12 օգոստոսի, երեքշաբթի
Մահ [չի լինի] (Հայտն. 21։4)։
Ի՞նչ մտքեր կարող ենք փոխանցել այն մարդկանց, ովքեր կասկածում են, որ դրախտի վերաբերյալ Աստծու նպատակը կիրականանա։ Նախ՝ Եհովան անձամբ է տվել այդ խոստումը։ «Հայտնություն» գրքում կարդում ենք. «Նա, որ նստած էր գահին, ասաց. «Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում»»։ Այս խոստումը իրականացնելու համար նա ունի անհրաժեշտ իմաստություն, ուժ և ցանկություն։ Երկրորդ՝ այդ նպատակի իրագործումն այնքան հաստատ է, որ Եհովան այն արդեն իրականացած է համարում։ Ահա թե ինչու է նա ասում. «Այս խոսքերը վստահելի են ու ճիշտ.... Դրանք կատարվեցին»։ Եվ երրորդ՝ երբ Եհովան ինչ-որ գործ է սկսում, հաջողությամբ ավարտին է հասցնում այն, ինչպես դա երևում է հետևյալ խոսքերից. «Ես եմ Ալֆան և Օմեգան» (Հայտն. 21։6)։ Այո՛, Եհովան կապացուցի, որ Սատանան ստախոս և ձախողակ է։ Ուստի երբ ինչ-որ մեկն ասի՝ «Լավ բան եք ասում, բայց իրատեսական չէ», կարող ես նրա համար կարդալ Հայտնություն 21-րդ գլխի 5-րդ և 6-րդ համարները և բացատրել, թե ինչպես է Եհովան երաշխավորել իր խոստումը՝ ասես իր ստորագրությունը դնելով այդ խոսքերի վերջում (Ես. 65։16)։ w23.11, էջ 7, պրբ. 18-19
13 օգոստոսի, չորեքշաբթի
Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ (Ծննդ. 12։2)։
Եհովան այս խոստումը տվեց 75-ամյա Աբրահամին, ով զավակ չուներ։ Արդյո՞ք Աբրահամը տեսավ այդ խոստման կատարումը։ Մասամբ։ Եփրատ գետն անցնելուց հետո նա 25 տարի սպասեց, մինչև որ հրաշքով ծնվեց նրա որդի Իսահակը։ Եվ դրանից 60 տարի անց միայն ծնվեցին նրա թոռները՝ Եսավն ու Հակոբը (Եբր. 6։15)։ Սակայն Աբրահամը այդպես էլ չտեսավ, որ իր սերունդները մեծ ազգ են դարձել և ժառանգել են Ավետյաց երկիրը։ Այնուամենայնիվ, այդ հավատարիմ մարդը մտերիմ փոխհարաբերություններ ուներ իր Ստեղծչի հետ (Հակ. 2։23)։ Երբ նա հարություն առնի, անչափ կուրախանա՝ իմանալով, որ իր հավատի ու համբերության շնորհիվ բոլոր ազգերը օրհնվել են (Ծննդ. 22։18)։ Ի՞նչ ենք սովորում Աբրահամի օրինակից։ Գուցե հիմա անձամբ չտեսնենք Եհովայի բոլոր խոստումների կատարումը։ Բայց եթե Աբրահամի պես համբերատար լինենք, կարող ենք համոզված լինել, որ Եհովան կվարձատրի մեզ այսօր, և շատ ավելին կանի մեզ համար իր խոստացած նոր աշխարհում (Մարկ. 10։29, 30)։ w23.08, էջ 24, պրբ. 14
14 օգոստոսի, հինգշաբթի
Քանի դեռ նա ծառայում էր Եհովային, ճշմարիտ Աստված նրան հաջողություն էր տալիս (2 Տար. 26։5)։
Պատանի տարիքում Օզիան խոնարհ էր։ Նա սովորել էր «վախենալ ճշմարիտ Աստծուց»։ Օզիան ապրել է 68 տարի, և իր կյանքի մեծ մասը վայելել է Եհովայի հավանությունն ու օրհնությունները (2 Տար. 26։1-4)։ Նա պարտության է մատնել Աստծու ժողովրդի թշնամիներից շատերին և ամրացրել է Երուսաղեմի պաշտպանությունը (2 Տար. 26։6-15)։ Անկասկած, նրան մեծ ուրախություն էր պատճառում այն ամենը, ինչ նա կարողանում էր անել Աստծու օգնությամբ (Ժող. 3։12, 13)։ Օզիան սովոր էր, որ ուրիշները հնազանդվեին իր հրահանգներին։ Բայց մի՞թե դա նշանակում էր, որ նա կարող էր անել այն, ինչ ուզում էր։ Մի օր նա որոշեց մտնել Եհովայի տաճար և հանդգնորեն փորձեց խնկի սեղանի վրա խունկ ծխել, ինչն անելու իրավունք թագավորները չունեին (2 Տար. 26։16-18)։ Քահանայապետ Ազարիան փորձեց ուղղել նրան, բայց Օզիան խիստ զայրացավ։ Ցավոք, նա կորցրեց Եհովայի մոտ ունեցած իր բարի համբավը, և Եհովան պատժեց նրան բորոտությամբ (2 Տար. 26։19-21)։ Եթե նա խոնարհ մնար, ամեն բան այլ կերպ կարող էր լինել։ w23.09, էջ 10, պրբ. 9-10