«Տիտանիկ» պատմության մեջ ամենահայտնի նավը
1912Թ. ԱՊՐԻԼԻ 10։ «Տիտանիկը» Սաութհեմպտոն նավահանգստից (Անգլիա) ուղևորվում է Նյու Յորք (ԱՄՆ)։
ԱՊՐԻԼԻ 11։ Վերցնելով ուղևորներին Շերբուր (Ֆրանսիա) և Քուինսթաուն (այժմ Քով, Իռլանդիա) նավահանգիստներից՝ «Տիտանիկը» դուրս է գալիս Ատլանտյան օվկիանոս։
ԱՊՐԻԼԻ 14։ Մոտավորապես ժամը 23։40-ին «Տիտանիկը» բախվում է սառցաբեկորի։
ԱՊՐԻԼԻ 15։ Գիշերը ժամը 2։20-ին «Տիտանիկը» խորտակվում է. մահանում է մոտ 1500 մարդ։
ԻՆՉՊԻՍԻ՞ նավ էր «Տիտանիկը»։ Ինչո՞ւ այն խորտակվեց։ Այցելելով «Ազգային և Տրանսպորտի» թանգարան, որը գտնվում է Բելֆաստ քաղաքի մոտ (Հյուսիսային Իռլանդիա)՝ կարող ենք ստանալ այս հարցերի պատասխանները։
Ինչո՞վ էր «Տիտանիկը» յուրահատուկ
«Տիտանիկի» մասին խոսելիս «Ազգային և Տրանսպորտի» թանգարանի նախկին աշխատող Մայքլ Մեքոնը ասում է, որ այն «պատմության մեջ ամենահայտնի նավն է»։ Սակայն այն միակը չէր։ Այս նավը երկրորդն էր այն երեք վիթխարի նավերից, որոնք կառուցվել էին Հարլենդի և Վոլֆի նավաշինական գործարաններում (Բելֆաստ)a։ «Տիտանիկը» իր օրերի ամենամեծ նավերից մեկն էր, որի երկարությունը 269 մետր էր, իսկ լայնությունը՝ 28 մետր։
«Ուայթ Սթար» ընկերությունը արտադրում էր հսկա նավեր, որպեսզի Հյուսիսատլանտյան շահութաբեր երթուղում առաջատար լինի։ Եվ քանի որ այս ընկերությունը արագության հարցում չէր կարողանում մրցակից լինել «Քունարդ Լայն» ընկերությանը, այն կենտրոնացավ ավելի մեծ և ավելի շքեղ նավեր կառուցելու վրա՝ հարուստ և հայտնի մարդկանց գրավելու համար։
Սակայն «Տիտանիկը» ծառայելու էր նաև մեկ այլ նպատակի։ Հյուսիսային Իռլանդիայի Ազգային թանգարանի տնօրեն Վիլյամ Բլերը ասում է. «Մոտ 900000 ներգաղթյալներ ամեն տարի 1900–1914թթ. գաղթում էին Միացյալ Նահանգներ»։ Եվրոպայից Միացյալ Նահանգներ նրանց փոխադրումը տրանսատլանտյան նավային ընկերություններին շատ մեծ եկամուտ էր բերում։ Եվ «Տիտանիկը» հենց այս նպատակին պետք է ծառայեր։
Ողբերգությունը
«Տիտանիկի» նավապետ Է. Ջ. Սմիթը գիտեր, թե ինչ վտանգ են ներկայացնում Հյուսիսատլանտյան օվկիանոսի սառցաբեկորները, քանի որ հաճախ էր այս ճանապարհով նավարկել «Օլիմպիկ» նավով։ Ուրիշ նավեր էլ մի քանի անգամ նախազգուշական ազդանշաններ էին ուղարկել սառցաբեկորների մասին, բայց դրանք կա՛մ անտեսվել էին, կա՛մ հավանաբար տեղ չէին հասել։
Անսպասելիորեն «Տիտանիկ» նավի դետերը նախազգուշացրին, որ առջևում սառցաբեկոր կա, բայց արդեն շատ ուշ էր։ Հերթապահ հրամանատարը փորձեց խուսափել ճակատային բախումից, բայց չկարողացավ կանխել նավաքթի թեթև բախումը սառցաբեկորի ծայրին։ Հենց դա էլ վնասեց նավը, և ջուրը սկսեց լցվել խցիկների մեջ։ Նավապետ Սմիթը շուտով հասկացավ, որ իր նավը խորտակվում է։ Նա մի քանի անգամ SOS ազդանշան ուղարկեց և պատվիրեց, որ իջեցնեն փրկարարական նավակները։
«Տիտանիկի» վրա կար 16 փրկարարական և 4 ծալովի նավակ։ Դրանք կարող էին տեղափոխել 1170 մարդ։ Բայց նավի վրա կար մոտ 2200 ուղևոր, այդ թվում նաև անձնակազմը։ Ամենասարսափելին այն էր, որ բազմաթիվ նավակներ հեռացան՝ չսպասելով, որ դրանք լցվեն։ Շատերը նույնիսկ չփորձեցին փրկել ծովն ընկածներին։ Արդյունքում միայն 705 մարդ փրկվեց։
Հետևանքները
«Տիտանիկի» ողբերգությունից հետո գործի դրվեցին կանոններ՝ ծովում մարդկանց անվտանգությունն ավելի ապահով դարձնելու համար։ Այդ կանոններից մեկի համաձայն՝ նավի վրա պետք է այնքան փրկարարական նավակներ լինեին, որ տեղավորեին բոլոր ուղևորներին։
Տարիներ շարունակ մարդիկ մտածում էին, որ «Տիտանիկը» այդքան արագ է խորտակվել այն պատճառով, որ սառցաբեկորին բախվելիս մեծ ճեղքվածք է առաջացել։ Սակայն 1985թ.-ին, երբ օվկիանոսի հատակում հայտնաբերեցին «Տիտանիկը», մասնագետները մեկ այլ եզրահանգման եկան. սառցե ջրերը քայքայել էին նավի պողպատը, որի հետևանքով այն դարձել էր փխրուն և ճեղքվածքներ ստացել։ Բախումից մոտ երեք ժամ հետո նավը կիսվել էր երկու մասի և խորտակվել՝ դառնալով պատմության մեջ ամենամեծ աղետներից մեկըb։
[ծանոթագրություններ]
a Նախքան «Տիտանիկը» կառուցվել էին «Օլիմպիկ», իսկ հետո «Բրիտանիկ» նավերը։
b «Տիտանիկից» փրկվածներից մեկի մասին կարող ես կարդալ 1981 թ. «Արթնացե՛ք»-ի հոկտեմբեր 22-ի համարում, էջ 3–8 (անգլ.)։
[քարտեզ 14-րդ էջի վրա]
Սաութհեմպտոն
Շերբուր
Քուինսթաուն (Քով)
ԱՏԼԱՆՏՅԱՆ ՕՎԿԻԱՆՈՍ
«Տիտանիկի» բախման կետը
Նյու Յորք
[նկարներ 12 և 13-րդ էջերի վրա]
«Տիտանիկը» շինարարության ժամանակ
«Տիտանիկի» թիապտուտակները
Բանվորները հեռանում են Հարլենդի և Վոլֆի նավաշինական գործարաններից (Բելֆաստ, Իռլանդիա)
[թույլտվությամբ]
Pages 12 and 13: Leaving Southampton, under construction, and shipyard: © National Museums Northern Ireland; propellers: © The Bridgeman Art Library
[նկար 14-րդ էջի վրա]
Է. Ջ. Սմիթը՝ «Տիտանիկի» նավապետը՝ աջ կողմից, Հերբերտ Մակ Էլրոյի՝ գլխավոր տնտեսվարի հետ
[թույլտվությամբ]
© Courtesy CSU Archive/age fotostock
[նկար 15-րդ էջի վրա. թույլտվությամբ]
© SZ Photo/Knorr & Hirth/Bridgeman Art Library