Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 12–14
  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճիշտ սնվիր ու լավ տեսք կունենաս
  • Շատ վարժություններ արա ու քեզ լավ կզգաս
  • Բավականաչափ քնիր ու առույգ կլինես
  • Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ինչպե՞ս կարող եմ մարմնամարզությամբ զբաղվելու ցանկություն առաջացնել իմ մեջ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս կարող եմ նիհարել
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս համարձակորեն քարոզեմ
    2009 Արթնացե՛ք
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 12–14

Երիտասարդները հարցնում են

Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին

Նշիր այն նպատակը, որին կուզեիր հասնել

◯ քաշ գցել

◯ բարելավել արտաքին տեսքը

◯ ավելի առույգ լինել

◯ ավելի ուշադիր լինել

◯ նվազեցնել անհանգստությունները

◯ ինքնատիրապետում ունենալ

◯ ավելի վստահ զգալ

ԿԱՆ բաներ, որ դու չես կարող ընտրել, օրինակ՝ ծնողներիդ, եղբայրներիդ ու քույրերիդ, և քանի դեռ պատանի ես, չես կարող ընտրել նաև քո բնակավայրը։ Սակայն նույնը չես ասի քո առողջության մասին։ Դա մի բան է, որ կախված է քո ապրելակերպիցa։

Սակայն գուցե մտածես. «Ես երիտասարդ եմ, դեռ շուտ է առողջության մասին մտահոգվել»։ Ուշադրություն դարձրու վերևում նշված նպատակներին։ Քանիսի՞ կողքին ես նշան դրել։ Որքան էլ որ տարօրինակ թվա, այդ նպատակներից յուրաքանչյուրին հասնելու համար պետք է լավ առողջություն ունենաս։

17-ամյա Ամբերըb ասում է. «Ես չեմ կարող ամբողջ կյանքս ուտել կերակուրներ, որոնք շաքար և ճարպեր չեն պարունակում և միայն ցորենից են պատրաստված»։ Եթե դու էլ ես այսպես մտածում, մի՛ մտահոգվիր։ Կարիք չկա, որ դու ֆանատիկ դառնաս, քաղցր բաներ չուտես կամ ամեն շաբաթ երկար վազես։ Անհրաժեշտ է ընդամենը որոշ փոփոխություններ անել, և դու ավելի լավ տեսք կունենաս, ավելի լավ կզգաս, և օրգանիզմդ ճիշտ կգործի։ Տեսնենք, թե քո հասակակիցներից ոմանք ինչ են արել։

Ճիշտ սնվիր ու լավ տեսք կունենաս

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս, որ չկորցնենք չափի զգացումը։ «Մի՛ եղիր.... որկրամոլությամբ միս ուտողների մեջ»,— գրված է Առակներ 23։20 համարում։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է այս խորհրդին հետևել։

● «Շատ պատանիների նման՝ ես էլ միշտ ուզում եմ ուտել։ Ծնողներս հաճախ ասում են, որ իմ ստամոքսը ծակ է» (Էնդրյու, 15)։

● «Քանի որ չեմ կարող տեսնել, թե որոշ ուտելիքներ ինչպես են ինձ վնասում, չեմ մտածում, որ դրանք վնասակար են» (Դանիել, 19)։

Դու է՞լ ինքնատիրապետման կարիք ունես, երբ հարցը վերաբերում է սննդակարգ պահելուն։ Տեսնենք, թե հասակակիցներիցդ ոմանք ինչ առաջարկներ են անում, որոնք գործնական են եղել իրենց պարագայում։

Լսի՛ր ստամոքսիդ։ «Առաջ հաշվում էի կալորիաները,— ասում է 19-ամյա Ջուլիան,— բայց հիմա պարզապես էլ չեմ ուտում, երբ զգում եմ, որ արդեն կուշտ եմ»։

Խուսափի՛ր անառողջ սննդից։ «Հենց դադարեցի կոլա և նմանատիպ այլ հյութեր խմելուց, ընդամենը մեկ ամսում 5 կիլոգրամ նիհարեցի»,— ասում է 21 տարեկան Պիտերը։

Վերացրո՛ւ ուտելու հետ կապված վատ սովորություններդ։ «Փորձում եմ բավարարվել միայն մեկ բաժին ուտելիքով»,— ասում է 19-ամյա Էրինը։

Հաջողության գաղտնիքը։ «Բաց մի՛ թող ճաշի ժամերը, քանի որ հետո շատ կսովածանաս և հակված կլինես չափազանց շատ ուտելու»։

