Քրիստոնյաների կյանքը առաջին դարում
«Տնարար կանայք»
«Մինչ նրանք գնում էին, նա մի գյուղ մտավ։ Այստեղ Մարթա անունով մի կին հյուրընկալեց նրան իր տանը։ Այս կինը նաև Մարիամ անունով մի քույր ուներ, որը նստեց Տիրոջ ոտքերի մոտ և նրա խոսքերն էր լսում։ Իսկ Մարթան տարված էր բազում գործեր անելով։ Ուստի նա մոտ եկավ ու ասաց. «Տե՛ր, հոգդ չէ՞, որ քույրս ինձ մենակ է թողել այս գործերի մեջ։ Ուրեմն ասա՛ նրան, որ օգնի ինձ»։ Տերը պատասխանեց ու ասաց. «Մա՛րթա, Մա՛րթա, դու շատ բաների մասին ես մտահոգվում և անհանգստանում։ Մինչդեռ քիչ բան է պետք, կամ ընդամենը՝ մեկ բան։ Իսկ Մարիամը լավ բաժինն ընտրեց, և այն չի վերցվի նրանից»» (ՂՈՒԿԱՍ 10։38–42)։
ՄԱՐԹԱՆ, ակներևաբար, տնարար կին էր։ Անկասկած, նա մեծ հարգանք էր վայելում ուրիշների կողմից։ Սովորաբար առաջին դարի հրեաները կնոջ առաքինի լինելը որոշում էին այն բանով, թե որքան լավ էր նա կատարում իր տան գործերը և թե որքան էր նվիրված իր ընտանիքին։
Առաջին դարում ապրող քրիստոնյա կանանց հորդոր էր տրվում լինել «տնարար» (Տիտոս 2։5)։ Սակայն նրանք առանձնաշնորհում և պատասխանատվություն ունեին նաև ուրիշներին սովորեցնելու իրենց քրիստոնեական հավատի մասին (Մատթեոս 28։19, 20; Գործեր 2։18)։ Իսկ ի՞նչ «բազում գործեր» էին անում առաջին դարի հրեա կանայք։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել Մարիամին ասված Հիսուսի խոսքերից։
«Տարված էր բազում գործեր անելով»։ Հրեա տանտիրուհու օրը սկսվում էր վաղ առավոտյան, հավանաբար արևածագից առաջ (Առակաց 31։15)։ Թերևս իր ընտանիքի համար շիլա պատրաստելուց հետո նա տղաներին ուղեկցում էր վարժարան։ Իսկ աղջիկները մնում էին տանը, որպեսզի առաքինի կնոջը բնորոշ հմտություններ սովորեին։
Մայրն ու աղջիկները իրենց օրը սկսում էին տան գործերից. ճրագների մեջ յուղ էին լցնում (1), ավլում էին հատակը (2), կթում էին այծերին (3)։ Հետո պատրաստում էին օրվա հացը։ Աղջիկները սկզբում մաղում էին հացահատիկը (4), ապա աղում ալյուրը (5)։ Իսկ մայրը ալյուրի վրա ավելացնում էր ջուր, թթխմոր ու հունցում էր խմորը (6)։ Այնուհետև մի կողմ էր դնում խմորը, որպեսզի այն հասունանա, իսկ այդ ընթացքում ուրիշ գործեր էր անում։ Հետո աղջիկները այծի թարմ կաթը հարում էին խնոցու մեջ և կաթնաշոռ պատրաստում ընթրիքի համար (7)։
Այնուհետև մայրը աղջիկների հետ գնում էր շուկա։ Շուկան մարդաշատ էր. օդը լցված էր համեմունքների բույրով, լսվում էին կենդանիների ձայները և թե ինչպես էին գնորդները բարձրաձայն սակարկում։ Մայրը գնում էր օրվա համար անհրաժեշտ բաները՝ (8) թարմ բանջարեղեն, ինչպես նաև չորացրած ձուկ։ Իսկ եթե նա քրիստոնյա էր, ապա առիթը բաց չէր թողնում և շուկայի հրապարակում խոսում էր իր հավատի մասին (Գործեր 17։17)։
Տունդարձի ճանապարհին մայրն, անշուշտ, իր երեխաներին կսովորեցներ սուրբգրային սկզբունքներ (Բ Օրինաց 6։6, 7)։ Նա նաև կսովորեցներ իր աղջիկներին, թե ինչպես կարող են հետագայում փողը խնայողաբար ծախսել (Առակաց 31։14, 18)։
