«Մեր լեզուն չունի հայհոյական խոսքեր»
ԻՆՉՊԵ՞Ս կարելի է սահմանել «հայհոյություն» բառը։ Համաձայն Հայոց լեզվի բացատրական բառարանի՝ դա կեղտոտ, լկտի խոսքն է։ Իսկ մեկ ուրիշ բառարանում տրվում է հետևյալ բացատրությունը. «Անվայել, անարգալից և արհամարհական վերաբերմունք (սուրբ բանի հանդեպ)»։ Ցավոք, շատ երկրներում հայհոյանքը փողոցային խոսքի անբաժանելի մասն է։ Եթե անցյալում սովորաբար տղամարդիկ էին օգտագործում անվայել խոսքեր, այսօր դրանք ավելի ու ավելի հաճախ են հնչում կանանց բերանից։ Որոշ լեզուներում, սակայն, հայհոյական խոսքեր չեն եղել։ Այդ մասին են վկայում հնդկացիական ապաչի ժողովրդին պատկանող Ջեյմս Կայվայկլայի խոսքերը։
Ջեյմսը ծնվել էր Նյու Մեքսիկոյում (ԱՄՆ) մոտավորապես 1873 թ.–ին։ Իր կյանքի վերջին տարիներին՝ գրեթե 90 տարեկան հասակում, նա պատմել էր հետևյալը. «Մի առավոտ արթնացա պապիկիս ձայնից։ Նա նստած էր թփերով ծածկված մեր հյուղակի մուտքում՝ դեմքով դեպի ծագող արևը, և երգում էր «Առավոտյան երգը»։ Դա Յուսենինa նվիրված օրհներգություն էր.... որում նրան շնորհակալական խոսքեր էին ասվում իր մեծագույն պարգևներից մեկի՝ տղամարդու և կնոջ միջև եղած սիրո համար. մի բան, որ ապաչիները սուրբ են համարում։ Նրանք երբեք անպարկեշտ կատակներ չեն անում սեռական հարաբերությունների մասին։ Ապաչիներին անհասկանալի է այն փաստը, որ դալկադեմները [սպիտակամորթ մարդիկ] բեղմնավորումն ու ծննդաբերությունը ծաղրուծանակի առարկա են դարձնում։ Նրանց կարծիքով՝ դա այնպիսի մեղք է, որը հավասար է Աստծու անունը զուր տեղը գործածելուն։ Ես հպարտ եմ, որ մեր լեզուն չունի հայհոյական խոսքեր։ Նոր կյանքի արարմանը մասնակցելու համար մենք գովաբանում ենք Կյանքի Արարչին» («Native Heritage»՝ խմբագրված Առլենա Հիրսչվելդերի կողմից)։
Մոտ 2 000 տարի առաջ Պողոս առաքյալը գրել էր. «Ոչ մի գէշ խօսք չ’դուրս գայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին»։ Նաև նա ասել էր. «Պոռնկութիւն եւ ամեն պղծութիւն, կամ ագահութիւն թող չ’անուանուի ձեզանում՝ ինչպէս սուրբերին կ’վայելէ։ Եւ գարշութիւն, կամ յիմար խօսքեր, կամ խեղկատակութիւն, որ չեն վայելում. այլ մանաւանդ գոհութիւն» (Եփեսացիս 4։29; 5։3, 4)։
Իսկ ինչպե՞ս է հնարավոր արմատախիլ անել հայհոյական խոսքերն ու անվայել կատակները մարդու սրտից, մտքից և լեզվից։ Այս հարցում բոլորիս համար կարող է օգտակար լինել Պողոսի խորհուրդը, որ նա տվել է փիլիպպեցիներին. «Եղբարք, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ սուրբ, ինչ որ սիրուն, ինչ որ բարի անուն, թէ առաքինութիւն է, եւ թէ գովութիւն է, այն մտածեցէք» (Փիլիպպեցիս 4։8)։
[Ծանոթագրություն]
a Ապաչիները հավատում են, որ Յուսենը կյանքի արարիչն է։
[Նկարներ. թույլտվությամբ 24–րդ էջի վրա]
All photos: Library of Congress, Prints & Photographs Division; Apache symbol: Dover Publications, Inc.