Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/05 էջ 14–15
  • ‘Մենք հիշում ենք սխտորները’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Մենք հիշում ենք սխտորները’
  • 2005 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Զորեղ դեղամիջոց
  • Սխտորի մշակումը Կոնստանսայում
  • Ուժեղ հոտ՝ փոքրիկ սխտորից
2005 Արթնացե՛ք
g 10/05 էջ 14–15

‘Մենք հիշում ենք սխտորները’

Մեր թղթակիցը՝ Դոմինիկյան Հանրապետությունից

ԵԹԵ տանից հեռու և քաղցած լինեիք, ինչպիսի՞ կերակուր կցանկանայիք ուտել։ Թերևս մտաբերեիք ձեր հայրենի հողի թարմ մրգերն ու բանջարեղենը։ Կամ գուցե հիշեիք այն համեղ միսն ու ձուկը, որ պատրաստում էր ձեր մայրիկը։ Բայց արդյո՞ք ձեր ախորժակը կգրգռվեր, եթե հիշեիք սխտորը։

Մոտ 3 500 տարի առաջ Սինա անապատում դեգերող իսրայելացիները ասում էին հետևյալ խոսքերը. «Մենք յիշում ենք Եգիպտոսի մէջ մեր ձրի կերած ձկները, վարունգները եւ սեխերը եւ պրասները եւ սոխերը եւ սխտորները» (Թուոց 11։4, 5)։ Այո՛, նրանք կարոտում էին սխտորները։ Հրեաներն այնքան շատ էին սխտոր սիրում, որ ըստ ավանդության՝ իրենք իրենց կոչում էին սխտորակերներ։

Իսկ ինչպե՞ս էր սխտորը դարձել իսրայելացիների սիրած կերակուրը։ Նրանք սկսեցին իրենց սննդի մեջ օգտագործել այդ բույսը Եգիպտոսում բնակվելու երկու հարյուր տասնհինգ տարիների ընթացքում։ Հնագիտական պեղումները ցույց են տալիս, որ եգիպտացիները շատ ավելի վաղուց էին սկսել սխտոր մշակել, քան Հակոբն ու իր ընտանիքը բնակություն կհաստատեին Եգիպտոսում։ Հույն պատմիչ Հերոդոտոսը տեղեկացնում է, որ եգիպտական կառավարիչները գնում էին ահռելի քանակությամբ սոխ, բողկ ու սխտոր՝ բուրգեր կառուցող ստրուկներին կերակրելու համար։ Վերջիններիս կերակուրը, որի մեջ շատ սխտոր կար, ըստ երևույթին, բարձրացնում էր նրանց ուժն ու դիմադրողականությունը։ Թութանհամոն փարավոնի հուղարկավորության ժամանակ նրա գերեզմանի մեջ եգիպտացիները բազմաթիվ արժեքավոր բաների հետ մեկտեղ դրեցին նաև սխտոր։ Իհարկե, սխտորը մեռած մարդուն որևէ բանով չէր կարող օգնել, բայց այն շատ օգտակար էր կենդանի մարդկանց համար։

Զորեղ դեղամիջոց

Սխտորը երկար ժամանակ օգտագործվել է բժշկության մեջ։ Շատ դարեր առաջ հույն բժիշկներ Հիպոկրատն ու Դիոսկորիդեսը խորհուրդ էին տալիս այն գործածել մարսողական խնդիրների, բորոտության, քաղցկեղի, սրտի հիվանդությունների, վարակների, ինչպես նաև վերքերի բուժման համար։ 19–րդ դարում ֆրանսիացի քիմիկոս Լուի Պաստյորը, հետազոտելով այս բույսը, տվեց նրա վարակազերծիչ հատկության նկարագիրը։ Աֆրիկայում 20–րդ դարի կեսերին հայտնի բժիշկ–​միսիոներ Ալբերտ Շվայցերը օգտագործեց սխտորը ամեոբային դիզենտերիան և այլ հիվանդություններ բուժելու համար։ Երբ Ռուսաստանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմական բժիշկների մոտ սպառվել էին դեղամիջոցները, նրանք վիրավոր զինվորներին բուժելու նպատակով սկսեցին սխտոր գործածել։ Այդպես սխտորը կոչվեց ռուսական պենիցիլին։ Վերջերս գիտնականները փորձեցին պարզել, թե սխտորը օգտակար ինչ ազդեցություն կարող է գործել արյան, ինչպես նաև ավշի շրջանառության համակարգերի վրա։

Այսպիսով՝ սխտորը և՛ օգտակար սննդամթերք է, և՛ կարևոր բուժամիջոց։ Նրա հոտն ու համը իսկապես անզուգական են։ Իսկ ո՞րն է սխտորի հայրենիքը։ Ըստ որոշ բուսաբանների՝ Կենտրոնական Ասիան, որտեղից էլ այն տարածվել է ողջ երկրագնդով մեկ։ Եկեք մտովի տեղափոխվենք արևմտյան կիսագնդում գտնվող մի գեղատեսիլ բնակավայր, որտեղ սխտորը լայն տարածում է գտել։

Սխտորի մշակումը Կոնստանսայում

Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող Կոնստանսայի դաշտավայրը մեղմ կլիմա ունի։ Սարերով շրջապատված այս տարածքում հողը շատ բերրի է, և հաճախ անձրև է գալիս։ Ուստի սխտոր աճեցնելու համար Կոնստանսան իդեալական վայր է։

Սեպտեմբեր–​հոկտեմբեր ամիսներին Կոնստանսայի հողագործները մաքրում և հերկում են դաշտերը՝ հողի մեջ բացելով խորը ակոսներ, որոնք միմյանցից բաժանվում են մոտ մեկ մետր լայնությամբ թմբերով։ Այս թմբերից յուրաքանչյուրի վրա նրանք բացում են երեք կամ չորս ոչ այնքան խորը ակոսներ, որոնց մեջ պետք է տնկեն սխտորը։ Այդ ընթացքում հողագործները սխտորի սոխուկը բաժանում են առանձին պճեղների։ Պճեղները 30 րոպե ջրի մեջ պահելուց հետո դնում են ակոսների մեջ։ Սխտորն աճում է դոմինիկյան մեղմ ձմեռվա ընթացքում։

Բերքահավաքը սկսվում է մարտ–​ապրիլ ամիսներին։ Հողագործները արմատահան են անում սխտորները և հինգից վեց օր թողնում հողի վրա։ Ապա հավաքում են դրանք, կտրում արմատներն ու պոչերը և մաքրված գլխիկները տեղադրում բաց տարաների մեջ, որոնք կոչվում են «կրիբաս»։ Կրիբասները մեկ օր թողնում են արևի տակ՝ հավաքած բերքը չորացնելու նպատակով, որպեսզի այն հետագայում չփչանա։ Այս ամենից հետո սխտորը կարելի է հանել վաճառքի։

Ուժեղ հոտ՝ փոքրիկ սխտորից

Եթե համեղ ուտեստի կամ սալաթի մեջ սխտոր է լինում, հոտառությունդ անմիջապես գրգռվում է։ Իսկ ինչո՞ւ այն ուժեղ չի բուրում, երբ իր պճեղի մեջ է։ Սխտորը պարունակում է ուժեղ օրգանական նյութեր, որոնք փոխազդեցության մեջ չեն մտնում այնքան ժամանակ, քանի դեռ պճեղները կտրված կամ որևէ ձևով վնասված չեն։ Երբ հեռացնում ենք սխտորի թաղանթը, «ալիինազ» կոչվող ֆերմենտը ակնթարթորեն ռեակցիայի մեջ է մտնում «ալլիին» կոչվող նյութի հետ։ Արդյունքում արտադրվում է ալիցին, որով և պայմանավորված է սխտորի բույրն ու համը։

Երբ կծում եք թարմ սխտորը, ալիցինը կարծես պայթում է ձեր բերանում։ Եվ շատ շուտով ձեր վրայից սկսում է սխտորի հոտ գալ՝ լինի դա հաճելի, թե ոչ։ Իսկ կարո՞ղ ենք որևէ ձևով մեղմել այդ հոտը։ Կարելի է մաղադանոս կամ մեխակ ծամել։

Սակայն հարկավոր է հիշել, որ սխտորի հոտը հիմնականում գալիս է ոչ թե բերանից, այլ թոքերից։ Երբ սխտոր ենք ուտում, մարսողական համակարգի միջոցով այն թափանցում է արյունատար համակարգ, որտեղից էլ անցնում է մեր թոքերը։ Ուստի նրա սուր հոտը գալիս է, երբ արտաշնչում ենք։ Այնպես որ ատամները մաքրելն ու մաղադանոս ծամելը չեն կարող վերացնել նրա հոտը։ Այդ դեպքում կա՞ արդյոք լուծում այս խնդրին։ Իրականում ոչ՛։ Բայց եթե ձեր շրջապատում բոլորը սխտոր ուտեն, ապա թերևս ոչ ոք չզգա այդ հոտը։

Շատ երկրներում անհնար է պատկերացնել կերակուրը՝ առանց սխտորի։ Եվ նույնիսկ այն վայրերում, որտեղ սխտորը չափավոր է օգտագործվում, սխտորակերների կարծիքով՝ այս բույսի բերած օգուտներն այնքան շատ են, որ կարելի է աչք փակել նրա տհաճ հոտի վրա։

[Նկար 15–րդ էջի վրա]

Հավաքված սխտորը չորացվում է

[Նկար 15–րդ էջի վրա]

Կոնստանցայի դաշտավայրը

[Նկար 15–րդ էջի վրա]

Ինչո՞ւ է սխտորի հոտը տարածվում, միայն երբ այն մանրացնում են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը