Ղևտական
8 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահարոնին ու նրա որդիներին+ տար հանդիպման վրանի մուտքի մոտ, վերցրու նաև նրանց հանդերձանքը,+ օծման յուղը,+ մեղքի զոհի համար նախատեսված ցուլը, երկու արու ոչխարն ու անթթխմոր հացերի+ զամբյուղը 3 և ողջ ժողովրդին հավաքիր հանդիպման վրանի մուտքի մոտ»:
4 Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց իրեն, և ժողովուրդը հավաքվեց հանդիպման վրանի մուտքի մոտ: 5 Մովսեսն ասաց նրանց. «Ահա թե Եհովան ինչ է պատվիրել, որ անենք»: 6 Մովսեսը Ահարոնին ու նրա որդիներին բերեց հանդիպման վրանի մուտքի մոտ և ջրով լվացվել տվեց* նրանց:+ 7 Դրանից հետո Ահարոնին հագցրեց երկար զգեստը,+ կապեց գոտին,+ հագցրեց անթև վերնահագուստը,+ ապա եփուդը,*+ իսկ հետո եփուդի գոտին+ ամուր կապեց նրա մեջքին: 8 Ապա հագցրեց կրծքապանակը+ և դրա մեջ դրեց ուրիմն ու թումիմը:*+ 9 Այնուհետև Ահարոնի գլխին դրեց գլխափաթթոցը+ և առջևի մասից դրա վրա ամրացրեց ոսկե փայլուն թիթեղը՝ նվիրման սուրբ նշանը.*+ Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
10 Հետո Մովսեսը վերցրեց օծման յուղը, օծեց խորանն ու այնտեղ գտնվող ամեն բան+ և սրբագործեց* դրանք: 11 Հետո այդ յուղից յոթ անգամ ցողեց զոհասեղանի վրա և օծեց զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները, ավազանն ու դրա պատվանդանը և այդպիսով սրբագործեց դրանք: 12 Իսկ վերջում նա, օծման յուղից լցնելով Ահարոնի գլխին, օծեց նրան և սրբագործեց:+
13 Ապա Մովսեսը մոտ բերեց Ահարոնի որդիներին, հագցրեց երկար զգեստները, կապեց գոտիները և գլխադիրները դրեց* գլխներին,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
14 Հետո Մովսեսը բերեց մեղքի զոհի համար նախատեսված ցուլը, և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին այդ ցլի գլխին:+ 15 Մովսեսը մորթեց այն, վերցրեց դրա արյունից+ ու մատով քսեց զոհասեղանի բոլոր կողմերի եղջյուրներին և մաքրագործեց* այն, իսկ մնացած արյունը լցրեց զոհասեղանի հիմքի մոտ: Այդպես նա սրբագործեց զոհասեղանը, որ դրա վրա քավության զոհեր մատուցվեն: 16 Ապա նա վերցրեց փորի ողջ ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և այրեց զոհասեղանի վրա:+ 17 Մովսեսը հոգ տարավ, որ ցլից մնացած ամեն ինչ՝ կաշին, միսը և աղիքների պարունակությունը, այրվի ճամբարից դուրս,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
18 Հետո նա բերեց ողջակեզի համար նախատեսված արու ոչխարը, և Ահարոնն ու իր որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 19 Մովսեսը մորթեց այն և արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին: 20 Նա ոչխարը կտոր-կտոր արեց և բոլոր կտորները գլխի ու ճարպի* հետ միասին այրեց զոհասեղանի վրա: 21 Մովսեսը ջրով լվաց փորոտիքն ու սրունքները և ոչխարն ամբողջությամբ այրեց զոհասեղանի վրա: Դա ողջակեզ էր՝ Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան: Մովսեսն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
22 Ապա նա բերեց երկրորդ արու ոչխարը, որ քահանաների նշանակման համար էր նախատեսված,+ և Ահարոնն ու նրա որդիները իրենց ձեռքերը դրեցին դրա գլխին:+ 23 Մովսեսը մորթեց այն, վերցրեց դրա արյունից ու քսեց Ահարոնի աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին և աջ ոտքի բութ մատին: 24 Այնուհետև մոտ բերեց Ահարոնի որդիներին և այդ արյունից քսեց նրանց աջ ականջի բլթակին, աջ ձեռքի բութ մատին ու աջ ոտքի բութ մատին: Իսկ մնացած արյունը շաղ տվեց զոհասեղանի բոլոր կողապատերին:+
25 Նա վերցրեց ողջ ճարպը՝ դմակը, փորոտիքը պատող ճարպը, լյարդի վրայի ճարպոտ մասը, ինչպես նաև երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ ոտքը:+ 26 Նաև Եհովայի առաջ եղող անթթխմոր հացերի զամբյուղից վերցրեց մի օղակաձև անթթխմոր հաց,+ յուղով պատրաստված մի օղակաձև հաց+ ու մի լոշիկ: Դրանք դրեց ճարպի կտորների և աջ ոտքի վրա: 27 Հետո այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և սկսեց դրանք տարուբերել և այդպիսով երերացնելու ընծա մատուցեց Եհովային: 28 Այնուհետև Մովսեսը դրանք վերցրեց նրանց ձեռքից և զոհասեղանին եղած ողջակեզի վրա դնելով՝ այրեց: Դա քահանաների նշանակման զոհն էր՝ Եհովային մատուցվող հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է* նրան:
29 Մովսեսը վերցրեց կրծքամասը և տարուբերեց այն՝ երերացնելու ընծա մատուցելով Եհովային:+ Քահանաների նշանակման համար մատուցված արու ոչխարից դա Մովսեսի բաժինը եղավ, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր նրան:+
30 Այնուհետև Մովսեսը վերցրեց օծման յուղից+ ու զոհասեղանի վրայի արյունից և ցողեց Ահարոնի ու նրա հագուստների, ինչպես նաև նրա որդիների ու նրանց հագուստների վրա: Այդպես նա սրբագործեց Ահարոնին ու նրա որդիներին+ և նրանց հագուստները:+
31 Ապա Մովսեսն ասաց Ահարոնին ու նրա որդիներին. «Միսը եփեք+ հանդիպման վրանի մուտքի մոտ և այնտեղ էլ կերեք այն, դրա հետ նաև զամբյուղի* միջի հացը, ինչպես որ Աստված պատվիրել է ինձ՝ ասելով, թե Ահարոնն ու նրա որդիները պետք է ուտեն այն:+ 32 Ինչ որ մնա մսից ու հացից, պետք է այրեք:+ 33 Յոթ օր հանդիպման վրանի մուտքի մոտակայքից չհեռանաք, մինչև որ ձեր նշանակման արարողության օրերը լրանան, քանի որ ձեզ քահանա նշանակելը* յոթ օր պետք է տևի:+ 34 Եհովան պատվիրել է, որ անենք այն, ինչ արեցինք այսօր, որպեսզի քավություն արվի ձեզ համար:+ 35 Յոթ օր+ գիշեր-ցերեկ հանդիպման վրանի մուտքի մոտակայքում մնացեք և կատարեք Եհովայի առաջ ձեր պարտավորությունը,+ որպեսզի չմեռնեք, քանի որ Աստված ինձ այդպես է պատվիրել»:
36 Ահարոնն ու նրա որդիներն արեցին այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր Մովսեսի միջոցով: