Դենգեի տենդ. լուրջ սպառնալիք
«Մորելոս նահանգի առողջապահական կենտրոնը և Էմիլիանո Զապատա քաղաքի առողջապահության Խորհուրդը Եհովայի վկաներին շնորհեցին գովասանագիր այն բանի համար, որ [Վկաները] մաքուր են պահում իրենց Թագավորության սրահի տարածքը, ինչը կանխում է մոծակների բազմացումը»։
ՄԵՔՍԻԿԱՅԻ կառավարությունը հիմնավոր պատճառ ունի անհանգստանալու։ Տհաճ փոքր մոծակները՝ տենդի փոխադրողները, տարածում են այնպիսի վտանգավոր մի վիրուս, որի պատճառով 2010 թ.-ին Մեքսիկայում ավելի քան 57 000 մարդ է վարակվել դենգեի տենդով՝ կյանքին վտանգ սպառնացող հիվանդությամբ։ Սակայն Մեքսիկան այն 100-ից ավել երկրներից մեկն է, որտեղ տարածված է դենգեի տենդը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն՝ ամեն տարի ողջ աշխարհում դենգեի տենդով տառապող մարդկանց 50 միլիոն դեպք է գրանցվում, և աշխարհի բնակչության մոտ երկու հինգերորդին սպառնում է այս հիվանդությամբ վարակվելու վտանգը։ Ուստի առողջապահության մարմինները ծրագրեր են մշակում, որ վերացնեն սպիտակ պուտերով «Aedes aegypti» տեսակի մոծակին։ Սա այն մոծակներից մեկն է, որ փոխանցում է դենգե վիրուսըa։
Ամենից շատ դենգեի տենդը տարածվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, հատկապես անձրևային սեզոնի ընթացքում և բնական աղետներից, օրինակ՝ փոթորկից և ջրհեղեղից հետո։ Պատճառն այն է, որ «Aedes» տեսակի մոծակի ձվադրման լավագույն տեղը կանգնած ջուրն էb։ Քանի որ ողջ Լատինական Ամերիկայում և Կարիբյան կղզիներում ապրող մարդիկ ջուրը հավաքում և պահում են բետոնե ցիստերների մեջ, մասնագետները խորհուրդ են տալիս փակել դրանք՝ մոծակների տարածումը կանխելու համար։ Հարկավոր է նաև մաքուր պահել տան բակը. չթողնել հին անվադողեր, տաշտեր, ծաղկամաններ, պլաստմասսայե տարաներ, մի խոսքով՝ ցանկացած բան, որի մեջ կարող է ջուր հավաքվել։
Դենգեի տենդի նախանշաններն ու նախազգուշական քայլերը
Դենգեի տենդը հաճախ հնարավոր չէ հեշտությամբ ախտորոշել, քանի որ նախանշանները նման են գրիպի նախանշաններին։ Սակայն ԱՀԿ-ի ներկայացրած տեղեկությունների հիման վրա կարելի է բնորոշել տենդը, եթե այն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ցանով, աչքերի ցավով, մկանային կծկումներով, ինչպես նաև հոդերի բորբոքումով, ինչի պատճառով այն կոչվում է նաև հոդային տենդ։ Ջերմությունը տևում է հինգից յոթ օր։
Ներկայումս այս տենդի դեմ պատվաստանյութ չկա, սակայն այն հնարավոր է բուժել տան պայմաններում բավականաչափ հանգստանալով և շատ հեղուկ օգտագործելով։ Սակայն այն հիվանդները, ովքեր հեմոռագիկ տենդի կամ դենգեի շոկի ախտանշաններ ունեն, պետք է մանրակրկիտ հետազոտություն անցնեն։ Այս մահացու հիվանդությունը կարող է բարդանալ այն բանից հետո, երբ սկզբնական ջերմությունը իջնում է և թվում է, թե հիվանդը վերականգնվում է։ Իսկ այս շրջանում ի՞նչ նշաններ են լինում։ Որովայնի ուժգին ցավեր, մշտական փսխում, արյունահոսություն քթից, լնդերից, սև կղկղանք, կարմրամանուշակագույն բշտիկներ մաշկի տակ, ինչպես նաև գերհոգնածություն, մշտական ծարավի զգացում, գունատ մաշկ, սառը մարմին և արյան շատ ցածր ճնշում։
Ցավոք, հակաբիոտիկները արդյունավետ չեն այս պարագայում, քանի որ դենգեի տենդը ոչ թե բակտերիական, այլ վիրուսային սուր վարակիչ հիվանդություն է։ Խելամիտ կլինի, որ հիվանդը խուսափի հակաբորբոքային դեղանյութերից, օրինակ՝ ասպիրինից և իբուպրոֆենից, քանի որ դրանք մեծացնում են արյունահոսության հավանականությունը։ Գոյություն ունի դենգեի վիրուսի չորս տեսակ, այդ պատճառով այս հիվանդությամբ հնարավոր է մի քանի անգամ վարակվել։
Եթե վարակվել ես դենգեի տենդով, բավականաչափ հանգստացիր և մեծ քանակությամբ հեղուկ օգտագործիր։ Նաև մնա մոծակապաշտպան ցանցի տակ, որ հնարավորինս պաշտպանես քեզ մոծակների խայթոցից ու չփոխանցես հիվանդությունը ուրիշներին։
Ինչպե՞ս կարող ես կասեցնել մոծակների խայթոցը։ Կրիր երկարաթև վերնահագուստ, երկար շալվար կամ շրջազգեստ և միջատներին վանող սփրեյ օգտագործիր։ Թեև մոծակները կարող են խայթել օրվա ցանկացած ժամի, սակայն նրանք ամենից շատ ակտիվ են արևածագից մոտ երկու ժամ հետո և արևամուտից առաջ։ Նաև պաշտպանված կլինես, եթե քնես մոծակապաշտպան ցանցի տակ, որի վրա փչել ես մոծակներին վանող սփրեյ։
Ժամանակը ցույց կտա՝ այս տենդի դեմ պատվաստանյութեր կլինեն, թե ոչ, բայց մի բան պարզ է. Աստծու Թագավորությունը հաստատ կվերացնի բոլոր հիվանդությունները, այդ թվում նաև դենգեի տենդը։ Իրականում շուտով կգա այն ժամանակը, երբ Աստված «կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։
[ծանոթագրություններ]
a Որոշ երկրներում այլ մոծակներ, օրինակ, «Aedes albopictus» տեսակի մոծակը նույնպես կարող է դենգե տենդի հարուցիչ լինել։
b «Aedes» մոծակները սովորաբար իրենց ձվադրման տեղից մի քանի մետրից ավել չեն հեռանում։
[նկար 25-րդ էջի վրա]
Ստուգիր մոծակների բազմացման տեղերը
1. Հին անվադողեր
2. Ջրորդաններ
3. Ծաղկամաններ
4. Պլաստմասսայե տարաներ
5. Ոչ պիտանի տակառներ և թիթեղյա ամաններ
Կասեցրու մոծակի խայթոցը
ա. Կրիր երկարաթև վերնահագուստ, երկար շալվար կամ շրջազգեստ։ Օգտագործիր մոծակներին վանող սփրեյ։
բ. Քնիր մոծակապաշտպան ցանցի տակ։
[նկար 24-րդ էջի վրա. թույլտվությամբ]
Source: Courtesy Marcos Teixeira de Freitas