«Ուզում եմ ծառայել Աստծուն նախքան մահանալս»
ՊԱՏՄՈՒՄ Է ՄԱՄԻ ՖՐԻՆ
ՀԱԶԱՐ ինը հարյուր իննսուն թվականին Լիբերիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Երբ պատերազմը թեժացավ, Մամին՝ կրան ցեղից 12 տարեկան մի աղջիկ, իր ընտանիքի հետ միասին փակվեց իրենց տանը, որը գտնվում էր մայրաքաղաք Մոնրովիայում։ «Մենք հարևան տանը պայթյուն լսեցինք,— պատմում է Մամին։— Այնտեղ ռումբ էր ընկել և հրդեհ բռնկվել։ Կրակը արդեն մեր տուն էր հասել, և այն նույնպես այրվում էր»։ Կռվի թեժ պահին Մամին, նրա մայրը և մոր կրտսեր եղբայրը փախուստի դիմեցին։
— Հանկարծ ինչ–որ բան զգացի,— հիշում է Մամին։
Մայրս հարցրեց. «Ի՞նչ պատահեց»։
— Ինչ–որ բան հարվածեց ինձ։ Երևի փամփուշտ էր,— պատասխանեցի ես։
Մամին ցավից ընկավ գետին և աղոթեց. «Խնդրում եմ, լսիր ինձ Աստված։ Երևի շուտով կմահանամ, բայց նախքան մահանալս ուզում եմ ծառայել քեզ»։ Հետո նա կորցրեց գիտակցությունը։
Կարծելով, որ Մամին մահացել է՝ հարևանները ցանկացան թաղել նրան մոտակա ծովափին։ Սակայն նրա մայրը պնդեց, որ նրան տանեն տեղի հիվանդանոցը։ Վիրավորված տղամարդկանց, կանանց և երեխաների թիվն այնքան շատ էր, որ հիվանդանոցը, ցավոք, չէր կարող տեղավորել նրանց։ Մամիի մորեղբայրը, որը նույնպես վիրավոր էր, այդ գիշեր մահացավ, իսկ Մամին կենդանի մնաց, սակայն նա գոտկատեղից ներքև կաթվածահար էր եղել։
Նրա մոտ ներքին արյունահոսություն ու սուր ցավեր էին սկսվել։ Չորս ամիս անց բժիշկները վերջապես ռենտգեն արեցին՝ գտնելու համար փամփուշտը։ Այն գտնվում էր սրտի և թոքերի միջև։ Վիրահատությունը շատ վտանգավոր կարող էր լինել, ուստի Մամիի մայրը տարավ նրան հեքիմի մոտ։ Մամին հիշում է. «Նա ածելիով կտրեց այդ մասը, այնուհետև, բերանը հպելով վերքին, փորձեց դուրս քաշել փամփուշտը»։ «Ահա այն»,— ասաց նա՝ փամփուշտը հանելով իր բերանից։ Մենք վճարեցինք նրան և գնացինք»։
Սակայն այդ մարդը խաբել էր։ Հետագայում ռենտգենը ցույց տվեց, որ փամփուշտը դեռ իր տեղում էր։ Ուստի Մամին և նրա մայրը վերադարձան հեքիմի մոտ, որն ասաց, թե միայն ինն ամսից ռենտգենը ցույց կտա, որ փամփուշտն այլևս օրգանիզմում չէ։ Նրանք վերադարձան տուն և համբերատարությամբ սպասեցին։ Միևնույն ժամանակ Մամին տարբեր դեղամիջոցներ էր ընդունում, որպեսզի կարողանար դիմանալ ցավին։ Ինն ամիս անց նա կրկին ռենտգեն անցավ։ Փամփուշտը դեռ իր մարմնի մեջ էր, իսկ հեքիմը փախել էր։
Արդեն 18 ամիս էր, ինչ փամփուշտը Մամիի մարմնի մեջ էր։ Ուստի բարեկամներից մեկը նրան տարավ վհուկի մոտ։ Օգնելու փոխարեն՝ նա կոնկրետ օր նշեց՝ ասելով, որ Մամին կամ նրա մայրը այդ օրը կմահանան։ Այդ ժամանակ Մամին 13 տարեկան էր։ Նա պատմում է. «Ես անդադար լաց էի լինում։ Սակայն երբ այդ օրը եկավ, մեզանից ոչ ոք չմահացավ»։
Այնուհետև Մամիի հորեղբայրը նրան տարավ մի եկեղեցու առաջնորդի մոտ, որը պնդում էր, թե տեսիլքում տեսել է, որ Մամին անդամալույծ է դարձել ոչ թե փամփուշտի, այլ թուղթ ու գրի պատճառով։ Նա խոստացավ, որ եթե Մամին կատարի որոշակի ծեսեր, մեկ շաբաթից կրկին կքայլի։ Մամին պատմում է. «Ես օվկիանոսի ջրով ծիսական լոգանքներ էի ընդունում, ծոմ էի պահում և ամեն գիշեր՝ կեսգիշերին, գետնի վրա ժամերով գլորվում էի։ Սակայն այդ ամենն իզուր էր։ Իմ իրավիճակը չփոխվեց»։
Հետագայում ավելի շատ բժշկական հաստատություններ սկսեցին գործել, ինչն էլ հնարավորություն տվեց, որ ի վերջո Մամիի մարմնից փամփուշտը հեռացվի։ Ավելի քան երկու տարի նա տառապեց անտանելի ցավից։ Մամին պատմում է. «Վիրահատությունից հետո ցավը գրեթե անհետացավ և շնչելը ավելի հեշտ դարձավ։ Չնայած անդամալույծ մնացի, սակայն հենասարքի օգնությամբ կարողանում էի կանգնել»։
Մամին հանդիպում է Եհովայի վկաներին
Վիրահատությունից մի քանի շաբաթ հետո Մամիի մայրը հանդիպեց երկու Եհովայի վկաների։ Իմանալով, որ իր աղջիկը սիրում է Աստվածաշունչ ընթերցել՝ նա այդ Վկաներին հրավիրեց իրենց տուն։ Մամին անմիջապես համաձայնվեց ուսումնասիրել Աստվածաշունչը։ Սակայն մի քանի ամսից նա վերադարձավ հիվանդանոց, որի հետևանքով Վկաների հետ իր կապը կորցրեց։
Այնուհանդերձ, Մամին դեռ ծարավ էր Աստվածաշնչի գիտությանը։ Ուստի երբ եկեղեցում մի կրոնական առաջնորդ Մամիին առաջարկեց իր օգնությունը, նա ընդունեց հրավերը։ Կիրակնօրյա դպրոցում սովորելիս դասի ժամին մի աշակերտ հարցրեց ուսուցչին. «Արդյոք Հիսուսը հավասա՞ր է Աստծուն»։
— Այո,— պատասխանեց նա,— նրանք հավասար են, բայց Հիսուսը համահավասար չէ Աստծուն։
Մամին մտածեց. «Ինչպե՞ս թե համահավասար չէ։ Չեմ հասկանում։ Ինչ–որ բան սխալ է»։ Չհամոզվելով, որ աստվածաշնչյան ճշմարտությունն է սովորում՝ Մամին ի վերջո դադարեց հաճախել այդ եկեղեցին։
1996 թ.–ին Մոնրովիայում կրկին քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Մամին ևս երկու հարազատ կորցրեց, և իր տունը երկրորդ անգամ այրվեց։ Մի քանի ամսից երկու Վկաներ հանդիպեցին Մամիին տնետուն ծառայության ժամանակ։ Նա վերսկսեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Իսկ երբ առաջին անգամ այցելեց ժողով, զարմացավ՝ տեսնելով, որ բոլորը, այդ թվում նաև ժողովի երեցները, մասնակցում են Թագավորության սրահի մաքրության գործին։ Այդ տարի նա ոգևորությամբ առաջին անգամ ներկա գտնվեց «Աստծու խաղաղության պատգամաբերները» մարզային համաժողովին։
Մամին ասում է. «Ես շատ էի տպավորվել։ Վկաները անկեղծ սեր էին դրսևորում իրար հանդեպ, թեև տարբեր ցեղերից էին։ Եվ ամեն բան այնքան լավ էր կազմակերպված»։
Աստծուն ծառայելու նրա ցանկությունը իրականանում է
1998 թ.–ին վերսկսված պատերազմը ստիպեց Մամիին և իր մորը փախչել հարևան երկիր՝ Կոտ դ’Իվուար, որտեղ 6 000 լիբերիացիների հետ միասին նրանք բնակություն հաստատեցին «Փիս Թաուն» փախստականների ճամբարում։ Մամին շարունակեց Աստվածաշնչի իր ուսումնասիրությունը Վկաների հետ և հոգևորապես արագ առաջադիմեց։ Կարճ ժամանակ անց նա ցանկացավ իր կրոնական համոզմունքների մասին պատմել ուրիշներին։ Մամիի հոգևոր եղբայրներն ու քույրերը օգնում են նրան քարոզել՝ հաշմանդամի սայլակով տանելով ծառայության։ Այսպիսով Մամին կարողանում է լավ վկայություն տալ ուրիշ շատ փախստականների։
Չնայած ֆիզիկական սահմանափակումների պատճառով Մամիի համար դժվար էր գնալ Թագավորության սրահ, որը վեց կիլոմետր հեռու էր գտնվում իր բնակավայրից, սակայն նա հաճախում էր ժողովի բոլոր հանդիպումներին։ 2000 թ. մայիսի 14–ին նա 190 կիլոմետր ճանապարհ անցավ, որպեսզի ներկա գտնվի մեկօրյա հատուկ համաժողովին և իր նվիրումը Աստծու հանդեպ խորհրդանշի ջրի մկրտությամբ (Մատթէոս 28։19, 20)։ Մարդիկ արցունքոտված աչքերով նայում էին, թե ինչպես Մամիին տարան գետ՝ մկրտելու։ Երբ ջրից դուրս եկավ, նրա երեսը փայլում էր։
Այսօր Մամին ապրում է Գանայի փախստականների ճամբարում և նպատակ ունի ծառայել լիաժամ՝ որպես ռահվիրա։ Նրա մայրը նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ և այժմ ուրիշներին պատմում է իր սովորածի մասին։ Երկուսն էլ անհամբերությամբ սպասում են այն ժամանակին, երբ, ինչպես խոստացված է Աստծու Խոսքում, «լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 35։5–7)։
[Նկար 28–րդ էջի վրա]
Մամիի մարմնից հեռացված փամփուշտը
[Նկար 29–րդ էջի վրա]
Մամիին տանում են գետ՝ մկրտելու
[Նկար 29–րդ էջի վրա]
Մամին Աստվածաշունչ է ուսումնասիրում իր մոր՝ Էմմայի հետ