48 ՍՏԵՓԱՆՈՍ
«Սուրբ ոգով լցված և մեծ հավատի տեր մարդ»
ՍՏԵՓԱՆՈՍԸ մեզ պես անկատար մարդ էր, բայց Աստվածաշնչում ասվում է, որ երբ նա կանգնած էր մահվան վտանգի առաջ, «նրա երեսը հրեշտակի երեսի նման» էր։ Նա հանգիստ էր ու անխռով, թեև պետք է իրեն պաշտպաներ Սինեդրիոնի՝ հրեական գերագույն ատյանի առաջ։ Դա նույն ատյանն էր, որի կարգադրությամբ ընդամենը մի քանի ամիս առաջ մահապատժի էր ենթարկվել Հիսուսը։ Նման վտանգի մեջ գտնվող մարդը ինչպե՞ս կարող էր այդքան հանդարտ լինել։ Գաղտնիքը քաջությունն էր։
Աստվածաշնչում ասվում է, որ Ստեփանոսը «սուրբ ոգով լցված և մեծ հավատի տեր մարդ» էր։ Երուսաղեմում գտնվող առաքյալները նրան վստահել էին կարևոր մի գործ. հոգալ ժողովի մարդկանց առօրյա կարիքները։ Բայց մի օր Ստեփանոսը հակառակության բախվեց մի խումբ մոլեռանդների կողմից։ Նա այնպիսի իմաստությամբ ու հիմնավոր փաստարկներով խոսեց, որ ոչ ոք չկարողացավ հերքել նրա ասածները։ Ուստի կատաղած հակառակորդները նրան տարան Սինեդրիոնի առաջ և մեղադրանք ներկայացրին նրա դեմ։ Այդպես սկսվեց Ստեփանոսի դատավարությունը, որտեղ վճռվելու էր նրա կյանքի ու մահվան հարցը։
Ստեփանոսը թերևս տեղյակ էր, թե Հիսուսն ինչ խոստում էր տվել իր հետևորդներին, ովքեր հայտնվելու էին նման իրավիճակներում։ Նա ասել էր. «Ժամանակից շուտ մի՛ մտահոգվեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ միտք այդ պահին տրվի ձեզ, այն էլ կասեք, քանի որ խոսողը դուք չեք լինի, այլ սուրբ ոգին» (Մարկ. 13։11)։ Այդ խոստումը անշուշտ քաջությամբ էր լցրել Ստեփանոսին։ Եհովայի ոգին էլ նրան խաղաղություն էր տվել, ինչի շնորհիվ նրա դեմքը հրեշտակի երեսի պես անխռով էր, երբ նա կանգնած էր Սինեդրիոնի առաջ։
Ատյանը բաղկացած էր 71 անդամներից, բոլորն էլ՝ հուդայականության ազդեցիկ, ուսյալ առաջնորդներ։ Դատարանի ահռելի դահլիճում ներկաները նստած էին կիսաշրջանաձև, երեք շարքով, իսկ երկու գրագիրներ արձանագրում էին դատավարության բոլոր մանրամասները։ Ստեփանոսին մեղադրում էին Մովսեսի օրենքի և տաճարի դեմ խոսելու մեջ, հանցանքներ, որոնց համար մահապատիժ էր հասնում։ Կայիափա քահանայապետը Ստեփանոսին հնարավորություն տվեց, որ խոսի ի պաշտպանություն իրեն։
Ստեփանոսը սկսեց իր խոսքը։ Նա ամփոփ ներկայացրեց Աստծու ժողովրդի պատմությունը՝ նախ խոսելով Աբրահամի մասին։ Այնուհետև անդրադարձավ Հովսեփին, որը հալածանքներ էր կրել իր եղբայրների՝ Իսրայելի նահապետների կողմից։ ապա մեծ հարգանքով խոսեց Մովսեսի մասին՝ ընդգծելով, որ իսրայելացիները բազմիցս ըմբոստացել են նրա դեմ։ Սուրբ ոգու օգնությամբ ներկայացրած իր ելույթում Ստեփանոսը Մովսեսի մասին նույնիսկ այնպիսի տեղեկություններ նշեց, որոնք հիշատակված չեն Եբրայերեն Գրվածքներում։
Ստեփանոսն իր ելույթում մեծ հարգանք ցույց տվեց Օրենքի, ինչպես նաև խորանի և տաճարի հանդեպ, որոնք Եհովան պատվիրել էլ կառուցել մաքուր երկրպագության համար։ Միևնույն ժամանակ Ստեփանոսը նշեց, որ իսրայելացիները շարունակաբար ըմբոստացել են Եհովայի ներկայացուցիչների դեմ, ում միջոցով նա ուղղորդում էր նրանց։
Ստեփանոսը պետք է պաշտպաներ իր հավատը կանխատրամադրված դատարանի առաջ, որն արդեն վճռել էր դատավարության ելքը
Ստեփանոսը, անկասկած, հասկանում էր, որ այդ կարծրասիրտ մարդկանցից չի կարող գթասրտություն ակնկալել։ Ուստի Եհովայի սուրբ ոգու տված քաջությամբ նա իր ելույթը եզրափակեց միանգամայն արդարացի դատապարտական խոսքերով։ Նա նրանց անվանեց «համառ.... մարդիկ», ովքեր «միշտ հակառակվում են սուրբ ոգուն», ճիշտ ինչպես իրենց նախահայրերն են արել։ Իսկ որ ավելի վատ է, նրանք սպանել էին այն մարդուն, որը Մովսեսից շատ ավելի մեծ մի մարգարե էր, և որի գալու մասին հենց ինքը Մովսեսն էր մարգարեացել։ Ստեփանոսը ասաց, որ նրանք «մատնել ու սպանել» էին այդ «արդարին»՝ Հիսուսին, ով Մեսիան էր։
