10 օգոստոսի, կիրակի
Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված (Առակ. 17։17)։
Երբ Հրեաստանում մեծ սով սկսվեց, Ասորիքի Անտիոքի ժողովի եղբայրները «որոշեցին օգնություն ուղարկել Հրեաստանում ապրող եղբայրներին՝ յուրաքանչյուրն իր կարողության չափով» (Գործ. 11։27-30)։ Չնայած հեռավորությանը՝ Անտիոքի եղբայրները որոշեցին օգնել սովի մատնված իրենց հավատակիցներին (1 Հովհ. 3։17, 18)։ Մենք նույնպես կարող ենք կարեկցանք դրսևորել, երբ իմանում ենք, որ մեր հավատակիցները տուժել են աղետից։ Նման իրավիճակներում մենք անմիջապես օգնության ձեռք ենք մեկնում՝ երեցներին հարցնելով, թե ինչ անելու կարիք կա, կամ համաշխարհային գործի համար նվիրատվություն ենք անում և աղոթում աղետից տուժած մեր հավատակիցների համար։ Նրանք գուցե անգամ իրենց հիմնական կարիքները հոգալու հարցում օգնության կարիք ունենան։ Երբ մեր Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, գա մարդկանց դատելու, թող որ մեզ տեսնի կարեկցանք դրսևորելիս և հրավիրի «ժառանգելու.... Թագավորությունը» (Մատթ. 25։34-40)։ w23.07, էջ 4, պրբ. 9-10; էջ 6, պրբ. 12
11 օգոստոսի, երկուշաբթի
Թող ձեր խոհեմությունը ակնհայտ լինի բոլորին (Փիլիպ. 4։5)։
Հիսուսը ընդօրինակում էր Եհովայի խոհեմությունը։ Նա ուղարկվել էր երկիր՝ քարոզելու «Իսրայելի տան կորած ոչխարներին»։ Բայց այդ հանձնարարությունը կատարելիս նա խոհեմություն դրսևորեց։ Օրինակ՝ մի անգամ, երբ ոչ իսրայելացի մի կին աղաչեց նրան բուժել իր աղջկան, ով «դիվահար էր ու շատ էր տանջվում», Հիսուսը կարեկցանք դրսևորեց և բուժեց աղջկան (Մատթ. 15։21-28)։ Նկատի առնենք մեկ այլ օրինակ։ Մի առիթով Հիսուսն ասել էր. «Ով ինձ ուրանա.... ես էլ նրան կուրանամ» (Մատթ. 10։33)։ Բայց նա չուրացավ Պետրոսին, ով երեք անգամ ուրացել էր իրեն։ Հիսուսը հաշվի առավ Պետրոսի զղջումն ու դրսևորած հավատը։ Հարություն առնելուց հետո Հիսուսը հայտնվեց Պետրոսին և, ամենայն հավանականությամբ, հավաստիացրեց, որ սիրում է նրան և ներել է (Ղուկ. 24։33, 34)։ Եհովա Աստված և Հիսուս Քրիստոսը խոհեմ են։ Եհովան ակնկալում է, որ մենք նույնպես խոհեմ լինենք։ w23.07, էջ 21, պրբ. 6-7
12 օգոստոսի, երեքշաբթի
Մահ [չի լինի] (Հայտն. 21։4)։
Ի՞նչ մտքեր կարող ենք փոխանցել այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ դրախտի վերաբերյալ Աստծու նպատակը կիրականանա։ Նախ՝ Եհովան անձամբ է տվել այդ խոստումը։ «Հայտնություն» գրքում կարդում ենք. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»»։ Այս խոստումը իրականացնելու համար նա ունի անհրաժեշտ իմաստություն, ուժ և ցանկություն։ Երկրորդ՝ այդ նպատակի իրագործումն այնքան հաստատ է, որ Եհովան այն արդեն իրականացած է համարում։ Ահա թե ինչու է նա ասում. «Այս խոսքերը վստահելի են ու ճիշտ.... Դրանք կատարվեցին»։ Եվ երրորդ՝ երբ Եհովան ինչ-որ գործ է սկսում, հաջողությամբ ավարտին է հասցնում այն, ինչպես դա երևում է հետևյալ խոսքերից. «Ես եմ Ալֆան և Օմեգան» (Հայտն. 21։6)։ Այո՛, Եհովան կապացուցի, որ Սատանան ստախոս և ձախողակ է։ Ուստի երբ ինչ-որ մեկն ասի՝ «Լավ բան եք ասում, բայց իրատեսական չէ», կարող ես նրա համար կարդալ Հայտնություն 21-րդ գլխի 5-րդ և 6-րդ համարները և բացատրել, թե ինչպես է Եհովան երաշխավորել իր խոստումը՝ ասես իր ստորագրությունը դնելով այդ խոսքերի վերջում (Ես. 65։16)։ w23.11, էջ 7, պրբ. 18-19