Դիմագրավել հիվանդությունը հումորի զգացումով
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԻՍՊԱՆԻԱՅԻՑ
ՔՈՆՉԻՆ՝ միջին տարիքի մի կենսուրախ կին, արդեն յոթ տարի է, ինչ տառապում է քաղցկեղով։ Այն բանից հետո, երբ նրա մոտ առաջին անգամ կրծքի քաղցկեղ հայտնաբերեցին, նա յոթ տարբեր վիրահատություններ է տարել չարորակ ուռուցքների զարգացումը կասեցնելու համար։ Իսկ ինչպե՞ս է Քոնչին կարողանում դիմագրավել իր հիվանդությունը։
Նա պատմում է. «Ամեն անգամ, երբ բժիշկներն ինձ վատ լուր են հայտնում, և զգում եմ, որ ուզում եմ լաց լինել, լացում եմ այնքան, մինչև որ հանգստանամ, որպեսզի ձերբազատվեմ բացասական զգացումներից։ Այնուհետև փորձում եմ կյանքս շարունակել իր սովորական հունով և զբաղվել այնպիսի բաներով, որոնցից ես հաճույք եմ ստանում, օրինակ՝ սովորում եմ չինարեն, հաճախում եմ համաժողովների, արձակուրդս անցկացնում եմ ընտանիքիս և ընկերներիս հետ։ Նաև միշտ հիշում եմ Հիսուսի խոսքերը. «Ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ մէկ կանգուն աւելացնել»» (Մատթէոս 6։27)։
Քոնչին շարունակում է. «Բացի այդ, փորձում եմ պահպանել հումորի զգացումը։ Կատակներ եմ անում բժիշկների հետ, դիտում ծիծաղաշարժ ֆիլմեր և, ամենակարևորը, ձգտում եմ կանոնավորաբար շփվել ընկերներիս ու բարեկամներիս հետ։ Երբ ունես այնպիսի ընկերներ, որոնց հետ կարող ես ծիծաղել, դա, անկասկած, դրական երանգ է հաղորդում քո կյանքին։ Մի անգամ՝ անմիջապես վիրահատությունից առաջ, ընկերներս մի զավեշտական դեպք պատմեցին, որը տեղի էր ունեցել նախորդ գիշեր։ Ես այնքան ծիծաղեցի, որ վիրահատության սենյակ գնացի ամբողջովին լիցքաթափված»։
Քոնչին միակը չէ, որ համոզվել է այն բանում, որ հումորի զգացումը և դրական մտայնությունը կարող են օգնել դիմագրավելու առողջական խնդիրները։ Ժամանակակից բժշկությունը նույնպես սկսել է ընդունել, որ հումորը շատ արժեքավոր դեր ունի ցավի և հիվանդության դեմ պայքարում։
Օգտակար՝ ֆիզիկական և մտավոր առաջողության համար
Այս գաղափարը ամենևին էլ նոր չէ։ Դեռ երեք հազար տարի առաջ Սողոմոն թագավորը գրել էր. «Ուրախ սիրտը օգտակար է ինչպէս դէղ» (Առակաց 17։22)։ 17–րդ դարի իսպանացի դրամատուրգ Լոպե դե Վեգան նույնպես գրել է. «Եթե ամեն ինչին հումորով վերաբերվենք, կարծում եմ, ավելի առողջ կլինենք»։ Սակայն այսօրվա լարված աշխարհում մարդիկ ավելի շուտ զսպում են իրենց հումորի զգացումը, քան արտահայտում այն։ Ակնհայտ է, որ մենք ապրում ենք տեխնիկայի ծաղկման, բայց միևնույն ժամանակ հումորի անկման դարաշրջանում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ժամանակակից հասարակության մեջ «բանական մարդը դարձել է մարդ–համակարգիչ» («El arte de la risa», «Ծիծաղի արվեստը»)։ Ծիծաղը, ժեստերը և ժպիտը երբեմն կարծես արտահայտվում են թվային բայթերի ու համակարգչի մոնիտորների միջոցով։
Իրողությունն այն է, որ հումորի զգացումը օգնում է հիվանդներին դրական հույզեր, օգտակար մտքեր և լավ վարք ունենալ։ Դոկտոր Հայմա Սանս–Օրտիսը, որը զբաղվում է քաղցկեղի բուժմամբ և ցավամոքիչ (պալլիատիվ) մեթոդների մշակմամբ, իր վերջին հոդվածում նշում է, որ հումորը «հեշտացնում է հաղորդակցությունը, ամրացնում իմունիտետը, մեղմում ցավը, թեթևացնում էմոցիոնալ ու մկանային լարվածությունը, մղում է ստեղծագործելու և հույս է ներշնչում»։
Հումորի արժեքավոր դերը
Ինչո՞ւ է հումորի զգացումը դեղի նման օգտակար համարվում։ Որովհետև դրա շնորհիվ մենք կարողանում ենք դրական ձևով նայել խնդիրներին, նույնիսկ երբ գտնվում ենք դժվար իրավիճակներում։ Սանս-Օրտիսը նշում է. «Եթե մեր առօրյա կյանքում առկա է հումորը և ծիծաղը, մենք պահպանում ենք մեր եռանդը, նվազեցնում հոգնածությունը և վերացնում ինքնախղճահարության զգացումը»։
Սակայն բնական է, որ այն, ինչ կարող է մեզ ծիծաղեցնել և ուրախացնել, տարբերվում է՝ ըստ մարդկանց և մշակույթների։ Սանս-Օրտիսը բացատրում է. «Ճաշակին ընկեր չկա. ճիշտ ինչպես գեղեցկությունն է տարբեր ձևերով ընկալվում, այնպես էլ՝ հումորը»։ Սակայն ինչպիսին էլ որ լինեն մեր դաստիարակությունն ու կրթությունը, հումորի լավ զգացումը հաճախ հաղորդակցության արդյունավետ միջոց է և օգտակար է հուզմունքը, լարվածությունը և անապահովության զգացումը հաղթահարելու համար։ Եթե հումորի զգացումը այդքան օգտակար է, այդ դեպքում ի՞նչ կարող ենք անել այն զարգացնելու համար։
Նախ պետք է դադարենք կենտրոնանալ մեր խնդրի կամ հիվանդության վրա և փորձենք վայելել բոլոր այն դրական բաները, որ կարող են յուրաքանչյուր րոպե ընձեռվել մեզ։ Բացի այդ, պետք է ջանանք ավելի խելամիտ լինել՝ մերժելով քայքայիչ և անխոհեմ մտքերը, քանի որ դրանով միայն ավելի ենք բարդացնում մեր կացությունը։ Հումորի զգացումը կարող ենք զարգացնել նաև՝ սովորելով իրերին այլ ձևով նայել։ Պարտադիր չէ միշտ ծիծաղել կամ ժպտալ, սակայն եթե ցանկացած իրավիճակում կարողանանք նկատել ծիծաղելի պահերը, ի վիճակի կլինենք տոկալ։ Սանս-Օրտիսը շարունակում է. «Հումորը ակնթարթորեն շեղում է մեր ուշադրությունը մտահոգություններից և հնարավորություն է տալիս խնդրին նայել այլ տեսանկյունից.... օգնելով, որ այն դիմագրավելու նոր միջոցներ գտնենք»։
Իհարկե, հումորի զգացումը ամեն խնդրի հակաթույնը չէ, սակայն հաճախ այն կարող է օգնել մեզ նայելու պրոբլեմներին ավելի դրական և հավասարակշռված ձևով և դիմագրավելու դրանք։ Քոնչին նշում է. «Հիվանդ լինելը կատակ բան չէ։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ջանք թափել պահպանելու հումորի զգացումը։ Ես նմանեցնում եմ իմ կյանքը մի այգու, որտեղ տարբեր տեսակի բույսեր կան, և դրանցից մեկը, ցավոք, իմ հիվանդությունն է։ Սակայն ես փորձում եմ այն իմ տեսադաշտից հեռու՝ «այգու» որևէ անկյունում պահել, այնպես որ դա չխանգարի մյուս «բույսերի» աճին։ Իհարկե, չեմ կարող ասել, թե հաղթահարել եմ հիվանդությունս, սակայն ամենակարևորն այն է, որ ես դեռևս վայելում եմ կյանքը»։
[Նկար 24–րդ էջի վրա]
Քոնչիի համար քաջալերանքի աղբյուր են իր ամուսինը՝ Ֆելիքսը, և կրտսեր քույրը՝ Փիլին։