18 հուլիսի, ուրբաթ
[Նա] մեզ թագավորներ ու քահանաներ դարձրեց իր Աստծու և Հոր համար (Հայտն. 1։6)։
Քրիստոսի աշակերտներից միայն սահմանափակ թվով մարդիկ են օծվել սուրբ ոգով, և նրանք հատուկ փոխհարաբերություններ են վայելում Եհովայի հետ։ Այս 144 000 անհատները Հիսուսի հետ երկնքում ծառայելու են որպես քահանաներ (Հայտն. 14։1)։ Խորանի Սրբությունը խորհրդանշում է երկրի վրա որպես Աստծու որդիներ ոգուց ծնված լինելու նրանց կարգավիճակը (Հռոմ. 8։15-17)։ Խորանի Սրբությունների Սրբությունը խորհրդանշում է երկինքը՝ Եհովայի բնակության վայրը։ «Վարագույրը», որը Սրբությունը բաժանում է Սրբությունների Սրբությունից, ներկայացնում է Հիսուսի մարդկային մարմինը։ Այն խոչընդոտ էր հանդիսանում, որ նա մտներ երկինք՝ որպես հոգևոր տաճարի մեծ Քահանայապետ։ Իր մարդկային մարմինը մարդկության համար զոհաբերելով՝ Հիսուսը բոլոր օծյալ քրիստոնյաների համար բացեց երկնային կյանքի ճանապարհը։ Այդ երկնային պարգևը ստանալու համար նրանք նույնպես պետք է թողնեն իրենց ֆիզիկական մարմինները (Եբր. 10։19, 20; 1 Կորնթ. 15։50)։ w23.10, էջ 28, պրբ. 13
19 հուլիսի, շաբաթ
Ժամանակը չի հերիքի, եթե պատմեմ Գեդեոնի.... մասին (Եբր. 11։32)։
Գեդեոնը մեղմությամբ պատասխանեց, երբ եփրեմյանները քննադատեցին իրեն (Դատ. 8։1-3)։ Նա բարկությամբ չարձագանքեց, այլ խոնարհություն դրսևորեց՝ լսելով նրանց անհանգստությունները և նրբանկատորեն հարթելով լարված իրավիճակը։ Քննադատության ենթարկվելիս իմաստուն երեցները կընդօրինակեն Գեդեոնին, եթե ուշադրությամբ լսեն և մեղմությամբ պատասխանեն (Հակ. 3։13)։ Այդպիսով՝ նրանք կնպաստեն ժողովի խաղաղությանը։ Երբ Գեդեոնին գովաբանեցին մադիանացիների դեմ տարած հաղթանակի համար, նա ուշադրությունը Եհովայի վրա հրավիրեց (Դատ. 8։22, 23)։ Նմանապես երեցները, երբ որևէ գործում հաջողության են հասնում, կարող են փառքը Եհովային ուղղել (1 Կորնթ. 4։6, 7)։ Օրինակ, երբ երեցին գովում են իր ուսուցողական հմտությունների համար, նա կարող է ուշադրությունը հրավիրել կրթության աղբյուրի՝ Աստվածաշնչի կամ Եհովայի կազմակերպության տրամադրած ուսուցման վրա։ Լավ կլինի, որ երեցները երբեմն մտածեն, թե արդյոք իրենց ուսուցանելու կերպը անհարկի ուշադրություն չի հրավիրում իրենց վրա։ w23.06, էջ 4, պրբ. 7-8
20 հուլիսի, կիրակի
Ձեր մտքերը իմ մտքերը չեն (Ես. 55։8)։
Եթե մեր աղոթքներն անպատասխան են մնում, կարող ենք մտածել. «Արդյո՞ք ճիշտ բաների համար եմ աղոթում»։ Հաճախ մեզ թվում է՝ գիտենք՝ ինչն է լավագույնը մեզ համար։ Բայց մենք կարող ենք սխալվել։ Գուցե ինչ-որ խնդրի հետ կապված կոնկրետ լուծում ենք խնդրում Եհովայից, բայց պետք է հիշենք, որ նա թերևս այդ խնդիրը լուծելու ավելի լավ տարբերակ ունի։ Բացի այդ՝ հնարավոր է՝ մեր խնդրածը ներդաշնակ չէ Աստծու կամքին (1 Հովհ. 5։14)։ Օրինակ՝ երկու ծնող խնդրում էին, որ Եհովան իրենց երեխային ճշմարտության մեջ պահի։ Առաջին հայացքից այդ խնդրանքը տեղին է թվում։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա ուզում է, որ բոլորը, այդ թվում՝ մեր երեխաները, ինքնուրույն որոշեն պաշտել իրեն, թե ոչ (2 Օրենք 10։12, 13; 30։19, 20)։ Փոխարենը ծնողները կարող էին խնդրել, որ Աստված օգնի իրենց հասնել երեխայի սրտին, որպեսզի նա մղվի սիրելու նրան և դառնալու նրա ընկերը (Առակ. 22։6; Եփես. 6։4)։ w23.11, էջ 21, պրբ. 5; էջ 23, պրբ. 12