Շատ վարժություններ արա ու քեզ լավ կզգաս

Աստվածաշունչն ասում է. «Մարմնի մարզումը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8)։ Սակայն այսօր շատ երիտասարդներ ծուլանում են վարժություններ անել։

● «Մեր դպրոցում շատերն էին վատ գնահատական ստանում ֆիզկուլտուրայից։ Բայց դրանից հեշտ դաս չկա» (Ռիչարդ, 21)։

● «Ոմանք այսպես են տրամաբանում. «Ինչո՞ւ շոգ եղանակին վազել դրսում, քրտնել, հոգնել, երբ դրա փոխարեն կարելի է տանը էլեկտրոնային խաղեր խաղալ ու մտածել, թե ակտիվ գործունեությամբ ես զբաղված»» (Հռութ, 22)։

«Վարժություն» բառը լսելիս տհաճությո՞ւն ես զգում։ Եթե այո, ուրեմն ուշադրություն դարձրու, թե ինչ օգուտներ կբերի քեզ վարժություններ անելը։

Օգուտ 1. Վարժություններ անելը բարձրացնում է դիմադրողականությունը։ «Հայրս միշտ ասում էր. «Եթե ժամանակ չունես վարժություններ անելու, ժամանակ ունե՞ս հիվանդանալու»»,— ասում է 19-ամյա Ռաքելը։

Օգուտ 2. Վարժություններ անելիս ուղեղը այնպիսի քիմիական նյութեր է արտադրում, որոնք հանգստացնում են։ 16-ամյա Էմիլին ասում է. «Վազքը հանգստացնում է ինձ, երբ իմ ուղեղը ծանրաբեռնված է։ Ես ինձ ֆիզիկապես թարմացած եմ զգում, իսկ էմոցիոնալ առումով՝ հանգստացած ու թեթևացած»։

Օգուտ 3. Վարժություններ անելը ուրախություն է պատճառում։ «Ես սիրում եմ ակտիվ հանգիստ անցկացնել, այդ պատճառով սար եմ բարձրանում, լողի եմ գնում, սնոուբորդ և հեծանիվ եմ քշում»,— ասում է 22-ամյա Հռութը։

Հաջողության գաղտնիքը։ Շաբաթը առնվազն երեք անգամ 20 րոպե քո սիրած սպորտով զբաղվիր։

Բավականաչափ քնիր ու առույգ կլինես

Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։ Եթե լավ չես քնում, էներգիա չես ունենա գործերդ անելու համար։

● «Եթե բավականաչափ չեմ քնում, ուղեղս նորմալ չի աշխատում։ Չեմ կարողանում կենտրոնանալ» (Ռաքել, 19)։

● «Եթե լավ չեմ քնում, ցերեկվա ժամը երկուսին այնքան հոգնած եմ լինում, որ քիչ է մնում զրույցի կեսից քնեմ» (Քրիստին, 19)։

Իսկ դու ունե՞ս ավելի շատ քնելու կարիք։ Տեսնենք, թե ինչ են ասում հասակակիցներդ։

Ուշ մի՛ քնիր։ «Ջանքեր եմ թափում, որ ժամանակին պառկեմ քնելու»,— ասում է 18-ամյա Կատերինը։

Ուշ ժամին շատ մի՛ խոսիր ընկերներիդ հետ։ «Երբեմն ընկերներս շատ ուշ ժամի են զանգահարում կամ sms ուղարկում ինձ, բայց ես սովորել եմ վերջ դնել խոսակցությանը և անմիջապես գնալ քնելու»,— ասում է Ռիչարդը, 21։

Կառչած մնա քո գրաֆիկին։ 20-ամյա Ջենիֆերը պատմում է. «Վերջերս փորձում եմ ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին»։

Հաջողության գաղտնիքը։ Ձգտիր քնել ութից տասը ժամ։

Հոդվածում քննարկված ո՞ր երեք ոլորտում կարիք ունես փոփոխություններ անելու։

◯ սննդակարգ ◯ վարժություններ ◯ քուն

Ներքևում նշիր, թե ինչ նպատակ կարող ես դնել, որ այդ բնագավառում փոփոխություններ անես։

․․․․․

Փաստորեն, ընդամենը մի քանի բան է հարկավոր անել քո մասին հոգ տանելու համար։ Հիշի՛ր, լավ առողջության շնորհիվ դու լավ տեսք կունենաս, քեզ լավ կզգաս և բավականաչափ էներգիա կունենաս արդյունավետորեն աշխատելու համար։ Քո առողջությունը հիմնականում քո հսկողության տակ է։ 19-ամյա Էրինը նշում է. «Ի վերջո, առողջությունը միայն մեկ հոգու ձեռքում է՝ քո»։

«Երիտասարդները հարցնում են» խորագրից ավելի շատ հոդվածներ տարբեր լեզուներով կարելի է գտնել www.watchtower.org կայքում։

[ծանոթագրություններ]

a Այսօր շատ երիտասարդներ ունեն առողջական խնդիրներ և այլ հիվանդություններ, որոնցից չեն կարող ձերբազատվել։ Դա կարող է լինել ժառանգական գործոնների և այլ բաների պատճառով։ Այս հոդվածը կօգնի նման անհատներին հնարավորության սահմաններում անել ամեն բան առողջությունը բարելավելու համար։

b Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

ՄՏԱԾԻՐ

● Ինչպե՞ս է առողջությանդ մասին հոգ տանելը նպաստում, որ քեզ վստահ զգաս։

● Ինչպե՞ս կարող ես ողջամտություն դրսևորել առողջության հետ կապված հարցերում (Փիլիպպեցիներ 4։5)։

[շրջանակ/​նկարներ 13-րդ էջի վրա]

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻԴ

«Մեր մարմինը նման է մեքենայի, որի մասին տերը պետք է հոգ տանի։ Պատճառներից մեկը դա է, որ ես մարզանք եմ անում։»

«Երբ ընկերոջդ հետ ես սպորտով զբաղվում, ձգտում ես բաց չթողնել մարզումներդ, որպեսզի չհիասթափեցնես նրան։»

«Ինձ լավ եմ զգում, երբ վարժություններ եմ անում։ Իսկ երբ տեսքս լավ է, ինձ ավելի վստահ եմ զգում։»

[նկարներ]

Իթըն

Բրիանա

Էմիլի

[շրջանակ 14-րդ էջի վրա]

«ԵՍ ՓՈԽԵՑԻ ԱՊՐԵԼԱԿԵՐՊՍ»

«Երբ վեց տարեկան էի, թմբլիկ էի։ Հետո սկսեցի անկանոն սնվել, օրվա ընթացքում ձեռքս ինչ ընկնում էր, ուտում էի։ Չէի սիրում ակտիվ գործերով զբաղվել։ Սակայն նախքան հասկացա, թե ինչ եմ անում, արդեն ուշ էր. իմ կամքին հակառակ՝ գիրացել էի։ Ես կորցրի ուրախությունս, քանի որ ահավոր տեսք ունեի և լավ չէի զգում ինձ։ Ժամանակ առ ժամանակ փորձում էի հատուկ սննդակարգ պահել, որ քաշ գցեմ, բայց հետո նորից գիրանում էի։ Երբ դարձա 15 տարեկան, որոշեցի կոնկրետ փոփոխություններ անել։ Ուզում էի ճիշտ ձևով նիհարել ու պահել նորմալ քաշս։ Մի գիրք գնեցի, որում բացատրվում էր սննդակարգի հիմնական սկզբունքները, և թե ինչպես է հարկավոր վարժություններ անել։ Սկսեցի հետևել խորհուրդներին։ Վճռել էի, որ անգամ եթե չկարողանամ կանոնավորաբար հետևել այդ սննդակարգին և վարժություններ անել, կամ եթե վհատվեմ, միևնույն է, չեմ հանձնվելու։ Եվ ի՞նչ, ինձ հաջողվեց հասնել նպատակիս։ Մեկ տարվա ընթացքում 25 կիլոգրամ կորցրի։ Երկու տարի է, ինչ կարողանում եմ պահել իմ քաշը։ Երբեք չէի մտածում, որ կհասնեմ նման արդյունքի։ Կարծում եմ՝ պատճառը ոչ միայն հատուկ սննդակարգն էր, այլև ապրելակերպիս մեջ կատարած փոփոխությունները։ Ես հասկացա և ընդունեցի մի փաստ. նման մոտեցումը իր ազդեցությունն է ունենում կյանքի բոլոր ոլորտներում։ Այդ պատճառով էլ պատրաստ էի անելու հարկ եղած փոփոխությունները» (Կատերին, 18)։

[նկար 14-րդ էջի վրա]

Եթե հոգ չտանես մեքենայի մասին, այն երկար չի ծառայի քեզ։ Նույնը կարելի է ասել քո առողջության մասին

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը