22 հուլիսի, երեքշաբթի
Ցնծանք, երբ նեղությունների ենք բախվում (Հռոմ. 5։3)։
Քրիստոսի բոլոր հետևորդներն էլ նեղություններ են ունենում։ Նկատի առնենք Պողոս առաքյալի օրինակը։ Նա թեսաղոնիկեցիներին գրել է. «Երբ ձեզ հետ էինք, նախազգուշացնում էինք, որ պետք է նեղություններ կրենք.... հենց այդպես էլ լինում է» (1 Թեսաղ. 3։4)։ Իսկ կորնթացիներին նա հետևյալն է գրել. «Եղբայրնե՛ր, ուզում ենք՝ տեղյակ լինեք, թե ինչ փորձության բախվեցինք.... նույնիսկ չգիտեինք՝ ողջ կմնանք, թե ոչ» (2 Կորնթ. 1։8; 11։23-27)։ Այսօր էլ քրիստոնյաները պետք է ակնկալեն, որ ինչ-որ տեսակի նեղություն են կրելու (2 Տիմոթ. 3։12)։ Հիսուսին հավատալու և նրա հետևորդը դառնալու համար հնարավոր է՝ ընկերներդ ու հարազատներդ թշնամաբար են վարվել քեզ հետ։ Կամ՝ գուցե ամեն ինչում ազնիվ լինելու քո վճռականության պատճառով խնդիրներ ես ունեցել աշխատավայրում (Եբր. 13։18)։ Թերևս քարոզչական ծառայությանը մասնակցելիս էլ պետական պաշտոնյաների կողմից խոչընդոտների ես հանդիպել։ Պողոսն ասաց, որ անկախ նրանից, թե ինչ դժվարության կբախվենք, պետք է ուրախ լինենք։ w23.12, էջ 10-11, պրբ. 9-10
23 հուլիսի, չորեքշաբթի
Դուք գլխիս մեծ փորձանք բերեցիք (Ծննդ. 34։30)։
Հակոբի կյանքում շատ խնդիրներ եղան։ Նրա երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին, խայտառակեցին իրենց ընտանիքը և անարգանք բերեցին Եհովայի անվանը։ Բացի այդ՝ նրա սիրելի կինը՝ Ռաքելը, երկրորդ որդուն ծննդաբերելիս մահացավ։ Իսկ տարիներ անց սաստիկ սովի պատճառով Հակոբը տարեց հասակում ստիպված եղավ տեղափոխվել Եգիպտոս (Ծննդ. 35։16-19; 37։28; 45։9-11, 28)։ Չնայած այս ամենին՝ Հակոբը երբեք չկորցրեց հավատը Եհովայի և նրա խոստումների հանդեպ։ Եհովան էլ իր հերթին ցույց տվեց, որ Հակոբն ունի իր հավանությունը։ Օրինակ՝ նրա օրհնությամբ Հակոբը նյութապես բարգավաճում էր։ Բացի այդ՝ Եհովան այնպես արեց, որ տարիներ անց նա հանդիպի իր որդուն՝ Հովսեփին, ում երկար ժամանակ մեռած էր համարում։ Կարելի է պատկերացնել, թե որքան երախտապարտ էր Հակոբը Եհովային։ Աստծու հետ մտերիմ լինելու շնորհիվ նա կարողացավ հաղթահարել իր դժվարությունները (Ծննդ. 30։43; 32։9, 10; 46։28-30)։ Մենք նույնպես կարող ենք դիմանալ կյանքի անսպասելի հարվածներին, եթե մտերիմ մնանք Եհովայի հետ։ w23.04, էջ 15, պրբ. 6-7
24 հուլիսի, հինգշաբթի
Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա (Սաղ. 23։1)։
23-րդ սաղմոսում Դավիթն արտահայտում է իր համոզվածությունը այն բանում, որ Եհովան սիրում և հոգ է տանում իր մասին։ Նա նկարագրում է իր և իր Հովվի՝ Եհովայի միջև եղած մտերմությունը՝ ջերմ կապվածությունը։ Դավիթն իրեն ապահով ձեռքերում էր զգում և թույլ էր տալիս, որ Եհովան առաջնորդի իրեն։ Նա լիովին ապավինում էր նրան և գիտեր, որ Եհովան կշարունակի սեր դրսևորել իր հանդեպ իր ողջ կյանքում։ Եհովան միշտ ապահովում էր նրան ամեն անհրաժեշտ բանով։ Դավիթը նաև վայելում էր Եհովայի ընկերությունը և ուներ նրա հավանությունը։ Դրա համար էլ համոզված էր, որ անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում, Եհովան կշարունակի հոգալ իր բոլոր կարիքների մասին։ Եհովայի սիրո հանդեպ ունեցած Դավթի վստահությունն այնքան ամուր էր, որ օգնում էր նրան հաղթահարել ցանկացած մտահոգություն և ապրել երջանիկ ու բավարարված կյանքով (Սաղ. 16։11)։ w24.01, էջ 28-29, պրբ. 12-13