Քայլ 3
Գործադրեք ձեր իշխանությունը
Ինչո՞ւ է կարևոր։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «այն երեխաները, ովքեր դաստիարակվել են սիրող, բայց միևնույն ժամանակ իրենց իշխանությունը գործադրող ծնողների կողմից, որոնք հոգատար են, բայցև սահմաններ են դնում նրանց առջև, ավելի լավ են սովորում դպրոցում, ավելի լավ են կարողանում շփվել ուրիշների հետ, իրենց ուժերի վրա ավելի վստահ են և հիմնականում ավելի ուրախ են, քան այն երեխաները, որոնց ծնողները կա՛մ չափազանց հանդուրժող են, կա՛մ էլ չափազանց խիստ»,— նշվում է ծնողների համար նախատեսված մի հանդեսում («Parents»)։
Ինչո՞ւ է դժվար։ Մանկությունից մինչև պատանեկություն երեխաները ընդդիմանում են ծնողական իշխանությանը։ «Երեխաներն իսկույն գլխի են ընկնում, թե երբ են ծնողները վախենում գործադրել իրենց իշխանությունը, և թե որ պահին են նրանք տեղի տալիս,— ասում է Ջոն Ռոզմոնդը իր՝ «Ծնողի իշխանությունը» գրքում («Parent Power!»)։— Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե ով է ընտանիքում գլխավորը, եթե ծնողները ղեկը չվերցնեն իրենց ձեռքը, ապա դա կանեն երեխաները»։
Ի՞նչը կօգնի։ Մի անհանգստացեք՝ մտածելով, որ երեխաները կսառչեն ձեր հանդեպ կամ կընկճվեն, եթե դուք գործադրեք ձեր իշխանությունը։ Եհովա Աստված՝ ընտանիքի Հիմնադիրը, չի նախատեսել, որ երեխաներն ընտանեկան գործերում ծնողների հետ հավասար ձայն ունենան։ Նա ծնողների՛ն է իշխանություն տվել ընտանիքում, իսկ երեխաներին պատվիրում է. «Հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 3։14, 15; 6։1–4)։
Դուք կարող եք ձեր իշխանությունը գործադրել՝ առանց բռնակալ դառնալու։ Ինչպե՞ս։ Հետևելով Եհովայի օրինակին։ Նա կարո՛ղ է մեզ՝ իր երկրային զավակներին, ստիպել, որ իր կամքը կատարենք, բայց այդպես չի վարվում, փոխարենը՝ մղում է մեզ դրսևորելու մեր լավ հատկությունները։ «Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը»,— գրված է նրա Խոսքում (Եսայիա 48։18)։ Եհովան ուզում է, որ մենք ոչ թե վախից, այլ սիրուց մղված հնազանդվենք իրեն (1 Հովհաննես 5։3)։ Նա ողջամիտ է մեզանից ունեցած իր ակնկալիքներում և գիտի, որ օգուտներ կստանանք, եթե ապրենք իր բարոյական չափանիշների համաձայն (Սաղմոս 19։7–11)։
Ի՞նչը կօգնի վստահ, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված կերպով գործադրել ծնողական իշխանությունը։ Նախ՝ պետք է համոզված լինեք, որ Աստված ձեզանից պահանջում է դա։ Երկրորդ՝ պետք է վստահ լինեք, որ Աստծու բարոյական չափանիշներով ապրելը ձեզ և ձեր երեխաներին մեծ օգուտներ կբերի (Հռոմեացիներ 12։2)։
Իսկ կոնկրետ ինչպե՞ս պետք է գործադրեք ձեր իշխանությունը։
[Մեջբերում 5–րդ էջի վրա]
«Խրատիր որդիիդ, եւ նա.... սփոփանք կ’պատճառէ քո հոգիին» (Առակաց 29։17)։