Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb12 էջ 56–86
  • Աշխարհածավալ գործունեություն

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աշխարհածավալ գործունեություն
  • 2012 Եհովայի վկաների տարեգիրք
2012 Եհովայի վկաների տարեգիրք
yb12 էջ 56–86

Աշխարհածավալ գործունեություն

ԴԱՐԵՐ առաջ Հովհաննես առաքյալը մարգարեական տեսիլքում տեսավ անհամար մարդկանց մի բազմություն՝ «բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից»։ Նրանք դուրս էին գալիս «մեծ նեղությունից» և մտնում էին նոր աշխարհ (Հայտն. 7։9, 14)։ Այս գրքում ամփոփված օրինակներն ու տվյալները ցույց են տալիս, որ մեծ բազմությունը հավաքվում է և անդամների թիվը գնալով մեծանում է։ Մի՞թե դա չի ամրացնում քո հավատը Եհովայի խոստումների հանդեպ։

ԱՖՐԻԿԱ

ԵՐԿՐՆԵՐԸ 57

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 949533064

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1267314

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԸ 2819310

ԱՅԴ ՆԱՄԱԿԸ ՄԽԻԹԱՐԵՑ ՆՐԱՆ։ Իրիսը, որն ապրում է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ցավակցական նամակներ է գրում նրանց, որոնց հարազատները վերջերս են մահացել։ Քույրը իր նամակներին կցում է «Տառապանքի վերջը մո՛տ է» և «Ի՞նչ հույս կա մահացած սիրելիների համար» թերթիկները։ Մի անգամ Իրիսը նամակ ստացավ Սիդնեյ անունով մի մարդուց, որը 38 տարվա երջանիկ ամուսնական կյանքից հետո կորցրել էր կնոջը։ «Թեև բժիշկները հոգեբանորեն պատրաստում էին ինձ,— գրում էր Սիդնեյը,— նրա մահը վշտացրեց ու կոտրեց սիրտս, շփոթեցրեց ինձ և համակեց անորոշության զգացումով։ Ես պետք է շնորհակալություն հայտնեմ Տիրոջը, որ Ձեզ նման մարդիկ կան։ Դուք ծախսում եք Ձեր ժամանակը և ջանքեր եք ներդնում բոլորովին անծանոթ մարդկանց պատմելու Աստծու նպատակների մասին, ինչը վեհ արարք է։ Կարդալով Ձեր նամակը և ուղարկած թերթիկները՝ զգացի, որ կամաց-կամաց հոգիս խաղաղվում է և սկսում եմ հաշտվել դառը իրականության հետ։ Ձեր հավատն արտահայտող այս ջերմ խոսքերը որպես գանձ կպահեմ իմ սրտում, որ դրանք ուժ տան ինձ դժվար պահերին»։

ԱԲՈՐՏԸ ԲԱՑԱՌՎԵՑ։ Բենինում ապրող մի երիտասարդ քույր՝ Գլորիան, վկայություն էր տալիս Առնոյին՝ մի ուսանողի, երբ վերջինիս բջջային հեռախոսը զանգեց։ Զանգին պատասխանելուց հետո Առնոն ասաց, որ իր ընկերը օգնության կարիք ունի և ինքը չի կարող շարունակել զրույցը։ Գլորիան արագ պայուսակից հանեց առաջին իսկ պատահած ամսագիրը և տվեց նրան։ Առնոն, առանց նայելու, վերցրեց ու հեռացավ։

Նրա ընկերը հայտնել էր, որ իր ընկերուհին հղի է և ինքը ուզում է ստիպել նրան, որ աբորտ անի։ Ճանապարհին Առնոն նայեց իր ձեռքի պարբերագրին ու... «Աչքերիս չէի հավատում։ Կազմի վրա գրված էր՝ «Աբորտ. հեշտ լուծո՞ւմ»»։ Գլորիան նրան տվել էր «Արթնացե՛ք»-ի 2009թ. հունիսի համարը։ Պարբերագիրը կարդալուց հետո ընկերը որոշեց, որ աբորտը բացառվում է։ Որոշ ժամանակ անց նրա ընկերուհին լույս աշխարհ բերեց մի սիրունիկ աղջնակ։

ԱՅԼԵՎՍ ԿԱՐԻՔ ՉԿԱՐ ՎԱԽԵՆԱԼՈՒ ԿԱԽԱՐԴ ՀԵՔԻՄԻՑ։ Զիմբաբվեում ապրող Քինգը, որը ընդհանուր ռահվիրա էր, տեղափոխվեց այնտեղ, որտեղ քարոզիչների կարիք կար։ Մի քանի քույրերի հետ ծառայելիս նա մոտեցավ հայտնի կախարդ հեքիմի տանը։ Թեև քույրերը վարանում էին խոսել այդ կնոջ հետ, Քինգը որոշեց Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկել։ Երբ կինը տեսավ նրանց, մտածեց, թե հաճախորդներ են, և հարցրեց, թե ինչ են ուզում։ Քինգը ցույց տվեց նրան «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը և Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն առաջարկեց։ Կինը համաձայնվեց։ «Մենք շատ զարմացանք՝ տեսնելով, որ շատ հարցեր ունի,— ասում է Քինգը։— Ուստի պայմանավորվեցինք վերայցելել և ուսումնասիրություն սկսել»։ Երեք շաբաթ անց այդ կնոջը հրավիրեցին ժողովի հանդիպման, և վերջինս սիրով ընդունեց հրավերը։ Նա ոչնչացրեց այն ամենը, ինչ կապված էր ոգեհարցության հետ, արագ հոգևորապես առաջադիմեց և մի քանի ամսից մկրտվեց։

«ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԱՂՈԹԵՔ, ՈՐ ԱՅՑԵԼԵՆ ԻՆՁ»։ Տասը տարի առաջ Պատրիկը Անգոլայից տեղափոխվեց ԱՄՆ։ Նա պարբերաբար զանգահարում էր իր մորը՝ Ֆելիսիդադին։ Մի օր, երբ նրանք խոսում էին ինտերնետային տեսազանգի միջոցով, Պատրիկը տեսավ, որ մոր հետ սենյակում մի ուրիշ կին կա, և հարցրեց, թե ով է։ «Մեր ժողովի քույրերից է։ Նա եկել է ինձ տեսնելու»,— պատասխանեց մայրը, որը Եհովայի վկա է։

Պատրիկը հարցրեց. «Իսկ ինչո՞ւ Վկաները չեն այցելում ինձ։ Արդեն տասը տարի է՝ այստեղ եմ, մի անգամ նրանց չեմ հանդիպել։ Խնդրում եմ, աղոթեք, որ այցելեն ինձ»։

Փոքր-ինչ անակնկալի եկած՝ մայրն ու այդ քույրը պատասխանեցին. «Եղավ, կաղոթենք այդ մասին»։

Երեք օր հետո Եհովայի վկաներից մեկը թակեց Պատրիկի դուռը։ Դա շատ զարմացրեց երիտասարդին, ու նա հարցրեց մորը, թե արդյոք ինքն էր խնդրել Միացյալ Նահանգներում ապրող Վկաներից մեկին այցելել իրեն։ Տեղեկանալով, որ մայրը ոչինչ չգիտեր՝ եզրակացրեց, որ դա Աստծուն ուղղված աղոթքի պատասխանն էր, ու համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Հենց սկզբից երիտասարդը սկսեց այցելել հանդիպումներին։ Հաջորդ անգամ տեսազանգով մոր հետ խոսելիս նա հպարտությամբ ցույց տվեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի այն գլուխը, որն ուսումնասիրում էր։ Նաև ասաց, որ հանդիպումներին գնալու համար համապատասխան հագուստ է գնել։

ՄԿՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ, ՈՐԸ ՏԱՐԱԿՈՒՍԱՆՔԻ ՄԵՋ ԳՑԵՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ։ Բրազավիլում (Կոնգոյի Հանրապետություն) 2010թ.-ին անցկացվող մարզային համաժողովի առաջին օրը Էդուարդը ասաց, որ ուզում է մկրտվել։ Երբ նրան հարցրին, թե որ ժողովից է, պատասխանեց՝ Մոսսակա։ Քանի որ այդ հեռավոր գյուղում ոչ մի Վկա չկար, եղբայրները զարմացան, թե ինչպես էր նրա մեջ մկրտվելու ցանկություն առաջացել։

Էդուարդը բացատրեց երեցներին, որ 2007թ.-ին Բրազավիլում պապիկի օգնությամբ ուսումնասիրել է «Աստված պահանջում է» գրքույկը և «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքից 14 գլուխ։ Հետո տեղափոխվել էր Մոսսակա՝ ապրելու ծնողների հետ։ Քանի որ այնտեղ ոչ մի ակտիվ քարոզիչ չէր եղել, Էդուարդը խնդրել էր հորը, որ նա շարունակի իր հետ ուսումնասիրել «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի մնացած գլուխները։ Հայրը տվել էր հարցերը, ինքն էլ պատասխանել էր։ Այդպես ուսումնասիրելով ավարտել էր գիրքը։ Հասկացել էր, որ պետք է ուրիշներին պատմի ճշմարտության մասին։ Ուստի 2009թ. հոկտեմբերից սկսել էր մենակ քարոզել այդ տարածքում իր ունեցած «Աստված պահանջում է» գրքույկի օգնությամբ։ Նա հաշվել էր ծառայությանը տրամադրած ժամերը և կանոնավորաբար հաշվետվություն էր ուղարկել պապիկին՝ Բրազավիլ։ Սակայն պապիկը երբեք չէր հանձնել դրանք ժողովի երեցներին։

Մասնաճյուղը, առանց Էդուարդի մասին տեղյակ լինելու, երեք ամսով Մոսսակա էր ուղարկել հատուկ ռահվիրաների։ Իրենց ծառայությունն այդ տարածքում ավարտելուց երկու օր առաջ ժամանակավոր հատուկ ռահվիրաներից մեկը՝ Դենիելը, տեսել էր Էդուարդին, որն Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկով։ Դենիելը մոտեցել էր Էդուարդին ու հարցուփորձ արել։ Վերջինս պատասխանել էր. «Ես քարոզում եմ։ Ես քարոզիչ եմ։ Կարող եք հարցնել հորս»։ Դենիելը խոսել էր նաև Էդուարդի հոր հետ, որը հաստատել էր վերջինիս խոսքերը։ Թեև ժամանակավոր հատուկ ռահվիրաները շուտով պետք է հեռանային, նրանք Էդուարդին սովորեցրել էին՝ ինչպես քարոզել։ Նրանց գնալուց հետո նա նոր եռանդով շարունակել էր իր ծառայությունը՝ անցկացնելով տասից ավելի ուսումնասիրություններ։ Էդուարդը նվիրել էր իր կյանքը Եհովային։

Այս ամենի մասին իմանալով՝ նույն համաժողովի ուրբաթ օրը երկու երեց զրուցեցին Էդուարդի հետ և ամփոփեցին այն հարցերը, որոնք նախատեսված են նրանց համար, ովքեր ուզում են չմկրտված քարոզիչ դառնալ։ Նրա գերազանց պատասխանները հիացրին եղբայրներին։ Երեցները հատուկ ռահվիրաներից իմացան նաև Էդուարդի օրինակելի վարքի, ինչպես նաև այն մասին, որ նա ինը ամիս ոչ պաշտոնական վկայություն է տվել։ Արդյունքում նա դարձավ չմկրտված քարոզիչ։ Քանի որ հաջորդ շաբաթ համաժողով էր անցկացվելու լինգալա լեզվով, երեցները հոգ տարան, որ մինչ այդ Էդուարդը անցնի մկրտվողների համար նախատեսված հարցազրույցը։ Ճշմարտության մասին փայլուն գիտելիքներ ունենալու շնորհիվ նա մկրտվեց 2010թ. հուլիսին։ Չմկրտված քարոզիչ դառնալուց ընդամենը մեկ շաբաթ անց երեցները հայտարարեցին, որ Էդուարդը մկրտված եղբայր է։

Մկրտությունից հետո մոտ երկու ամիս նա Բրազավիլում ենթառահվիրա ծառայեց։ Եղբայրները նրա հետ ուսումնասիրեցին «Մնա Աստծու սիրո մեջ» գիրքը, որից հետո նա գնաց Մոսսակա։ Որոշ ժամանակ անց մի հատուկ ռահվիրայի նշանակեցին ծառայելու այդ տարածքում։ Ապրիլին Էդուարդը, որը ենթառահվիրա էր, հատուկ ռահվիրայի հետ կազմակերպեց Հիշատակի երեկոն, որին ներկա եղան 182 հոգի։ Եղբայր Էդուարդը այժմ 16 հոգու հետ Աստվածաշունչ է ուսումնասիրում, որոնցից 7-ը հաճախում են հանդիպումներին։ Ի դեպ, 2011-ին Էդուարդը ընդամենը 15 տարեկան էր։

ԱՄԵՐԻԿԱ

ԵՐԿՐՆԵՐԸ 55

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 941265091

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 3780288

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԸ 4139793

«ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ, ՈՐ ՁԵԶ ԶԱՆԳԵՑԻ»։ Միացյալ Նահանգներում ապրող Սանդի անունով մի քույր տանն էր, երբ հեռախոսը զանգեց։ Մի կին ասաց, որ ցանկանում է խոսել այսինչ մարդու հետ։ Սանդին չէր ճանաչում այդ մարդուն, ուստի ասաց, որ նա սխալ համար է հավաքել։ Կինը ներողություն խնդրեց ու բացատրեց, որ լավ չի տեսնում, այդ պատճառով էլ երբեմն սխալվում է։ Նրանց զրույցը շարունակվեց։ Կինն ասաց, որ ցանկանում էր խոսել իր տղայի հետ, քանի որ վատ լուր ուներ հայտնելու. բժիշկները նրա մոտ չարորակ ուռուցք էին հայտնաբերել։ Նա վհատված էր և հուսաբեկ, որ Աստված թույլ էր տվել՝ իր հետ նման բան պատահի։ Սանդին հասկացավ, որ պետք է Աստվածաշնչի մխիթարական լուրը հայտնի նրան։ Քույրը կարճ աղոթեց համարձակություն ստանալու համար և մի քանի սուրբգրային համարներ կարդաց, որոնք հույս ներշնչեցին կնոջը։ Սանդին ասաց նրան, որ Աստված անուն ունի, քաջալերեց օգտագործել այդ անունը և աղոթելիս կոնկրետ խոսել իր խնդրի մասին։ Կինը շնորհակալություն հայտնեց, որ Սանդին լսեց իրեն և հուսադրեց։ Նա ասաց. «Երևի պատահականություն չէր, որ ձեզ զանգեցի»։

Կնոջ հասցեն իմանալուց հետո Սանդին ուղարկեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի ձայնագրությունը և այդ տարածքում ապրող մի ռահվիրայի խնդրեց այցելել նրան։ Քույրն ասում է. «Ես անչափ շնորհակալ եմ, որ Եհովան սիրառատ կերպով սովորեցրել է մեզ, թե ինչպես մխիթարել տարբեր իրավիճակներում հայտնված մարդկանց»։

ԹԵՐԹԻԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՆՐԱՆՑ ՀԱՐՑԻՆ։ Մի քանի քույրեր պարբերաբար փողոցի վկայություն էին տալիս Պուերտո Ռիկոյում գտնվող մի մեծ բժշկական կենտրոնի տարածքում։ Մի օր նրանցից մեկը մոտեցավ երկու մարդու, որոնք արագ քայլում էին մասնաշենքերից մեկի ուղղությամբ։ Նկատելով, որ նրանք շտապում են՝ քույրը տվեց մի թերթիկ, որի վերնագիրն է՝ «Դու ունե՞ս անմահ հոգի»։ Նա սովորաբար այդ թերթիկը չէր օգտագործում փողոցի վկայության ժամանակ, բայց այդ անգամ դա իր մոտ եղած միակ թերթիկն էր։ Որոշ ժամանակ անց այդ տղամարդիկ մոտեցան մեկ ուրիշ քրոջ և ասացին, որ իրենց թերթիկ են տվել, երբ գնում էին տեսնելու իրենց ընտանիքի անդամներից մեկին, որը ծանր հիվանդ էր։ Ճանապարհին նրանք միասին քննարկել էին հենց այն հարցը, որը գրված էր թերթիկի վրա։ Փաստորեն, թերթիկը նրանց հուզող հարցի պատասխանն էր։

ՆԱՄԱԿ ԵՀՈՎԱՅԻՆ։ Յոթնամյա Ջոշուան, որն ապրում է Միացյալ Նահանգներում, արդեն դպրոց է գնում։ Դեկտեմբերին ուսուցչուհին հանձնարարեց նամակ գրել Սանտա Կլաուսին։ Երբ տղան հարգալից կերպով բացատրեց, որ չի գրի նրան, ուսուցչուհին ասաց. «Դե լավ, գրիր ում ուզում ես»։ Ջոշուան որոշեց գրել Եհովային։ Նամակում տղան գրեց. «Շնորհակալություն, որ դրախտ ես խոստացել։ Շնորհակալություն, որ ունես Որդի, որի անունը Հիսուս է, և որը իր կյանքը տվել է մեզ համար։ Շնորհակալություն, որ ստեղծել ես շատ բաներ, որ մենք ուրախանանք։ Ես շա՜տ եմ սիրում քեզ, Եհո՛վա Աստված»։ Նրա նամակը մի քանի այլ նամակների հետ տպագրվեց թերթերից մեկում։

ԸՆՏԱՆԻՔԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ։ Ալեխանդրոն՝ Կոլումբիայում ապրող մի եղբայր, ցանկանում էր քարոզել իր ընտանիքի անդամներին։ Սակայն նրանք շատ հեռու էին ապրում, ուստի նամակ գրեց նրանց և ուղարկեց մի քանի «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր։ Երբ նրա հարազատներից մեկը՝ Պաբլոն, ընթերցեց դրանք՝ միաժամանակ Աստվածաշնչից կարդալով մեջբերված համարները, հասկացավ, որ կաթոլիկ եկեղեցու ուսմունքները սխալ են։ Իր իմացածից ոգևորված՝ նա պատմեց ընտանիքի մյուս անդամներին, որոնք նրա խոսքերում տեսան ճշմարտության լույսը և հեռացան իրենց եկեղեցուց։

Շատ չանցած՝ ընտանիքից 15 հոգի սկսեցին ամեն երեկո հավաքվել միասին և պարբերագրերի օգնությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ցանկանալով իմանալ ավելին՝ սկսեցին մոտակա քաղաքներում փնտրել Վկաների, սակայն ապարդյուն։ Այդ ընթացքում նրանք իրենց իմացածը պատմում էին հարևաններին։ Վերջապես տեղեկացան, թե որն է իրենց ամենամոտ քաղաքը, որտեղ կա Թագավորության սրահ։ Նրանք կարող էին մեքենայով հասնել այդ քաղաք մոտ մեկ ժամում։ Ուստի առանց ժամանակ կորցնելու ճանապարհ ընկան։

Հիմա արդեն մի ընդհանուր ռահվիրա շաբաթական մեկ անգամ այցելում է նրանց և Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում 26 հոգու հետ, այդ թվում Ալեխանդրոյի ընտանիքի 15 անդամների հետ։ Նրանք վարձել են մի մեքենա, որպեսզի նրանցից շատերը կարողանան ներկա լինել հանրային ելույթին և «Դիտարանի» ուսումնասիրությանը։

ԻՍԿԱՊԵ՞Ս ՍԽԱԼ ՏՈՒՆ ՄՏԱՆ։ Էկվադորում մի քույր ուսումնասիրություն էր անցկացնում կեչուա լեզվով խոսող գյուղական տարածքներից մեկում ապրող մի ընտանիքի հետ։ Մի օր նա հիվանդացավ ու խնդրեց ուրիշ վկաների այցելել այդ ընտանիքին։ Եղբայրները կոնկրետ տան տեղը չգիտեին ու թակեցին պատահական մի դուռ և հարցրին, թե նրանք ուսումնասիրում են Աստվածաշունչը։ Նրանց ընդունեցին ջերմորեն, ասես սպասում էին։ Բայց երբ սկսվեց ուսումնասիրությունը, եղբայրները հասկացան, որ սխալ տուն են մտել։ Պարզվեց, որ այդ ընտանիքի անդամներին անմիջապես գրավել էր միասին Աստվածաշունչ ուսումնասիրելու միտքը և այնպես էին պահել իրենց, որ եղբայրների վրա ուսումնասիրողի տպավորություն էին թողել։ Հիմա այդ տարածքում ևս մեկ ընտանիք է ուսումնասիրում Աստվածաշունչը։

ԱԽՈՐԺԱԼԻ ԿԵՔՍԻԿԸ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԱՌԻԹ ՍՏԵՂԾԵՑ։ Քաղեբը վեց տարեկան է և ապրում է Կանադայում։ Դասերի հենց առաջին օրը նրա դասընկերներից մեկի ծննդյան օրն էր։ Նրա մայրը կեքսիկներ էր պատրաստել երեխաների համար։ Երբ Քաղեբը քաղաքավարությամբ հրաժարվեց, դասընկերոջ մայրը՝ Նատալին, հարցրեց, թե արդյոք որոշ սննդամթերքներից ալերգիա ունի։ «Ո՛չ,— պատասխանեց տղան։— Ես Եհովայի ծառա եմ»։

Դասերից հետո Նատալին մոտեցավ Քաղեբի մայրիկին և հարցրեց. «Դուք Եհովայի վկա՞ եք»։ «Այո՛»,— պատասխանեց տղայի մայրը։ Նատալին ոգևորված սկսեց պատմել, որ պատանեկան տարիներին Աստվածաշունչ է ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ, բայց ընտանիքի հակառակության պատճառով դադարեցրել է։ Երբ քույրը հարցրեց, թե կցանկանա արդյոք վերսկսել ուսումնասիրությունը, նա ուրախությամբ համաձայնեց։

ԴԱ ԱՍՏԾՈՒ ԿԱՄՔԸ ՉԷ։ Լեյլին, որն ապրում է Պերուում, ի ծնե խուլ է։ Երբ մի օր նա իր մորը հարցրեց, թե ինչու է ինքն այդպիսին, վերջինս պատասխանեց, որ դա Աստծու կամքն էր։ Մոր խոսքերը ցավ պատճառեցին Լեյլիին, ու նա բարկությամբ լցվեց Աստծու հանդեպ։ «Ի՞նչ սխալ բան եմ արել ես»,— մտածում էր աղջիկը։

Տարիներ անց Լեյլին ամուսնացավ մի երիտասարդի հետ, որը նույնպես չէր լսում։ Նրանց առաջնեկը ծնվեց Դաունի հիվանդությամբ։ Լեյլին, մտահոգ ու տխուր, դիմեց մորը՝ հարցնելով. «Ինչո՞ւ է փոքրիկս այսպես ծնվել»։ Մայրը նրան ուղարկեց քահանայի մոտ։ Վերջինս նրան տվեց նույն պատասխանը, որը տվել էր մայրը տարիներ առաջ. «Դա Աստծու կամքն է»։

Վրդովված ու դառնացած՝ Լեյլին հարցրեց. «Ինչո՞ւ է Աստված այսքան դաժան։ Լավ, ես խուլ եմ, և այսպես Աստված պատժել է ինձ, բա տղայի՞ս ինչու է պատժում։ Նա դեռ նորածին է, ախր ի՞նչ մեղք է գործել»։ Դրանից հետո նա այլևս ոչինչ չէր ուզում իմանալ Աստծու մասին և հեռացավ եկեղեցուց։

Մի քանի տարի հետո Եհովայի վկաներից մեկը, որը ժեստերի լեզու գիտեր, թակեց Լեյլիի տան դուռը և Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեց։ Նա հրաժարվեց ու ասաց, որ չի հավատում Աստծուն։ Քույրը համբերատարությամբ բացատրեց, որ Աստված, որին նա չի ուզում ճանաչել, և որի անունը Եհովա է, հնարավորություն է ընձեռում նրան ունենալու խոսելու և լսելու կարողություն։ Լեյլին չհավատաց քրոջ խոսքերին և հարցրեց՝ կարող է արդյոք ապացուցել։ Քույրը բացեց Եսայիա 35։5 համարը. «Այդ ժամանակ կույրերի աչքերը և խուլերի ականջները կբացվեն»։ Այս խոսքերը անակնկալի բերեցին Լեյլիին, և նա համաձայնեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Որոշ ժամանակ անց նա մկրտվեց։ Իսկ տղան միշտ մոր հետ գալիս է հանդիպումներին և արդեն սովորել է ժեստերի լեզուն։ Լեյլիի գնահատանքը Աստվածաշնչի խոստումների հանդեպ շարունակում է մեծանալ։ Նա այժմ ծառայում է որպես ընդհանուր ռահվիրա։

ԱՍԻԱ

ԵՐԿՐՆԵՐԸ 47

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 4194127,075

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 664650

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԸ 629729

ՆՐԱՆՔ ՉԿԱՐՈՂԱՑԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ԵՐԿՈՒ ՀԱՐՑԻ։ Ասիական երկրներից մեկում, որտեղ մեր գործունեությունը արգելված է, մի 24-ամյա երիտասարդ սկսեց ուսումնասիրել Աստվածաշունչը՝ Վկաներին ապացուցելու համար, որ նրանց ուսմունքները սխալ են և ճիշտ կրոնը կաթոլիկությունն է։ Շատ չանցած՝ նա հասկացավ, որ Եհովայի վկաները իրեն ճշմարտությունն են սովորեցնում։

Երբ նրա ընտանիքի անդամները իմացան, որ Աստվածաշունչ է ուսումնասիրում, ընտանեկան խորհուրդ գումարեցին և կանչեցին նրան, որ ստիպեն վերադառնալ կաթոլիկ եկեղեցի։ Քանի որ երիտասարդը հրաժարվեց այդպես վարվելուց, նրանք հավաքեցին գյուղում ապրող բոլոր հարազատներին, որ նրան դարձի բերեն։ Նրան նույնիսկ ծեծեցին, սակայն նա չընկրկեց։ Ընտանիքը օգնության համար դիմեց տեղի քահանային։ Նա երիտասարդին տարավ ծխական խորհրդի մոտ։ Տղան խորհրդի առաջ ասաց, որ կվերադառնա եկեղեցի, եթե քահանան պատասխանի իր երկու հարցերին՝ «ի՞նչ է Աստծու անունը, ինչո՞ւ է եկեղեցին թույլ տալիս, որ իր հոտի անդամները արյուն ուտեն, այն դեպքում, երբ Աստվածաշունչն արգելում է դա»։ Երկու հարցերին էլ չկարողանալով պատասխանել՝ քահանան ապտակեց երիտասարդին, որ, ըստ նրա, «տղայի միջի դևը դուրս գա»։ Այդպես «դատը» ավարտվեց։

Ընտանիքը հույսը չկորցրեց և հավաքեց բոլոր ընկերներին, որ միասին փորձեն ստիպել նրան խոնարհվել Մարիամի պատկերի առաջ։ Երիտասարդին կրկին ծեծեցին, բայց նա անզիջում մնաց։ Այս անգամ ընտանիքը «հոգ տարավ», որ մի գեղեցիկ աղջիկ հանդիպի տղային ու ասի, որ եթե նա եկեղեցի վերադառնա, ապա ինքը կամուսնանա նրա հետ։ Երիտասարդը ասաց, որ կընդունի աղջկա առաջարկը, եթե պատասխանի այն երկու հարցին, որ տվել էր քահանային։ Աղջիկը հեռացավ և այլևս չվերադարձավ։ Հետո հակառակ տղայի կամքին՝ յոթ ամիս նրան փակի տակ պահեցին։ Ի վերջո նա փախավ գյուղից և վերադարձավ քաղաք, որտեղ կապ հաստատեց եղբայրների հետ։ Մեկ ամիս անց նա դարձավ չմկրտված քարոզիչ։ Իսկ 2011-ի մարտին մկրտվեց շրջանային համաժողովի ժամանակ։

ԲԱՆՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՄԵՐ ՔՐՈՋԸ։ Հարավային Կորեայում ընդհանուր ռահվիրա ծառայող մի քույր այցելել էր իր որդուն, որը քրիստոնեական չեզոքության համար բանտարկված էր։ Սպասասրահում նա մի թերթիկ առաջարկեց իր կողքին նստած տղամարդուն, որը սկսեց գոռգոռալ քրոջ վրա՝ ասելով. «Դուք ձեր կեղծ կրոնը այստե՞ղ էլ եք քարոզում»։ Նրա բարձրացրած աղմուկը գրավեց այդտեղ գտնվող մոտ 30–40 այցելուների ուշադրությունը։ Այդ պահին բանտի աշխատակիցներից մեկը միջամտեց և սաստեց տղամարդուն. «Հենց նրանք են իսկական ու ճիշտ կրոնը դավանող մարդիկ։ Այդ մյուս կրոններն են կեղծ։ Տարիներ շարունակ այս մարդիկ աչքիս առաջ են եղել, ու ես տեսել եմ, որ միայն նրանց խոսքերն ու գործերն են համապատասխանում իրար»։ Բորբոքված տղամարդն անմիջապես ձայնը կտրեց։

ՊԱՏԻՆ ԿՊՑՐԱԾ ԹՂԹԵՐԸ։ Երբ Հարինդրան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, արդեն տասը տարի մենակ էր ապրում և աշխատում էր Նեպալի մեծ քաղաքներից մեկում, որպեսզի հոգ տանի գյուղում ապրող իր ընտանիքի մասին։ Քանի որ նա գրաճանաչ չէր, Վկան նրա հետ ուսումնասիրում էր «Հավիտյան վայելիր կյանքը երկրի վրա» գրքույկի օգնությամբ։ Այդ ժամանակ նեպալերեն գրքույկը դեռ լույս չէր տեսել, ուստի անգլերեն օրինակն էին օգտագործում։ Մի օր Հարինդրայի կինը եկավ քաղաք՝ ամուսնուն տեսնելու։ Նա զարմացավ՝ տեսնելով, որ ամուսինը անգլերեն գրքույկ է ուսումնասիրում, բացի այդ թողել է խմելը ու այլևս բռնության չի դիմում։ Հասկանալով, որ այդ փոփոխությունները Աստվածաշունչ ուսումնասիրելու արդյունք են՝ կինը նույնպես սկսեց ուսումնասիրել Աստծու Խոսքը և մասնակցել իրենց գյուղում անցկացվող ժողովի հանդիպումներին։ Հարինդրան ցանկանում էր ավելին իմանալ Եհովայի մասին, ուստի որոշեց գրել-կարդալ սովորել։ Նա խնդրեց իր հետ ուսումնասիրություն անցկացնողին օգնել իրեն։ Վերջինս թղթերի վրա գրում էր նեպալերեն տառերը ու նոր բառեր, որոնք Հարինդրան կպցնում էր իր սենյակի պատերին։ Դրանք այնքան շատ էին, որ պատերին տեղ չէր մնացել։ Թղթերն աչքի առաջ ունենալով՝ նա անընդհատ կրկնում էր գրվածը, մինչև որ կամաց-կամաց սովորեց կարդալ։ Որոշ ժամանակ անց նա իր ընտանիքին բերեց իր մոտ, որպեսզի միասին երկրպագեն Եհովային։ Երկու տարի անց Հարինդրան մկրտվեց։ Հիմա նրանք ընտանիքով գնում են հանդիպումներին, և երբեմն Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ նա ներկայացնում է Աստվածաշնչի ընթերցանության բաժինը։ Հարինդրան ասում է. «Եհովայի տված կրթության շնորհիվ մեր կյանքը լիովին փոխվեց»։

ՄԵՐԺՈՒՄ ԱՆԳԱՄ 200000 ԴՈՐԼԱՐԻ ԴԻՄԱՑ։ Զարխանումը, որն ապրում է Ադրբեջանում, զբաղվում էր ոգեհարցությամբ։ 15 տարի նա լավագույն էքստրասենսի և գուշակի համբավ էր վայելում։ Մարդիկ հավատում էին, որ նա օժտված է թուղթուգիր քանդելու և բուժումներ անելու զորությամբ։ Այո՛, Զարխանումը մեծ ճանաչում ուներ, և նրա հաճախորդներից շատերը բարձրաստիճան պաշտոնյաների կանայք էին, որոնք մեկ սեանսի համար վճարում էին 2000–4000 դոլար։ Ուստի դժվար չէ պատկերացնել, թե որքան հարուստ էր նա։ Չնայած այդ ամենին՝ այդ կինը դատարկության զգացում ուներ, և շատ հարցեր էին տանջում նրան։ Զարխանումի ամուսնությունը քանդվեց, ու նրա կյանքը բոլորովին աննպատակ դարձավ։ Մի օր, երբ հուսահատ բացել էր իր սիրտը Աստծու առաջ, դուռը թակեցին։ Երկու քույրեր էին, որոնք սկսեցին վկայություն տալ։ Զարխանումին հետաքրքրեց այն, որ Աստծուն պետք է հաճեցնել ոչ միայն խոսքերով, այլև գործերով։ Նա ճանաչում էր շատ կրոնավորների, որոնց վարքը անհարիր էր աստվածապաշտ մարդկանց։ Նա գիտեր նաև, որ ոգեհարցությունը մեղք է։ Զարխանումը համաձայնվեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ժամանակի ընթացքում սկսեց աղոթելիս օգտագործել Եհովայի անունը և նկատեց, որ իր աղոթքները պատասխանվում են։ Սակայն նրա համար դժվար էր թողնել իր գործը. դևերը անհանգստացնում էին և նույնիսկ ծեծում։ Ի վերջո, Եհովայի օգնությամբ ազատվեց դևերի ճիրաններից և ոչնչացրեց այն բոլոր առարկաները, որոնք կապված էին ոգեհարցության ու կեղծ կրոնի հետ։

Շատ չանցած՝ Զարխանումը դարձավ բարի լուրի եռանդուն քարոզիչ և 2011թ. մայիսին մկրտվեց։ Իր մկրտությունից անմիջապես հետո սկսեց ծառայել որպես ենթառահվիրա։ Պահանջվող ժամաքանակը լրացնելը քրոջ համար դժվար չէր, քանի որ մինչ այդ ամեն ամիս ծառայում էր 70 ժամից ավելի՝ չնայած վատ առողջությանը։ Մկրտությունից երկու ամիս առաջ մի պաշտոնյայի կին խնդրեց նրան քանդել իր վրա արած թուղթուգիրը, որի դիմաց առաջարկեց 200000 դոլար։ Նա կարծում էր, որ թուղթուգիրն էր իր հիվանդության պատճառը, որի հետևանքով նրա ոտքը անդամահատել էին։ Զարխանումը մերժեց կնոջը և երկու Վկաների ուղարկեց նրա մոտ՝ հիվանդանոց, որ քարոզեն բարի լուրը։ Մեր նախանձախնդիր քույրը քարոզում է իր նախկին հաճախորդներին՝ ասելով, որ այն, ինչ անում էր նախկինում, մեղք է Աստծու առաջ։ Դրա արդյունքում այն կինը, որը պատմել էր նրա մասին պաշտոնյայի կնոջը, սկսել է Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել հանդիպումներին։

ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ։ Երկու քույրեր, որոնք ապրում են Հնդկաստանում, ծառայության ժամանակ ձերբակալվեցին և դատապարտվեցին հինգ օր ազատազրկման։ Նրանցից մեկը պատմում է. «Երբ մեզ բանտ տարան, ոստիկանները հարցրին, թե ինչու են մեզ կալանավորել։ Դա վկայություն տալու լավ առիթ էր։ Քանի որ մեզ բռնել էին ծառայության ժամանակ, շատ պարբերագրեր և թերթիկներ ունեինք մեր պայուսակներում։ Մենք վկայություն տվեցինք բոլորին և շատ գրականություն բաժանեցինք։ Այդ ընթացքում միմյանց քաջալերում էինք, աղոթում էինք և կարդում էինք մեզ մոտ եղած հրատարակությունները»։

Նա շարունակում է. «Հետո մեզ տեղափոխեցին քաղաքում գտնվող մեկ այլ կալանավայր։ Բանտարկյալները սկսեցին հարցուփորձ անել, թե ինչու են մեզ բանտարկել։ Ու մենք կրկին առիթը բաց չթողեցինք. ասացինք, որ Եհովայի վկաներ ենք, և քարոզեցինք բարի լուրը։ Կին հսկիչներից մեկը, որը գաղտնի ականջ էր դրել մեզ, ասաց. «Ձեզ բանտարկել են դրսում քարոզելու համար, հիմա էլ բանտո՞ւմ եք քարոզում»»։ Քույրերը ծրագրում են այցելել բոլոր այն բանտարկյալներին, ովքեր հետաքրքրություն են ցույց տվել։

ՈՍՏԻԿԱՆԸ ՆԿԱՏԵԼ ԷՐ։ Բեթլեհեմում երկու քույրեր պատրաստվում էին մտնել մի քանի փոքր խանութներ՝ վկայություն տալու համար։ Հանկարծ երկու կին ոգևորված մոտեցան նրանց և իսպաներեն հարցրին, թե արդյոք նրանք Եհովայի վկաներ են։ Անծանոթները մեքսիկացի Վկաներ էին և եկել էին Իսրայել մի խումբ տուրիստների հետ։ Հեռվից ճանաչելով քույրերի ձեռքի գրականությունը՝ մոտեցել էին նրանց։ Նրանք ջերմորեն գրկախառնվեցին, միասին նկարվեցին և փոխանակեցին հասցեները։ Հետո մեքսիկացի քույրերը միացան իրենց խմբին, իսկ երկու քույրերը մտան խանութներ։

Ժամեր անց մի ոստիկան մոտեցավ քույրերին ու հարցրեց, թե արդյոք նրանք իսպանացիներ են։ Քույրերը զարմացած ասացին, որ ոչ։ Ոստիկանը բացատրեց, որ տեսել է, թե ինչպես են նրանք երկու տուրիստների հետ ողջագուրվել, և մտածել է, թե նրանք հին ընկերներ են, որոնք վաղուց չեն տեսել իրար, կամ էլ բարեկամներ են։ Քույրերը բացատրեցին, որ իրենք Եհովայի վկաներ են և թեև տարբեր երկրներից են ու չեն ճանաչում իրար, հանդիպելիս ողջագուրվում են հարազատների պես, քանի որ սիրում են իրար։ Ոստիկանը շատ տպավորված էր։ Նա գրականություն վերցրեց ու հարցրեց, թե ինչպես կարող է ավելին իմանալ այդ կրոնի մասին։ Նրանք պայմանավորվեցին կրկին հանդիպել։

«ԳՈՒՑԵ ԱՅՆՏԵՂ ԼԻՆԻ ՄԵԿԸ»։ Յուսուկին երիտասարդ ռահվիրա է, որը ծառայում է Ճապոնիայում գտնվող անգլիախոս խմբերից մեկում։ Մի անգամ նա իմացավ, որ հաջորդ օրը մի զբոսանավ է մոտենալու նավահանգստին, որի վրա տարբեր երկրներից մարդիկ են լինելու։ Ուստի վաղ առավոտյան վեր կացավ ու չնայած հորդ անձրևին՝ երկու ժամ մեքենայով գնաց Նագասակիի նավահանգիստ։ Թեև անձրևը չէր դադարում, Յուսուկին մենակ կանգնեց նավամատույցին։ Նավի ուղևորներից շատերը, մտածելով, թե նա զբոսավար է, մոտենում էին նրան։ Առիթից օգտվելով՝ Յուսուկին մոտ մեկ ու կես ժամում բաժանեց 70 պարբերագիր և 50 գրքույկ տարբեր լեզուներով։

Եղբայրը գնաց մեքենայից լրացուցիչ գրականություն վերցնելու ու երբ վերադարձավ, տեսավ մենակ կանգնած մի երիտասարդ ուղևորի։ Երբ Յուսուկին մոտեցավ նրան, տղան անգլերեն հարցրեց. «Դուք Եհովայի վկա՞ եք»։ Եղբոր դրական պատասխանը լսելով՝ անծանոթը հուզվեց ու սկսեց հեկեկալ։ Յուսուկին նրան տարավ մի սրճարան, որտեղ կարող էին հանգիստ խոսել։

Երիտասարդը 21 տարեկան Ջեյսն էր։ Նա պատմեց, որ իր ծնողները ակտիվ վկաներ են, ու ինքը մինչև չափահաս դառնալը չմկրտված քարոզիչ է եղել։ Մոտ վեց ամիս առաջ դադարեցրել է Վկաների հետ շփումը և սկսել է ճամփորդել ասիական մի շարք երկրներով՝ մտածելով, թե Ասիայում երբեք չի հանդիպի Եհովայի վկաների։ Սակայն քանի որ ստամոքսի հետ կապված խնդիրներ է ունեցել, չի կարողացել ափ դուրս գալ Թաիլանդում, Վիետնամում կամ Թայվանում։ Ճապոնիայի ափին էր առաջին անգամ դուրս եկել նավից և առաջին մարդը, որին հանդիպել էր, Եհովայի վկա Յուսուկին էր։ Նա անմիջապես մտածել էր. «Ես երբեք չեմ կարող փախչել Վկաներից»։ Ահա թե ինչու էր սկսել հեկեկալ։

Հենց սրճարանում էլ Յուսուկին Ջեյսնի հետ քննարկեց «Աստծու սերը» գրքից որոշ հատվածներ և վստահեցրեց, որ Եհովան դեռ սիրում է նրան։ Եղբայրը խնդրեց երիտասարդին չհեռանալ կազմակերպությունից։ Ցավոք, նրանք քիչ ժամանակ ունեին։ Ջեյսնի նավը երեկոյան մեկնելու էր Ինչհոն (Հարավային Կորեա), որտեղ երիտասարդը ծրագրել էր մի քանի օր շրջել տեսարժան վայրերում։

Յուսուկին մտածեց նաև, թե էլ ինչ կարող է անել Ջեյսնին օգնելու համար։ Նա հիշեց, որ Հարավային Կորեայում անցկացվող մի միջազգային համաժողովի ժամանակ ծանոթացել է անգլերեն խոսող մի եղբոր հետ, որն ապրում է Ինչհոնում։ Ուստի հենց երեկոյան զանգահարեց այդ եղբորը։ Այդ մասին Ջեյսնը ոչինչ չիմացավ։ Երբ նա հաջորդ առավոտյան ափ դուրս եկավ Ինչհոնում, տեսավ մի մեծ ցուցանակ, որի վրա գրված էր՝ «Ջե՛յսն, բարի գալուստ Կորեա»։ Այն պահում էին հինգ ժպտադեմ Վկաներ։ Մի կողմ թողնելով շրջելու հետ կապված իր բոլոր պլանները՝ Ջեյսնը իր ժամանակն անցկացրեց եղբայրների հետ։ Խորապես տպավորվեց, երբ հասակակիցներից լսեց, որ իրենց հավատի և չեզոքություն պահելու համար բանտարկվել են։ Ինչհոնում նա ներկա եղավ Հիշատակի երեկոյին։

Ջեյսնը վերադարձավ Միացյալ Նահանգներ ու կրկին դարձավ ակտիվ քարոզիչ։ Նա խնդրեց, որ երեցները իր հետ ուսումնասիրեն շաբաթական չորս անգամ։ Երիտասարդը ավարտեց «Աստվածաշունչը սովորեցնում է» և «Աստծու սերը» գրքերի ուսումնասիրությունը և համապատասխանեց մկրտության պահանջներին։ Յուսուկիին հանդիպելուց 107 օր անց Ջեյսնը մկրտվեց ու հենց հաջորդ ամիս ծառայեց որպես ենթառահվիրա։

Յուսուկին հիշում է այդ ցուրտ ու խոնավ առավոտը. մի ուժգին ցանկություն մղեց նրան գնալ-հասնել Նագասակի, չնայած այն բանին, որ ոչ ոք չէր կարողացել միանալ իրեն։ «Գուցե այնտեղ լինի մեկը, որը կցանկանա լսել»։ Նա իրավացի էր։ Ջեյսնը հենց այդ մեկն էր։

ԵՎՐՈՊԱ

ԵՐԿՐՆԵՐԸ 47

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 736505919

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 1589052

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԸ 843405

ՆՐԱՆՔ ՄԻ ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԲԱՆ ԳՏԱՆ։ Անին Բուլղարիայից գնաց Հոլանդիա՝ մի քանի ամիս աշխատելու։ Մի օր, երբ շատ հուսահատված էր, հենց փողոցում կանգ առավ ու աղոթեց Աստծուն, որ իր մոտ ուղարկի իր եկեղեցու անդամներից մեկին։ Երկու քույրեր, որոնք անցնում էին այդտեղով, որոշեցին քարոզել նրան։ Անին դա որպես իր աղոթքի պատասխան ընդունեց, ուստի լսեց նրանց և սկսեց հաճախել հանդիպումներին։ Թեև նա չէր հասկանում հանդիպումների ծրագիրը, սակայն հասկանում էր, թե ինչ մեծ սեր է տիրում Վկաների մեջ։ «Նոր եկեղեցին» լիովին տարբերվում էր Բուլղարիայում գտնվող իր եկեղեցուց, որտեղ պառակտություն էր տիրում։ Նա համոզված էր, որ մի յուրահատուկ բան է գտել։ Երբ որոշեց վերադառնալ հայրենիք, նրան միացավ իր հետ ուսումնասիրություն անցկացնող քույրը, որպեսզի օգնի գտնելու Սոֆիայում ապրող Վկաներին։ Նրա այս քայլը էլ ավելի տպավորեց Անիին, ու նա կրկին համոզվեց, որ գտել է ճշմարիտ կրոնը։

Շուտով Անին և իր ամուսինը՝ Այվոն, սկսեցին միասին ուսումնասիրել Աստծու Խոսքը և գնալ հանդիպումներին։ Նրանց ուսումնասիրությունների ժամանակ ներկա էին լինում նաև ուրիշները։ Մի անգամ ամուսինների մոտ եկավ Ասենը, որը մի կրոնական խմբի հովիվ էր։ Նա եկել էր ապացուցելու, որ Եհովայի վկաները սխալ են, բայց քիչ անց հասկացավ, որ սխալվում է։ Հովիվը աստվածաշնչյան խորիմաստ հարցեր էր տալիս։ Ուստի նրան Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկեցին։ Ասենը ընդունեց առաջարկը, և ընտանիքը միացավ նրան։ Որոշ ժամանակ նա շարունակում էր կրոնական հանդիպումներ անցկացնել, սակայն արդեն ասում էր այն, ինչ սովորում էր «Աստվածաշունչը սովորեցնում է» գրքի օգնությամբ։ Շատ չանցած՝ Դենչոն, որը խմբի սարկավագն էր, նույնպես ցանկացավ Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրա օրինակին հետևեց նաև այդ խմբից երեք ընտանիք։ Քանի որ խմբի անդամների մեծ մասը արդեն սկսել էր Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրել, նրանք որոշեցին առանձին հանդիպումներ անցկացնելու փոխարեն՝ ներկա լինել ժողովի հանդիպումներին։ Դենչոն դարձավ քարոզիչ և սկսեց ուսումնասիրություն անցկացնել իր ընկերներից մի քանիսի հետ։ Այն բանի շնորհիվ, որ Անին Հոլանդիայում հանդիպեց Վկաներին, 30 հոգի սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հաճախել հանդիպումներին։

ՆԱ ՈՒՂՂԱԿԻ ՍՈՒՐԲԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐ ԸՆԹԵՐՑԵՑ։ Չեխիայում ապրող մի եղբայր և իր կինը Թագավորության սրահում Աստվածաշնչի ուսումնասիրություն էին անցկացնում Մոնղոլիայից եկած մի զույգի հետ։ Թեև երիտասարդ զույգը ջանում էր մոնղոլերեն սովորել, լեզվական պատնեշը դեռ լուրջ խոչընդոտ էր։ Այնուհանդերձ, երևում էր, որ մոնղոլացի զույգը ընդունում էր ճշմարտությունը խոնարհությամբ և համբերատարությամբ։ Մի երեկո, սակայն, երիտասարդ կինը հանդիպման եկավ առանց ամուսնու։ Նա ասաց, որ մտածում է ամուսնուց հեռանալու մասին, քանի որ իրար չեն հասկանում։ Մի քանի րոպե հետո եկավ ամուսինը. նա նույնիսկ չնայեց կնոջ կողմը։ Ակնհայտ էր, որ իրավիճակը շատ լուրջ էր։ Եղբայրը տարավ ամուսնուն Թագավորության սրահի գրադարան, որ զրուցեն։ Բայց քանի որ մոնղոլերեն լավ չէր հասկանում, չկարողացավ իմանալ, թե ինչ էր տեղի ունեցել ամուսինների միջև, ուստիև չկարողացավ կոնկրետ խորհուրդ տալ։ Նա որոշեց ուղղակի կարդալ Աստվածաշնչից։ Եղբայրը ընթերցեց ամուսնության և լավ հաղորդակցության վերաբերյալ բոլոր սուրբգրային համարները, որ հիշեց։ Երևում էր, որ երիտասարդ տղամարդու ներսում յուրաքանչյուր համար կարդալուց հետո մի բան էր կատարվում։ Հանկարծ նա դուրս վազեց գրադարանից, մոտեցավ կնոջը և համբուրեց նրան։ Վերջում սրահից դուրս գալիս ամուսինը պնդեց, որ ինքը տանի կնոջ պայուսակը, քանի որ հասկացել էր, որ պարտավոր է օգնել նրան։

Հաջորդ օրն արդեն նրանք ասես նորապսակներ լինեին և ուրախությամբ ասում էին, թե որքան երախտապարտ են Եհովային, որ ամուսնության վերաբերյալ իմաստուն խորհուրդներ է տվել։ Հետո նրանք վերադարձան Մոնղոլիա, որ հոգ տանեն իրենց երկու երեխաների մասին։ Այժմ նրանց ընտանիքն ապրում է մի քաղաքում, որտեղ չկա ժողով։ Կինը մկրտվեց անցած տարվա հոկտեմբերին, իսկ ամուսինը, թեև դեռ չի մկրտվել, շարունակում է հոգևորապես առաջադիմել։

«ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴՊԵՍ ՎԱՐՎԵՑ»։ Օլհա անունով մի ռահվիրա քույր քարոզեց սննդամթերք առաքող մեքենայի վարորդին Ուկրաինայում։ Քույրը հարցրեց նրան. «Ձեր կարծիքով՝ կա՞ մեկը, որին կարող ենք վստահել»։

«Ո՛չ,— պատասխանեց վարորդը,— կինս լքեց ինձ՝ իր հետ տանելով մեր երկու տարեկան որդուն։ Ինչի՞ պակաս ուներ. ես ամեն օր ծանր աշխատում էի, ինչ անում էի, իր համար էի անում։ Մատանի էր ուզում, առա, կոշիկ էր ուզում, ունեցավ, վզնոց էր ուզում, խնդրեմ, նվիրեցի։ Ամեն ինչ նրա համար էր, ա՜խր ինչո՞ւ այդպես վարվեց»։

Քույրը նրբանկատորեն հարցրեց, թե որքան ժամանակ էր նա անցկացնում կնոջ և փոքրիկի հետ։ Վարորդը պատասխանեց. «Առավոտից իրիկուն լեզուս դուրս գցած աշխատում էի։ Առավոտվա չորսին տնից դուրս էի գալիս, կեսգիշերին տուն մտնում։ Նույնիսկ հանգստյան օրերին էի աշխատում»։

Օլհան տվեց նրան 2009թ. «Արթնացե՛ք»-ի հոկտեմբերի հատուկ թողարկումը՝ «Ընտանեկան երջանկության գաղտնիքները»։ Նա ցույց տվեց առաջին գաղտնիքը՝ «Ճիշտ առաջնահերթություններ»։ Նյութը միասին աչքի անցկացնելուց հետո վարորդն ասաց. «Ես կարծում էի, թե ընտանեկան երջանկության գաղտնիքը փողն է, իսկ մնացածը կարևոր չէ։ Հիմա հասկանում եմ, որ դա այդպես չէ։ Հասկանում եմ, թե ինչ էր մեզ պակասում և ինչի կարիք ուներ կինս իրականում»։

Մի շաբաթ անց Օլհան կրկին հանդիպեց այդ վարորդին, որն ասաց, որ կարդացել է պարբերագիրը, շատ է մտածել ու կշռադատել։ Հետո զանգել է կնոջը, ու նրանք հաշտվել են։ Օլհան նրան տվեց «Ընտանեկան երջանկություն» գիրքը։ Հաջորդ շաբաթ քույրը նորից նույն մեքենան տեսավ, բայց վարորդն ուրիշ էր։ Նոր վարորդն ասաց, որ նախկին աշխատողը դուրս է եկել գործից և ընտանիքի հետ տեղափոխվել է ապրելու ուրիշ վայրում։ Բայց Օլհայի համար երկտող է թողել. «Շնորհակալ եմ քեզ, Օ՛լհա, և քո Աստծուն, որովհետև դուք օգնեցիք փրկել ընտանիքս։ Եթե նորից հանդիպեմ Եհովայի վկաների, անպայման կապ կպահեմ նրանց հետ»։

ՆԱ ԱՍՏԾՈՒՑ ՆՇԱՆ ԷՐ ՈՒԶՈՒՄ։ Մի երիտասարդ, որն ապրում էր Լատվիայում, 15 տարի առաջ հետաքրքրվել էր ճշմարտությամբ և Վկաների օգնությամբ սկսել էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նա անկանոն էր հանդիպում Վկաներին, քանի որ չէր հավատում, որ Աստվածաշունչը, որը նրա կարծիքով «ընդամենը մի գիրք» է, կարող է օգնել իրեն գտնելու Աստծուն։ Երիտասարդն ակնկալում էր, որ Աստված կհայտնվի իրեն ինչ-որ գերբնական կամ առեղծվածային կերպով։ Ուստի կարճ ժամանակ անց դադարեցրել էր ուսումնասիրությունը և կորցրել էր կապը Վկաների հետ։ Տարիներ անց խնդիրների բեռի տակ կքած՝ երիտասարդը աղոթեց Աստծուն օգնության համար։ Բայց ոչ մի հրաշք տեղի չունեցավ։ Նա դուրս նայեց պատուհանից և նկատեց երկու քույրերի, որոնք ծառայում էին։ Մի քանի շաբաթ հետո նորից աղոթեց ու պատուհանից տեսավ նույն քույրերին։ Երիտասարդը մի շաբաթ անց երրորդ անգամ դիմեց Աստծուն։ Ու երբ դուրս նայեց, կրկին ծառայության գնացող քույրերն էին։ Նա եզրակացրեց, որ Աստծու տված նշանը հենց դա է, որ կա։ Դուրս վազեց և անակնկալի եկած քույրերին ասաց, որ ցանկանում է վերսկսել ուսումնասիրությունը, որը դադարեցրել էր տարիներ առաջ։ Ի վերջո, նա իր մեջ ուժ գտավ հաղթահարելու խնդիրները և մոտենալու Աստծուն։ Իսկ ինչպե՞ս։ «Ընդամենը մի գրքի»՝ Աստվածաշնչի օգնությամբ։ Երիտասարդը մկրտվեց 2010թ. մարզային համաժողովին։

ԿՃՈՒՃԻԿՆ ԷԼ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ։ Այս ասացվածքը Դանիայում նշանակում է, որ մեծերի զրույցի ժամանակ երեխաները լսում են շատ ավելին, քան կարծում ենք։ Մոտ 16 տարի առաջ դանիացի մի քույր ուսումնասիրում էր մի կնոջ հետ, որը երեք տղա ուներ։ Բոլորն էլ գալիս էին ուսումնասիրությանը, որն անցկացվում էր քրոջ տանը։ Սակայն կինը դադարեցրեց ուսումնասիրությունը։ Տղաներից մեկը՝ Ռոնին, այդ ժամանակ ութ տարեկան էր։ Տարիների ընթացքում նա շատ խնդիրների բախվեց։ Բայց 2008-ին՝ երբ 22 տարեկան էր, մի օր իր մոր տանը տեսավ մեր պարբերագրերը և հանկարծ նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ այցելելու այն Վկաներին, որոնց օգնությամբ իրենք Աստվածաշունչ էին ուսումնասիրել։ Տասնհինգ րոպե հետո նա արդեն Վկա զույգի տան դռան առաջ էր։ Երբ քրոջ ամուսինը բացեց դուռը, Ռոնին անմիջապես ներս մտավ։ Եղբայրը չճանաչեց նրան։ Սակայն մի քանի րոպե հետո նրանք գրկախառնվեցին։ Ռոնին վերցրեց «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը և սկսեց ուսումնասիրել։ Ամեն ինչ լավ էր ընթանում։ Սակայն Ռոնին հաճախ էր խոսում համակարգչային ֆանտաստիկ խաղերի մասին, որոնցից մի քանիսը ոգեհարցության ու բռնության տարրեր էին պարունակում։ Վկաները օգնեցին նրան հասկանալու, որ հոգևոր բաները չպետք է փորձի ըմբռնել ֆանտաստիկ խաղերի միջոցով։ Ռոնին ընդունեց նրանց ասածներն ու խնդրեց. «Երբ նորից խոսեմ նման հիմարությունների մասին, ինձ ընդհատեք»։ Այդուհետ նա հոգևորապես առաջադիմեց։ Այս երիտասարդը, որը ճշմարտությունն առաջին անգամ լսել էր, երբ մայրը Աստվածաշունչ էր ուսումնասիրում, այժմ չմկրտված քարոզիչ է։

ՆՐԱՆ ՄԽԻԹԱՐԵՑ ՍՈՒՐԲ ԳԻՐՔԸ։ Մի եղբայր, որն ապրում է Մեծ Բրիտանիայում, գերեզմանոցում նկատեց մի տղամարդու, որը գերեզմանաքարի առաջ ծնկի իջած դառնապես լաց էր լինում։ «Կարելի՞ է նստել ձեր կողքին»,— հարցրեց եղբայրը։ Տղամարդը, որի անունը Ալֆ էր, համաձայնվեց ու ասաց. «Այստեղ թաղված է աղջիկս։ Նա վերջերս է մահացել. ընդամենը 42 տարեկան էր։ Հիմա կինս ու աղջիկս այստեղ են՝ այս սառը հողի տակ»։ Նա հոգեբանական օգնություն էր խնդրել համապատասխան մարմիններից, բայց նրան ասել էին, որ պետք է երեք ամիս սպասի։ «Ես հարուստ մարդ եմ և մեծ բիզնես ունեմ, բայց ինչի՜ս է պետք այդ ամենը, եթե ընտանիքս չկա։ Ես ամեն ինչ կտայի, որ նրանք կողքիս լինեն»։ Ալֆն ասաց, որ հավատում է Աստծուն, հարգում է Աստվածաշունչը և եկեղեցի է գնում, բայց հարցերը շարունակում են տանջել իրեն։ Երբ եկեղեցում փորձել էր մխիթարություն գտնել, նրան խորհուրդ էին տվել մոմ վառել կամ երկտող գրել ու կախել ծառից։ «Ա՜խր էնքան բան կա կուտակված իմ մեջ, որ մի թուղթը հերիք չի անի, եթե գրեմ»,— վրդովված ասաց նա։ Եղբայրը մխիթարեց նրան Սուրբ Գրքի օգնությամբ։ Այժմ Ալֆը Աստվածաշունչ է ուսումնասիրում։

ՕՎԿԻԱՆԻԱ

ԵՐԿՐՆԵՐԸ 29

ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 38162658

ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 94309

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԸ 58465

ՆՐԱՆՔ ՀՐԱՎԻՐԵՑԻՆ ԱՄՈՒՍՆՈՒՆ։ Նոր Զելանդիայում ապրող մի եղբայր պատմեց, որ իր կինը ուսումնասիրություն էր անցկացնում մի երիտասարդ կնոջ հետ։ Մի անգամ, երբ նա կնոջը տարավ ուսումնասիրության, իրենք նկատեցին, որ նրա ամուսինը տանն է, և որոշեցին առաջարկել նրան միանալ իրենց։ Ամուսինը համաձայնվեց։ Այդուհետ նրանք սկսեցին ուսումնասիրություն անցկացնել այն ժամին, երբ նա տանն էր։ Զույգն ընդունեց կիրակի օրը ժողովի հանդիպման գալու հրավերը։ Այնտեղ նրանք ջերմ ընդունելության արժանացան և վայելեցին հոգևոր կերակուրը։ Հաջորդ հանդիպմանը ամուսինը մեկնաբանություն տվեց «Դիտարանի» ուսումնասիրության ընթացքում։ Հոդվածը քաջալերում էր ընտանեկան ուսումնասիրություն անցկացնել, և ամուսինը հարցրեց, թե ինչպես ինքը կարող է դա անել իր կնոջ ու չորս տարեկան տղայի հետ։ Նա նաև ասաց, որ ցանկանում է հետևել այն ամենին, ինչ սովորեց հանդիպումից։ Զույգը շարունակեց ուսումնասիրել, հաճախել հանդիպումներին և հոգևորապես առաջադիմեց։ «Որքա՜ն ուրախ ենք,— ասում է եղբայրը,— որ որոշեցինք առաջարկել ամուսնուն միանալ մեզ ուսումնասիրության ժամանակ»։

ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈ ՀԵՌԱՎՈՐ ԿՂԶՈՒՄ։ Ռեաո կղզին, որը 362 բնակիչ ունի, մտնում է Վիետե ժողովի տարածքի մեջ։ Այդ ժողովը Թաիթիի 18 ժողովներից մեկն է։ Ռեաոն գտնվում է Թաիթիից 1350 կիլոմետր արևելք։ Այս հեռավոր կղզում երբեք Հիշատակի երեկո չէր անցկացվել, իսկ Վկաները վերջին անգամ այստեղ եղել էին 30 տարի առաջ։ Մանոան, որ Վիետե ժողովի ծառայողական վերակացուն է, մի փոքր խումբ կազմեց, որ մեկնեն այդտեղ ու քարոզեն Հիշատակի երեկոյի շաբաթվա ընթացքում և հենց կղզում էլ կազմակերպեն երեկոն։ Սակայն ինքնաթիռի տոմսեր գնելու համար 65000 ֆրանկ (740 դոլար) էր անհրաժեշտ, որը Մանոան ու իր կինը չունեին։ Շատ չանցած՝ եղբայրը աշխատանքի վայրից բոնուս ստացավ. գումարը հենց 65000 ֆրանկ էր։ Նրանք եզրակացրին, որ Եհովան օրհնում է իրենց նախաձեռնությունը։ Ուստի 7 քարոզիչներով մեկնեցին Ռեաո։ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 47 հոգի։ Այժմ Թաիթիի քարոզիչները հետաքրքրվող անձանց հետ անցկացնում են Աստվածաշնչի ուսումնասիրություն հեռախոսով։

ՆԱԽԱՃԱՇԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ։ Նման մի դեպք էլ տեղի ունեցավ Վանուատուում, որտեղ գտնվող ժողովներից մեկն աջակցում է Ամբրում կոչվող հեռավոր կղզում ապրող 11 քարոզիչներից բաղկացած խմբին։ Ժողովի երեցները առաջարկեցին փորձառու քարոզիչներին Հիշատակի երեկոյից առաջ մի քանի օրով գնալ Ամբրում՝ ծառայելու խմբի հետ։ Մարինետը, որը հմուտ ռահվիրա է և նախկին ուսուցիչ, բաց չթողեց այդ առիթը։ Նա մի քանի քարոզիչների հետ որոշեց գնալ՝ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու նպատակով։ Դեռ նոր էին սկսել ծառայությունը, երբ հասկացավ, որ գրեթե անհնար է հեռու գնալ այն տարածքից, որտեղ ապրելու էր այդ շաբաթ։ Մարինետը պատմում է. «Հազիվ էի ժամանակ գտնում լվացվելու ու նախաճաշելու համար, քանի որ մարդիկ արդեն դրսում հերթ կանգնած սպասում էին, որ ես նրանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրեմ։ Ամբողջ օրը ծառայում էի՝ առանց որևէ տեղ գնալու։ Շաբաթվա ընթացքում անցկացնում էի 31 Աստվածաշնչի ուսումնասիրություն»։ Խումբը Ամբրումում մնաց մեկ շաբաթ։ Քարոզիչները օրնիբուն սովորեցնում էին մարդկանց Աստծու Խոսքի ճշմարտությունները։ Հիշատակի երեկոյին ներկա եղան 158 հոգի։ Ինչ խոսք, հեռանալիս խումբը տխուր էր։ «Ինչպե՞ս գնալ այստեղից, երբ այսքան շատ մարդ ծարավ է Աստծու Խոսքի»,— ասում է Մարինետը։ Մասնաճյուղը ուղարկեց այնտեղ ժամանակավոր հատուկ ռահվիրաների, որպեսզի հոգան հետաքրքրվող անհատների հոգևոր կարիքները։

ՏՆՕՐԵՆԸ ԸՆԴԱՌԱՋԵՑ։ Սողոմոնի կղզիների համայնքներից մեկում դպրոցի բարձր դասարանի աշակերտները պետք է ոտնկայս երգեին խաղաղօվկիանոսյան կղզիների ավետարանչական եկեղեցու երգեր։ Երկու քույրեր թույլտվություն խնդրեցին տնօրենից, որպեսզի չերգեն, քանի որ դա նրանց խղճին դեմ է։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց նրանց, որ հարգանքով դիմեցին իրեն, ու ասաց, որ և՛ նրանք, և՛ մյուս Վկա երեխաները կարող են չերգել ու մնալ նստած։

Հետո տնօրենը խնդրեց, որ եթե հնարավոր է, որևէ մեկը նրանց ժողովից գա ու զրուցի իր հետ Եհովայի վկաների և կրթության մասին։ Մի միսիոներ այցելեց նրան, և մոտ մեկուկես ժամ նրանք խոսեցին մեր հավատալիքների, ինչպես նաև այն խնդիրների մասին, որոնց բախվում են պատանիները։ Տնօրենը ասաց, որ հաճույքով կարդում է «Արթնացե՛ք» պարբերագիրը և դրանք թողնում է ուսուցչանոցի սեղանին։ Երբ միսիոները առաջարկեց «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի երկրորդ հատորը, նա խնդրեց քրոջից 16 օրինակ ուսուցիչների և 367 օրինակ աշակերտների համար։ Ընդհանուր հաշվով 400 գիրք բաժանվեց։

Երկու պատանի քույրերի համարձակությունը գերազանց վկայության դուռ բացեց։ Հետագայում շատ-շատերից նրանք լսեցին, թե ինչպես է այս գիրքը օգնել իրենց։ Աշակերտուհիներից մեկը, որի ծնողները վերջերս էին բաժանվել, ասաց, որ այդ գիրքը հենց այն էր, ինչի կարիքն ուներ, որ հաղթահարի իր խնդիրները։ Երկու քույրերը անժամկետ ենթառահվիրաներ են, իսկ տնօրենը շարունակում է պարբերագրեր վերցնել նրանցից։

ԾՈՎ ՀԱՄԲԵՐՈՒԹՅՈՒՆ։ Միսիոներներից մեկը Աստվածաշնչի ուսումնասիրություն էր անցկացնում Սողոմոնի կղզիներից մեկում ապրող մի կնոջ հետ, որին կանվանենք Մարի։ Նա լավ առաջադիմում էր, թեև Թագավորության սրահ հասնելու համար ստիպված էր ավելի քան երկու ժամ երկու աղջիկների հետ քայլել՝ զույգ տղաներին գրկած։ Ամուսինը դաժանորեն հալածում էր նրան. ծեծում էր, վառում էր Աստվածաշունչը, գրականությունը, ինչպես նաև այն հագուստը, որով ժողով էր գնում։ Նա նույնիսկ դավաճանում էր կնոջը։ Չնայած այս ամենին՝ Մարին մկրտվեց և հաստատակամորեն շարունակեց ծառայել Եհովային։

Անցած տարի Մարիի ամուսինը, կնոջ վերաբերմունքից տպավորված, խզեց կապերը սիրուհու հետ և խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։ Քույրն անսահման երջանիկ էր։ Նրա դժվարությունները զգալիորեն թեթևացան, ինչին նպաստեց նաև այն, որ մի խումբ կազմավորվեց իրենց տարածքին մոտ։ Այժմ հանդիպման վայր հասնելը տևում է մեկ ժամից էլ քիչ։ Ամուսնու աջակցությամբ Մարին կարողացել է նաև ենթառահվիրա ծառայել։

[մեջբերում 66-րդ էջի վրա]

«Ինչո՞ւ է Աստված այսքան դաժան.... տղայի՞ս ինչու է պատժում։ Նա դեռ նորածին է, ախր ի՞նչ մեղք է գործել»

[մեջբերում 68-րդ էջի վրա]

Երիտասարդը խորհրդի առաջ ասաց, որ կվերադառնա եկեղեցի, եթե քահանան պատասխանի իր երկու հարցերին

[մեջբերում 72-րդ էջի վրա]

«Ձեզ բանտարկել են դրսում քարոզելու համար, հիմա էլ բանտո՞ւմ եք քարոզում»

[գծապատկեր/​քարտեզ 84-րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Թաիթի → → → 1350 կիլոմետր → → → Ռեաո

[նկար 56-րդ էջի վրա]

Վերևում՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացվում Կոնգոյի Հանրապետությունում (տե՛ս էջ 59)

[նկար 61-րդ էջի վրա]

Էդուարդը (աջից) Դենիելի հետ շուկայում

[նկար 64-րդ էջի վրա]

Սամանիեգո, Նառինյո, ԿՈԼՈՒՄԲԻԱ

[նկար 67-րդ էջի վրա]

Այսօր մեր հրատարակությունները թողարկվում են 59 ժեստերի լեզուներով

Սան Պաուլու, ԲՐԱԶԻԼԻԱ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը