Քայլ 4
Սահմանեք հստակ կանոններ և հետևեք դրանց կատարմանը
Ինչո՞ւ է կարևոր։ «Փաստն այն է, որ երեխաների համար ավելի լավ է լինում, երբ ծնողները սահմանում են հստակ կանոններ և հետևում դրանց կատարմանը,— ասում է Ջորջիայի համալսարանի սոցիոլոգ Ռոնալդ Սիմոնսը։— Առանց կանոնների՝ երեխաները կենտրոնանում են սեփական անձի վրա, դառնում են եսասեր ու իրենց դժբախտ են զգում և արդյունքում՝ դժբախտացնում են նաև իրենց շրջապատի մարդկանց»։ Աստծու Խոսքը պարզ ասում է. «Եթե սիրում ես երեխաներիդ, ապա կխրատես նրանց» (Առակաց 13։24, New Century Version)։
Ինչո՞ւ է դժվար։ Ծնողից ժամանակ, ջանք և հաստատակամություն է պահանջվում, որ նա կարողանա չափավոր սահմաններ դնել ու հետևել, որ երեխաները դուրս չգան դրանցից։ Մի հանգամանք էլ այն է, որ երեխաները բնականից հակված են փորձելու այդ սահմանների ամրությունը։ Մայքն ու Սոնյան, որոնք երկու աղջիկ են մեծացնում, ասում են. «Երեխան փոքր անձնավորություն է՝ իր հասկացողությամբ, ցանկություններով և մեղք գործելու բնածին հակվածությամբ»։ Նրանք շատ են սիրում իրենց դուստրերին։ Բայց միևնույն ժամանակ խոստովանում են. «Երբեմն երեխաները կարող են լինել կամակոր ու եսասեր»։
Ի՞նչը կօգնի։ Վարվեք այնպես, ինչպես որ Եհովան վարվեց Իսրայել ազգի հետ։ Աստծու սիրո դրսևորումներից մեկն այն էր, որ նա հստակ օրենքներ տվեց իսրայելացիներին (Ելից 20։2–17)։ Եհովան նաև նշեց, թե դրանց չհնազանդվելն ինչ հետևանքներ էր ունենալու (Ելից 22։1–9)։
Ուստի, դուք, օրինակ, կարող եք թղթի վրա գրել, թե ձեր ընտանիքում ինչ կանոններ են գործելու։ Որոշ ծնողներ նախընտրում են սահմանափակվել հինգ–վեց կանոններով։ Երբ կանոնները քիչ են և մանրակրկիտ ընտրված, ապա շատ ավելի հեշտ է հիշել և գործադրել դրանք։ Նշեք նաև, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե նրանք չպահեն կանոնները։ Բայց այնպես արեք, որ պատիժը ողջամտության սահմաններում լինի, և երեխաները չկասկածեն, որ դուք կպատժեք իրենց։ Ժամանակ առ ժամանակ քննեք ընտանիքում գործող կանոնները, որպեսզի բոլորը, այդ թվում նաև դուք, ճշգրտորեն իմանան, թե ինչ է ակնկալվում իրենցից։
Եթե երեխաները խախտում են կանոնները, այնպես արեք, որ նրանք անմիջապես զգան հետևանքները։ Եղեք մեղմ, բայցև հաստատակամ ու հետևողական։ Նկատի ունեցեք. եթե բարկացած եք, նախքան երեխային խրատելը լավ կլինի սպասել, մինչև որ հանդարտվեք (Առակաց 29։22)։ Սակայն մի հետաձգեք խրատը։ Թույլ մի տվեք երեխային, որ փորձի «բանակցել» ձեզ հետ։ Հակառակ դեպքում նա կմտածի, որ կարիք չկա կանոններին լրջորեն մոտենալ։ Աստվածաշնչում նման միտք կա գրված. «Չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու» (Ժողովող 8։11)։
Իսկ ուրիշ ինչպե՞ս կարող եք գործադրել ձեր իշխանությունը հօգուտ երեխաների։
[Մեջբերում 6–րդ էջի վրա]
«Թող ձեր «այո»–ն այո լինի, իսկ «ոչ»–ը՝ ոչ» (Մատթեոս 5։37)։