Սինեդրիոնի անդամները այն աստիճան կատաղեցին, որ «սկսեցին կրճտացնել իրենց ատամները»։ Բայց Եհովան Ստեփանոսին մի քաջալերական տեսիլք տվեց, որը նա այսպես նկարագրեց. «Ես տեսնում եմ երկինքը բացված և մարդու Որդուն՝ Աստծու աջ կողմում կանգնած»։ Այս խոսքերը լսելով՝ Սինեդրիոնի անդամները այլևս չկարողացան զսպել իրենց կատաղի ցասումը։ Ինչո՞ւ։ Ստեփանոսի խոսքերը, ըստ ամենայնի, շատ ծանոթ թվացին նրանց։ Ընդամենը մի քանի ամիս առաջ Հիսուս Քրիստոսը իր դատավարության ժամանակ մարգարեացել էր. «Կտեսնեք, որ մարդու Որդին նստած է Զորավորի աջ կողմը» (Մատթ. 26։64)։ Եվ հիմա Ստեփանոսը հաստատում էր, որ այդ խոսքերը կատարվել են։ Հիսուսն այժմ կանգնած էր Եհովայի կողքին։
Զայրույթից փրփրած՝ նրանք հարձակվեցին Ստեփանոսի վրա, քաղաքից դուրս հանեցին և սկսեցին քարկոծել։ Ստեփանոսը, ով հավանաբար դեռ տեսնում էր Հիսուսին տեսիլքում, աղերսեց նրան. «Տե՛ր Հիսուս, ընդունիր իմ կյանքը»։ Ապա իր վերջին խնդրանքն ուղղեց Եհովային. «Այս մեղքի համար հաշիվ մի՛ պահանջիր նրանցից»։ Ստեփանոսը մահվան քուն մտավ՝ հաղթանակած ու մինչև վերջ հավատարիմ։ Նա դարձավ առաջին քրիստոնյա նահատակը։ Բայց Ստեփանոսի սպանությանը հավանություն տվողների մեջ կար մի երիտասարդ, ով երբեք չէր մոռանալու նրա վերջին խոսքերը։ Այդ մարդու մասին կխոսենք 50-րդ, 51-րդ և 53-րդ գլուխներում։
Կարդա Աստվածաշնչից
Քննարկման համար
Ստեփանոսն ինչպե՞ս քաջություն դրսևորեց
Խորացրու գիտելիքներդ
1. Ինչո՞ւ առաքյալները սննդի բաշխման գործը հանձնարարեցին Ստեփանոսին ու «ոգով և իմաստությամբ լի» այլ տղամարդկանց (Գործ. 6։3-5; bt, էջ 41-42, պրբ. 17-18)։ Ա
նկար Ա
2. Մովսեսի մասին Ստեփանոսի հայտնած ո՞ր տեղեկություններն են, որ Աստվածաշնչում ուրիշ ոչ մի տեղ չեն հանդիպում (bt, էջ 48, պրբ. 13, ծնթ.)։
3. Ստեփանոսն ինչպե՞ս կարողացավ հանդարտ ու խաղաղ մնալ դաժան հալածանքի ժամանակ (w18.10, էջ 32)։
4. Գործեր 7։59-ում նկարագրված դրվագում արդյո՞ք Ստեփանոսը աղոթել է Հիսուսին (w05 1/1, էջ 31)։
Մտածիր՝ ինչպես կիրառել
Ստեփանոսը «սուրբ ոգով լցված և մեծ հավատի տեր մարդ» էր, «որին Աստված զորություն էր տվել, և որն ուներ նրա հավանությունը»։ Բայց նա պատրաստակամորեն համաձայնեց սննդի բաշխման գործն անել (Գործ. 6։2, 5, 8)։ Տարբեր հմտություններ և ժողովում շատ պատասխանատվություններ ունեցող եղբայրները ինչպե՞ս կարող են ընդօրինակել Ստեփանոսին։ Բ
նկար Բ
Ստեփանոսը աղոթեց իրեն հալածողների համար։ Ինչպե՞ս կարող ենք մենք էլ սեր դրսևորել նրանց հանդեպ, ովքեր հալածում են մեզ ու հակառակվում (Մատթ. 5։44-48)։
Ինչպե՞ս կարող ես ընդօրինակել Ստեփանոսի քաջությունը։
Համադրիր ընդհանուր պատկերի հետ
Այս պատմությունից ի՞նչ եմ սովորում Եհովայի մասին։
Այս պատմությունն ինչպե՞ս է կապված Եհովայի նպատակի հետ։
Ինչո՞ւ ես գնահատում այն, որ Ստեփանոսն ընտրվել է Քրիստոսի հետ երկնքում իշխելու համար։
Բացահայտիր ավելին
Տես, թե ինչպես կարող ես Ստեփանոսի նման հարգալից ձևով, բայց և համարձակությամբ պաշտպանել հավատդ։
«Ստեփանոս՝ «բարությամբ և զորությամբ լցված» մարդ» (bt, էջ 47-50, պրբ. 9-19)
Ի՞նչը կարող է օգնել, որ Եհովայի ծառաները հալածանքների բախվելիս Ստեփանոսի նման քաջ լինեն։