Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 2/12 էջ 6–9
  • Չորս հարց, որ պետք է հետաքրքրի քեզ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չորս հարց, որ պետք է հետաքրքրի քեզ
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 1
    2011 Արթնացե՛ք
  • Ի՞նչ պետք է իմանամ սոցիալական ցանցի մասին. մաս 2
    2011 Արթնացե՛ք
  • Ինչո՞ւ է մարդկանց գրավում
    2012 Արթնացե՛ք
  • Նամակներ ընթերցողներից
    2012 Արթնացե՛ք
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 2/12 էջ 6–9

Չորս հարց, որ պետք է հետաքրքրի քեզ

Ինչպեսև ինտերնետի ցանկացած ձև, սոցիալական ցանցը նույնպես ունի իր վտանգավոր կողմերըa։ Նկատի առնենք հետևյալ հարցերը։

1 Ինչպե՞ս է սոցիալական ցանցը ազդում իմ տվյալների գաղտնիության վրա

«Խոսքերի շատության դեպքում հանցանքն անպակաս է, բայց իր շուրթերը հսկողը խոհեմությամբ է վարվում» (Առակներ 10։19)։

Ինչ պետք է իմանաս։ Եթե զգույշ չլինես, անձնական տվյալներդ, նկարներդ, ընկերներիդ ուղարկած քոմենթները և ուրիշներին գրած պատասխաններդ շատ բան կարող են բացահայտել։ Օրինակ՝ թե որտեղ ես ապրում, երբ ես լինում (կամ՝ չես լինում) տանը, որտեղ ես աշխատում կամ որ դպրոցում ես սովորում։ Միայն քո տան հասցեն ու մի կարճ տեղեկություն, օրինակ, «մենք վաղը արձակուրդ ենք գնում», արդեն բավական է, որ գողը իմանա, թե որտեղ ու երբ կարող է իրականացնել իր ծրագիրը։

Այլ տեղեկություններ՝ էլեկտրոնային հասցեն, ծննդյան թիվը, հեռախոսահամարը կարող են խաբեության, ագրեսիայի ու գողության զոհ դարձնել քեզ։ Այդուհանդերձ, շատերը, գիտակցելով այս ամենը, շարունակում են նման տեղեկություններ տեղադրել սոցիալական ցանցի իրենց էջում։

Հաճախ մարդիկ մոռանում են, որ այն, ինչ տեղադրում են ինտերնետում, դառնում է հանրային։ Անգամ եթե տեղեկությունը կարող են կարդալ միայն նրանք, ովքեր մտնում են «ընկերներ» ցուցակի մեջ, միևնույնն է, չես կարող վերահսկել, թե այդ ընկերները ինչպես կօգտագործեն տվյալ տեղեկությունը։ Իրականում, ցանկացած տեղեկություն, որ տեղադրվում է սոցիալական ցանցում, պետք է դիտել որպես հանրային տեղեկություն, կամ՝ նյութ, որը կարող է հեշտությամբ դառնալ հանրային։

Ինչ կարող ես անել։ Իմացիր, թե սոցիալական ցանցը քո տվյալները գաղտնի պահելու ինչ հնարավորություններ է առաջարկում։ Թույլ մի՛ տուր, որ անձնական տվյալներդ ու նկարներդ հասանելի լինեն բոլորին։

Սակայն նույնիսկ այս դեպքում պետք է գիտակցես, որ այն, ինչ տեղադրել ես, կարող է հասանելի լինել ավելի շատ մարդկանց, քան կարծում ես։ Կանոնավորաբար վերանայիր էջդ և մտածիր, թե արդյոք քո հայտնած տեղեկությունը կարող է օգտագործվել խաբեբաների կողմից՝ քեզ գտնելու կամ տվյալներդ գողանալու նպատակով։ Ընկերներիդ նույնպես մի տրամադրիր այնպիսի տեղեկություններ, որոնք չեն պահի քո կամ մեկ ուրիշի գաղտնիությունը (Առակներ 11։13)։ Եթե պետք է անձնական տեղեկություն հայտնես որևէ մեկին, ապա օգտվիր հաղորդակցության այլ միջոցներից։ Կամերոն անունով մի կին ասում է. «Նման թեմաների մասին ավելի ապահով է խոսել հեռախոսով»։

Ամփոփում։ Քիմ անունով մի կին ասում է. «Եթե մի բան անելուց առաջ մտածես, ապա սոցիալական ցանցում քո մասին ամեն բան չես հայտնի։ Դու չես ընկնի փորձանքի մեջ, եթե ինքդ չգնաս այդ ճանապարհով»։

2 Ինչպե՞ս է սոցիալական ցանցը ազդում իմ ժամանակի վրա

«Հավաստիացիր, թե ինչն է ավելի կարևոր» (Փիլիպպեցիներ 1։10)։

Ինչ պետք է իմանաս։ Սոցիալական ցանցը կարող է սպառել քո ժամանակը ու շեղել քեզ ավելի կարևոր գործերից։ Քեյը ասում է. «Որքան շատ կապեր ունես, այնքան ավելի շատ ժամանակ ես անցկացնում ցանցում և տարվում դրանով»։ Նկատի առ, թե ինչ են ասում ոմանք, ովքեր ընկել են այս ծուղակը։

«Դժվար է դուրս գալ ցանցից, նույնիսկ երբ արդեն ձանձրացել ես։ Դու դառնում ես մոլի» (Էլիզ)։

«Այնքան շատ բան կա անելու՝ խաղեր, թեստեր, երաժշտություն, էլ չեմ ասում, որ պետք է ստուգես բոլոր ընկերներիդ էջերը» (Բլեյն)։

«Դա ջրապտույտ է, որը քեզ կուլ է տալիս, և դու չես էլ հասկանում, որ արդեն տարվել ես, մինչև որ մայրդ տուն է գալիս ու հարցնում, թե ինչու են ափսեները կեղտոտ» (Անալիս)։

«Անընդհատ սպասում էի, թե երբ եմ դպրոցից տուն հասնելու, որ տեսնեմ, թե ով ինչ է գրել։ Հետո պետք է պատասխանեի բոլորին, ինչպես նաև նայեի նրանց տեղադրած նոր նկարները։ Երբ ցանցում էի ու ինձ ընդհատում էին, զայրանում էի, և տրամադրությունս ընկնում էր։ Կան մարդիկ, որ գրեթե միշտ ցանցում են, թե՛ այն ժամանակ, երբ ուրիշների տանը հյուր են և թե՛ կեսգիշերին» (Մեգան)։

Ինչ կարող ես անել։ Ժամանակը ապրանքի նման է, որը անխնա չես օգտագործի։ Ուստի ինչպես փողի, այնպես էլ այս դեպքում կարելի է «բյուջե» կազմել։ Նախ գրի առ, թե ինչքան ժամանակ խելամիտ կլինի անցկացնել ցանցում։ Հետո տես, թե մեկ ամսում հետևում ես արդյոք քո դրած ժամաքանակին։ Անհրաժեշտության դեպքում փոփոխություններ արա։

Իսկ եթե ծնող ես և երեխաներդ չափից շատ ժամանակ են տրամադրում սոցիալական ցանցից օգտվելուն, փորձիր հասկանալ, թե ինչու։ Նենսի Ուիլարդը իր գրքում նշում է, որ սոցիալական ցանցից չափից շատ օգտվելը կարող է անհատի մեջ մտահոգություններ, սթրես և թերարժեքության զգացում առաջացնել։ Նա գրում է. «Շատ պատանիների անչափ մտահոգում է իրենց ստատուսը։ Եթե նրանք իրենց սոցիալական արժեքը չափում են այն բանով, թե ինչքան էլեկտրոնային կապեր ունեն, դա կարող է մոլության վերածվել» (Cyber-Safe Kids, Cyber-Savvy Teens)։

Երբեք թույլ մի՛ տուր, որ սոցիալական ցանցը կամ օնլայն ցանկացած կայք ազդի ընկերներ ձեռք բերելու քո ընտրության վրա, որն իրականում դու պետք է անես ցանցից դուրս։ Դոն Տափսկոտը իր գրքում գրում է. «Ինտերնետի զավեշտներից մեկն այն է, որ թեև այն հնարավորություն է տալիս հեշտությամբ կապ պահելու բարեկամներիդ հետ, երբ նրանք կողքիդ չեն, բայց հեռու է պահում նրանց քեզնից, երբ վերջիններս քո կողքին են» (Grown Up Digital)։