Հետո կինը գնում էր ջրհոր (9)։ Հավանաբար այնտեղ նա զրույցի էր բռնվում այն կանանց հետ, ովքեր նույնպես եկել էին իրենց ընտանիքի համար ջուր տանելու։ Տուն վերադառնալուց հետո նա սկսում էր աղջիկների հետ հաց թխել։ Սկզբում տախտակի վրա ձևավորում էին խմորը, այնուհետև դնում տաք վառարանի մեջ (10), որը սովորաբար դրսում էր։ Այդ ընթացքում նրանք զրուցում էին միասին և հետևում, թե ինչպես է հացը թխվում։ Օդի մեջ տարածվում էր թարմ հացի անուշ բույրը։
Այնուհետև նրանք գնում էին գետում շորերը լվանալու (11)։ Նախ հագուստը մաքրում էին մոխրաջրով, նատրիումի կամ կալիումի կարբոնաթթվով, որ ստանում էին որոշ տեսակի բույսերի մոխրից։ Շորերը պարզաջրելուց և քամելուց հետո դրանք փռում էին մոտակա թփերի կամ քարերի վրա՝ չորանալու։
Տուն վերադառնալուց հետո մայրն ու աղջիկները բարձրանում էին տան կտուրը, որպեսզի կարկատեին (12) ճղված շորերը։ Ավելի ուշ աղջիկները զբաղվում էին ասեղնագործությամբ և հյուսելով (13)։ Շուտով կինը սկսում էր պատրաստել ընթրիքը (14)։ Հյուրասիրությունը մեծ տեղ ուներ հրեաների կյանքում, ուստի ընտանիքը միշտ պատրաստ էր հաց, բանջարեղեն, կաթնաշոռ, եփած ձուկ, սառը ջուր հյուրասիրելու ցանկացած մարդու, ով կգար իրենց տուն։
Օրվա վերջում երեխաները պատրաստվում էին քնելու։ Եթե նրանց ծնկներն ու արմունկները քերծված էին լինում, ապա փափկացնող յուղ էին քսում։ Այնուհետև ծնողները ճրագի առկայծող լույսի տակ աստվածաշնչյան մի պատմություն էին պատմում երեխաներին և վերջում աղոթում էին նրանց հետ։ Ինչ խոսք, ամուսինը բոլոր պատճառներն ուներ իր կնոջն ասելու. «Առաքինի կին ո՞վ կարող է գտնել. նորա գինը աւելի է քան թէ գոհարները» (Առակաց 31։10)։
Ընտրել «լավ բաժինը»։ Անկասկած, առաջին դարում ապրող կանայք միշտ զբաղված էին, քանի որ «բազում գործեր» ունեին անելու (Ղուկաս 10։40)։ Այսօր նույնպես կանայք, հատկապես մայրերը շատ զբաղված են։ Ճիշտ է, ժամանակակից սարքավորումները ինչ–որ չափով հեշտացրել են կնոջ գործը, սակայն բացի ընտանիքի մասին հոգ տանելուց, կանայք նաև աշխատում են։
Մեր օրերում էլ շատ քրիստոնյա կանայք հետևում են Մարիամի օրինակին։ Նրանք մեծ ուշադրություն են դարձնում հոգևոր բաներին (Մատթեոս 5։3)։ Ինչպես հորդորում է Աստվածաշունչը, նրանք բարեխղճորեն հոգ են տանում իրենց ընտանիքի մասին (Առակաց 31։11–31)։ Սակայն նրանք ապրում են նաև այն սկզբունքի համաձայն, որ Հիսուսը տվեց Մարթային։ Անկասկած, լինելով հոգևոր կին՝ Մարթան ընդունեց այդ խորհուրդը։ Նմանապես, քրիստոնյա կանայք թույլ չեն տալիս, որ տան պարտականությունները շեղեն իրենց Աստծու մասին սովորելուց (15) կամ իրենց հավատի մասին ուրիշներին պատմելուց (Մատթեոս 24։14; Եբրայեցիներ 10։24, 25)։ Նրանք ընտրում են «լավ բաժինը» (Ղուկաս 10։42)։ Արդյունքում գնահատված են լինում Աստծու, Քրիստոսի և իրենց ընտանիքի կողմից (Առակաց 18։22)։