աստվածաշունչը և հետո մկրտվեցի։

— Չե՞ք ափսոսում, որ Վկա եք դարձել։

— Ինձ համար մեծ պատիվ է ասել, որ ես Եհովայի վկա եմ։ Բայց երբ հիշում եմ, թե ինչպես էի պայքարում ճշմարտության դեմ, մտածում եմ՝ արժանի չեմ, որ Եհովան հոգևոր գանձեր է տվել ինձ։ Ինչ խոսք, չեմ ափսոսում, որ այսպիսի որոշում եմ կայացրել իմ կյանքում։

— Ի՞նչ օրհնություններ եք ստացել։

— Օրհնություններս շատ են։ Նախ թանկ եմ գնահատում այն առանձնաշնորհումը, որ ծառայում եմ որպես երեց՝ հոգևոր հովիվ և ուսուցիչ։ Բացի այդ, պատիվ ունեմ համագործակցելու Հարավաֆրիկյան Հանրապետության Եհովայի Վկաների մասնաճյուղի իրավաբանական բաժնի հետ։ Սակայն ամենամեծ օրհնությունն անկասկած այն է, որ ճանաչում եմ Եհովային, նրա Որդուն և հասկանում եմ մեր օրերի ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների իրական նշանակությունը։

[ծանոթագրություններ]

a Մեսիայի վերաբերյալ «Դանիել» գրքի մարգարեության մասին տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 197-րդ էջը։

b 1994թ.-ին Քերոլը մահացավ։ Հետագայում Լես Սիվինը ամուսնացավ։

[մեջբերում 11-րդ էջի վրա]

Ապշել էի, թե որքան ճշգրիտ և ներդաշնակ են աստվածաշնչյան մարգարեությունները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը