9 օգոստոսի, շաբաթ
Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևորդը լինել, թող ուրանա իր անձը և ամեն օր կրելով իր տանջանքի սյունը՝ շարունակ ինձ հետևի (Ղուկ. 9։23)։
Թերևս հակառակության ես բախվել ընտանիքիդ կողմից կամ էլ Թագավորության շահերը առաջին տեղում դնելու համար որոշ նյութական զոհողություններ ես արել (Մատթ. 6։33)։ Կարող ես համոզված լինել, որ այդ ամենը չի վրիպել Եհովայի աչքից (Եբր. 6։10)։ Հավանաբար, քո փորձով ես համոզվել, թե որքան ճշմարիտ են Հիսուսի հետևյալ խոսքերը. «Չկա մեկը, որ իմ անվան և բարի լուրի համար թողած լինի տուն, եղբայրներ, քույրեր, մայր, հայր, զավակներ կամ էլ արտեր, որ այժմ չստանա հարյուրապատիկը՝ տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, զավակներ ու արտեր, հետն էլ՝ հալածանքներ, իսկ ապագայում՝ հավիտենական կյանք» (Մարկ. 10։29, 30)։ Ինչ խոսք, քո ստացած օրհնությունները շատ ավելին են, քան այն զոհողությունները, որ արել ես (Սաղ. 37։4)։ w24.03, էջ 9, պրբ. 5
10 օգոստոսի, կիրակի
Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված (Առակ. 17։17)։
Երբ Հրեաստանում մեծ սով սկսվեց, Ասորիքի Անտիոքի ժողովի եղբայրները «որոշեցին օգնություն ուղարկել Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով» (Գործ. 11։27-30)։ Չնայած հեռավորությանը՝ Անտիոքի եղբայրները որոշեցին օգնել սովի մատնված իրենց հավատակիցներին (1 Հովհ. 3։17, 18)։ Մենք նույնպես կարող ենք կարեկցանք դրսևորել, երբ իմանում ենք, որ մեր հավատակիցները տուժել են աղետից։ Նման իրավիճակներում մենք անմիջապես օգնության ձեռք ենք մեկնում՝ երեցներին հարցնելով, թե ինչ անելու կարիք կա, կամ համաշխարհային գործի համար նվիրատվություն ենք անում և աղոթում աղետից տուժած մեր հավատակիցների համար։ Նրանք գուցե անգամ իրենց հիմնական կարիքները հոգալու հարցում օգնության կարիք ունենան։ Երբ մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, գա մարդկանց դատելու, թող որ մեզ տեսնի կարեկցանք դրսևորելիս և հրավիրի «ժառանգելու.... Թագավորությունը» (Մատթ. 25։34-40)։ w23.07, էջ 4, պրբ. 9-10; էջ 6, պրբ. 12
11 օգոստոսի, երկուշաբթի
Թող ձեր խոհեմությունը ակնհայտ լինի բոլորին (Փիլիպ. 4։5)։
Հիսուսը ընդօրինակում էր Եհովայի խոհեմությունը։ Նա ուղարկվել էր երկիր՝ քարոզելու «Իսրայելի տան կորած ոչխարներին»։ Բայց այդ հանձնարարությունը կատարելիս նա խոհեմություն դրսևորեց։ Օրինակ՝ մի անգամ, երբ ոչ իսրայելացի մի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, ով «դիվահար էր ու շատ էր տանջվում», Հիսուսը կարեկցանք դրսևորեց և բուժեց աղջկան (Մատթ. 15։21-28)։ Նկատի առնենք մեկ այլ օրինակ։ Մի առիթով Հիսուսն ասել էր. «Ով ինձ ուրանա.... ես էլ նրան կուրանամ» (Մատթ. 10։33)։ Բայց նա չուրացավ Պետրոսին, ով երեք անգամ ուրացել էր իրեն։ Հիսուսը հաշվի առավ Պետրոսի զղջումն ու դրսևորած հավատը։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին և, ամենայն հավանականությամբ, հավաստիացրեց, որ սիրում է նրան և ներել է (Ղուկ. 24։33, 34)։ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը խոհեմ են։ Եհովան ակնկալում է, որ մենք նույնպես խոհեմ լինենք։ w23.07, էջ 21, պրբ. 6-7