Մեր ընթերցողները հարցնում են
Աստվա՞ծ է ստեղծել Սատանային
▪ Ոմանք կարծում են, թե Աստված է ստեղծել Սատանային, քանի որ Աստվածաշունչն ասում է՝ նա է «ստեղծել ամեն բան» (Եփեսացիներ 3։9; Հայտնություն 4։11)։ Սակայն Աստծու Խոսքը հստակ ցույց է տալիս, որ դա այդպես չէ։
Իրականում Եհովան ստեղծել է այն անձնավորությանը, որը դարձավ Սատանա։ Ուստի Աստծու այս գլխավոր հակառակորդի գոյության փաստը ամենևին էլ չի հակասում Աստվածաշնչի այն արձանագրությանը, ըստ որի՝ Եհովա Աստված է ամեն բանի Արարիչը։ Աստծու մասին ասվում է. «Նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա» (2 Օրենք 32։3–5)։ Այս խոսքերից կարող ենք եզրակացնել, որ Սատանան մի ժամանակ կատարյալ և արդար է եղել. նա Աստծու ոգեղեն որդիներից մեկն էր։ Ինչպես գրված է Հովհաննես 8։44-ում, Հիսուսն ասաց, որ Բանսարկուն «ճշմարտության մեջ հաստատ չմնաց»՝ ակնարկելով, որ Սատանան մի ժամանակ եղել է ճշմարտախոս և առանց մեղքի։
Այնուամենայնիվ, Եհովայի մյուս բանական արարածների պես՝ այս հրեշտակը, որը դարձավ Սատանա, ճիշտն ու սխալն ընտրելու հարցում ազատ էր։ Ընտրելով Աստծուն հակառակվելու ուղին և դրդելով առաջին մարդկային զույգին միանալու իրեն՝ նա ինքն իրեն դարձրեց Սատանա, որը նշանակում է «հակառակորդ» (Ծննդոց 3։1–5)։
Այդ չար ոգեղեն արարածը ինքն իրեն դարձրեց նաև Բանսարկու, որը նշանակում է «զրպարտիչ»։ Սատանան էր այն անտեսանելի խաբեբան, որը խոսեց օձի միջոցով և խորամանկորեն խաբելով Եվային՝ դրդեց նրան անհնազանդ գտնվելու Արարչի կողմից տրված հստակ օրենքին։ Ահա թե ինչու Հիսուսը Սատանային կոչեց «ստության հայր» (Հովհաննես 8։44)։
Իսկ ինչպե՞ս կարող էր կատարյալ ոգեղեն արարածը, անթերի լինելով և իր վրա չկրելով որևէ բացասական ազդեցություն, սխալ մտածելակերպ ձեռք բերել։ Նա ակներևաբար անհագ ցանկություն ուներ ստանալու այն երկրպագությունը, որը պատկանում էր միայն Եհովային։ Ուստի երբ հարմար առիթ ստեղծվեց մարդկությանը իրեն հպատակեցնելու համար, այդ միտքը իրենից վանելու փոխարեն՝ նա կենտրոնացավ դրա վրա՝ թույլ տալով, որ այն զարգանա և ի վերջո քայլերի առաջնորդի։ Այս երևույթի աստիճանական զարգացումը նկարագրվում է «Հակոբոս» գրքում. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում» (Հակոբոս 1։14, 15; 1 Տիմոթեոս 3։6)։
Բերենք մի օրինակ։ Պատկերացնենք, որ մի հաշվապահ ուզում է օգտվել հարմար առիթից, որպեսզի կեղծի տվյալները և փող կորզի ընկերությունից։ Նա կարող է անմիջապես վանել այդ սխալ միտքը։ Սակայն եթե իր ողջ ուշադրությունը կենտրոնացնի ստեղծված առիթի վրա, ապա այդ միտքը կսկսի իրեն դուր գալ և նա, ըստ ամենայնի, կիրագործի իր մտածածը։ Փաստորեն, այդպես վարվելով՝ ինքն իրեն կդարձնի գող։ Բացի այդ, եթե հաշվապահը հերքի, որ գողություն է արել, կդառնա նաև ստախոս։ Նմանապես, սխալ ցանկություններ զարգացնելով և վարվելով դրանց համաձայն՝ հրեշտակը, որին Աստված ստեղծել էր, օգտվելով իր ազատ կամքից, սուտ խոսեց և ըմբոստացավ իր Հոր դեմ. արդյունքում ինքն իրեն դարձրեց Բանսարկու Սատանա։
Բարեբախտաբար, Աստված իր նշանակած ժամանակին կոչնչացնի Բանսարկու Սատանային (Հռոմեացիներ 16։20)։ Եհովա Աստծու երկրպագուները, սակայն, այսօր իսկ պաշտպանված են Սատանայի նենգություններից, քանի որ տեղյակ են նրա դիտավորություններին (2 Կորնթացիներ 2։11; Եփեսացիներ 6։11)։ Ուրեմն՝ ամեն գնով «հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։
[մեջբերում 21-րդ էջի վրա]
Ընտրելով Աստծուն հակառակվելու ուղին՝ կատարյալ հրեշտակը ինքն իրեն դարձրեց Սատանա