Փաստեր ձեռք բերեք
Ինչու
Սովորաբար նախապաշարումները ապատեղեկատվության արդյունք են։ Նկատի առնենք հետևյալ օրինակները։
Որոշ գործատուներ թյուրիմացաբար կարծում են, թե կանայք անընդունակ են այնպիսի աշխատանք կատարել, որը կապ ունի գիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների հետ։
Միջնադարյան Եվրոպայում հրեաներին անարդարացիորեն մեղադրում էին ջրհորները թունավորելու և հիվանդություններ տարածելու մեջ։ Նացիստների իշխանության օրոք հրեաներին կրկին զրպարտեցին։ Բայց այս անգամ նրանց մեղադրեցին Գերմանիայում տնտեսական ճգնաժամ առաջացնելու մեջ։ Երկու դեպքում էլ արդյունքը եղավ այն, որ հրեաները դարձան ծայրահեղ նախապաշարումների զոհ, ընդ որում՝ այդ նախապաշարումներից մի քանիսը մինչ օրս զգացնել են տալիս իրենց։
Շատերը սխալմամբ կարծում են, թե բոլոր հաշմանդամները տխուր են կամ հոգով դառնացած։
Այդպիսի առասպելների հավատացող մարդիկ երբեմն օրինակներ են բերում, որոնք իբր թիկունք են կանգնում այդ թյուր պատկերացումներին։ Եվ ցանկացած մարդու, որը տարակարծիք է իրենց հետ, տգետ են համարում։
Աստվածաշնչյան սկզբունք
«Լավ չէ, որ մարդը գիտելիքներ չունի» (ԱՌԱԿՆԵՐ 19։2)։
Ինչ են նշանակում այս խոսքերը։ Փաստերին անտեղյակ լինելը ոչ խելամիտ որոշումների է հանգեցնում։ Եթե փաստերը հաշվի առնելու փոխարեն՝ առասպելների հավատանք, սխալ դատողություններ կանենք։
Փաստերին տեղյակ լինելը ինչով է օգնում
Եթե մարդկանց մասին ճիշտ տեղեկություններ ունենանք, քիչ հավանական է, որ կհավատանք ենթադրությունների, որոնք լայնորեն տարածված են, սակայն հեռու են իրականությունից։ Բավական է մեկ անգամ համոզվել, որ մարդկանց ինչ-որ խմբի մասին մեր լսած բացասական բաները ճիշտ չեն, դրանից հետո, երբ ինչ-որ ուրիշ խմբի մասին նմանատիպ լուրեր լսենք, չենք շտապի հավատալ դրանց։
Ինչ կարող եք անել
Հիշեք. երբ ասում են, որ մարդկանց որևէ խմբի հատուկ են այս կամ այն վատ հատկությունները, դա դեռ չի նշանակում, որ տվյալ խմբում բոլորն են այդպիսին։
Մի՛ մոռացեք, որ ուրիշների մասին մեր ունեցած տեղեկությունները սովորաբար լիարժեք չեն լինում։
Փաստեր ձեռք բերելու համար վստահելի աղբյուրների դիմեք։