Որքանո՞վ եմ ազնիվ
«Մի քիչ փոխիր վթարի զեկուցագիրը, և ամեն բան լավ կլինի»։
«Կարիք չկա, որ հարկայիններն ամեն ինչ իմանան»։
«Կարևորը՝ չբռնվես»։
«Ինչո՞ւ վճարել, եթե կարող ես ձրի ստանալ»։
ՀԱՎԱՆԱԲԱՐ ֆինանսական հարցերի վերաբերյալ այսպիսի խորհուրդներ շատ ես լսել։ Ոմանց թվում է, թե ցանկացած իրավիճակի համար կարող են «խելամիտ» լուծումներ առաջարկել։ Սակայն հարց է առաջանում՝ ազնվություն դրսևորած կլինե՞ս, եթե հետևես նման առաջարկների։
Այսօր անազնվությունն այնքան տարածված է, որ սուտը, խաբեությունն ու գողությունը ընդունելի միջոցներ են համարվում պատժից խուսափելու, փող ձեռք բերելու կամ «առաջ գնալու» համար։ Հաճախ հասարակության հենց ակնառու ներկայացուցիչներն են այս հարցում «լավ» օրինակ թողնում։ Եվրոպական երկրներից մեկում 2005–2006 թթ. ընթացքում խարդախության և ուրիշի ունեցվածքը խաբեության միջոցով յուրացնելու դեպքերը ավելացել են ավելի քան 85 տոկոսով։ Եվ դրանց մեջ դեռ ընդգրկված չեն անազնվության այն դեպքերը, որոնք մարդիկ անվանում են «փոքր զանցանքներ»։ Թերևս զարմանալի չէ, որ այդ երկրում բիզնեսմենների և քաղաքական գործիչների հետ կապված մի սկանդալ է տեղի ունեցել. պարզվել է, որ նրանք պաշտոններ են ստանձնել կեղծ դիպլոմների միջոցով։
Այդուհանդերձ, այսօր շատերն են ազնվությամբ վարվում։ Գուցե դու էլ նրանցից մեկն ես, քանի որ սիրում ես Աստծուն և ուզում ես անել այն, ինչ ճիշտ է նրա աչքում (1 Հովհաննես 5։3)։ Թերևս դու էլ ունես այն նույն զգացումները, որ Պողոս առաքյալն ուներ։ Նա գրել է. «Վստահ ենք, որ մաքուր խիղճ ունենք, որովհետև ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։ Ուստի քննենք մի քանի իրավիճակներ, երբ կարող է փորձվել անհատի՝ «ամեն ինչում ազնվությամբ վարվելու» ցանկությունը։ Կքննենք նաև աստվածաշնչային սկզբունքներ, որոնք գործնական կլինեն այդպիսի դեպքերում։
Ո՞վ պետք է վճարի
Մի օր Լիզաa անունով երիտասարդ մի կին մեքենա վարելիս խախտում արեց և բախվեց ուրիշ մեքենայի։ Ոչ ոք չտուժեց, սակայն երկու մեքենաներն էլ վնասվեցին։ Այդ երկրում երիտասարդ վարորդները մեքենայի ապահովագրության համար մեծ գումարներ են վճարում, և ամեն ավտովթարի դեպքում ապահովագրության գումարն ավելանում է։ Քանի որ Լիզայի զարմիկ Գրեգորը, որը տարիքով ավելի մեծ է, վթարի ժամանակ մեքենայի մեջ էր, նրա ընկերներից մեկը առաջարկեց համապատասխան մարմիններին տեղեկացնել, թե իբր Գրեգորն է եղել մեքենայի ղեկին։ Այս դեպքում Լիզան ստիպված չէր լինի ավելի շատ վճարել ապահովագրության համար։ Իրոք, «լավ» խորհուրդ էր։ Ի՞նչ կաներ Լիզան։
Ապահովագրման ընկերությունները իրենց հաճախորդների վճարումների շնորհիվ են փոխհատուցում վնասները։ Փաստորեն, եթե Լիզան հետևեր ընկերոջ խորհրդին, ապա կստացվեր, որ մյուս ապահովագրվողները պետք է վճարեն վթարի փոխհատուցումը՝ ավելի շատ փող տալով իրենց ապահովագրության համար։ Նա ոչ միայն կեղծ զեկուցագիր կներկայացներ, այլև կգողանար ուրիշների փողերը։ Բացի այդ, սխալ կլիներ նաև ապահովագրման ընկերությանը կեղծ տեղեկություններ ներկայացնել վնասի չափի մասին՝ շատ գումար ստանալու նպատակով։
Ինչ խոսք, պետության կողմից սահմանված պատիժները կարող են հետ պահել անհատին անազնիվ արարք գործելուց։ Սակայն անազնվությունից խուսափելու գլխավոր պատճառը նշված է Աստվածաշնչում։ Տասը պատվիրաններից մեկն ասում է. «Գողութիւն մի անիր» (Ելից 20։15)։ Պողոս առաքյալը այս պատվիրանը կրկնեց նաև քրիստոնյաների համար։ Նա գրեց. «Ով գողանում էր, թող էլ չգողանա» (Եփեսացիներ 4։28)։ Ապահովագրության հետ կապված հարցերում Աստծու Խոսքին հնազանդվելով՝ չենք անի այն, ինչ Աստված դատապարտում է։ Դեռ ավելին, սեր կդրսևորենք Աստծու օրենքի և մերձավորի հանդեպ (Սաղմոս 119։97)։
«Կայսրինը կայսրին տվեք»
Պիտերը բիզնեսմեն է։ Նրա հաշվապահը առաջարկում է հարկի գումարը նվազեցնելու համար ծախս ձևակերպել, իբր թե իր ձեռնարկությունը թանկ համակարգչային սարքավորումներ է գնել։ Անշուշտ, նման սարքավորումները անհրաժեշտ կլինեին Պիտերի բիզնեսի համար։ Սակայն նա ոչ մի բան էլ չէր գնել, և հարկային մարմինները միևնույն է չէին ստուգելու, թե ինչի համար է ծախսվել գումարը։ Այսպիսով Պիտերը բավականաչափ գումար կխնայեր։ Ինչպե՞ս կվարվի նա։ Ի՞նչը կարող է առաջնորդություն լինել նրա համար։
Պողոս առաքյալը իր օրերի քրիստոնյաներին գրեց. «Թող ամեն անձ հպատակվի վերին իշխանություններին։.... Ամենքին տվեք իրենց հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը, որին տուրք՝ տուրքը» (Հռոմեացիներ 13։1, 7)։ Ովքեր ցանկանում են ստանալ Աստծու հավանությունը, վճարում են բոլոր հարկերը, որ իշխանությունը պահանջում է իրենցից։ Սակայն եթե քո երկրի օրենքը թույլ է տալիս որոշ անհատների կամ ձեռներեցների քիչ հարկեր վճարել, սխալ չէ օգտվել այդ հնարավորությունից։
Ահա մեկ ուրիշ օրինակ։ Դեյվիդը ատաղձագործ է և աշխատում է մի ձեռնարկությունում։ Ընկերները և հարևանները խնդրում են նրան աշխատանքից հետո կահույք պատրաստել իրենց համար։ Նրանք այդ գործի դիմաց ավելի մեծ գումար են առաջարկում, քան նա կստանար աշխատավայրում։ Բայց չեն ակնկալում, որ Դեյվիդը իր կատարած աշխատանքի մասին հաշիվ-ապրանքագիր ներկայացնի պետությանը։ Փաստորեն, ոչ ոք կատարված աշխատանքի համար գրանցումներ չի անում, և ոչ ոք հարկեր չի մուծում։ Շատերը կարծում են, որ սա շատ լավ տարբերակ է, քանի որ երկու կողմերն էլ օգտվում են։ Դեյվիդն Աստծուն հաճելի կյանքով է ապրում։ Կհամաձայնվի՞ նա այդպիսի աշխատանք կատարել։
Ճիշտ է, գուցե նա չբռնվի։ Սակայն հարցն այն է, որ նա այդպիսով չի մուծի պետության հարկերը։ Հիսուսը պատվիրեց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթեոս 22։17–21)։ Հիսուսն ուզում էր, որ իր ունկնդիրները փոխեն իրենց մտածելակերպը հարկերի վճարման հետ կապված։ Կառավարությունը, որին նա անվանեց կայսր, օրինական իրավունք ունի հարկեր պահանջելու։ Ուստի Քրիստոսի հետևորդները հարկեր վճարելը համարում են իրենց սուրբգրային պարտականությունը։
Անազնվություն քննությունների ժամանակ
Մարթան ավարտական դասարանում է սովորում և պատրաստվում է քննություններին։ Պարապմունքներին նա շատ ժամանակ է տրամադրում։ Նա գիտակցում է, որ բարձր գնահատականներից է կախված հետագայում լավ աշխատանք գտնելը։ Նրա դասընկերներն էլ են պատրաստվում քննություններին, սակայն այլ կերպ։ Վերջիններս մտադիր են քննությունների ժամանակ օգտագործել փեյջերներ, հաշվիչներ, որոնց մեջ նախապես տեղադրում են իրենց ուզած ծրագիրը և բջջային հեռախոսներ, որպեսզի խաբեության միջոցով բարձր գնահատականներ ստանան։ Կվարվի՞ արդյոք Մարթան «բոլորի» նման։
Շատերի կարծիքով սխալ չէ այսպես վարվել, քանի որ խաբեությունը սովորական երևույթ է դարձել։ «Կարևորը՝ չբռնվես»,— մտածում են նրանք։ Սակայն այսպիսի տրամաբանությունն անընդունելի է ճշմարիտ քրիստոնյաների համար։ Հնարավոր է՝ ուսուցիչն այդպես էլ ոչ մի բան չնկատի, բայց կա մեկը, որն ամեն բան տեսնում է։ Եհովա Աստված գիտի մեր գործերը և հաշիվ է պահանջելու մեզնից։ Պողոսը գրեց. «Չկա մի ստեղծագործություն, որ ծածկված լինի նրա տեսողությունից, այլ բոլոր բաները մերկ և բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք» (Եբրայեցիներ 4։13)։ Այն բանի գիտակցումը, որ Աստված հետաքրքրված է մեզանով, տեսնում է ամեն բան և ուզում է, որ մենք անենք այն, ինչ ճիշտ է, պետք է մղի մեզ ազնիվ լինելու քննությունների ժամանակ։
Ինչպե՞ս կվարվես
Լիզան, Գրեգորը, Պիտերը, Դեյվիդը և Մարթան հասկացան ստեղծված իրավիճակի լրջությունը։ Նրանք որոշեցին ազնվորեն վարվել։ Այդպիսով պահեցին իրենց անարատությունը և մաքուր խիղճը։ Ինչպե՞ս կվարվես դու նման իրավիճակներում։
Գուցե գործընկերներիդ, դասընկերներիդ և հարևաններիդ համար սուտը, խաբեությունը, գողությունը նորմալ բաներ են։ Հնարավոր է՝ նրանք ծաղրեն քեզ և ստիպեն իրենց պես վարվել։ Ի՞նչը կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնելու՝ չնայած այդ ճնշմանը։
Հիշի՛ր, Աստծու կամքի համաձայն վարվելով՝ մաքուր խիղճ կունենաս, ինչպես նաև կարժանանաս նրա հավանությանը։ Դավիթ թագավորը գրեց. «Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը։ Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը։.... Ով որ այս անէ, չի շարժուիլ տեղիցը յաւիտեան» (Սաղմոս 15։1–5)։ Մաքուր խիղճը և Աստծու հետ մտերմությունը ավելի մեծ արժեք ունեն, քան ցանկացած նյութական ձեռքբերում անազնվության միջոցով։
[Ծանոթագրություն]
a Որոշ անուններ փոխված են։
[Մեջբերում 12–րդ էջի վրա]
«Ով գողանում էր, թող էլ չգողանա»։
Հարգանքը Աստծու օրենքի հանդեպ և սերը մերձավորի նկատմամբ մղում է մեզ ազնիվ լինելու ապահովագրության հետ կապված հարցերում։
[Մեջբերում 12–րդ էջի վրա]
«Ամենքին տվեք իրենց հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը, որին տուրք՝ տուրքը»։
Աստծու հավանությանն արժանանալու համար մենք վճարում ենք օրենքի կողմից պահանջվող բոլոր հարկերը։
[Մեջբերում 13–րդ էջի վրա]
«Բոլոր բաները.... բացահայտ են նրա աչքերի առաջ, որին մենք պետք է հաշիվ տանք»։
Թեև ուսուցիչը հնարավոր է չնկատի, որ խաբում ենք իրեն, բայց մենք ուզում ենք ազնիվ լինել Աստծու առաջ։
[Շրջանակ/Նկար 14–րդ էջի վրա]
Գողություն, որն «անտեսանելի» է
Ընկերդ գնել է վերջերս թողարկված մի համակարգչային ծրագիր, որը դու էլ ես ուզում ունենալ։ Նա առաջարկում է քեզ փող խնայել և իր գնած ծրագիրը պատճենել։ Որքանո՞վ ազնիվ կլինի այդպես վարվելը։
Երբ մարդիկ համակարգչային ծրագիր են գնում, պարտավորվում են հետևել թույլատագրման պայմանագրի (պայմանագիր, որով անձին թույլատրվում է ինչ-որ բան արտադրել, օգտագործել և այլն) պահանջներին։ Պայմանագրի համաձայն՝ գնորդին թույլատրվում է այդ ծրագիրը տեղադրել միայն մեկ համակարգչի մեջ։ Այդ դեպքում ծրագիրը ուրիշի համար պատճենելը խախտում է թույլատագրման պայմանագիրը և համարվում է ոչ օրինական (Հռոմեացիներ 13։4)։ Այդ ծրագիրը պատճենելը նաև գողություն է, քանի որ այդպիսով մենք զրկում ենք հեղինակային իրավունքի տիրոջը այն եկամտից, որն օրենքով նա պետք է ստանա (Եփեսացիներ 4։28)։
Ոմանք գուցե այսպես մտածեն. «Միևնույն է ոչ ոք ոչինչ չի իմանա»։ Նույնիսկ այդ դեպքում մենք պետք է հիշենք Հիսուսի խոսքերը. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Մենք գնահատում ենք մեր աշխատավարձը և ուզում ենք, որ ուրիշները հարգանքով վերաբերվեն մեր ունեցվածքին։ Հետևաբար նույն ձևով էլ պետք է վարվենք ուրիշների հետ։ Մենք խուսափում ենք «անտեսանելի» գողություն անելուց, օրինակ, ուրիշի մտավոր սեփականությունըb յուրացնելուց (Ելից 22։7–9)։
[Ծանոթագրություն]
b Մտավոր սեփականություն ասելով՝ հասկանում ենք հեղինակային իրավունքով պաշտպանված որևէ նյութ, օրինակ՝ երաժշտություն, գրքեր, համակարգչային ծրագրեր, անկախ նրանից, թե ինչ տեսքով են դրանք՝ տպագրված, թե էլեկտրոնային։ Առևտրանիշերը, արտոնագրերը, գործարարության գաղտնիքները և գովազդի իրավունքը նույնպես համարվում են մտավոր սեփականություն։