Ամփոփում։ Էմիլի անունով մի աղջիկ ասում է. «Կարծում եմ՝ սոցիալական ցանցը ծանոթներիդ հետ կապ պահելու հրաշալի միջոց է։ Սակայն ինչպես բոլոր դեպքերում, այս պարագայում էլ պետք է իմանաս դրանից դուրս գալու ժամանակը»։

3 Ինչպե՞ս է սոցիալական ցանցը ազդում իմ համբավի վրա

«Լավ անունը մեծ հարստությունից նախընտրելի է, և հավանությունը արծաթից ու ոսկուց լավ է» (Առակներ 22։1)։

Ինչ պետք է իմանաս։ Այն, ինչ տեղադրում ես սոցիալական ցանցում, անուն է ստեղծում, որը դժվար կլինի փոխել (Առակներ 20։11; Մատթեոս 7։17)։ Շատերը անտեսում են վտանգները։ Ռաքել անունով մի կին ասում է. «Թվում է, թե երբ մարդիկ մտնում են ցանց, կորցնում են իրենց մտածելու ունակությունը։ Նրանք ասում են բաներ, որ սովորաբար չէին ասի։ Ոմանք չեն էլ պատկերացնում, որ մի անմտածված քոմենթի պատճառով կարող է արատավորվել իրենց համբավը»։

Քո անվան վրա բիծ բերելը կարող է երկարատև վատ հետևանքներ ունենալ։ Մի գրքում ասվում է. «Շատերը կորցնում են իրենց աշխատանքը կամ նոր աշխատանքի չեն կարողանում ընդունվել ցանցում տեղադրած տեղեկությունների պատճառով» (Grown Up Digital)։

Ինչ կարող ես անել։ Նայիր քո էջին ուրիշների աչքերով։ Հարցրու ինքդ քեզ՝ հենց այսպիսի՞ տպավորություն եմ ուզում թողնել ուրիշների վրա, եթե որևէ մեկը նայի իմ նկարները և փորձի նկարագրել ինձ, ի՞նչ բառեր կգան նրա միտքը. ֆլիրտ անո՞ղ, սեքսուա՞լ, սանձարձա՞կ։ Եթե այո, ապա ուզո՞ւմ ես, որ աշխատանքի դիմելիս քո ապագա գործատերը քեզ հենց այդպիսին տեսնի։ Արդյոք այդ նկարները ներկայացնո՞ւմ են այն արժեքները, որ դու ունես։

Եթե պատանի ես, հարցրու ինքդ քեզ. «Կուզեի՞, որ ծնողս, ուսուցիչս կամ որևէ մեկը նայի իմ էջը կամ կարդա իմ քոմենթները։ Անհարմար դրության մեջ կընկնե՞մ»։

Ամփոփում։ Մտածելով քո համբավի մասին՝ հիշիր Պողոս առաքյալի խոսքերը. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։

4 Ինչպե՞ս է սոցիալական ցանցը ազդում ընկերների իմ ընտրության վրա

«Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակներ 13։20)։

Ինչ պետք է իմանաս։ Ընկերներդ կարող են ազդել քո մտքերի ու գործերի վրա (1 Կորնթացիներ 15։33)։ Հետևաբար խելամիտ կլինի ընտրել, թե ցանցում ում հետ ընկերություն անել։ Ոմանք ընդունում են տասնյակ, անգամ հարյուրավոր մարդկանց ընկերություն անելու առաջարկները, որոնց ընդհանրապես չգիտեն կամ լավ չեն ճանաչում։ Մյուսներն էլ հասկացել են, որ իրենց ցուցակում ոչ բոլորն են լավ ընկերներ։ Նկատի առ հետևյալ մեկնաբանությունները։

«Եթե ամեն մի Պողոս-Պետրոսի քո ընկերը դարձնես, փորձանքի մեջ կարող ես ընկնել» (Անալիս)։

«Ես գիտեմ մարդկանց, որ ընկերների իրենց ցուցակում ավելացրել են նրանց, ում նույնիսկ չեն էլ ճանաչում ու ասում են, որ չեն ուզում վիրավորել տվյալ անհատին՝ մերժելով նրան» (Լիան)։

«Դա նման է անձամբ մարդկանց հետ շփվելուն։ Պետք է զգույշ լինես ընկերներ ընտրելիս» (Ալեքսիս)։

Ինչ կարող ես անել։ Կանոններ սահմանիր։ Օրինակ՝ ոմանք սահմանափակել են իրենց շփումը։

«Ես միայն նրանց եմ ընդգրկում ընկերներիս ցուցակի մեջ, ում ոչ թե ծանոթ եմ, այլ ճանաչում եմ» (Ջին)։

«Ես ընկերություն եմ անում միայն նրանց հետ, ում երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, իսկ անծանոթներին մերժում եմ» (Մոնիկ)։

«Ես ցուցակում ավելացնում եմ միայն նրանց, ում բավական լավ եմ ճանաչում և որոնց չափանիշները համապատասխանում են իմ չափանիշներին» (Ռեյ)։

«Երբ անծանոթ մեկից ընկերություն անելու առաջարկ եմ ստանում, մերժում եմ այն։ Ամեն ինչ շատ պարզ է ու հասարակ։ Իմ բոլոր ընկերները նրանք են, ում ես ճանաչում եմ օնլայն աշխարհից դուրս» (Մարի)։

«Եթե ընկերներիցս մեկը սկսում է կասկածելի նկարներ կամ տեղեկություններ տեղադրել, ես առանց վատ զգալու ջնջում եմ նրան իմ ցուցակից։ Նույնիսկ եթե հենց այնպես ես նայում այդ տեղեկությունները, դա արդեն վատ ընկերակցություն է» (Քիմ)։

«Երբ ցանցում հաշիվ ունեի, խստորեն հետևում էի գաղտնիությունը պահելու կանոններին։ Ես թույլ չէի տալիս, որ իմ ընկերների ընկերները նայեն իմ նկարները կամ կարդան հաղորդագրություններս։ Այդպես էի անում, քանի որ վստահ չէի, թե արդյոք իմ ընկերների ընկերները այն մարդիկ են, ում հետ պետք է ընկերակցեմ։ Ես չէի ճանաչում նրանց և չգիտեի, թե ինչ համբավ ունեն» (Հիթեր)։

Ամփոփում։ Դոկտոր Գվեն Շուրգին Օ’Քիֆը իր գրքում գրում է. «Ընկերություն անելու լավագույն ձևը օֆլայն շփումն է» (CyberSafe)b։

[ծանոթագրություններ]

a «Արթնացե՛ք»-ը ո՛չ խրախուսում է, ո՛չ էլ քննադատում սոցիալական ցանցի որևէ ձև։ Քրիստոնյաները պետք է հավաստիանան, որ այն, թե ինչպես են օգտվում ինտերնետից, չի հակասում աստվածաշնչային սկզբունքներին (1 Տիմոթեոս 1։5, 19)։

b Սոցիալական ցանցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս 2011 թ. «Արթնացե՛ք»-ի հուլիս-սեպտեմբեր համարը, էջ 24–31։

[նկար 8-րդ էջի վրա]

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑ

[շրջանակ 8-րդ էջի վրա]

ՍԵՂՄԻՐ «ԵԼՔ»

Եթե քո էջը բաց ես թողնում ու գնում, ապա վտանգ կա, որ ուրիշները քո էջում տարբեր նյութեր կտեղադրեն։ Իրավաբան Ռոբերտ Ուիլսոնի համաձայն՝ «այդպես վարվելը նման է այն բանին, որ դրամապանակդ կամ բջջային հեռախոսդ թողնես հասարակական վայրում։ Ցանկացած մարդ կարող է վերցնել ու ինֆորմացիա տեղադրել քո էջում»։ Իսկ ի՞նչ խորհուրդ է տալիս նա։ «Համոզվիր, որ սեղմել ես «ելք»-ը»։

[շրջանակ 8-րդ էջի վրա]

ՓՈՐՁԱ՞ՆՔ ԵՍ ՈՐՈՆՈՒՄ

Մի հարցման արդյունքում պարզ է դարձել, որ սոցիալական ցանցից օգտվողներից շատերը «վտանգի մեջ են, քանի որ կարող են դառնալ գողերի ու ավազակների զոհը։ 15 տոկոսը տեղադրել է ներկայիս հասցեն կամ ճանապարհորդելու հետ կապված ծրագրերը, 34 տոկոսը՝ ծննդյան թիվը, իսկ երեխաներ ունեցողների 21 տոկոսը՝ իրենց երեխաների անուններն ու նկարները» (Consumer Reports)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը