10 հուլիսի, հինգշաբթի
Ձեր խնդրանքները հայտնեք [Աստծուն] (Փիլիպ. 4։6)։
Մենք ավելի դիմացկուն կդառնանք այն դեպքում, եթե հաճախակի ու ջերմեռանդորեն աղոթենք Եհովային ու պատմենք նրան մեր անհանգստությունների մասին (1 Թեսաղ. 5։17)։ Նույնիսկ եթե այս պահին ծանր փորձության միջով չես անցնում, ամեն անգամ, երբ նեղված ես լինում, շփոթված կամ վհատված, աղոթիր Եհովային և խնդրիր, որ օգնի քեզ։ Եթե այսօր իսկ քո առօրյա խնդիրները հաղթահարելու համար դիմես Աստծուն, ապագայում, երբ ավելի մեծ խնդիրների բախվես, չես վարանի այդպես վարվել և համոզված կլինես, որ Եհովան հստակ գիտի, թե երբ և ինչպես օգնի քեզ (Սաղ. 27։1, 3)։ Եթե հավատարմորեն տոկանք ներկայիս դժվարությունների ներքո, ավելի հավանական է, որ կդիմանանք ապագայում սպասվող մեծ նեղությանը (Հռոմ. 5։3)։ Շատ եղբայրներ ու քույրեր ասում են, որ հավատի յուրաքանչյուր փորձություն, որի միջով նրանք անցել են, իրենց պատրաստել է հաջորդ փորձությանը։ Դիմանալու շնորհիվ նրանց հավատն ավելացել է այն հարցում, որ Եհովան կաջակցի իրենց։ Հավատն էլ իր հերթին օգնել է նրանց հաղթահարել հաջորդ դժվարությունը (Հակ. 1։2-4)։ w23.07, էջ 3, պրբ. 7-8
11 հուլիսի, ուրբաթ
Ես կկատարեմ խնդրանքդ (Ծննդ. 19։21)։
Եհովայի խոնարհությունն ու կարեկցանքը մղում են նրան լինելու խոհեմ։ Օրինակ՝ Եհովայի խոնարհությունն ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր կործանել Սոդոմում ապրող չար մարդկանց։ Հրեշտակի միջոցով Եհովան պատվիրեց արդար Ղովտին փախչել լեռները, բայց վերջինս վախեցավ այնտեղ գնալ։ Նա աղաչեց Եհովային, որ ինքն ու իր ընտանիքը ապաստան գտնեն Սեգոր անունով փոքր քաղաքում, որը նույնպես կործանման էր ենթակա։ Եհովան կարող էր պահանջել, որ Ղովտը խստորեն հետևեր իր հրահանգներին, բայց նա կատարեց իր ծառայի խնդրանքը և արդյունքում փոխեց Սեգոր քաղաքը կործանելու իր մտադրությունը (Ծննդ. 19։18-22)։ Դարեր անց Եհովան կարեկցանք դրսևորեց Նինվեի բնակիչների հանդեպ։ Նա ուղարկեց Հովնան մարգարեին, որ հայտնի այդ քաղաքի և դրա չար բնակիչների վերահաս կործանման մասին։ Բայց երբ նինվեցիները զղջացին, Եհովան խղճաց նրանց և չկործանեց (Հովն. 3։1, 10; 4։10, 11)։ w23.07, էջ 21, պրբ. 5
12 հուլիսի, շաբաթ
Հովասին սպանեցին.... բայց [չթաղեցին] թագավորների գերեզմանոցում (2 Տար. 24։25)։
Հովասին կարելի է նմանեցնել մի ծառի, որը խոր արմատներ չուներ և կանգնած էր հենակի շնորհիվ։ Երբ հենակը, այսինքն՝ Հովիադան, այլևս չկար, հավատուրացության քամիները փչեցին, և Հովասը տապալվեց։ Մեր աստվածավախությունը չպետք է կախված լինի միայն մեր հավատակիցների, այդ թվում՝ ընտանիքի անդամների լավ ազդեցությունից։ Հոգևորապես ուժեղ մնալու համար մենք ինքներս պետք է ջանքեր թափենք, որ նվիրված մնանք Եհովային և ակնածալից վախ ունենանք նրա հանդեպ։ Դրա համար կարևոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, խորհրդածել դրա շուրջ և աղոթել (Երեմ. 17։7, 8; Կող. 2։6, 7)։ Իրականում, Եհովան մեզանից շատ բան չի պահանջում։ Ժողովող 12։13-ում ասվում է. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները։ Դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում»։ Եթե աստվածավախ լինենք, կհաղթահարենք ապագա փորձությունները և հավատարիմ կմնանք Եհովային։ Այդ դեպքում ոչինչ չի կարող վնասել նրա հետ ունեցած մեր ընկերությունը։ w23.06, էջ 19, պրբ. 17-19