19 հուլիսի, շաբաթ
Ժամանակը չի հերիքի, եթե պատմեմ Գեդեոնի.... մասին (Եբր. 11։32)։
Գեդեոնը մեղմությամբ պատասխանեց, երբ եփրեմյանները քննադատեցին իրեն (Դատ. 8։1-3)։ Նա բարկությամբ չարձագանքեց, այլ խոնարհություն դրսևորեց՝ լսելով նրանց անհանգստությունները և նրբանկատորեն հարթելով լարված իրավիճակը։ Քննադատության ենթարկվելիս իմաստուն երեցները կընդօրինակեն Գեդեոնին, եթե ուշադրությամբ լսեն և մեղմությամբ պատասխանեն (Հակ. 3։13)։ Այդպիսով՝ նրանք կնպաստեն ժողովի խաղաղությանը։ Երբ Գեդեոնին գովաբանեցին մադիանացիների դեմ տարած հաղթանակի համար, նա ուշադրությունը Եհովայի վրա հրավիրեց (Դատ. 8։22, 23)։ Նմանապես երեցները, երբ որևէ գործում հաջողության են հասնում, կարող են փառքը Եհովային ուղղել (1 Կորնթ. 4։6, 7)։ Օրինակ, երբ երեցին գովում են իր ուսուցողական հմտությունների համար, նա կարող է ուշադրությունը հրավիրել կրթության աղբյուրի՝ Աստվածաշնչի կամ Եհովայի կազմակերպության տրամադրած ուսուցման վրա։ Լավ կլինի, որ երեցները երբեմն մտածեն, թե արդյոք իրենց ուսուցանելու կերպը անհարկի ուշադրություն չի հրավիրում իրենց վրա։ w23.06, էջ 4, պրբ. 7-8
20 հուլիսի, կիրակի
Ձեր մտքերը իմ մտքերը չեն (Ես. 55։8)։
Եթե մեր աղոթքներն անպատասխան են մնում, կարող ենք մտածել. «Արդյո՞ք ճիշտ բաների համար եմ աղոթում»։ Հաճախ մեզ թվում է՝ գիտենք՝ ինչն է լավագույնը մեզ համար։ Բայց մենք կարող ենք սխալվել։ Գուցե ինչ-որ խնդրի հետ կապված կոնկրետ լուծում ենք խնդրում Եհովայից, բայց պետք է հիշենք, որ նա թերևս այդ խնդիրը լուծելու ավելի լավ տարբերակ ունի։ Բացի այդ՝ հնարավոր է՝ մեր խնդրածը ներդաշնակ չէ Աստծու կամքին (1 Հովհ. 5։14)։ Օրինակ՝ երկու ծնող խնդրում էին, որ Եհովան իրենց երեխային ճշմարտության մեջ պահի։ Առաջին հայացքից այդ խնդրանքը տեղին է թվում։ Սակայն Եհովան ոչ ոքի չի ստիպում ծառայել իրեն։ Նա ուզում է, որ բոլորը, այդ թվում՝ մեր երեխաները, ինքնուրույն որոշեն պաշտել իրեն, թե ոչ (2 Օրենք 10։12, 13; 30։19, 20)։ Փոխարենը ծնողները կարող էին խնդրել, որ Աստված օգնի իրենց հասնել երեխայի սրտին, որպեսզի նա մղվի սիրելու նրան և դառնալու նրա ընկերը (Առակ. 22։6; Եփես. 6։4)։ w23.11, էջ 21, պրբ. 5; էջ 23, պրբ. 12
21 հուլիսի, երկուշաբթի
Շարունակ մխիթարեք միմյանց (1 Թեսաղ. 4։18)։
Ինչո՞ւ ենք ասում, որ ուրիշներին մխիթարելը սեր դրսևորելու կարևոր կերպերից է։ Աստվածաշնչի մասին մի աշխատությունում ասվում է, որ Պողոսի օգտագործած «մխիթարել» բառը նշանակում է «կանգնել մեկի կողքին և քաջալերել նրան, երբ նա ծանր փորձությունների միջով է անցնում»։ Մխիթարելով նեղության մեջ եղող մեր հավատակցին՝ մենք օգնում ենք նրան վեր կենալ և շարունակել քայլել կյանքի ճանապարհով։ Ուստի ամեն անգամ, երբ մխիթարում ենք մեր հավատակցին, ցույց ենք տալիս, որ սիրում ենք նրան (2 Կորնթ. 7։6, 7, 13)։ Կարեկցանք դրսևորելն ու մխիթարելը սերտորեն կապված են։ Կարեկից մարդը մղվում է մխիթարելու ուրիշներին և թեթևացնելու նրանց ցավը։ Հետևաբար նախ՝ մենք կարեկցում ենք մարդկանց, ապա՝ մխիթարում նրանց։ Պողոսը ցույց տվեց, որ Եհովան էլ է այդպես վարվում։ Նա ասաց, որ Եհովան «գթասրտության Հայրն [է] և ամենայն մխիթարության Աստվածը» (2 Կորնթ. 1։3)։ w23.11, էջ 9-10, պրբ. 8-10