Ամենակարևոր հարցը
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ողջ պատմության ընթացքում եղե՞լ է ավելի կարևոր հարց, քան այն, թե գոյություն ունի արդյոք Աստված»,— հարցրել է ծագումնաբան Ֆրանսիս Քոլինսը։ Իրականում, նա զորեղ միտք է ասում. եթե Աստված չկա, ապա չկա նաև բարոյական հարցերի վերաբերյալ բարձրագույն հեղինակություն։
Որոշ մարդիկ կասկածներ ունեն Աստծու գոյության վերաբերյալ, քանի որ շատ գիտնականներ չեն հավատում նրան։ Սակայն երբեմն հայտնի տեսակետները կարող են շատ սխալ լինել, ինչպես դեռ կտեսնենք հաջորդ հոդվածում։
Ցավոք, աշխարհի շատ կրոններ ավելի մեծ շփոթություն են ստեղծում՝ սովորեցնելով բաներ, որոնք հակասում են գիտության հիմնավորված փաստերին։ Դրա վառ օրինակներից մեկը հակասուրբգրային այն պնդումն է, թե Աստված երկիրը և նրանում եղած ամեն բան ստեղծել է մի քանի հազար տարի առաջ 24 ժամ տևողություն ունեցող վեց օրում։
Շատերն էլ, խճճվելով հակասական թեորիաների և փիլիսոփայությունների մեջ, հանձնվել են և դադարել Աստծու գոյության մասին ճշմարտությունը փնտրելուց։ Սակայն կա՞ արդյոք այս կարևորագույն հարցի ճիշտ պատասխանը գտնելուց ավելի կարևոր բան։ Ինչ խոսք, մեզնից ոչ ոք երբևէ չի տեսել Աստծուն և ոչ էլ ականատես է եղել տիեզերքի ու կյանքի ստեղծմանը։ Ուստի հավատում ենք Աստծուն, թե ոչ, մեր տեսակետները այսպես թե այնպես պետք է ինչ-որ չափով հիմնվեն հավատի վրա։ Իսկ ինչպիսի՞ հավատի։
Իսկական հավատը հիմնված է հաստատուն ապացույցների վրա
Հավատը, առնվազն ինչ-որ չափով, մեր կյանքի կարևոր մասն է կազմում։ Օրինակ՝ մենք ընդունվում ենք աշխատանքի՝ հույս ունենալով, որ մեզ կվճարեն։ Ինչ-որ բան ենք ցանում՝ հուսալով, որ այն կծլի։ Վստահում ենք մեր ընկերներին։ Ի վերջո, վստահում ենք այն օրենքներին, որոնք ղեկավարում են տիեզերքը։ Սա կույր հավատ չէ, քանի որ հիմնված է ապացույցների վրա։ Նմանապես, Աստծու հանդեպ հավատը պետք է հիմնված լինի ապացույցների վրա։
Եբրայեցիներ 11։1-ում գրված է. «Հավատը.... ակնհայտ ապացույցն է այն իրողությունների, որոնք տեսանելի չեն»։ Աստվածաշնչյան մեկ ուրիշ թարգմանության մեջ այս համարում գրված է. «Հավատը.... մեզ վստահեցնում է, որ կան իրողություններ, որոնք մենք չենք տեսնում» (The New English Bible)։ Բերենք օրինակ. դու քայլում ես ծովի ափով և հանկարծ զգում ես, որ հողը ցնցվում է։ Հետո տեսնում ես, որ ծովի ջուրը հետ է քաշվում։ Հասկանում ես, որ անսովոր բան է տեղի ունենում. դրանք ցունամիի նախանշաններն են։ Փաստորեն, ցնցումն ու ջրի հետ քաշվելը «ակնհայտ ապացույցն» են այն բանի, ինչը դեռ տեսանելի չէ՝ մոտեցող ահռելի ալիքների։ Ուստի քո հավատը, իր հերթին, մղում է քեզ փախչելու ու ապահով տեղ գտնելու ավելի բարձր տեղերում։
Աստծու հանդեպ հավատը նույնպես պետք է լինի հիմնավորված։ Միայն այդ դեպքում Աստված կարող է «ոչ տեսանելի իրողություն» դառնալ քեզ համար։ Իսկ արդյո՞ք այսպիսի ապացույցները քննելու համար դու պետք է գիտնական լինես։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Վլադիմիր Պրելոգը նշում է, որ «Նոբելյան մրցանակին արժանացողները Աստծու, կրոնի և անդրշիրիմյան կյանքի վերաբերյալ մյուս մարդկանցից ավելի շատ բան չգիտեն»։
Անկեղծ սիրտը և ճշմարտության հանդեպ ծարավը պետք է մղեն քեզ քննելու ապացույցները առանց կանխակալ կարծիքի և թույլ տալու, որ փաստերի հիման վրա ճիշտ եզրահանգման գաս։ Իսկ ի՞նչ ապացույցներ կան, որ հարկավոր է քննել։
[նկար 3-րդ էջի վրա]
Հողագործը հավատում է, որ սերմը կծլի և կաճի