23 հուլիսի, չորեքշաբթի
Դուք գլխիս մեծ փորձանք բերեցիք (Ծննդ. 34։30)։
Հակոբի կյանքում շատ խնդիրներ եղան։ Նրա երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին, խայտառակեցին իրենց ընտանիքը և անարգանք բերեցին Եհովայի անվանը։ Բացի այդ՝ նրա սիրելի կինը՝ Ռաքելը, երկրորդ որդուն ծննդաբերելիս մահացավ։ Իսկ տարիներ անց սաստիկ սովի պատճառով Հակոբը տարեց հասակում ստիպված եղավ տեղափոխվել Եգիպտոս (Ծննդ. 35։16-19; 37։28; 45։9-11, 28)։ Չնայած այս ամենին՝ Հակոբը երբեք չկորցրեց հավատը Եհովայի և նրա խոստումների հանդեպ։ Եհովան էլ իր հերթին ցույց տվեց, որ Հակոբն ունի իր հավանությունը։ Օրինակ՝ նրա օրհնությամբ Հակոբը նյութապես բարգավաճում էր։ Բացի այդ՝ Եհովան այնպես արեց, որ տարիներ անց նա հանդիպի իր որդուն՝ Հովսեփին, ում երկար ժամանակ մեռած էր համարում։ Կարելի է պատկերացնել, թե որքան երախտապարտ էր Հակոբը Եհովային։ Աստծու հետ մտերիմ լինելու շնորհիվ նա կարողացավ հաղթահարել իր դժվարությունները (Ծննդ. 30։43; 32։9, 10; 46։28-30)։ Մենք նույնպես կարող ենք դիմանալ կյանքի անսպասելի հարվածներին, եթե մտերիմ մնանք Եհովայի հետ։ w23.04, էջ 15, պրբ. 6-7
24 հուլիսի, հինգշաբթի
Եհովան իմ Հովիվն է։ Ես ոչ մի բանի պակաս չեմ ունենա (Սաղ. 23։1)։
23-րդ սաղմոսում Դավիթն արտահայտում է իր համոզվածությունը այն բանում, որ Եհովան սիրում և հոգ է տանում իր մասին։ Նա նկարագրում է իր և իր Հովվի՝ Եհովայի միջև եղած մտերմությունը՝ ջերմ կապվածությունը։ Դավիթն իրեն ապահով ձեռքերում էր զգում և թույլ էր տալիս, որ Եհովան առաջնորդի իրեն։ Նա լիովին ապավինում էր նրան և գիտեր, որ Եհովան կշարունակի սեր դրսևորել իր հանդեպ իր ողջ կյանքում։ Եհովան միշտ ապահովում էր նրան ամեն անհրաժեշտ բանով։ Դավիթը նաև վայելում էր Եհովայի ընկերությունը և ուներ նրա հավանությունը։ Դրա համար էլ համոզված էր, որ անկախ նրանից, թե ինչ կլինի ապագայում, Եհովան կշարունակի հոգալ իր բոլոր կարիքների մասին։ Եհովայի սիրո հանդեպ ունեցած Դավթի վստահությունն այնքան ամուր էր, որ օգնում էր նրան հաղթահարել ցանկացած մտահոգություն և ապրել երջանիկ ու բավարարված կյանքով (Սաղ. 16։11)։ w24.01, էջ 28-29, պրբ. 12-13
25 հուլիսի, ուրբաթ
Ես ձեզ հետ եմ ամեն օր՝ մինչև այս աշխարհի վախճանի ժամանակները (Մատթ. 28։20)։
Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եհովայի ժողովուրդը շատ երկրներում որոշ չափով խաղաղություն և ազատություն է վայելել, ինչի շնորհիվ կարողացել է առաջ տանել քարոզչական գործը։ Այդպես քարոզչությունը մեծ թափ է առել։ Կառավարիչ մարմնի անդամները շարունակում են հետևել Քրիստոսի առաջնորդությանը։ Նրանք ուզում են, որ ժողովներին ուղարկված առաջնորդությունը արտացոլի Եհովայի և Հիսուսի մտածելակերպը։ Կառավարիչ մարմինը շրջանային վերակացուների և երեցների միջոցով առաջնորդությունը փոխանցում է ժողովներին։ Հիշենք, որ օծյալ երեցները Քրիստոսի «աջ ձեռքում» են (Հայտն. 2։1)։ Բոլոր երեցներն էլ, այդ թվում՝ օծյալ երեցները, անկատար են և սխալներ են թույլ տալիս, ինչպես որ Մովսեսը, Հեսուն և առաքյալները (Թվեր 20։12; Հեսու 9։14, 15; Հռոմ. 3։23)։ Բայց մենք հստակ տեսնում ենք, որ Հիսուսը շարունակ առաջնորդում է հավատարիմ ծառային և սուրբ ոգով նշանակված երեցներին։ Ուստի մենք բոլոր պատճառներն ունենք վստահելու այն առաջնորդությանը, որը տրվում է նրանց միջոցով, ովքեր պատասխանատու են քարոզչական գործի համար։ w24.02, էջ 23, պրբ. 13-14