23 օգոստոսի, շաբաթ
Եհովայի օրը գալու է ճիշտ այնպես, ինչպես գողը գիշերով (1 Թեսաղ. 5։2)։
Աստվածաշնչում «Եհովայի օրը» արտահայտությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Եհովան դատաստան է տեսնում իր թշնամիների նկատմամբ և փրկում է իր ժողովրդին։ Անցյալում եղել են դեպքեր, երբ Եհովան դատաստան է տեսել որոշ ազգերի նկատմամբ (Ես. 13։1, 6; Եզեկ. 13։5; Սոփ. 1։8)։ Մեր ժամանակներում «Եհովայի օրը» կսկսվի Մեծ Բաբելոնի վրա հարձակումով և կավարտվի Արմագեդոն պատերազմով։ Այդ «օրը» փրկվելու համար մենք պետք է այսօրվանից պատրաստվենք։ Հիսուսը հորդորեց «պատրաստ լինել» «մեծ նեղությանը», ինչը ցույց է տալիս, որ դա շարունակական պրոցես է (Մատթ. 24։21; Ղուկ. 12։40)։ «1 Թեսաղոնիկեցիներ» նամակում Պողոսը մի շարք օրինակներ օգտագործեց, որ օգնի քրիստոնյաներին պատրաստ լինել Եհովայի դատաստանի մեծ օրվան։ Առաքյալը գիտեր, որ Եհովայի օրը չէր գալու այդ ժամանակ (2 Թեսաղ. 2։1-3)։ Չնայած դրան՝ նա հորդորեց իր հավատակիցներին պատրաստ լինել այդ օրվան, ասես այն գալու էր վաղը։ Մենք նույնպես կարող ենք հետևել նրա տված հորդորին։ w23.06, էջ 8, պրբ. 1-2
24 օգոստոսի, կիրակի
Իմ սիրելի՛ եղբայրներ, եղեք հաստատուն, անսասան (1 Կորնթ. 15։58)։
1970-ականների վերջերին Ճապոնիայի Տոկիո քաղաքում աստիճանաբար վեր խոյացավ 60 հարկանի մի երկնաքեր։ Մարդիկ անհանգստանում էին, թե ինչպես է այն դիմանալու այդ քաղաքում հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերին։ Սակայն ինժեներները այնպես էին նախագծել այդ շենքը, որ այն լիներ ամուր, բայց միևնույն ժամանակ բավականին առաձգական, որ դիմանար սեյսմիկ ցնցումներին։ Քրիստոնյաները նման են այդ երկնաքերին։ Ի՞նչ առումով։ Նա պետք է լինի հաստատուն, բայց միևնույն ժամանակ ճկուն։ Կարևոր է, որ նա կարողանա հավասարակշռություն պահպանել այս հարցում։ Օրինակ, երբ խոսքը վերաբերում է Եհովայի օրենքներին ու չափանիշներին, քրիստոնյան ամուր է և անսասան։ Նա հնազանդվելու պատրաստ է և փոխզիջումների չի գնում։ Մյուս կողմից‵ նա պետք է լինի «խոհեմ», կամ՝ ճկուն, երբ հանգամանքները թույլ են տալիս կամ պահանջում են այդպես վարվել (Հակ. 3։17)։ Այն քրիստոնյան, ով սովորել է հավասարակշռված լինել այս հարցում, ծայրահեղությունների մեջ չի ընկնի՝ չի լինի չափազանց անթեք կամ թույլատու։ w23.07, էջ 14, պրբ. 1-2
25 օգոստոսի, երկուշաբթի
Թեև դուք երբեք չեք տեսել նրան, սակայն սիրում եք (1 Պետ. 1։8)։
Հիսուսը պետք է դիմակայեր Սատանայի կողմից եկող փորձություններին և նվիրված մնար Աստծուն, երբ Սատանան բացահայտ դրդում էր նրան անհավատարմության (Մատթ. 4։1-11)։ Սատանան ամեն բան անում էր, որ Հիսուսը մեղք գործեր և չկարողանար վճարել փրկագինը։ Իր երկրային կյանքի ընթացքում Հիսուսը այլ փորձությունների միջով էլ անցավ։ Նրան հալածում էին և փորձում սպանել (Ղուկ. 4։28, 29; 13։31)։ Նա նաև բախվում էր իր հետևորդների անկատարության դրսևորումներին (Մարկ. 9։33, 34)։ Հիսուսի թշնամիները նրան մահվան դատապարտեցին, ինչից հետո կտտանքների ու ծաղրուծանակի ենթարկեցին։ Հետո դաժան ու նվաստացուցիչ ձևով իրականացրին նրա մահապատիժը (Եբր. 12։1-3)։ Այդ ծանր պահը Հիսուսը պետք է ինքնուրույն հաղթահարեր՝ առանց Եհովայի պաշտպանության (Մատթ. 27։46)։ Իրոք որ, փրկագինը վճարելու համար Հիսուսը շատ տառապեց։ Մի՞թե նրա հանդեպ մեր սերը չի խորանում, երբ մտածում ենք այն մասին, թե ինչ պատրաստակամությամբ նա իր կյանքը զոհեց մեզ համար։ w24.01, էջ 10-11, պրբ. 7-9