Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Դանիել 1 ։ 1–12 ։ 13
  • Դանիել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դանիել
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Դանիել

ԴԱՆԻԵԼ

1 Հուդայի թագավոր Հովակիմի+ իշխանության երրորդ տարում Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը եկավ Երուսաղեմ ու պաշարեց այն:+ 2 Եհովան նրա ձեռքը հանձնեց Հուդայի թագավոր Հովակիմին+ ու ճշմարիտ Աստծու տան պատկանելիքների մի մասը: Նա դրանք բերեց Սենաար երկիր՝*+ իր աստծու տուն, և դրեց իր աստծու գանձատանը:+

3 Հետո թագավորն իր գլխավոր պալատական Ասփանեզին հրամայեց իր մոտ բերել իսրայելացիներից* մի քանիսին, այդ թվում՝ թագավորական սերնդից ու ազնվատոհմ մարդկանցից ոմանց:+ 4 Նրանք պետք է անթերի ու գեղեցիկ պատանիներ* լինեին՝ իմաստությամբ, հասկացողությամբ ու գիտելիքներով օժտված+ և թագավորի պալատում ծառայելու ընդունակ: Ասփանեզը պետք է նրանց սովորեցներ քաղդեացիների գիրն ու լեզուն: 5 Ավելին՝ թագավորը պատվիրեց, որ ամեն օր արքայական ընտիր կերակուրներ և գինի տան նրանց: Նրանք երեք տարի պետք է կրթվեին,* ինչից հետո անցնեին արքունական ծառայության:

6 Նրանց թվում էին Հուդայի ցեղից Դանիելը,*+ Հանանիան,* Միսայելն* ու Ազարիան:*+ 7 Գլխավոր պալատականը ուրիշ* անուններ տվեց նրանց. Դանիելին՝ Բաղդասասար,+ Հանանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք, Ազարիային՝ Աբեդնագով:+

8 Բայց Դանիելն իր սրտում վճռեց, որ չի պղծի իրեն թագավորական ընտիր կերակուրներով կամ գինով, ուստի գլխավոր պալատականին խնդրեց, որ թույլ տա չօգտվել այն ամենից, ինչը կպղծի իրեն: 9 Ճշմարիտ Աստված այնպես արեց, որ գլխավոր պալատականը Դանիելի հանդեպ բարեհաճ ու գթասիրտ լինի:+ 10 Սակայն գլխավոր պալատականն ասաց Դանիելին. «Ես վախենում եմ իմ տեր թագավորից, ով որոշել է, թե ինչ ուտեք և ինչ խմեք: Բա որ նա տեսնի, որ դուք ձեր հասակակիցներից վատ տեսք ունեք: Ձեր պատճառով թագավորը ի՛նձ կմեղադրի»: 11 Սակայն Դանիելն ասաց պահապանին, որին գլխավոր պալատականը նշանակել էր որպես Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի վերակացու. 12 «Խնդրում եմ, տասը օր փորձիր քո ծառաներին. այդ ընթացքում թող մեզ բանջարեղեն և ջուր տան: 13 Այնուհետև մեր տեսքը համեմատիր այն պատանիների տեսքի հետ, որոնք արքայական ընտիր կերակուրներ են ուտում, և դրանից հետո, ըստ քո տեսածի, որոշիր, թե ինչպես վարվել քո ծառաների հետ»:

14 Նա համաձայնվեց և տասնօրյա փորձաշրջան սահմանեց նրանց համար: 15 Տասը օր հետո նրանք ավելի լավ ու առողջ տեսք ունեին, քան բոլոր այն պատանիները, որոնք արքայական ընտիր կերակուրներ էին ուտում: 16 Ուստի պահապանը շարունակեց ընտիր կերակուրների ու գինու փոխարեն բանջարեղեն տալ նրանց: 17 Եվ ճշմարիտ Աստված այդ չորս պատանիներին օժտեց գիտելիքներով, ամեն գրվածք հասկանալու կարողությամբ և իմաստությամբ, իսկ Դանիելին նաև օժտեց ամեն տեսակ տեսիլքներ ու երազներ հասկանալու ունակությամբ:+

18 Երբ ավարտվեց Նաբուգոդոնոսոր թագավորի սահմանած ժամանակը,+ գլխավոր պալատականը բոլոր պատանիներին բերեց նրա առաջ: 19 Թագավորը խոսեց նրանց հետ: Նրանց մեջ Դանիելի, Հանանիայի, Միսայելի և Ազարիայի պես ոչ ոք չկար:+ Եվ նրանք մնացին այնտեղ ու սկսեցին ծառայել թագավորին: 20 Ամեն անգամ, երբ թագավորը իմաստություն և հասկացողություն պահանջող որևէ հարց էր տալիս նրանց, տեսնում էր, որ նրանք տասնապատիկ գերազանցում էին իր ողջ թագավորությունում եղող ոգի կանչողներին և մոգությամբ զբաղվող քրմերին:+ 21 Դանիելը մնաց այնտեղ մինչև Կյուրոս թագավորի առաջին տարին:+

2 Իր իշխանության երկրորդ տարում Նաբուգոդոնոսորը երազներ տեսավ, որոնց պատճառով այնքան տագնապեց,+ որ կորցրեց քունը: 2 Ուստի թագավորը կանչել տվեց մոգությամբ զբաղվող քրմերին, ոգի կանչողներին, կախարդներին ու քաղդեացիներին,* որպեսզի պատմեն իր երազները, և նրանք եկան ու կանգնեցին թագավորի առաջ:+ 3 Թագավորն ասաց նրանց. «Ես մի երազ եմ տեսել ու շատ տագնապած եմ: Ուզում եմ իմանալ, թե ինչ երազ էր դա»: 4 Քաղդեացիները թագավորին արամերեն+ ասացին.* «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր: Պատմիր երազը ծառաներիդ, ու մենք կտանք դրա մեկնությունը»:

5 Ի պատասխան՝ թագավորն ասաց նրանց. «Իմ որոշումը սա է. եթե դուք չպատմեք ինձ այդ երազը և չմեկնեք այն, ձեզ կտոր-կտոր կանեն ու ձեր տները հասարակական արտաքնոց* կդարձնեն: 6 Բայց եթե պատմեք ու մեկնեք երազը, ես ձեզ առատորեն կվարձատրեմ և մեծ պատվի կարժանացնեմ:+ Ուրեմն պատմեք երազը ու մեկնեք այն»:

7 Նրանք երկրորդ անգամ ասացին. «Թող թագավորն իր ծառաներին պատմի երազը, ու մենք կտանք դրա մեկնությունը»:

8 Թագավորն ասաց. «Ես լավ գիտեմ, որ փորձում եք ժամանակ շահել, քանի որ լսեցիք, թե ինչ որոշում կայացրի: 9 Եթե ինձ չպատմեք երազը, բոլորիդ նույն պատիժն է սպասում: Դուք պայմանավորվել եք սուտ բաներ ասել ու խաբել ինձ՝ հույս ունենալով, որ մի բան կփոխվի: Հիմա պատմե՛ք ինձ երազը, ու ես կիմանամ, որ դուք կարող եք մեկնել այն»:

10 Քաղդեացիներն ասացին թագավորին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարողանա կատարել թագավորի պահանջը: Ոչ մի մեծ թագավոր կամ կառավարիչ նման բան երբևէ չի խնդրել մոգությամբ զբաղվող քրմերից, ոգի կանչողներից կամ քաղդեացիներից: 11 Թագավորը դժվար բան է պահանջում, և չկա մեկը, որ կարողանա պատմել այն՝ բացի աստվածներից, որոնք մահկանացուների հետ չեն բնակվում»:

12 Այդ պահին թագավորը կատաղեց և հրամայեց վերացնել Բաբելոնի բոլոր իմաստուններին:+ 13 Հրամանը դուրս եկավ, և իմաստուններին պատրաստվում էին կոտորել: Դանիելին ու նրա ընկերներին նույնպես սկսեցին փնտրել, որ սպանեն:

14 Այդ ժամանակ Դանիելը խոհեմությամբ ու զգուշությամբ խոսեց թագավորի թիկնապահների պետի՝ Արիոքի հետ, որը դուրս էր եկել սպանելու Բաբելոնի իմաստուններին: 15 Նա հարցրեց Արիոքին՝ բարձրաստիճան պալատականին. «Ինչո՞ւ է թագավորը այդքան խիստ հրաման արձակել»: Արիոքն էլ Դանիելին պատմեց եղածը:+ 16 Ուստի Դանիելը մտավ թագավորի մոտ ու խնդրեց, որ իրեն ժամանակ տա երազի մեկնությունը հայտնելու համար:

17 Այնուհետև Դանիելը գնաց տուն և ամեն ինչ պատմեց իր ընկերներ Հանանիային, Միսայելին և Ազարիային: 18 Դանիելը խնդրեց իր ընկերներին աղոթել երկնքի Աստծուն,* որ նա գթասիրտ լինի իրենց հանդեպ ու բացահայտի այդ գաղտնիքը, որպեսզի իրենք Բաբելոնի մյուս իմաստունների հետ չկործանվեն:

19 Գիշերը Աստված տեսիլքում Դանիելին բացահայտեց գաղտնիքը,+ և նա փառաբանեց երկնքի Աստծուն: 20 Դանիելն ասաց.

«Թող Աստծու անունը փառաբանվի հավիտյանս հավիտենից,

Որովհետև միայն նրանն են իմաստությունն ու զորությունը:+

21 Նա փոխում է ժամանակներն ու ժամկետները,+

Թագավորներ է գահընկեց անում ու նշանակում,+

Իմաստություն է տալիս իմաստուններին և գիտելիք՝ խորաթափանցներին:+

22 Նա բացահայտում է խորունկ և ծածուկ բաները,+

Գիտի, թե ինչ կա խավարում,+

Եվ լույսը նրա հետ է բնակվում:+

23 Ո՛վ իմ նախահայրերի Աստված,

Գովաբանում եմ քեզ ու շնորհակալություն հայտնում,

Որովհետև իմաստություն և զորություն տվեցիր ինձ:

Դու հայտնեցիր ինձ այն, ինչի մասին խնդրել էինք քեզ,

Հայտնեցիր մեզ, թե ինչն է անհանգստացնում թագավորին»:+

24 Ապա Դանիելը մտավ Արիոքի մոտ, որին թագավորը կարգադրել էր վերացնել Բաբելոնի իմաստուններին,+ և ասաց. «Բաբելոնի իմաստուններից ոչ ոքի մի՛ սպանիր, տար ինձ թագավորի մոտ, ու ես նրան կհայտնեմ երազի մեկնությունը»:

25 Արիոքը Դանիելին շտապ տարավ թագավորի մոտ ու ասաց նրան. «Հուդայից գերեվարվածների մեջ մի մարդ եմ գտել,+ ով կարող է թագավորին հայտնել երազի մեկնությունը»: 26 Թագավորը հարցրեց Դանիելին, որին Բաղդասասար էին կոչում.+ «Դու իրո՞ք կարող ես պատմել իմ տեսած երազը և մեկնել այն»:+ 27 Դանիելը պատասխանեց. «Այն գաղտնիքը, որի մասին թագավորը հարցնում է, ո՛չ իմաստունները, ո՛չ ոգի կանչողները, ո՛չ մոգությամբ զբաղվող քրմերը և ո՛չ էլ աստղագուշակները չեն կարող հայտնել նրան:+ 28 Սակայն երկնքում գաղտնիքներ Բացահայտող Աստված կա,+ և նա հայտնել է Նաբուգոդոնոսոր թագավորին, թե ինչ է լինելու վերջին օրերում: Ահա թե ինչ երազ ու տեսիլքներ ես տեսել քո անկողնում:

29 Ո՛վ թագավոր, երբ քո անկողնում ապագայի մասին մտքերը կլանեցին քեզ, գաղտնիքներ Բացահայտողը հայտնեց քեզ, թե ինչ է լինելու: 30 Իսկ ինձ այս գաղտնիքը բացահայտվեց ոչ թե նրա համար, որ ես ուրիշներից ավելի իմաստուն եմ, այլ որ երազի մեկնությունը հայտնի դարձնեմ թագավորին, և որ իմանաս, թե ինչ մտքեր ես ունեցել:+

31 Դու, ո՛վ թագավոր, նայում էիր և ահա մի հսկա արձան տեսար: Այդ ահռելի մեծ ու շլացուցիչ փայլ ունեցող արձանը, որն ահազդու տեսք ուներ, կանգնած էր քո առաջ: 32 Արձանի գլուխը ընտիր ոսկուց էր,+ կրծքավանդակն ու ձեռքերը՝ արծաթից,+ որովայնն ու ազդրերը պղնձից էին,+ 33 սրունքները՝ երկաթից,+ իսկ ոտնաթաթերի մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից:+ 34 Մինչ դու նայում էիր, լեռից մի քար պոկվեց, բայց ոչ մարդու ձեռքով: Այն հարվածեց արձանի ոտնաթաթերին, որոնք երկաթից ու կավից էին, և ջարդուփշուր արեց դրանք:+ 35 Այդ ժամանակ երկաթը, կավը, պղինձը, արծաթն ու ոսկին միասին ջարդուփշուր եղան և ամառային կալի* մղեղի* պես դարձան: Քամին քշեց-տարավ դրանք, այնպես որ դրանց հետքն անգամ չմնաց: Իսկ այն քարը, որը հարվածել էր արձանին, մեծ լեռ դարձավ ու տարածվեց ողջ երկրով մեկ:

36 Սա էր երազը, և հիմա մենք թագավորին կհայտնենք դրա մեկնությունը: 37 Ո՛վ թագավոր՝ թագավորների՛ թագավոր, որին երկնքի Աստվածը թագավորություն,+ զորություն, ուժ և փառք է տվել, 38 որին իշխանություն է տվել մարդկանց վրա, որտեղ էլ որ նրանք ապրեն, ինչպես նաև գազանների ու թռչունների վրա, և որին նա ղեկավար է նշանակել նրանց բոլորի վրա,+ այդ ոսկե գլուխը դու ես:+

39 Բայց քեզնից հետո ուրիշ թագավորություն է ի հայտ գալու,+ որը, սակայն, քեզ պես հզոր չի լինելու: Հետո մեկ ուրիշ թագավորություն է ի հայտ գալու՝ երրորդը, որը պղնձի հատվածն է, և իշխելու է ողջ երկրի վրա:+

40 Իսկ հաջորդ թագավորությունը՝ չորրորդը, երկաթի պես ամուր է լինելու,+ որովհետև ինչպես երկաթն է կոտրում ու փշրում ամեն ինչ, այնպես էլ նա է կոտրելու և ջարդուփշուր անելու այդ բոլոր թագավորությունները:+

41 Դու տեսար, որ ոտնաթաթերի ու մատների մի մասը կավից էր, մի մասն էլ՝ երկաթից: Նույն ձևով էլ թագավորությունն է բաժանված լինելու: Բայց այն որոշ չափով երկաթի ամրություն է ունենալու. չէ՞ որ տեսար, որ փափուկ կավը երկաթի հետ էր խառնված: 42 Այն, որ ոտքի մատների մի մասը երկաթից էր, մի մասը՝ կավից, նշանակում է, որ թագավորությունը մասամբ հզոր է լինելու, մասամբ՝ դյուրաբեկ: 43 Եվ այն, որ երկաթը փափուկ կավի հետ խառնված տեսար, նշանակում է, որ նրանք* խառնվելու են մարդկանց* հետ, բայց չեն միավորվելու, ինչպես որ երկաթը կավի հետ չի միախառնվում:

44 Այդ թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հաստատելու,+ որը երբեք չի կործանվելու+ և ուրիշ ժողովրդի* չի տրվելու:+ Այն ջախջախելու է և վերջ է դնելու այդ բոլոր թագավորություններին.+ միայն ինքն է մնալու հավիտյան:+ 45 Չէ՞ որ դու տեսար, որ լեռից քար պոկվեց, բայց ոչ մարդու ձեռքով, և ջարդուփշուր արեց երկաթը, պղինձը, կավը, արծաթն ու ոսկին:+ Մեծ Աստվածը հայտնել է թագավորին, թե ինչ է լինելու ապագայում:+ Երազը կատարվելու է, և դրա մեկնությունը վստահարժան է»:

46 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսոր թագավորը, ծնկի գալով, խոնարհվեց Դանիելի առաջ և պատվեց նրան: Նա հրամայեց, որ Դանիելին նվեր տան և նրա պատվին խունկ ծխեցնեն: 47 Թագավորն ասաց Դանիելին. «Իրոք որ, ձեր Աստվածը աստվածների Աստվածն է, թագավորների Տերն է և գաղտնիքներ Բացահայտողն է, որովհետև դու կարողացար բացահայտել այս գաղտնիքը»:+ 48 Թագավորը Դանիելին բարձր դիրքի արժանացրեց և բազմաթիվ ընտիր նվերներ տվեց: Նա նրան դարձրեց Բաբելոնի ողջ մարզի կառավարիչը+ և Բաբելոնի բոլոր իմաստունների գլխավոր վերակացուն: 49 Դանիելի խնդրանքով թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին+ նշանակեց՝ տնօրինելու Բաբելոնի մարզի գործերը, իսկ Դանիելը մնաց ծառայելու թագավորի արքունիքում:

3 Նաբուգոդոնոսոր թագավորը մի ոսկե արձան կառուցեց, որի բարձրությունը 60 կանգուն* էր, իսկ լայնությունը՝ 6 կանգուն:* Նա այն կանգնեցրեց Բաբելոնի մարզի Դուրայի հարթավայրում: 2 Նաբուգոդոնոսոր թագավորը հրամայեց կանչել սատրապներին,* վերակացուներին, կառավարիչներին, խորհրդականներին, գանձապահներին, դատավորներին, դատական պաշտոնյաներին և մարզերի գործերը տնօրինողներին, որ ներկա լինեն թագավորի կանգնեցրած արձանի հանդիսավոր բացմանը:

3 Եվ այսպես՝ սատրապները, վերակացուները, կառավարիչները, խորհրդականները, գանձապահները, դատավորները, դատական պաշտոնյաներն ու մարզերի գործերը տնօրինողները եկան՝ մասնակցելու Նաբուգոդոնոսոր թագավորի կառուցած արձանի հանդիսավոր բացմանը, ու կանգնեցին դրա առաջ: 4 Մունետիկը բարձրաձայն ազդարարեց. «Ո՛վ ժողովուրդներ և ազգեր, որ խոսում եք տարբեր լեզուներով, ձեզ այս հրամանն է տրվում. 5 «Երբ լսեք եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և երաժշտական այլ գործիքների ձայնը, պետք է ծնկի գաք ու երկրպագեք ոսկե արձանին, որը կանգնեցրել է Նաբուգոդոնոսոր թագավորը: 6 Ով որ ծնկի չգա ու չերկրպագի արձանին, անմիջապես կգցվի կրակով բորբոքված հնոցը»»:+ 7 Ուստի երբ տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներն ու ազգերը լսեցին եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի և երաժշտական այլ գործիքների ձայնը, ծնկի եկան ու երկրպագեցին Նաբուգոդոնոսոր թագավորի կանգնեցրած ոսկե արձանին:

8 Այդ ժամանակ որոշ քաղդեացիներ մոտեցան թագավորին ու սկսեցին մեղադրել* հրեաներին: 9 Նրանք Նաբուգոդոնոսոր թագավորին ասացին. «Ո՛վ արքա, հավիտյան ո՛ղջ եղիր: 10 Դու, ո՛վ արքա, հրամայել ես, որ յուրաքանչյուր մարդ, ով լսի եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և երաժշտական այլ գործիքների ձայնը, պետք է ծնկի գա ու երկրպագի ոսկե արձանին, 11 իսկ ով որ ծնկի չգա ու չերկրպագի, պետք է գցվի կրակով բորբոքված հնոցը:+ 12 Բայց որոշ հրեաներ, որոնց դու նշանակել ես՝ տնօրինելու Բաբելոնի մարզի գործերը՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը,+ քեզ արհամարհում են, ո՛վ թագավոր: Նրանք չեն ծառայում քո աստվածներին և հրաժարվում են երկրպագել քո կանգնեցրած ոսկե արձանին»:

13 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը, ցասումով լցված, հրամայեց իր մոտ բերել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին: Ուստի նրանց բերեցին թագավորի մոտ: 14 Նաբուգոդոնոսորն ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, ճի՞շտ է, որ դուք չեք ծառայում իմ աստվածներին+ ու հրաժարվում եք երկրպագել իմ կանգնեցրած ոսկե արձանին: 15 Հիմա, եթե պատրաստ եք եղջերափողի, սրնգի, ցիտրայի, եռանկյունաձև քնարի, տավիղի, պարկապզուկի և երաժշտական այլ գործիքների ձայնը լսելուն պես ծնկի գալ և երկրպագել իմ կառուցած ոսկե արձանին, շա՛տ լավ: Բայց եթե հրաժարվեք երկրպագել, անմիջապես կգցվեք կրակով բորբոքված հնոցը: Ո՞ր մի աստվածը կկարողանա ազատել ձեզ իմ ձեռքից»:+

16 Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը ասացին թագավորին. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր, կարիք չկա, որ որևէ պատասխան տանք քեզ: 17 Եթե մեզ գցեն հնոցը, Աստված, ում մենք ծառայում ենք, կարող է փրկել մեզ կրակով բորբոքված հնոցից ու ազատել քո ձեռքից:+ 18 Բայց նույնիսկ եթե չփրկի, ո՛վ թագավոր, իմացիր, որ քո աստվածներին մենք չենք ծառայելու և քո կանգնեցրած ոսկե արձանին չենք երկրպագելու»:+

19 Այդ ժամանակ Նաբուգոդոնոսորը խիստ բարկացավ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի վրա, և նրա դեմքը խոժոռվեց:* Թագավորը հրամայեց, որ հնոցը սովորականից յոթ անգամ ավելի ուժեղ վառեն: 20 Նա իր զորքից մի քանի զորեղ ռազմիկի կարգադրեց, որ կապեն Սեդրաքին, Միսաքին ու Աբեդնագովին և գցեն կրակով բորբոքված հնոցը:

21 Ուստի նրանց իրենց թիկնոցներով, գլխածածկոցներով և մյուս հագուստներով հանդերձ կապեցին ու գցեցին կրակով բորբոքված հնոցը: 22 Եվ քանի որ թագավորի խիստ հրամանի համաձայն հնոցը չափազանց տաքացված էր, Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին հնոցը գցողները մեռան կրակի բոցերից: 23 Իսկ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը՝ երեքը միասին, կապված ընկան կրակով բորբոքված հնոցը:

24 Նաբուգոդոնոսոր թագավորը վախից շտապ վեր կացավ և հարցրեց բարձրաստիճան պաշտոնյաներին. «Մի՞թե երեք հոգու չկապեցինք ու գցեցինք կրակի մեջ»: Նրանք էլ պատասխանեցին. «Այո՛, ո՛վ թագավոր»: 25 Նա ասաց. «Ես չորս մարդ եմ տեսնում, որոնք կապված չեն ու քայլում են կրակի մեջ, և նրանց ոչ մի վնաս չի լինում: Իսկ չորրորդը աստվածների որդու տեսք ունի»:

26 Նաբուգոդոնոսորը մոտեցավ բորբոքված հնոցի դռանն ու ասաց. «Ո՛վ Սեդրաք, Միսաք և Աբեդնագով, Բարձրյալ Աստծու ծառանե՛ր,+ դուրս ելեք ու եկեք այստեղ»: Այդ ժամանակ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը դուրս եկան կրակի միջից: 27 Եվ այնտեղ հավաքված սատրապները, վերակացուները, կառավարիչներն ու թագավորի բարձրաստիճան պաշտոնյաները+ տեսան, որ կրակը չի վնասել այդ մարդկանց,+ նրանց գլխի մի մազն անգամ չի խանձվել, նրանց թիկնոցներին բան չի եղել, և նրանցից նույնիսկ ծխի հոտ չի գալիս:

28 Նաբուգոդոնոսորն ասաց. «Թող փառաբանվի Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը,+ ով ուղարկեց իր հրեշտակին ու փրկեց իր ծառաներին: Նրանք ապավինեցին նրան և չհնազանդվեցին թագավորի հրամանին: Նրանք նախընտրում էին մահանալ, քան իրենց Աստծուց բացի՝ ուրիշ աստծու ծառայել կամ երկրպագել:+ 29 Ուստի այս հրամանն եմ արձակում. «Եթե որևէ մեկը, անկախ նրանից, թե որ ազգից է և ինչ լեզվով է խոսում, Սեդրաքի, Միսաքի ու Աբեդնագովի Աստծու դեմ մի բան ասի, նրան պետք է կտոր-կտոր անեն և նրա տունը հասարակական արտաքնոց* դարձնեն, քանի որ չկա մեկ ուրիշ աստված, որ Նրա պես կարողանա ազատել»»:+

30 Եվ թագավորը Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին բարձր դիրքի արժանացրեց Բաբելոնի մարզում:+

4 «Նաբուգոդոնոսոր թագավորի խոսքը՝ ուղղված բոլոր ժողովուրդներին ու ազգերին, որոնք խոսում են տարբեր լեզուներով և բնակվում են ամբողջ երկրի վրա: Թող ձեր խաղաղությունն առատ լինի: 2 Ցանկանում եմ հայտնել այն նշանների ու հրաշքների մասին, որոնք Բարձրյալ Աստվածն արել է ինձ համար: 3 Որքա՜ն մեծ են նրա նշանները, և որքա՜ն զորավոր են նրա հրաշքները: Նրա թագավորությունը հավիտենական է, նրա իշխանությունը՝ հարատև:*+

4 Ես՝ Նաբուգոդոնոսորս, հանգիստ ապրում էի իմ տանը՝ իմ պալատում, և ամեն բան լավ էր: 5 Բայց մի անգամ, երբ անկողնումս պառկած էի, ահազդու երազ տեսա. պատկերներ ու տեսիլքներ երևացին ինձ, որոնց պատճառով սարսափեցի:+ 6 Ուստի կարգադրեցի ինձ մոտ բերել Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի հայտնեն երազի մեկնությունը:+

7 Մոգությամբ զբաղվող քրմերը, ոգի կանչողները, քաղդեացիներն* ու աստղագուշակները+ եկան ինձ մոտ: Ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք չկարողացան մեկնել այն:+ 8 Ի վերջո իմ առաջ ներկայացավ Դանիելը, որն իմ աստծու անունով+ Բաղդասասար է կոչվում,+ և որի մեջ սուրբ աստվածների ոգին է,+ ու ես նրան պատմեցի երազը:

9 «Ո՛վ Բաղդասասար, մոգությամբ զբաղվող քրմերի պե՛տ,+ ես լավ գիտեմ, որ սուրբ աստվածների ոգին է քո մեջ,+ և չկա մի գաղտնիք, որ չկարողանաս բացահայտել,+ ուստի բացատրիր ինձ իմ տեսած երազը՝ մեկնիր այն:

10 Երբ անկողնումս քնած էի, տեսիլքներ տեսա: Երկրի մեջտեղում մի ծառ+ էր կանգնած, որն անչափ բարձր էր:+ 11 Ծառը մեծացավ ու հզոր դարձավ: Դրա գագաթը հասավ երկնքին, և այն տեսանելի էր երկրի բոլոր ծայրերից: 12 Ծառի սաղարթը գեղեցիկ էր, իսկ պտուղն այնքան առատ, որ բոլորը կարող էին օգտվել դրանից: Դրա տակ գազանները հովանի էին գտնում, թռչունները բնակվում էին դրա ճյուղերի վրա, և բոլոր արարածները սնվում էին դրա պտուղներից:

13 Ապա տեսիլքում տեսա, որ երկնքից մի պահապան՝ մի սուրբ պատգամաբեր էր իջնում:+ 14 Նա բարձրաձայն ասաց. «Կտրե՛ք ծառը,+ հատե՛ք դրա ճյուղերը, թա՛փ տվեք սաղարթը և ցիրուցա՛ն արեք պտուղները: Թող գազանները փախչեն դրա տակից, և թռչունները թռչեն ճյուղերի վրայից: 15 Սակայն կոճղը արմատների հետ հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, և թող այն դաշտի խոտերի մեջ մնա: Թող այն երկնքի ցողով թրջվի և գազանների հետ բնակվի երկրի բուսականության մեջ:+ 16 Թող դրա մարդկային սիրտը փոխարինվի գազանի սրտով, և այդպես թող յոթ ժամանակ+ անցնի:+ 17 Սա հրամայել են պահապանները,+ և վճիռը հռչակել են սրբերը, որպեսզի ապրողներն իմանան, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում,+ և որ նա այն տալիս է նրան, ում ուզում է, նույնիսկ մարդկանցից ամենաաննշանին»:

18 Սա էր իմ՝ Նաբուգոդոնոսոր թագավորիս տեսած երազը: Այժմ ո՛վ Բաղդասասար, հայտնիր դրա մեկնությունը, քանի որ իմ թագավորության մյուս բոլոր իմաստունները չեն կարողանում դա անել,+ բայց դու կարող ես, որովհետև սուրբ աստվածների ոգին է քո մեջ»:

19 Այդ ժամանակ Դանիելը, որին Բաղդասասար էին կոչում,+ մի պահ տագնապեց, և նրա մտքերը վախեցրին նրան:

Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, թող երազն ու դրա մեկնությունը չվախեցնեն քեզ»:

Բաղդասասարը պատասխանեց. «Ո՛վ իմ տեր, թող այդ երազը քեզ ատողների վրա կատարվի, և դրա մեկնությունը՝ քո թշնամիների:

20 Քո տեսած ծառը, որը մեծացավ, հզոր դարձավ, և որի գագաթը հասավ երկնքին ու տեսանելի դարձավ երկրի բոլոր ծայրերից,+ 21 որի սաղարթը գեղեցիկ էր, և պտուղն այնքան առատ, որ բոլորը կարող էին օգտվել դրանից, որի տակ ապրում էին գազանները, և որի ճյուղերի վրա բնակվում էին թռչունները,+ 22 դու ես, ո՛վ թագավոր, որովհետև դու զորեղ ու հզոր դարձար, քո վսեմությունը երկինք հասավ,+ ու քո իշխանությունը՝ մինչև երկրի ծայրերը:+

23 Հետո թագավորը տեսավ երկնքից իջնող մի պահապանի՝ սուրբ+ պատգամաբերի, որն ասում էր. «Կտրե՛ք ծառն ու ոչնչացրեք այն, սակայն կոճղը արմատների հետ հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքներ դրեք վրան, և թող այն դաշտի խոտերի մեջ մնա: Թող այն երկնքի ցողով թրջվի և գազանների հետ բնակվի երկրի բուսականության մեջ, մինչև որ յոթ ժամանակ անցնի»:+ 24 Ահա մեկնությունը, ո՛վ թագավոր: Դա Բարձրյալի վճիռն է, որը պետք է իրագործվի իմ տեր թագավորի նկատմամբ: 25 Քեզ կվռնդեն ու կհեռացնեն մարդկանցից, և դու գազանների հետ կբնակվես: Քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին, և դու կթրջվես երկնքի ցողով:+ Յոթ ժամանակ+ կանցնի,+ ու դու կիմանաս, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալին է պատկանում, և նա այն տալիս է նրան, ում ուզում է:+

26 Բայց քանի որ ասվել է կոճղը արմատների հետ թողնել,+ թագավորությունը նորից քոնը կլինի, երբ հասկանաս, որ երկինքն է իշխում: 27 Ուստի ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդն ընդունելի լինի քեզ. դադարիր մեղք գործելուց և արա այն, ինչը ճիշտ է, այլևս անարդար մի վարվիր ու աղքատների հանդեպ գթասիրտ եղիր: Այդ դեպքում գուցե քո բարեկեցիկ կյանքը երկարի»»:+

28 Նաբուգոդոնոսոր թագավորի հետ հենց այդպես էլ եղավ:

29 Տասներկու ամիս անց թագավորը Բաբելոնում ման էր գալիս իր արքայական պալատի տանիքի վրա: 30 Նա ասաց. «Ահա՛ մեծ Բաբելոնը, որը ես կառուցել եմ որպես թագավորանիստ քաղաք: Այն իմ ուժով ու զորությամբ եմ կառուցել ի փառս իմ մեծության»:

31 Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն լսվեց. «Ո՛վ Նաբուգոդոնոսոր թագավոր, լսիր, թե քեզ ինչ է ասվում. «Թագավորությունը վերցվել է քեզնից:+ 32 Քեզ կվռնդեն ու կհեռացնեն մարդկանցից: Դու գազանների հետ կբնակվես, ու քեզ կկերակրեն բուսականությամբ, ինչպես ցլերին: Յոթ ժամանակ կանցնի, և դու կիմանաս, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը պատկանում է Բարձրյալին, և նա այն տալիս է նրան, ում ուզում է»»:+

33 Հենց նույն պահին այդ խոսքերը կատարվեցին. Նաբուգոդոնոսորը հեռացվեց մարդկանցից և սկսեց ցլերի պես բուսականություն ուտել: Նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում: Նրա մազերը երկարեցին ու դարձան արծվի փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների ճանկերի պես:+

34 «Երբ ժամանակը լրացավ,+ ես՝ Նաբուգոդոնոսորս, նայեցի երկինք, և հասկացողությունս հետ դարձավ: Ես փառաբանեցի Բարձրյալին՝ նրան, ով հավիտյան է ապրում, գովաբանեցի ու փառք տվեցի, քանի որ նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը հարատև է:+ 35 Երկրի բոլոր բնակիչները ոչինչ են նրա համեմատ: Նա երկնքի զորքի ու երկրի բնակիչների հետ վարվում է այնպես, ինչպես կամենում է, և չկա մեկը, որ կարողանա կանգնեցնել նրան+ կամ ասել. «Ի՞նչ ես անում»:+

36 Այդ ժամանակ հասկացողությունս հետ դարձավ, և ես կրկին ունեցա արքայական փառք, մեծություն ու շքեղություն:+ Իմ բարձրաստիճան պալատականներն ու մեծամեծները նորից սկսեցին խորհրդակցել ինձ հետ: Ես կրկին սկսեցի իշխել թագավորությանս վրա և էլ ավելի հզոր դարձա:

37 Այժմ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում ու փառաբանում եմ երկնքի Թագավորին,+ քանի որ այն, ինչ նա անում է, ճիշտ է ու արդար,+ և նա կարող է խոնարհեցնել հպարտներին»:+

5 Բաղդասար թագավորը+ մեծ խնջույք էր կազմակերպել իր հազար մեծամեծների համար և գինի էր խմում նրանց առաջ:+ 2 Գինովցած Բաղդասարը հրամայեց բերել այն ոսկե և արծաթե անոթները, որոնք իր հայր Նաբուգոդոնոսորը վերցրել էր Երուսաղեմի տաճարից:+ Թագավորն ուզում էր իր մեծամեծների, իր կանանց ու հարճերի հետ խմել դրանցով: 3 Այդ ժամանակ Երուսաղեմում գտնվող ճշմարիտ Աստծու տան սրբարանից վերցված ոսկե անոթները բերեցին, և թագավորն ու իր մեծամեծները, իր կանայք ու հարճերը խմեցին դրանցով: 4 Նրանք գինի խմեցին ու գովաբանեցին ոսկե, արծաթե, պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին:

5 Այդ պահին մարդու ձեռք հայտնվեց ու սկսեց գրել արքայական պալատի պատին՝* ճրագակալի մոտ, և թագավորը տեսավ ձեռքը, որը գրում էր: 6 Նա գունատվեց ու այնքան վախեցավ, որ ոտքերը թուլացան,+ և ծնկները սկսեցին դողալ:

7 Թագավորը բղավելով հրամայեց, որ բերեն ոգի կանչողներին, քաղդեացիներին* ու աստղագուշակներին:+ Նա ասաց Բաբելոնի իմաստուններին. «Նրան, ով կկարդա այս գրությունը և կբացատրի դրա նշանակությունը, մանուշակագույն* հագուստ կհագցնեն, ոսկե վզնոց կգցեն նրա պարանոցին,+ և թագավորության մեջ նա երրորդ իշխանը կլինի»:+

8 Թագավորի բոլոր իմաստունները ներս մտան, սակայն չկարողացան կարդալ գրությունը կամ բացատրել դրա նշանակությունը:+ 9 Բաղդասար թագավորը էլ ավելի վախեցավ ու գունատվեց, իսկ նրա մեծամեծները շփոթահար եղան:+

10 Թագուհին, լսելով թագավորի ու նրա մեծամեծների խոսքերը, մտավ խնջույքի սրահ: Նա ասաց. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր, ինչո՞ւ ես գունատվել, թող ոչինչ չվախեցնի քեզ: 11 Քո թագավորության մեջ մի մարդ կա, որի մեջ սուրբ աստվածների ոգին է: Քո հոր օրերում նա հայտնի էր արտասովոր գիտելիքներով, հասկացողությամբ և այնպիսի իմաստությամբ, որ աստվածներն ունեն:+ Քո հայրը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը, նրան մոգությամբ զբաղվող քրմերի, ոգի կանչողների, քաղդեացիների և աստղագուշակների վերակացու նշանակեց:+ Քո հա՛յրը դա արեց, ո՛վ թագավոր: 12 Դանիելը, որին թագավորը Բաղդասասար կոչեց,+ բացառիկ հասկացողություն* ու գիտելիքներ ուներ, նաև երազներ մեկնելու, հանելուկներ լուծելու և բարդ խնդիրներ հանգուցալուծելու ունակություն:+ Հիմա թող կանչեն Դանիելին, ու նա կբացատրի գրության նշանակությունը»:

13 Ուստի Դանիելին բերեցին թագավորի մոտ: Թագավորը հարցրեց նրան. «Դո՞ւ ես Դանիելը՝ այն մարդկանցից մեկը,+ որոնց իմ հայրը՝ թագավորը, Հուդայից գերեվարել է:+ 14 Լսել եմ, որ աստվածների ոգին է քո մեջ,+ և որ օժտված ես արտասովոր գիտելիքներով, հասկացողությամբ ու բացառիկ իմաստությամբ:+ 15 Իմաստուններին ու ոգի կանչողներին ինձ մոտ բերեցին, որ կարդան այս գրությունը և բացատրեն դրա նշանակությունը, սակայն նրանք չեն կարողանում դա անել:+ 16 Իսկ քո մասին լսել եմ, որ կարողանում ես մեկնություններ տալ+ ու բարդ խնդիրներ հանգուցալուծել: Եվ հիմա, եթե կարողանաս կարդալ գրությունն ու բացատրել դրա նշանակությունը, քեզ մանուշակագույն հագուստ կհագցնեն, ոսկե վզնոց կգցեն պարանոցիդ, և դու թագավորության մեջ երրորդ իշխանը կլինես»:+

17 Դանիելը պատասխանեց թագավորին. «Թող քո պարգևները քեզ մնան, ու նվերներդ ուրիշներին տուր: Այնուհանդերձ, ես կկարդամ գրությունը թագավորի համար և կբացատրեմ դրա նշանակությունը: 18 Ո՛վ թագավոր, Բարձրյալ Աստվածը քո հայր Նաբուգոդոնոսորին տվել էր թագավորություն, մեծություն, փառք ու պատիվ:+ 19 Նրա մեծությունը, որ Աստված տվել էր, ահուդողի մեջ էր գցել տարբեր լեզուներով խոսող բոլոր ժողովուրդներին և ազգերին:+ Ում որ ուզում էր, սպանում էր կամ ողջ թողնում, և ում որ ուզում էր, բարձրացնում էր կամ ցածրացնում:+ 20 Բայց երբ գոռոզացավ ու համառ դարձավ և սկսեց հանդգնությամբ վարվել,+ գահընկեց արվեց ու զրկվեց փառքից: 21 Նրան վռնդեցին ու հեռացրին մարդկանցից, և նրա սիրտը գազանի սրտի պես դարձավ, ու նա վայրի էշերի հետ բնակվեց: Նրան բուսականությամբ էին կերակրում, ինչպես ցլերին, և նրա մարմինը երկնքի ցողով էր թրջվում: Ի վերջո նա հասկացավ, որ մարդկային թագավորությունների վրա իշխանությունը Բարձրյալ Աստծուն է պատկանում, և նա այն տալիս է նրան, ում ուզում է:+

22 Բայց դու, ո՛վ Բաղդասար, որ նրա որդին ես, չխոնարհեցրիր քո սիրտը, թեև գիտեիր այդ ամենը: 23 Դու մեծամտանալով դուրս եկար երկնքի Տիրոջ դեմ+ և քեզ մոտ բերել տվեցիր նրա տան անոթները:+ Ապա դու և քո մեծամեծները, քո կանայք ու հարճերը գինի խմեցիք դրանցով և գովաբանեցիք արծաթե, ոսկե, պղնձե, երկաթե, փայտե ու քարե աստվածներին, որոնք ոչինչ չեն տեսնում, ոչինչ չեն լսում և ոչինչ չգիտեն:+ Բայց այն Աստծուն, ով իշխանություն ունի քո կյանքի*+ ու գործերի վրա, դու չփառաբանեցիր: 24 Ուստի նա այդ ձեռքն ուղարկեց, և այս գրությունը գրվեց:+ 25 Այստեղ գրված է. «ՄԵՆԵ, ՄԵՆԵ, ԹԵԿԵԼ ու ՓԱՐՍԻՆ»:

26 Այս բառերի նշանակությունը սա է: ՄԵՆԵ՝ Աստված հաշվել է քո իշխանության օրերը և դրան վերջ է դրել:+

27 ԹԵԿԵԼ՝ դու կշռվել ես, ու քաշդ պակաս է եղել:

28 ՓԵՐԵՍ՝ քո թագավորությունը բաժանվել ու տրվել է մարերին և պարսիկներին»:+

29 Այդ ժամանակ Բաղդասարը հրաման տվեց, և Դանիելին մանուշակագույն հագուստ հագցրին, պարանոցին ոսկե վզնոց գցեցին ու ազդարարեցին, որ նա թագավորության մեջ երրորդ իշխանն է լինելու:+

30 Հենց այդ գիշեր քաղդեացիների թագավոր Բաղդասարը սպանվեց:+ 31 Իշխանությունը տրվեց մարաց Դարեհին,+ որը մոտ 62 տարեկան էր:

6 Դարեհը որոշեց 120 սատրապ նշանակել ողջ թագավորությունում,+ 2 իսկ որպես նրանց վերակացու՝ երեք բարձրաստիճան պաշտոնյայի, որոնցից մեկը Դանիելն էր:+ Սատրապները+ պետք է հաշիվ տային նրանց, որպեսզի թագավորը ոչ մի վնաս չկրեր: 3 Դանիելը իր բացառիկ ունակություններով* աչքի էր ընկնում մյուս պաշտոնյաների և սատրապների մեջ,+ և թագավորը մտադիր էր իշխանություն տալ նրան ողջ թագավորության վրա:

4 Բարձրաստիճան պաշտոնյաներն ու սատրապները հիմք էին փնտրում ղեկավարման հարցերում Դանիելին մեղադրելու համար: Սակայն ոչ մի հիմք կամ որևէ անազնիվ բան չկարողացան գտնել, քանի որ նա վստահելի էր, և նրան հնարավոր չէր մեղադրել անփութության կամ անազնվության մեջ: 5 Ուստի այդ մարդիկ ասացին. «Մենք այդ Դանիելին մեղադրելու ոչ մի հիմք չենք գտնի: Մնում է միայն նրա Աստծու օրենքին առնչվող որևէ բան գտնենք ու մեղադրենք նրան»:+

6 Ուստի այս պաշտոնյաներն ու սատրապները խմբովին մտան թագավորի մոտ ու ասացին նրան. «Ո՛վ Դարեհ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր: 7 Արքունական բոլոր պաշտոնյաները, վերակացուները, սատրապները, բարձրաստիճան պալատականներն ու կառավարիչները խորհրդակցել են իրար հետ ու եկել համաձայնության, որ թագավորը հրաման արձակի ու արգելք սահմանի, ըստ որի՝ ով 30 օրվա ընթացքում խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, բացի քեզնից, ո՛վ թագավոր, պետք է գցվի առյուծների գուբը:+ 8 Հիմա, ո՛վ թագավոր, հրամանն արձակիր և ստորագրիր այն,+ որպեսզի փոփոխման ենթակա չլինի, քանի որ մարերի ու պարսիկների օրենքը չի կարող չեղարկվել»:+

9 Եվ այսպես՝ Դարեհ թագավորը ստորագրեց արգելքի վերաբերյալ հրամանագիրը:

10 Բայց Դանիելը հենց որ իմացավ՝ հրամանագիրը ստորագրվել է, գնաց իր տուն: Նրա վերնասենյակի այն պատուհանները, որոնք նայում էին Երուսաղեմի կողմը, բաց էին:+ Նա առաջվա պես շարունակեց կանոնավորաբար՝ օրը երեք անգամ, ծնկի գալ, աղոթել ու գովաբանել իր Աստծուն: 11 Մի օր այդ մարդիկ ներխուժեցին Դանիելի տուն ու տեսան, որ նա աղոթում է իր Աստծուն և հաճություն աղերսում նրանից:

12 Նրանք եկան թագավորի մոտ ու հիշեցրին նրա սահմանած արգելքի մասին՝ ասելով. «Մի՞թե դու արգելող հրամանագիր չես ստորագրել, որի համաձայն՝ ով 30 օրվա ընթացքում խնդրանքով դիմի որևէ աստծու կամ մարդու, քեզնից բացի, ո՛վ թագավոր, պետք է գցվի առյուծների գուբը»: Թագավորը պատասխանեց. «Այն ամրագրված է և համաձայն մարերի ու պարսիկների օրենքի՝ չի կարող չեղարկվել»:+ 13 Նրանք իսկույն ասացին թագավորին. «Դանիելը, որը Հուդայից գերեվարվածներից է,+ արհամարհում է քեզ ու քո ստորագրած արգելող հրամանագիրը, ո՛վ թագավոր: Նա օրը երեք անգամ աղոթում է իր Աստծուն»:+ 14 Թագավորը, լսելով այս ամենը, շատ նեղվեց: Նա փորձեց Դանիելին փրկելու միջոց գտնել ու մինչև արևամուտ ամեն ջանք թափեց դրա համար: 15 Ի վերջո այդ մարդիկ խմբովին գնացին թագավորի մոտ ու ասացին նրան. «Ո՛վ թագավոր, հիշիր, որ ըստ մարերի ու պարսիկների օրենքի՝ թագավորի սահմանած ոչ մի արգելք կամ հրաման փոփոխման ենթակա չէ»:+

16 Ուստի թագավորը հրաման արձակեց, և Դանիելին բերեցին ու գցեցին առյուծների գուբը:+ Թագավորն ասաց Դանիելին. «Քո Աստվածը, ում դու հավատարմորեն ծառայում ես, կփրկի քեզ»: 17 Հետո մի քար բերեցին և դրանով գուբի մուտքը փակեցին: Թագավորն իր և իր մեծամեծների կնքամատանիներով կնքեց այն, որպեսզի Դանիելի վերաբերյալ կայացված որոշումը անխափան իրագործվի:

18 Դրանից հետո թագավորը գնաց իր պալատ: Նա ամբողջ գիշեր ծոմ պահեց և հրաժարվեց զվարճանքներից:* Նրա քունը փախել էր աչքերից: 19 Վերջապես, հենց որ լույսը բացվեց, թագավորը վեր կացավ ու շտապ գնաց դեպի առյուծների գուբը: 20 Մոտենալով գուբին՝ նա տխուր ձայնով կանչեց Դանիելին՝ ասելով. «Դանիե՛լ, կենդանի՛ Աստծու ծառա, քո Աստվածը, ում հավատարմորեն ծառայում ես, կարողացա՞վ քեզ փրկել առյուծներից»: 21 Դանիելն անմիջապես պատասխանեց թագավորին. «Ո՛վ թագավոր, հավիտյան ո՛ղջ եղիր: 22 Իմ Աստվածը ուղարկեց իր հրեշտակին, որ փակի առյուծների երախը,+ և նրանք ոչ մի վնաս չհասցրին ինձ,+ քանի որ ես անմեղ էի նրա առաջ: Քո հանդեպ էլ, ո՛վ թագավոր, ես ոչ մի սխալ բան չեմ արել»:

23 Թագավորը շատ ուրախացավ և հրամայեց, որ Դանիելին հանեն գուբից, ու նրան հանեցին այնտեղից: Նա ընդհանրապես չէր վնասվել, քանի որ ապավինել էր իր Աստծուն:+

24 Ապա թագավորը հրամայեց, որ Դանիելին մեղադրող* մարդկանց իրենց որդիների ու կանանց հետ բերեն ու գցեն առյուծների գուբը: Նրանք դեռ գուբի հատակը չէին հասել, երբ առյուծները հարձակվեցին նրանց վրա ու փշրեցին նրանց բոլոր ոսկորները:+

25 Հետո Դարեհ թագավորը գրեց ողջ երկրի վրա բնակվող տարբեր լեզուներով խոսող ժողովուրդներին և ազգերին.+ «Թող ձեր խաղաղությունն առատ լինի: 26 Ես հրաման եմ արձակում, որ իմ թագավորության բոլոր տիրույթներում մարդիկ վախենան Դանիելի Աստծուց ու դողան,+ որովհետև նա է կենդանի Աստվածը, ով հավիտյան գոյություն ունի: Նրա թագավորությունը երբեք չի կործանվի, և նրա իշխանությունը* հավերժական է:+ 27 Նա փրկում+ ու ազատում է, նշաններ ու հրաշքներ է անում երկնքում և երկրի վրա:+ Նա փրկեց Դանիելին առյուծների ճանկից»:

28 Դանիելը Դարեհի+ ու պարսից արքա Կյուրոսի իշխանության օրոք բարեկեցիկ կյանքով ապրեց:+

7 Բաբելոնի թագավոր Բաղդասարի+ իշխանության առաջին տարում Դանիելը, իր անկողնում պառկած, տեսիլքներ տեսավ երազում:+ Նա գրի առավ երազը՝+ մանրամասն նկարագրելով այն, ինչ տեսել էր: 2 Դանիելն արձանագրեց.

«Գիշերը ես տեսիլքներ էի տեսնում. երկնքի չորս քամիները ալեկոծում էին մեծ ծովը:+ 3 Ծովից չորս հսկա գազաններ+ դուրս եկան, որոնք տարբերվում էին մեկը մյուսից:

4 Առաջինը առյուծի էր նման+ և արծվի թևեր ուներ:+ Ես տեսա, թե ինչպես նրա թևերը պոկվեցին, նա բարձրացվեց երկրից ու մարդու պես երկու ոտքի վրա կանգնեցվեց, և նրան մարդու սիրտ տրվեց:

5 Երկրորդ գազանը արջի էր նման:+ Նա բարձրացվել էր մի կողմի վրա, և նրա երախում՝ ատամների մեջ, երեք կողոսկր կար: Նրան ասվեց. «Վե՛ր կաց, շատ մի՛ս կեր»:+

6 Դրանից հետո ես մեկ այլ գազան տեսա, որն ընձառյուծի էր նման,+ սակայն մեջքին թռչնի չորս թև ուներ: Այդ գազանը չորս գլուխ ուներ,+ և նրան իշխանություն տրվեց ղեկավարելու:

7 Դրանից հետո գիշերվա տեսիլքներում չորրորդ գազանին տեսա, որը սարսափազդու և զարհուրելի էր ու արտասովոր ուժ ուներ: Նա երկաթե մեծ ատամներ ուներ, ամեն ինչ խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ ինչ մնում էր, տրորում էր ոտքերով:+ Նա տարբերվում էր նախորդ գազաններից և տասը եղջյուր ուներ: 8 Մինչ ուշադիր նայում էի այդ եղջյուրներին, մեկ ուրիշ՝ փոքր եղջյուր+ հայտնվեց դրանց մեջտեղը, և նախորդ եղջյուրներից երեքը պոկվեցին դրա առաջ: Այս եղջյուրը մարդու աչքերի պես աչքեր ուներ, նաև պոռոտախոս* բերան:+

9 Հետո տեսա, որ գահեր դրվեցին, և Հինավուրցը+ նստեց իր գահին:+ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր,+ իսկ գլխի մազերը մաքուր բրդի պես էին: Նրա գահը ասես բոցավառ կրակ լիներ, և գահի անիվները՝ բորբոքված կրակ:+ 10 Նրա գահից կրակե մի գետ էր բխում:+ Հազար հազարավորներ ծառայում էին նրան, և բյուր բյուրավորներ* կանգնած էին նրա առաջ:+ Դատարանը+ սկսեց դատավարությունը,* և գրքեր բացվեցին:

11 Ես շարունակեցի նայել, որովհետև լսում էի, թե ինչ մեծ-մեծ խոսքեր է ասում եղջյուրը:+ Եվ տեսա, որ գազանը սպանվեց, և նրա մարմինը գցվեց կրակն ու ոչնչացվեց: 12 Իսկ մյուս գազաններից+ իշխանությունը խլվեց, և նրանց կյանքը երկարացվեց մի ժամանակով ու ժամանակահատվածով:

13 Հետո գիշերվա տեսիլքներում տեսա, որ երկնքի ամպերով գալիս էր մարդու որդու նման մեկը:+ Նրան թույլ տրվեց մոտենալ Հինավուրցին,+ և նա մոտ բերվեց նրան: 14 Նրան տրվեց իշխանություն,+ պատիվ+ ու թագավորություն, որպեսզի տարբեր լեզուներով խոսող բոլոր ժողովուրդներն ու ազգերը ծառայեն նրան:+ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որը վերջ չի ունենա, և նրա թագավորությունը չի կործանվի:+

15 Իմ՝ Դանիելիս տեսած տեսիլքները վախեցրին ինձ, ու ներսս տակնուվրա եղավ:+ 16 Ես մոտեցա կանգնածներից մեկին ու հարցրի, թե ինչ նշանակություն ունի այս ամենը, և նա բացատրեց:

17 «Այդ չորս հսկա գազանները+ չորս թագավորներ են, որոնք երկրից են դուրս գալու:+ 18 Սակայն թագավորությունը Ամենաբարձրյալի սրբերը+ կստանան+ և դրան կտիրեն+ հավիտյան, այո՛, հավիտյանս հավիտենից»:

19 Հետո ես ցանկացա ավելին իմանալ չորրորդ գազանի մասին, որը տարբերվում էր մյուս բոլորից, խիստ ահազդու էր, երկաթե ատամներ ուներ, պղնձե ճանկեր, և որը ամեն ինչ խժռում ու ջարդուփշուր էր անում, իսկ ինչ մնում էր, տրորում էր ոտքերով:+ 20 Ցանկացա իմանալ նաև նրա գլխի տասը եղջյուրների+ և այն եղջյուրի մասին, որը դուրս եկավ, որի առաջ երեք եղջյուր ընկավ,+ և որն աչքեր ու պոռոտախոս բերան ուներ և մյուսներից ավելի մեծ էր երևում:

21 Այնուհետև տեսա, որ այդ եղջյուրը սրբերի դեմ պատերազմ սկսեց: Նա հաղթում էր նրանց,+ 22 մինչև որ եկավ Հինավուրցը,+ և հօգուտ Ամենաբարձրյալի սրբերի՝+ դատավճիռ կայացվեց, ու մինչև որ հասավ որոշված ժամանակը, որ սրբերը տիրեն թագավորությանը:+

23 Ահա թե ինչ ասաց նա. «Չորրորդ գազանը չորրորդ թագավորությունն է, որը ի հայտ է գալու երկրի վրա, և որը տարբերվելու է մյուս բոլոր թագավորություններից: Այն խժռելու է ողջ երկիրը, կոխկրտելու է և ջարդուփշուր է անելու այն:+ 24 Իսկ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որոնք այդ թագավորությունից են ելնելու: Նրանցից հետո մեկ ուրիշն է հայտնվելու, որը տարբերվելու է այդ տասից և նվաստացնելու է երեք թագավորների:+ 25 Նա խոսելու է Բարձրյալի դեմ+ և շարունակ հալածելու է Ամենաբարձրյալի սրբերին: Նա մտադիր է լինելու փոխել ժամանակներն ու օրենքը, և սրբերը նրա ձեռքն են տրվելու մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ:*+ 26 Բայց դատարանը կսկսի դատավարությունը, ու այդ թագավորին կզրկեն իշխանությունից, որպեսզի նա կործանվի և իսպառ ոչնչացվի:+

27 Թագավորությունը, իշխանությունն ու ողջ երկնքի տակ եղող թագավորությունների փառքը տրվեցին Ամենաբարձրյալի սրբերից կազմված ժողովրդին:+ Նրանց թագավորությունը հավիտենական թագավորություն է,+ և բոլոր տերությունները կծառայեն ու կհնազանդվեն նրանց»:

28 Ահա սա էր իմ՝ Դանիելիս տեսածն ու լսածը: Մտքերս ինձ այն աստիճան տագնապեցրին, որ գունատվեցի: Սակայն այդ ամենը ես պահեցի սրտումս»:

8 Բաղդասար թագավորի+ իշխանության երրորդ տարում ես՝ Դանիելս, մեկ այլ տեսիլք տեսա:+ 2 Էլամի+ մարզում գտնվող Շուշան+ ամրոցում էի՝ Ուլայ գետի* մոտ: 3 Տեսա, որ գետի մոտ մի արու ոչխար+ էր կանգնած, որը երկու եղջյուր ուներ:+ Այդ երկու եղջյուրները երկար էին, սակայն մեկը մյուսից ավելի երկար էր, և այդ ավելի երկար եղջյուրը հետո էր դուրս եկել:+ 4 Տեսա, որ արու ոչխարը պոզահարում էր դեպի արևմուտք, հյուսիս և հարավ: Ոչ մի գազան չէր կարողանում դիմադրել նրան, ու չկար մեկը, որ նրա ձեռքից ազատեր:+ Նա անում էր այն, ինչ ուզում էր, և մեծամտորեն էր վարվում:

5 Ես շարունակեցի նայել և տեսա, որ արևմուտքից, ողջ երկիրն անցնելով, մի արու այծ+ էր գալիս՝ առանց գետնին դիպչելու: Նրա աչքերի մեջտեղում աչքի ընկնող մի եղջյուր կար:+ 6 Նա գալիս էր դեպի երկեղջյուր արու ոչխարը, որը կանգնած էր գետի մոտ: Նա մեծ կատաղությամբ վազում էր նրա կողմը:

7 Տեսա, որ նա մոտեցավ արու ոչխարին և կատաղած հարվածեց նրան ու կոտրեց նրա երկու եղջյուրները: Ոչխարն այլևս դիմադրելու ուժ չուներ: Արու այծը նրան գետին գցեց ու ոտնակոխ արեց, և ոչ ոք չկար, որ ոչխարին ազատեր նրա ձեռքից:

8 Արու այծը չափազանց մեծամտացավ, բայց հենց որ հզոր դարձավ, մեծ եղջյուրը կոտրվեց, և դրա փոխարեն աչքի ընկնող չորս եղջյուրներ դուրս եկան, որոնք ուղղված էին դեպի երկնքի չորս քամիները:+

9 Եղջյուրներից մեկից մի ուրիշ՝ փոքր եղջյուր դուրս եկավ, և այն շատ մեծացավ՝ ուղղվելով դեպի հարավ, արևելք ու դեպի Չքնաղ* երկիրը:+ 10 Եղջյուրն այնքան մեծացավ, որ հասավ մինչև երկնքի զորքը և այդ զորքից ու աստղերից մի որոշ մաս երկիր գցեց ու կոխկրտեց: 11 Նա մեծամտորեն գործեց նույնիսկ զորքի Իշխանի դեմ ու դադարեցրեց Իշխանին մատուցվող մշտական զոհաբերությունը, և Նրա հաստատած սրբարանը տապալվեց:+ 12 Հանցանքի պատճառով զորքը և մշտական զոհաբերությունը տրվեցին եղջյուրին: Այն գետին էր տապալում ճշմարտությունը և հաջողությամբ էր գործում:

13 Ես լսեցի, թե ինչպես էր մի սուրբ խոսում, իսկ մեկ ուրիշ սուրբ հարցրեց նրան. «Որքա՞ն է տևելու այն, ինչ տեսիլքում ցույց տրվեց մշտական զոհաբերության, կործանում բերող հանցանքի+ և սուրբ վայրն ու զորքը կոխկրտելու մասին»: 14 Նա ասաց ինձ. «Մինչև որ անցնի 2 300 երեկո և առավոտ: Այդ ժամանակ սուրբ վայրը կվերականգնվի՝ բերվելով պատշաճ վիճակի»:

15 Ես՝ Դանիելս, տեսնում էի տեսիլքը և փորձում էի հասկանալ այն, երբ հանկարծ իմ առաջ կանգնեց մեկը, ով նման էր մարդու: 16 Ես Ուլայ գետից+ մարդու ձայն լսեցի: Նա ձայն տվեց՝ ասելով. «Գաբրիե՛լ,+ բացատրիր նրան իր տեսածը»:+ 17 Ուստի նա եկավ այնտեղ, որտեղ կանգնած էի, և երբ մոտեցավ, ես այնքան վախեցա, որ երեսնիվայր ընկա: Նա ասաց ինձ. «Իմացիր, ո՛վ մարդու որդի, որ տեսիլքը վերջի ժամանակին է վերաբերում»:+ 18 Մինչ նա խոսում էր ինձ հետ, ես խոր քուն մտա՝ երեսի վրա գետնին պառկած: Հետո նա դիպավ ինձ ու ոտքի կանգնեցրեց:+ 19 Նա ասաց. «Հիմա քեզ կասեմ, թե ինչ է լինելու դատապարտության* ժամանակահատվածի վերջում, քանի որ տեսիլքը վերաբերում է վերջի ժամանակին, որը որոշված է:+

20 Երկեղջյուր արու ոչխարը, որ տեսար, Մարաստանի ու Պարսկաստանի թագավորներն են:+ 21 Մազոտ արու այծը Հունաստանի թագավորն է,+ իսկ այծի աչքերի մեջտեղի մեծ եղջյուրը խորհրդանշում է այդ երկրի առաջին թագավորին:+ 22 Այն, որ եղջյուրը կոտրվեց ու դրա փոխարեն չորսը դուրս եկան,+ նշանակում է, որ չորս թագավորություն է դուրս գալու նրա ազգից, սակայն դրանք նրա պես հզոր չեն լինելու:

23 Նրանց իշխանության վերջում, երբ օրինազանցների չարագործությունը հասնի իր գագաթնակետին, դաժան մի թագավոր ի հայտ կգա, որը երկիմաստ խոսքեր կհասկանա:* 24 Նա շատ հզոր կդառնա, բայց ոչ իր ուժի շնորհիվ: Նա զարհուրելի* կերպով ավերածություններ կպատճառի և ինչ էլ որ անի, հաջողություն կունենա: Նա կջախջախի զորավորներին, ինչպես նաև սրբերից կազմված ժողովրդին:+ 25 Հաջողության հասնելու համար այդ թագավորը խորամանկությամբ կգործի և խաբեության կդիմի, կմեծամտանա և խաղաղ ժամանակ* շատերին կկործանի: Նա նույնիսկ դուրս կգա իշխանների Իշխանի դեմ, սակայն ջարդուփշուր կլինի, բայց ոչ մարդու ձեռքով:

26 Այն, ինչ տեսիլքում ասվեց երեկոների և առավոտների մասին, ճիշտ է: Սակայն դու պետք է կնքես տեսիլքը, քանի որ այն հեռավոր ապագային է վերաբերում»:+

27 Ես՝ Դանիելս, ուժասպառ եղա և մի քանի օր հիվանդ էի:+ Հետո վեր կացա ու սկսեցի զբաղվել թագավորի գործերով,+ բայց ես ցնցված էի իմ տեսածի պատճառով: Ոչ ոք չէր կարողանում հասկանալ տեսիլքը:+

9 Ասուերոսի որդի Դարեհի+ իշխանության առաջին տարում, որը մարերի սերնդից էր և քաղդեացիների թագավորության թագավոր էր նշանակվել,+ 2 նրա իշխանության առաջին տարում ես՝ Դանիելս, գրքերից* հասկացա, թե Երուսաղեմը, համաձայն Երեմիա մարգարեին Եհովայի ասած խոսքի, քանի տարի է ամայացած մնալու՝+ 70 տարի:+ 3 Ուստի ես օգնություն խնդրեցի ճշմարիտ Աստված Եհովայից. ես աղոթեցի ու աղաչեցի նրան, ծոմ պահեցի,+ քուրձ հագա ու վրաս մոխիր լցրի: 4 Աղոթեցի իմ Աստված Եհովային ու խոստովանություն արեցի.

«Ա՜խ, Եհո՜վա, ճշմարի՜տ Աստված, դու մեծ ես ու ակնածանք ես ներշնչում, պահում ես քո կապած ուխտը, հավատարիմ սեր+ ես ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ:+ 5 Մենք մեղք գործեցինք, սխալ ու չար բաներ արեցինք և ըմբոստացանք:+ Մենք շեղվեցինք քո պատվիրաններից ու չհնազանդվեցինք քո օրենքներին: 6 Չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին,+ որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, իշխանների, մեր նախահայրերի ու ողջ ժողովրդի հետ: 7 Ո՜վ Եհովա, դու արդար Աստված ես, իսկ մենք մինչ օրս ամոթերես ենք, մենք՝ Հուդայի ժողովուրդը, Երուսաղեմի բնակիչներս և ողջ Իսրայելը՝ թե՛ մոտիկ, թե՛ հեռու գտնվողները, ում ցիրուցան ես արել երկրներով մեկ քո հանդեպ անհավատարիմ լինելու պատճառով:+

8 Ո՜վ Եհովա, մենք, մեր թագավորները, իշխաններն ու մեր նախահայրերը ամոթերես ենք, որովհետև մեղք ենք գործել քո դեմ: 9 Եհո՜վա, Աստվա՜ծ մեր, դու գթասիրտ ես ու ներող,+ բայց մենք ըմբոստացանք քո դեմ:+ 10 Ո՜վ մեր Աստված Եհովա, մենք չհնազանդվեցինք քեզ ու չպահեցինք ծառաներիդ՝ մարգարեներիդ միջոցով քո տված օրենքները:+ 11 Ողջ Իսրայելը ոտնահարեց քո Օրենքը, չհնազանդվեց քեզ ու հեռացավ քեզնից, և դու մեզ վրա թափեցիր երդումով հաստատված անեծքը, որի մասին գրված է ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի օրենքում,+ որովհետև մենք մեղք գործեցինք քո դեմ: 12 Դու կատարեցիր քո խոսքը՝+ մեզ ու մեր ղեկավարների* հետ վարվեցիր քո խոսքի համաձայն՝ մեզ վրա մեծ աղետ բերելով: Ողջ երկնքի տակ երբեք այնպիսի աղետ չէր եղել, ինչպիսին որ եղավ Երուսաղեմում:+ 13 Ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, այդ ամբողջ աղետը մեզ վրա եկավ,+ բայց մենք չաղաչեցինք քեզ, որ բարեհաճ լինես մեր հանդեպ, ո՜վ մեր Աստված Եհովա,* և չդադարեցինք մեղք գործելուց+ ու չհասկացանք քո ճշմարտությունը:*

14 Եհո՛վա, դու ուշադիր հետևում էիր մեր գործերին և աղետ բերեցիր մեզ վրա, քանի որ դու, մեր Աստված Եհո՛վա, արդար ես քո բոլոր գործերում, մինչդեռ մենք չհնազանդվեցինք քեզ:+

15 Ո՜վ մեր Աստված Եհովա, դու հզոր ձեռքով հանեցիր քո ժողովրդին Եգիպտոսից+ և հայտնի դարձրիր քո անունը, որը մինչ օրս էլ հայտնի է:+ Մենք մեղք գործեցինք և արեցինք այն, ինչը չար էր: 16 Եհո՜վա, դու միշտ արդար ես վարվել,+ ուստի խնդրում եմ, թող քո բարկությունն ու ցասումը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից՝ քո սուրբ լեռից, որովհետև մեր մեղքերի ու մեր նախահայրերի հանցանքների պատճառով Երուսաղեմն ու քո ժողովուրդը անարգանքի առարկա են դարձել մեր շուրջը եղող բոլոր մարդկանց համար:+ 17 Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու աղաչանքները, և հանուն քեզ, Եհո՛վա, բարեհաճ եղիր քո սրբարանի հանդեպ,+ որն ավերված է:+ 18 Ուշադրություն դարձրու, ո՜վ իմ Աստված, և լսիր: Նայիր ու տես, թե ինչ աղետալի վիճակում ենք մենք ու քո անունը կրող քաղաքը: Մենք աղերսագին դիմում ենք քեզ ոչ թե նրա համար, որ արդար գործեր ենք անում, այլ նրա համար, որ շատ գթասիրտ ես:+ 19 Ո՜վ Եհովա, լսիր: Ո՜վ Եհովա, ներիր:+ Ո՜վ Եհովա, ուշադրություն դարձրու և գործիր: Հանուն քեզ՝ մի՛ հապաղիր, ո՜վ իմ Աստված, որովհետև քո քաղաքն ու ժողովուրդը քո անունով են կոչվում»:+

20 Ես աղոթում էի ու խոստովանում իմ և ժողովրդիս՝ Իսրայելի մեղքերը և աղերսում էի, որ իմ Աստված Եհովան բարեհաճ լինի իր սուրբ լեռան հանդեպ:+ 21 Մինչ աղոթում էի և արդեն ուժասպառ էի եղել, Գաբրիելը՝+ այն մարդը, որին տեսել էի տեսիլքում,+ եկավ ինձ մոտ. դա երեկոյան ընծայի մատուցման ժամանակ էր: 22 Նա օգնեց ինձ հասկանալ, թե ինչ է լինելու՝ ասելով.

«Ո՛վ Դանիել, ես եկել եմ, որ քեզ խորաթափանցություն ու հասկացողություն տամ: 23 Երբ սկսեցիր աղոթել, Աստված այս խոսքը հաղորդեց ինձ, ու ես եկա, որ այն հայտնեմ քեզ, քանի որ դու շատ թանկագին* մարդ ես:+ Ուստի խորհիր այն բանի մասին, ինչ որ քեզ ասելու եմ, և հասկացիր տեսիլքը:

24 Քո ժողովրդի ու քո սուրբ քաղաքի+ համար 70 շաբաթ* է որոշված, որպեսզի վերջ դրվի անօրենությանը և մեղքին,+ քավություն արվի հանցանքի համար,+ հարատև արդարություն հաստատվի,+ կնիք դրվի տեսիլքի ու մարգարեության*+ վրա, և օծվի Սրբությունների Սրբությունը: 25 Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմի վերականգնման և վերակառուցման+ հրամանի արձակվելուց մինչև Մեսիայի՝*+ Առաջնորդի+ գալը 7 շաբաթ և 62 շաբաթ է անցնելու:+ Երուսաղեմն իր հրապարակով ու խրամով կվերականգնվի ու կվերակառուցվի, բայց դա կարվի դժվար ժամանակներում:

26 Մեսիան 62 շաբաթ հետո մահվան կմատնվի՝+ ոչինչ չունենալով:+

Եվ մի առաջնորդ կգա իր զորքով, ու նրանք կավերեն քաղաքն ու սուրբ վայրը:+ Այն ասես ջրհեղեղով կկործանվի: Եվ մինչև վերջ պատերազմ կլինի: Որոշվել է, որ ավերածություններ պետք է լինեն:+

27 Եվ նա* շատերի համար ուխտը մեկ շաբաթ ուժի մեջ կպահի և շաբաթվա կեսին կդադարեցնի զոհաբերությունն ու ընծան:+

Նողկալի բաների թևով կգա ավերում բերողը,+ և ինչ որ որոշվել է, կթափվի ավերվածի վրա այնքան, մինչև որ այն բնաջնջվի»:

10 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության երրորդ տարում Դանիելին, ում Բաղդասասար էին կոչում,+ հայտնություն տրվեց, որն արժանահավատ էր: Այն մեծ հակամարտության մասին էր: Նրան հասկացողություն տրվեց, ու նա հասկացավ իր տեսածը:

2 Այդ օրերին ես՝ Դանիելս, երեք շաբաթ սգի մեջ էի:+ 3 Երեք շաբաթների ընթացքում ախորժելի կերակուրներ չեմ կերել, միս չեմ դրել բերանս, գինի չեմ խմել և ընդհանրապես յուղ չեմ քսել մարմնիս: 4 Առաջին ամսվա 24-րդ օրը, երբ մեծ գետի՝ Տիգրիսի*+ ափին էի, 5 կտավե հագուստ հագած մի մարդու տեսա,+ որի մեջքին Օֆազի ոսկուց գոտի էր կապած: 6 Նրա մարմինը նման էր ոսկեքարի,+ երեսը կայծակի պես փայլում էր, աչքերը նման էին կրակե ջահերի, բազուկներն ու ոտքերը՝ փայլեցված պղնձի,+ իսկ ձայնը ասես բազմության ձայն լիներ: 7 Միայն ես՝ Դանիելս, տեսա այդ տեսիլքը, իսկ ինձ հետ եղող մարդիկ չտեսան այն,+ բայց այնքան վախեցան, որ փախան ու թաքնվեցին:

8 Ես մենակ մնացի: Երբ տեսա այդ տպավորիչ տեսիլքը, մեջս ուժ չմնաց, խիստ գունատվեցի և ուժասպառ եղա:+ 9 Ես լսեցի, թե ինչպես էր նա խոսում, և մինչ նա խոսում էր, խոր քուն մտա՝ երեսի վրա գետնին պառկած:+ 10 Բայց հետո մի ձեռք դիպավ ինձ+ ու արթնացրեց և օգնեց, որ ձեռքերիս վրա հենվելով՝ կանգնեմ ծնկներիս վրա: 11 Ապա նա ասաց ինձ.

«Ո՛վ Դանիել, թանկագին* մարդ,+ ուշադրությամբ լսիր այն ամենը, ինչ քեզ կասեմ: Ոտքի կանգնիր, որովհետև քեզ մոտ եմ ուղարկվել»:

Այդ խոսքերը լսելով՝ ես դողալով վեր կացա:

12 Նա ասաց. «Մի՛ վախեցիր,+ ո՛վ Դանիել: Առաջին իսկ օրից, երբ վճռեցիր հասկանալ այս բաների նշանակությունը և խոնարհեցրիր քեզ Աստծու առաջ, խոսքերդ լսվեցին, և այդ պատճառով ես եկա:+ 13 Բայց Պարսկաստանի թագավորության իշխանը+ 21 օր ընդդիմացավ ինձ: Սակայն Միքայելը՝*+ գլխավոր* իշխաններից մեկը, ինձ օգնության հասավ: Այդ ընթացքում ես մնում էի այնտեղ՝ Պարսկաստանի թագավորների մոտ: 14 Այժմ եկել եմ, որ հայտնեմ քեզ, թե ինչ է պատահելու քո ժողովրդին վերջին օրերում,+ քանի որ տեսիլքը վերաբերում է գալիք օրերին»:+

15 Երբ նա ասաց այդ խոսքերը, գլուխս կախեցի ու պապանձվեցի: 16 Ապա մեկը, ով նման էր մարդու, դիպավ շուրթերիս,+ և ես կարողացա խոսել ու իմ առջև կանգնածին ասացի. «Տե՛ր իմ, տեսածիս պատճառով դողում եմ և ուժասպառ եմ եղել:+ 17 Ուրեմն ինչպե՞ս կարող է քո ծառան, իմ տե՛ր, խոսել քեզ հետ:+ Ես ուժ չունեմ և հազիվ եմ շնչում»:+

18 Եվ մարդու տեսք ունեցողը կրկին դիպավ ինձ ու զորացրեց:+ 19 Ապա ասաց. «Մի՛ վախեցիր,+ ո՛վ թանկագին մարդ:+ Խաղաղությո՛ւն քեզ:+ Զորացի՛ր, քաջացի՛ր»: Հենց որ նա խոսեց ինձ հետ, ես ուժով լցվեցի ու ասացի. «Տե՛ր իմ, խոսիր, քանի որ դու զորացրիր ինձ»:

20 Այդ ժամանակ նա ասաց. «Գիտե՞ս, թե ինչու եմ եկել քեզ մոտ: Այժմ հետ եմ գնալու, որ մարտնչեմ Պարսկաստանի իշխանի դեմ,+ ու երբ գնամ, Հունաստանի իշխանը կգա: 21 Բայց քեզ կպատմեմ ճշմարտության գրքում գրված բաները: Չկա մեկը, որ ինձ թիկունք կանգնի այս ամենում՝ բացի Միքայելից՝+ ձեր իշխանից»:+

11 «Մարաց Դարեհի+ իշխանության առաջին տարում ես սկսեցի աջակցել ու զորացնել նրան:* 2 Այն, ինչ հիմա կպատմեմ քեզ, վստահարժան է:

Պարսկաստանում ևս երեք թագավոր է իշխանության գալու,* և չորրորդը ավելի մեծ հարստություն է կուտակելու, քան մյուս բոլորը: Երբ նա իր հարստությամբ զորավոր դառնա, ամենքին և ամեն բան կհանի Հունաստանի թագավորության դեմ:+

3 Մի հզոր թագավոր է ի հայտ գալու, որը մեծ իշխանություն է ունենալու*+ և անելու է այն, ինչ կամենալու է: 4 Երբ նա հասնի իր իշխանության գագաթնակետին, նրա թագավորությունը կփլուզվի և կցրվի երկրի չորս կողմերով:*+ Այն չի տրվի նրա սերունդներին և այլևս չի լինի այնքան հզոր, որքան որ նրա իշխանության օրոք էր, քանի որ նրա թագավորությունը արմատախիլ կլինի և ուրիշներին կտրվի:

5 Նրա իշխաններից մեկը, այսինքն՝ հարավի թագավորը, կհզորանա: Բայց մեկ ուրիշը* կգերազանցի նրան ու շատ մեծ իշխանություն կունենա, ավելի մեծ, քան նրանը:

6 Տարիներ անց նրանք դաշինք կկնքեն իրար հետ, և հարավի թագավորի աղջիկը կգա հյուսիսի թագավորի մոտ, որպեսզի համաձայնություն կնքի: Բայց նա կկորցնի իր զորությունը, թագավորը նույնպես կկորցնի իր զորությունը: Աղջիկը, նրան բերողները, ինչպես նաև նրա հայրն ու այդ ժամանակներում նրան զորացնողը ուրիշների ձեռքը կմատնվեն: 7 Աղջկա արմատներից առաջացած մի ընձյուղ կզբաղեցնի նրա* տեղը: Նա դուրս կգա զորքի և հյուսիսի թագավորի ամրոցի դեմ, կհարձակվի դրանց վրա ու հաղթանակ կտանի: 8 Նրանց աստվածներով, ձուլածո կուռքերով, արծաթե ու ոսկե թանկարժեք իրերով և գերիներով նա կգա Եգիպտոս: Նա մի քանի տարի հյուսիսի թագավորին հանգիստ կթողնի: 9 Հյուսիսի թագավորը կհարձակվի հարավի թագավորի թագավորության վրա, բայց հետո կվերադառնա իր երկիր:

10 Իսկ նրա որդիները կպատրաստվեն պատերազմի ու հսկայական զորք կհավաքեն: Նա առաջ կշարժվի ու հեղեղի պես կանցնի երկրով: Բայց հետո հետ կդառնա ու ողջ ճանապարհին կպատերազմի, մինչև որ հասնի ամրոցը:

11 Հարավի թագավորը կզայրանա, դուրս կգա և կպատերազմի նրա, այսինքն՝ հյուսիսի թագավորի դեմ: Նա էլ մեծ բազմություն ոտքի կհանի, բայց այն կտրվի նրա* ձեռքը: 12 Այդ բազմությունը կպարտվի:* Նա* կմեծամտանա ու կկործանի տասնյակ հազարավորների, բայց չի օգտվի իր հզոր դիրքից:

13 Հյուսիսի թագավորը կվերադառնա և նախորդից ավելի մեծ բազմություն կհավաքի: Որոշ ժամանակ անց՝ մի քանի տարի հետո, նա անպայման կգա մեծ և լավ սպառազինված զորքով: 14 Այդ ժամանակներում շատերը հարավի թագավորի դեմ դուրս կգան:

Քո ժողովրդի միջից բռնարար մարդիկ* կընկնեն ուրիշների ազդեցության տակ ու կփորձեն իրագործել տեսիլքը, բայց հաջողություն չեն ունենա:

15 Հյուսիսի թագավորը կգա, պատնեշ կկանգնեցնի և մի ամրացված քաղաք կգրավի: Իսկ հարավի զորքերը,* անգամ նրա լավագույն ռազմիկները չեն կարողանա դիմադրել. նրանք դիմադրելու ուժ չեն ունենա: 16 Հարավի թագավորի դեմ դուրս եկողը կանի այն, ինչ կկամենա, և ոչ ոք չի կարողանա դիմակայել նրան: Նա կկանգնի Չքնաղ* երկրում,+ և նրա ձեռքում կործանելու զորություն կլինի: 17 Նա կվճռի գալ իր թագավորության ողջ զորությամբ: Նրա հետ համաձայնություն կկնքվի, ու նա կիրագործի իր մտքինը: Նրան թույլ կտրվի վնաս հասցնել կանանց աղջկան: Վերջինս չի կարողանա դիմադրել ու այլևս նրանը չի լինի: 18 Նա* իր ուշադրությունը կդարձնի ծովափնյա շրջաններին ու շատ տարածքներ կգրավի: Եվ մի զորապետ վերջ կդնի նրա գոռոզ վարքագծին, և գոռոզությամբ վարվողը կնվաստացվի: 19 Հետո վերջինս կվերադառնա իր երկրի ամրոցները, բայց կսայթաքի և կընկնի ու այլևս գոյություն չի ունենա:

20 Նրա տեղը կզբաղեցնի մեկ ուրիշը, ով հավաքագրող* կուղարկի, որ նա անցնի փառահեղ թագավորության միջով: Բայց մի քանի օրից նա* կկործանվի, թեև պատճառը ո՛չ բարկությունը կլինի, ո՛չ էլ պատերազմը:

21 Նրա տեղը կզբաղեցնի մեկը, ով արհամարհված* է, և նրան թագավորական մեծափառության չեն արժանացնի: Նա կգա խաղաղ ժամանակ* և խորամանկությամբ* կտիրանա թագավորությանը: 22 Նա կջախջախի զորքերը, որ հեղեղի են նման: Դրանք կկործանվեն, իսկ ուխտի+ Առաջնորդը+ կսպանվի: 23 Քանի որ նրա հետ դաշինք կկնքվի, նա խաբեությամբ կվարվի և փոքրաթիվ ազգի օգնությամբ կհզորանա: 24 Խաղաղ ժամանակ նա կմտնի մարզի ամենահարուստ տարածքները և կանի այն, ինչ իր նախորդները չեն արել: Նա ժողովրդի միջև կբաժանի կողոպտվածը, ավարը և ունեցվածքը, ծրագրեր կկազմի ամրությունների դեմ, բայց միայն մի որոշ ժամանակ:

25 Նա ուժ և քաջություն կհավաքի, որ մեծ զորքով դուրս գա հարավի թագավորի դեմ: Հարավի թագավորն էլ կպատրաստվի պատերազմելու նրա դեմ չափազանց մեծ ու հզոր զորքով: Բայց նա* չի կարողանա դիմադրել, որովհետև իր դեմ ծրագրեր կկազմվեն: 26 Նրան կկործանեն հենց նրա ընտիր կերակուրներն ուտողները:

Նրա զորքը կջախջախվի, և շատերը կսպանվեն:

27 Այս երկու թագավորների սիրտը հակված կլինի չարիք անելու: Նրանք կնստեն մի սեղանի շուրջ և կստեն իրար: Սակայն հաջողություն չեն ունենա, քանի որ վերջը սահմանված ժամանակին է գալու:+

28 Նա* իր երկիր կվերադառնա շատ ունեցվածքով և կվճռի դուրս գալ սուրբ ուխտի դեմ: Նա կիրագործի իր մտադրությունն ու կվերադառնա իր երկիր:

29 Սահմանված ժամանակին նա կրկին դուրս կգա հարավի դեմ: Բայց այս անգամ առաջվա պես չի լինի, 30 քանի որ նրա դեմ դուրս կգան Կիտիմի+ նավերը, և նա կխոնարհեցվի:

Նա կվերադառնա ու իր բարկությունը կթափի սուրբ ուխտի վրա+ և կիրագործի իր մտադրությունը: Երբ վերադառնա, ուշադրություն կդարձնի սուրբ ուխտը դրժողներին: 31 Նրա զորքերը* գործի կանցնեն և կպղծեն սրբարանը,+ որն ամրոց է, ու կդադարեցնեն մշտական զոհաբերությունը:+

Եվ հիմք կդրվի կործանում բերող գարշանքին:+

32 Նա կեղծավոր խոսքերով* հավատուրացության կտանի նրանց, ովքեր չար գործեր են անում՝ այդպիսով դրժելով ուխտը: Բայց իր Աստծուն ճանաչող ժողովուրդը ամուր կլինի և հաջողություն կունենա: 33 Իմաստություն ունեցող+ մարդիկ շատերին կսովորեցնեն: Մի քանի օր նրանց տառապանք կպատճառեն. նրանք կընկնեն սրից, կայրվեն կրակով, կգերեվարվեն և կկողոպտվեն: 34 Բայց երբ տառապեն, նրանց մի փոքր օգնություն ցույց կտրվի: Շատերը, կեղծավոր խոսքեր ասելով,* կմիանան նրանց: 35 Իմաստություն ունեցող մարդկանցից ոմանց տառապանք կպատճառեն, որպեսզի դրա շնորհիվ մինչև վերջի ժամանակը ժողովուրդը զտվի, մաքրվի և սպիտակեցվի:+ Սա լինելու է սահմանված ժամանակին:

36 Այդ թագավորը կանի այն, ինչ կկամենա, նա իրեն բոլոր աստվածներից կբարձրացնի ու կմեծարի և աստվածների Աստծու դեմ+ ապշեցուցիչ բաներ կխոսի: Նա հաջողություն կունենա, մինչև բարկության ժամանակը ավարտվի, քանի որ այն, ինչ որոշվել է, պետք է կատարվի: 37 Նա կարհամարհի իր հայրերի Աստծուն, կարհամարհի նաև կանանց ցանկություններն ու մյուս բոլոր աստվածներին և իրեն բոլորից բարձր կդասի: 38 Նա փառք կտա ամրոցների աստծուն՝ իր հայրերին անծանոթ մի աստծու՝ տալով նրան ոսկի, արծաթ, թանկարժեք քարեր և այլ արժեքավոր բաներ: 39 Այդ օտար աստծու օգնությամբ նա հաջողություն կունենա ամենաանառիկ ամրոցների դեմ պայքարում: Իրեն ընդունողներին* նա մեծ փառք կշնորհի ու նրանց շատերի վրա կառավարիչ կնշանակի: Վճարի դիմաց նա տարածքներ կտա:

40 Վերջի ժամանակում հարավի թագավորը հակամարտության մեջ կմտնի հյուսիսի թագավորի հետ, և վերջինս փոթորկի պես դուրս կգա նրա դեմ կառքերով, հեծյալներով ու շատ նավերով: Նա կմտնի երկրներ և հեղեղի պես կանցնի դրանցով: 41 Նաև կմտնի Չքնաղ երկիր+ ու շատ երկրներ կտապալի: Բայց նրա ձեռքից կազատվեն Եդոմը, Մովաբն ու ամմոնացիների գլխավորները: 42 Նա կշարունակի իր զորությունն օգտագործել ընդդեմ երկրների, ու Եգիպտոսն էլ չի ազատվի: 43 Նա կտնօրինի թաքնված գանձերը՝ ոսկին, արծաթը ու Եգիպտոսի բոլոր թանկարժեք բաները: Իսկ լիբիացիներն ու եթովպացիները կհետևեն նրան:

44 Բայց արևելքից և հյուսիսից ստացած լուրերը կանհանգստացնեն նրան, և նա մեծ ցասումով դուրս կգա, որպեսզի շատերին ոչնչացնի ու կործանի: 45 Իր արքայական վրանները կկանգնեցնի մեծ ծովի ու Չքնաղ երկրի սուրբ լեռան միջև:+ Նա կգնա դեպի իր վախճանը, և ոչ ոք նրան չի օգնի»:

12 «Այդ ժամանակ Միքայելը՝*+ մեծ իշխանը,+ որը կանգնած է քո ժողովրդի թիկունքին, գործի կանցնի:* Եվ նեղության ժամանակ կլինի, որի նմանը չի եղել ազգի առաջ գալուց ի վեր և մինչև այդ ժամանակը չի լինի: Քո ժողովուրդը՝ բոլոր նրանք, որոնց անունները գրված են գրքում,+ այդ ժամանակ կփրկվեն:+ 2 Հողի մեջ քնածներից շատերը կարթնանան. ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք էլ նախատինքի ու հավիտենական անարգանքի համար:

3 Իմաստություն ունեցողները երկնակամարի պես վառ կշողան, և շատերին արդարության ճանապարհի վրա կանգնեցնողները աստղերի պես կփայլեն հուր-հավիտյան:

4 Ո՛վ Դանիել, այս խոսքերի նշանակությունը պետք է գաղտնի պահվի, ուստի կնիք դիր գրքի վրա, մինչև գա վերջի ժամանակը:+ Շատերը խորությամբ կքննեն այն, ու ճշմարտության մասին գիտելիքները կավելանան»:*+

5 Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ գետի մոտ ևս երկու հոգի են կանգնած՝ մեկը այս ափին, մյուսը՝ այն ափին:+ 6 Հետո նրանցից մեկն ասաց կտավե հագուստ հագած մարդուն,+ որը գետի վերևում էր. «Որքա՞ն են տևելու այս զարմանահրաշ բաները»: 7 Եվ ես լսեցի կտավե հագուստ հագած մարդու ձայնը, որը գետի վերևում էր: Նա իր աջ ու ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց ու երդվեց Նրանով, ով ապրում է հավիտյան.+ «Մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ,* որոնք սահմանված են: Հենց որ սուրբ ժողովրդի զորությունը կոտրեն վերջացնեն,+ այս բոլոր բաները կավարտվեն»:

8 Ես լսեցի, բայց չհասկացա,+ ուստի հարցրի. «Ո՛վ իմ տեր, ի՞նչ ավարտ է ունենալու այս ամենը»:

9 Նա պատասխանեց. «Գնա՛, Դանիե՛լ, քանի որ գրքում գրված այդ խոսքերի նշանակությունը պետք է գաղտնի պահվի ու կնքված մնա մինչև վերջի ժամանակը:+ 10 Շատերը կմաքրվեն, կսպիտականան ու կզտվեն:+ Չար մարդիկ չար գործեր կանեն, և նրանցից ոչ ոք չի հասկանա այդ խոսքերը, բայց իմաստություն ունեցողները կհասկանան:+

11 Այն ժամանակից սկսած, երբ մշտական զոհաբերությունը+ դադարեցվի և կործանում բերող գարշանքին հիմք դրվի,+ կանցնի 1 290 օր:

12 Երջանի՛կ է նա, ով համբերությամբ* սպասում է, մինչև որ 1 335 օրը լրանա:

13 Իսկ դու հավատարիմ մնա մինչև վերջ: Դու կհանգստանաս, սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը»:*+

Այսինքն՝ Բաբելոնիա:

Բռց.՝ «Իսրայելի որդիներից»:

Բռց.՝ «երեխաներ»:

Կամ հնարավոր է՝ «սնվեին»:

Նշանակում է «իմ դատավորն Աստված է»:

Նշանակում է «Եհովան հաճություն է ցույց տվել»:

Հնարավոր է՝ նշանակում է «ո՞վ է Աստծու նման»:

Նշանակում է «Եհովան օգնել է»:

Այսինքն՝ բաբելոնական:

Այսպես էր կոչվում այն խմբավորումը, որը զբաղվում էր գուշակությամբ:

Դանիել 2:4բ-7:28-ը գրվել է արամերենով:

Կամ հնարավոր է՝ «աղբակույտ», «արտաթորանքի կույտ»:

Բառարանում տես «Երկնքի Աստված»:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Այսինքն՝ հացահատիկի թեփի:

Ըստ ամենայնի, վերաբերում է այն բանին, ինչը ներկայացված է երկաթով:

Կամ՝ «մարդկային սերնդի»: Այսինքն՝ հասարակ մարդկանց:

Խոսքը որևէ այլ ժողովրդի ղեկավարի մասին է:

Մոտ 27 մ: Տես հավելված Բ14:

Մոտ 2,7 մ:

Բառարանում տես «Սատրապ»:

Կամ՝ «զրպարտել»:

Կամ՝ «նրա վերաբերմունքը ամբողջովին փոխվեց»:

Կամ հնարավոր է՝ «աղբակույտ», «արտաթորանքի կույտ»:

Բռց.՝ «սերնդեսերունդ»:

Այսպես էր կոչվում այն խմբավորումը, որը զբաղվում էր գուշակությամբ:

Բռց.՝ «ծեփած պատին»:

Այսպես էր կոչվում այն խմբավորումը, որը զբաղվում էր գուշակությամբ:

Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:

Կամ՝ «ոգի»:

Բռց.՝ «ում ձեռքում է քո շունչը»:

Կամ՝ «ոգով»:

Կամ հնարավոր է՝ «նրա առաջ երաժիշտներ չբերվեցին»:

Կամ՝ «զրպարտող»:

Կամ՝ «գերիշխանությունը»:

Կամ՝ «պարծեցող»:

Կամ՝ «տասը հազար անգամ տասը հազար»:

Բռց.՝ «նստեց»:

Այսինքն՝ երեք ու կես ժամանակ:

Կամ՝ «ջրանցքի»:

Կամ՝ «Փառահեղ»:

Կամ՝ «բարկության»:

Կամ՝ «որը խաբեության վարպետ կլինի»:

Կամ՝ «արտասովոր»:

Կամ հնարավոր է՝ «առանց նախազգուշացնելու»:

Այսինքն՝ սուրբ գրքերից:

Բռց.՝ «մեզ դատող դատավորների»:

Բռց.՝ «բայց մենք չփափկացրինք մեր Աստված Եհովայի երեսը»:

Կամ՝ «հավատարմությունը»:

Կամ՝ «շատ ցանկալի», «բարձր գնահատված»:

Այսինքն՝ յոթնամյա շաբաթներ:

Բռց.՝ «մարգարեի»:

Կամ՝ «Օծյալի»:

Հավանաբար, խոսքը Մեսիայի մասին է:

Բռց.՝ «Հիդդեկելի»:

Կամ՝ «շատ ցանկալի», «բարձր գնահատված»:

Նշանակում է «ո՞վ է Աստծու նման»:

Կամ՝ «առաջին կարգի»:

Այսինքն՝ Միքայելին:

Բռց.՝ «վեր կենալու»:

Կամ՝ «մեծ տարածքի վրա է իշխելու»:

Բռց.՝ «դեպի երկնքի չորս քամիները»:

Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:

Ըստ ամենայնի, խոսքը հարավի թագավորի մասին է:

Ըստ ամենայնի, խոսքը հարավի թագավորի մասին է:

Բռց.՝ «կտարվի»:

Այսինքն՝ հարավի թագավորը:

Կամ՝ «կողոպտիչների որդիները»:

Բռց.՝ «բազուկները»:

Կամ՝ «Փառահեղ»:

Այսինքն՝ հյուսիսի թագավորը:

Հավանաբար «հարկահավաք» կամ «վերահսկիչ»:

Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:

Կամ՝ «արհամարհելի»:

Կամ հնարավոր է՝ «առանց նախազգուշացնելու»:

Կամ՝ «խարդավանքներով»:

Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:

Ըստ ամենայնի, խոսքը հյուսիսի թագավորի մասին է:

Բռց.՝ «բազուկները»:

Կամ՝ «շողոքորթությամբ»:

Կամ՝ «շողոքորթությամբ»:

Կամ հնարավոր է՝ «Ցանկացած մեկին, ում ինքը կընդունի»:

Նշանակում է «ո՞վ է Աստծու նման»:

Բռց.՝ «վեր կկենա»:

Կամ՝ «կտարածվեն»:

Այսինքն՝ երեք ու կես ժամանակ:

Կամ՝ «փափագով»:

Կամ՝ «վեր կկենաս քեզ բաժին ընկած տարածքում»:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը