Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 9/1 էջ 21–25
  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երկայնամիտ եղեք
  • Դաստիարակեք սիրով
  • Քաջալերեք երեխային ձեզ հետ հաղորդակցվելիս անկեղծ լինել
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ծնողնե՛ր ու երեխանե՛ր, հաղորդակցվեք սիրով
    2013 Դիտարան
  • Ծնողնե՛ր, օգնեք ձեր երեխաներին սիրել Աստծուն
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մեր երեխաները թանկարժեք ժառանգություն են
    2005 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 9/1 էջ 21–25

Ծնողնե՛ր, սիրո՛վ կրթեք ձեր երեխաներին

«Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 16։14)։

1. Ի՞նչ զգացումներ են ունենում ծնողները, երբ երեխա է ծնվում։

ԾՆՈՂՆԵՐԻ համար իրենց երեխայի ծնունդը կյանքի ամենաուրախալի իրադարձություններից մեկն է։ «Երբ առաջին անգամ տեսա նորածին աղջկաս, անչափ հուզվեցի և զգացի, որ շատ երջանիկ եմ,— ասում է Ալիան։ Ինձ համար նա ամենագեղեցիկ երեխան էր, որ երբևէ տեսել էի»։ Նման ուրախալի իրադարձությունը, սակայն, կարող է նաև ինչ–որ չափով անհանգստություն պատճառել ծնողներին։ Ալիայի ամուսինն ասում է. «Ինձ մտահոգում էր այն միտքը, թե կարող եմ արդյոք աղջկաս ինչպես հարկն է նախապատրաստել կյանքի դժվարություններին»։ Նույն մտահոգություններն ունեն նաև բազմաթիվ ուրիշ ծնողներ. նրանք գիտակցում են, որ պետք է սիրով դաստիարակեն իրենց երեխաներին։ Սակայն քրիստոնյա ծնողները, որոնք ցանկանում են իրենց երեխաներին սիրով կրթել, դժվարությունների են հանդիպում։ Որո՞նք են այդ դժվարություններից մի քանիսը։

2. Ի՞նչ դժվարությունների են բախվում ծնողները։

2 Այսօր մենք ապրում ենք այս համակարգի վերջին օրերում։ Ինչպես և նախագուշակվել էր, այսօրվա աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, որոնք սեր չեն դրսևորում։ Նույնիսկ ընտանիքի անդամների միջև չկա «բնական կապվածություն», նրանք դարձել են «անշնորհակալ, անհավատարիմ.... ինքնատիրապետում չունեցող, դաժան» մարդիկ (2 Տիմոթեոս 3։1–5)։ Այսպիսի հատկություններ դրսևորող մարդկանց հետ ամեն օր շփվելը կարող է վատ ազդեցություն թողնել քրիստոնյա ընտանիքի անդամների փոխհարաբերությունների վրա։ Ուստի ծնողները պայքարում են այն բանի դեմ, որ չկորցնեն իրենց ինքնատիրապետումը, առողջ դատելու կարողությունը և աշխատում են միտումնավոր կերպով չվիրավորել միմյանց (Հռոմեացիներ 3։23; Հակոբոս 3։2, 8, 9)։

3. Ինչպե՞ս կարող են ծնողները մեծացնել երջանիկ երեխաներ։

3 Չնայած այս դժվարություններին, սակայն՝ ծնողները կարո՛ղ են մեծացնել երջանիկ և հոգևորապես առողջ երեխաներ։ Ինչպե՞ս. հետևելով Աստվածաշնչի խորհրդին. «Ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն» (1 Կորնթացիներ 16։14)։ Իրոք, սերը «միասնության կատարյալ կապն է» (Կողոսացիներ 3։14)։ Եկեք ուսումնասիրենք սիրո երեք երեսակ, որոնց մասին խոսում է Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղած իր առաջին նամակում, և քննարկենք, թե ինչպես կարող են ծնողները դրսևորել այս հատկությունը իրենց երեխաներին դաստիարակելիս (1 Կորնթացիներ 13։4–8)։

Երկայնամիտ եղեք

4. Ինչո՞ւ պետք է ծնողները երկայնամիտ լինեն։

4 Պողոսը գրեց. «Սերը երկայնամիտ է» (1 Կորնթացիներ 13։4)։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «երկայնամիտ», նշանակում է լինել համբերատար և բարկանալու մեջ՝ դանդաղ։ Իսկ ծնողները ինչո՞ւ պետք է երկայնամիտ լինեն։ Անշուշտ, դրա համար նրանք կարող են բազմաթիվ պատճառներ բերել։ Քննարկենք դրանցից մի քանիսը։ Սովորաբար երեխաները իրենց ուզածը ստանալու համար սիրում են նույն բանը մի քանի անգամ ասել։ Նույնիսկ եթե ծնողի պատասխանը «ոչ» է, երեխան նորից ու նորից է խնդրում՝ հույս ունենալով, որ ծնողը ի վերջո կտա իր համաձայնությունը։ Բացի այդ, պատանեկան հասակի երեխաները սիրում են երկար–բարակ վիճաբանել և տարբեր պատճառներ բերել, թե ինչու պետք է ծնողները թույլ տան իրենց անել այն, ինչը, վերջիններիս կարծիքով, հիմարություն է (Առակաց 22։15)։ Եվ ի վերջո, երեխաները, ինչպեսև մենք բոլորս, հակում ունեն կրկնելու իրենց սխալները (Սաղմոս 130։3)։

5. Ի՞նչը կարող է օգնել ծնողներին երկայնամիտ լինել։

5 Ի՞նչը կարող է օգնել ծնողներին երկայնամիտ և համբերատար լինել իրենց երեխաների հանդեպ։ Սողոմոն թագավորը գրել է. «Մարդուն խոհեմութիւնը անոր բարկութիւնը կը զսպէ» (Առակաց 19։11, ԱԱ)։ Ծնողները կարո՛ղ են հասկանալ, թե ինչու են երեխաները այդպես վարվում, եթե հիշեն, որ մի ժամանակ իրենք էլ «մանկան պես էին խոսում, մանկան պես էին մտածում, մանկան պես էին տրամաբանում» (1 Կորնթացիներ 13։11)։ Ծնողնե՛ր, հիշո՞ւմ եք, թե երեխայական պահանջներով որքան եք ձանձրացրել ձեր հայրիկին կամ մայրիկին։ Իսկ երբ արդեն պատանի էիք, երբևիցե չէի՞ք մտածել, որ ձեր ծնողները պարզապես չեն հասկանում ձեր զգացմունքներն ու խնդիրները։ Եթե այո, ապա թերևս կփորձեք հասկանալ, թե ինչու են ձեր երեխաները հենց այդպես վարվում, և թե ինչու ձեր որոշումների մասին պետք է շարունակ և համբերատարությամբ հիշեցնեք նրանց (Կողոսացիներ 4։6)։ Ուշագրավ է, որ Եհովան իսրայելացի ծնողներին պատվիրել էր երեխաների համար «կրկնել» իր օրենքները (Բ Օրինաց 6։6, 7)։ Եբրայերեն «կրկնել» բառը ունի «նորից ու նորից ասելու», «տպավորելու» իմաստը։ Դա նշանակում է, որ ծնողները պետք է միևնույն բանը ասեն այնքան ժամանակ, մինչև որ երեխան սովորի կյանքում կիրառել Աստծու օրենքները։ Հաճախ նման կրկնողությունը հարկավոր է, որպեսզի նրանք ուրիշ դասեր էլ սովորեն կյանքում։

6. Ինչո՞ւ երկայնամիտ ծնող լինելը չի նշանակում լինել չափից ավելի ներողամիտ ու հանդուրժող։

6 Երկայնամիտ ծնող լինելը, սակայն, չի նշանակում լինել չափից ավելի ներողամիտ ու հանդուրժող։ Աստծու Խոսքը զգուշացնում է. «Իր կամքին ձգուած տղան իր մայրը կ’ամչցնէ»։ Նման իրավիճակից խուսափելու համար, սակայն, նույն առակի շարունակության մեջ ասվում է. «Գաւազանն ու յանդիմանութիւնը իմաստութիւն կու տան» (Առակաց 29։15, ԱԱ)։ Երբեմն երեխաները կարող են մտածել, որ ծնողները իրավունք չունեն իրենց հանդիմանել։ Սակայն քրիստոնյա ընտանիքներում այսպես կոչված դեմոկրատիան պետք է տեղ չունենա։ Ծնողները իրավունք ունեն երեխաների վարքագծի հետ կապված կանոններ սահմանել, և դա չպետք է ինչ–որ չափով կախված լինի երեխաների հաճությունը ունենալուց։ Փոխարենը՝ Եհովան՝ որպես ընտանիքի Հիմնադիր, ծնողներին իրավո՛ւնք է տալիս իրենց երեխաներին սիրով դաստիարակել ու կրթել (1 Կորնթացիներ 11։3; Եփեսացիներ 3։15; 6։1–4)։ Իրականում դաստիարակությունը սերտորեն կապված է սիրո մյուս երեսակի հետ, որի մասին Պողոսը նույնպես խոսեց։

Դաստիարակեք սիրով

7. Ինչո՞ւ ծնողները պետք է սիրով խրատեն իրենց երեխաներին, և ի՞նչ է մտնում այդպիսի դաստիարակության մեջ։

7 Պողոսը գրեց, որ «սերը.... բարի է» (1 Կորնթացիներ 13։4)։ Այն ծնողները, ովքեր իսկապես բարի են, իրենց երեխաներին դաստիարակելիս հետևողական կլինեն։ Այսպես վարվելով՝ նրանք կընդօրինակեն Եհովային։ «Ում որ Եհովան սիրում է, նրան խրատում է»,— գրում է Պողոսը։ Ուշադրություն դարձրեք, որ Աստվածաշնչում նշված խրատի այս ձևը չի նշանակում պարզապես պատժել։ Խրատել նշանակում է նաև երեխային դաստիարակել ու կրթել։ Իսկ ո՞րն է այդպիսի դաստիարակության նպատակը։ «Դրանով կրթվածներին,— գրում է Պողոսը,— խաղաղության պտուղ է բերում, այսինքն՝ արդարություն» (Եբրայեցիներ 12։6, 11)։ Երբ ծնողները իրենց երեխաներին սիրով են կրթում՝ Աստծու կամքի համաձայն, այդպիսով հնարավորություն են տալիս նրանց հետագայում դառնալու խաղաղասեր և արդար մարդիկ։ Եթե երեխաները ընդունում են «Տիրոջ խրատը», նրանք իմաստություն, գիտելիքներ և խորաթափանցություն են ձեռք բերում՝ անգին ունեցվածք, որն ավելի արժեքավոր է, քան արծաթն ու ոսկին (Առակաց 3։11–18)։

8. Սովորաբար ի՞նչ է լինում հետևանքը, երբ ծնողները իրենց երեխաներին դաստիարակելու հարցում հետևողական չեն լինում։

8 Մյուս կողմից, սակայն, ծնողները բարություն դրսևորած չեն լինի, եթե իրենց երեխաներին չխրատեն։ Եհովան ներշնչեց Սողոմոնին գրելու. «Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան» (Առակաց 13։24)։ Երբ երեխաները հետևողական դաստիարակություն չեն ստանում, դառնում են եսասեր ու դժբախտ։ Եվ հակառակը՝ երբ ծնողները կարեկցող են, բայց միևնույն ժամանակ կոնկրետ սահմանափակումներ են դնում իրենց երեխաների առջև, ապա սովորաբար այդպիսի երեխաները դպրոցում լավ են սովորում, կարողանում են ուրիշների հետ լավ փոխհարաբերություններ պահպանել և հիմնականում երջանիկ մարդիկ են դառնում։ Իսկապես, այն ծնողները, ովքեր իրենց երեխաներին բարությամբ են դաստիարակում, դրանով ցույց են տալիս, որ սիրում են նրանց։

9. Քրիստոնյա ծնողները ի՞նչ են սովորեցնում իրենց երեխաներին, և նրանք ինչպե՞ս պետք է վերաբերվեն ծնողների պահանջներին։

9 Ի՞նչ է նշանակում դաստիարակել երեխաներին սիրալիր կերպով և բարությամբ։ Քրիստոնյա ծնողները իրենց երեխաներին հստակ պետք է ասեն, թե ինչ է նրանցից պահանջվում։ Դրա համար նրանք իրենց երեխաներին դեռ մանուկ հասակից են սովորեցնում Աստվածաշնչի հիմնական սկզբունքները, նաև այն, որ անհրաժեշտ է մասնակցել ճշմարիտ երկրպագության հետ կապված բոլոր հոգևոր միջոցառումներին (Ելից 20։12–17; Մատթեոս 22։37–40; 28։19; Եբրայեցիներ 10։24, 25)։ Երեխաները պետք է հասկանան, որ այս պահանջները հաստատուն են ու անփոփոխ։

10, 11. Ինչո՞ւ ծնողները կարող են հաշվի առնել իրենց երեխաների կարծիքը, երբ ընտանիքում կանոններ են հաստատում։

10 Ժամանակ առ ժամանակ ծնողները թերևս ընտանիքում կանոններ սահմանելիս խորհրդակցեն իրենց երեխաների հետ։ Եթե պատանիներն էլ ցանկանան մասնակցել քննարկմանը, ապա ավելի հակված կլինեն հնազանդվելու այդ կանոններին։ Օրինակ՝ երբ ծնողները որոշում են, թե երբ պետք է երեխան տուն վերադառնա, ապա նրանք կարող են կոնկրետ ժամ առաջարկել։ Կամ էլ կարող են թույլ տալ, որ երեխան ինքը որոշի ժամը և բացատրի, թե ինչու է նախընտրում հենց այդ ժամին տուն գալ։ Քննարկումից հետո ծնողները կարող են իրենց վերջնական որոշումը հայտնել և բացատրել, թե ինչու են հարմար գտնում, որ նա հենց այդ ժամին տանը լինի։ Եթե տարաձայնություններ են առաջ գալիս, ինչը որ հավանական է, ապա ի՞նչ կարելի է անել։ Որոշ դեպքերում գուցե գան այն եզրակացության, որ կարելի է հաշվի առնել երեխայի ցանկությունը, եթե, իհարկե, Աստվածաշնչի սկզբունքները չեն խախտվում։ Արդյոք այդպես վարվելով՝ ծնողները կորցնո՞ւմ են իրենց հեղինակությունը։

11 Այս հարցին պատասխանելու համար եկեք տեսնենք, թե Եհովան ինչպես սիրալիր կերպով գործադրեց իր հեղինակությունը Ղովտի և նրա ընտանիքի պարագայում։ Այն բանից հետո, երբ հրեշտակները օգնեցին Ղովտին, նրա կնոջն ու աղջիկներին դուրս գալ Սոդոմից, նրանք ասացին. «Սարը փախիր, որպէս զի չ’կորչիս»։ Սակայն Ղովտը պատասխանեց. «Ոչ՝ Տէր, աղաչում եմ»։ Այնուհետև նա մի ուրիշ տարբերակ առաջարկեց. «Ահա այս քաղաքը մօտիկ է, այն տեղ փախչելու համար. եւ նա պզտիկ է, թող այն տեղ փախչիմ»։ Ինչպե՞ս արձագանքեց Եհովան։ Նա ասաց. «Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի» (Ծննդոց 19։17–22)։ Արդյոք Եհովան կորցրե՞ց իր հեղինակությունը։ Ամենևի՛ն։ Այնուհանդերձ, նա հաշվի առավ Ղովտի խնդրանքը և այդ պարագայում մեծ բարություն դրսևորեց նրա հանդեպ։ Եթե դու ծնող ես, ընտանիքում կանոններ հաստատելիս հաշվի առնո՞ւմ ես քո երեխայի կարծիքը։

12. Ի՞նչը կարող է օգնել երեխային իրեն ապահով զգալ։

12 Ինչ խոսք, երեխաները ոչ միայն պետք է տեղյակ լինեն, թե ինչպիսի կանոններ են ընդունված ընտանիքում, այլև պետք է իմանան, որ դրանք խախտելու դեպքում իրենց պատիժ է սպասում։ Եթե պատժամիջոցների մասին արդեն խոսվել է, ու նրանք հասկացել են, ուրեմն հարկավոր է այդ կանոնները կիրառել։ Եթե ծնողները շարունակ հիշեցնում են երեխաներին պատժի մասին, սակայն հարկ եղած դեպքում չեն պատժում, ապա դա ցույց է տալիս, որ նրանք սիրով չեն վարվում։ «Չար գործի վճիռը շուտով չէ կատարվում, սորա համար էլ մարդկանց որդիների սիրտը համարձակվում է չարութիւն անելու»,— գրված է Աստվածաշնչում (Ժողովող 8։11)։ Ճիշտ կլինի, եթե ծնողը երեխային ուրիշների կամ նրա հասակակիցների ներկայությամբ չպատժի, որպեսզի երեխան իրեն վատ չզգա։ Սակայն պետք է հիշել, որ երեխաներն իրենց ավելի ապահով են զգում և ավելի շատ են հարգում ու սիրում իրենց ծնողներին, երբ գիտեն, որ ծնողների «այո»–ն «այո» է, իսկ «ոչ»–ը՝ «ոչ», նույնիսկ այն դեպքում, երբ պիտի պատժվեն (Մատթեոս 5։37)։

13, 14. Ինչպե՞ս կարող են ծնողները ընդօրինակել Եհովային, երբ կրթում են իրենց երեխաներին։

13 Պատիժը սիրով կտրվի, եթե պատժելիս ծնողները հաշվի առնեն երեխայի անհատականությունը։ «Մեր երկու երեխաներին տարբեր ձևով էինք դաստիարակում»,— հիշում է Պեմը։ «Այն մեթոդը, որը գործում էր մի երեխայի պարագայում, մյուսի համար չէր գործում»։ Պեմի ամուսինը՝ Լարին, ավելացնում է. «Մեր ավագ դուստրը կամակոր էր, և թվում էր, թե նրա վրա միայն խիստ խրատն է ազդում։ Իսկ կրտսեր աղջիկս կես խոսքից հասկանում էր ինձ և նույնիսկ դժգոհ հայացքիցս կռահում էր, թե ինչ եմ ասելու»։ Սիրող ծնողները փորձում են գտնել, թե իրենց յուրաքանչյուր երեխայի համար որն է դաստիարակության ամենաազդեցիկ մեթոդը։

14 Եհովան լավ օրինակ է ծնողների համար, քանի որ գիտի իր ծառաներից յուրաքանչյուրի լավ ու վատ կողմերը (Եբրայեցիներ 4։13)։ Ավելին, երբ պատժելու կարիք է զգացվում, Եհովան չափից դուրս խիստ չէ և ոչ էլ չափազանց հանդուրժող է։ Նա միշտ իր ժողովրդին խրատում էր «չափաւորութեամբ» (Երեմիա 30։11)։ Ծնողնե՛ր, գիտե՞ք արդյոք ձեր երեխաների լավ ու վատ կողմերը։ Այդ ամենը հաշվի առնելով՝ կարողանո՞ւմ եք հաջողությամբ ու սիրալիր կերպով կրթել նրանց։ Եթե այո, ապա դրանով ցույց եք տալիս, որ սիրում եք ձեր երեխաներին։

Քաջալերեք երեխային ձեզ հետ հաղորդակցվելիս անկեղծ լինել

15, 16. Ինչպե՞ս կարող են քրիստոնյա ծնողները քաջալերել երեխաներին իրենց հետ խոսելիս լինել անկեղծ, և այս առումով ո՞ր մեթոդն են նրանք արդյունավետ համարում։

15 Սիրո մյուս երեսակի մասին ասվում է, որ այն «անարդարության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության հետ» (1 Կորնթացիներ 13։6)։ Ինչպե՞ս կարող են ծնողները դաստիարակել երեխաներին այնպես, որ նրանք սիրեն ճշմարտությունը։ Շատ կարևոր է քաջալերել երեխաներին անկեղծությամբ արտահայտել իրենց զգացմունքները, նույնիսկ եթե ծնողների համար դժվար է համաձայնվել նրանց հետ։ Հասկանալի է, որ ծնողներն ուրախանում են, երբ երեխաները այնպիսի մտքեր ու զգացմունքներ են արտահայտում, որոնք ներդաշնակ են բարոյական չափանիշներին։ Սակայն որոշ դեպքերում երեխայի անկեղծ ասված խոսքերը կարող են ցույց տալ, որ նա անարդարության ճանապարհին է կանգնած (Ծննդոց 8։21)։ Այս պարագայում ի՞նչ պետք է անեն ծնողները։ Պետք է անմիջապես ուղղե՞ն նրանց՝ նման մտքեր արտահայտելու համար։ Եթե ծնողները նման ձևով վարվեն, ապա երեխաները կասեն միայն այն, ինչը որ այդ պահին ծնողները կուզենան լսել նրանցից։ Իհարկե, անհարգալից բառերը անմիջապես պետք է ուղղել, սակայն կարևոր է հասկանալ, որ տարբերություն կա՝ սովորեցնել երեխաներին, թե ինչպես քաղաքավարի ձևով խոսեն և թելադրել նրանց, թե ինչ ասեն։

16 Իսկ ինչպե՞ս կարող են ծնողները քաջալերել երեխաներին իրենց հետ խոսելիս անկեղծ լինել։ Ալիան, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, ասում է. «Մենք բաց հաղորդակցության մթնոլորտ ենք ստեղծել և փորձում ենք անմիջապես սրտին մոտ չընդունել այն ամենը, ինչ մեր երեխաներն ասում են մեզ, չնայած որ դա կարող է մտահոգության առիթ տալ»։ Իսկ Թոմ անունով մի հայր պատմում է. «Մենք քաջալերում էինք մեր աղջկան, որ նա պատմի մեզ իր սրտում եղածը, նույնիսկ այն դեպքերում, երբ մեզ հետ չէր համաձայնվում։ Մենք գիտեինք, որ եթե ամեն անգամ անհարկի միջամտեինք և ինքնակամորեն պարտադրեինք նրան մեր ուզածը, ապա նա կհուսալքվեր և այլևս չէր արտահայտի իր ներքին զգացումները։ Երբ լսում էինք մեր աղջկան, քաջալերում էինք նրան, որ նա էլ մեզ լսի»։ Իհարկե, երեխաները պե՛տք է հնազանդվեն իրենց ծնողներին (Առակաց 6։20)։ Սակայն բաց հաղորդակցության միջոցով ծնողները կարողանում են օգնել նրանց տրամաբանելու կարողություն զարգացնել։ Վինսենթը, որը չորս երեխաների հայր է, պատմում է. «Ես ու կինս մեր երեխաների հետ հաճախ էինք քննարկում տվյալ իրավիճակի առավելություններն ու թերությունները, որպեսզի նրանք հասկանային, թե ինչ օգուտներ կարող են քաղել իրենց համար։ Սա օգնում էր նրանց մտածելու կարողություն զարգացնել» (Առակաց 1։1–4)։

17. Ո՞ր հարցում ծնողները կարող են վստահ լինել։

17 Իհարկե, ոչ մի ծնող չի կարող կատարելապես կիրառել երեխայի դաստիարակության հետ կապված Աստվածաշնչի խորհուրդները։ Սակայն նույնիսկ այդ դեպքում դուք կարող եք վստահ լինել, որ ձեր երեխաները խորապես կգնահատեն ձեզ, քանի որ դուք ջանք եք թափել, որպեսզի երկայնամտությամբ, բարությամբ և սիրով դաստիարակեք նրանց։ Եհովան, անշուշտ, կօրհնի ձեր ջանքերը (Առակաց 3։33)։ Ի վերջո, բոլոր քրիստոնյա ծնողների ցանկությունն այն է, որ իրենց երեխաները սովորեն սիրել Եհովային այնքան, որքան որ իրենք են սիրում։ Իսկ ի՞նչ միջոցներով կարող են ծնողները հասնել այս հիանալի նպատակին։ Այդ մասին կքննարկենք հաջորդ հոդվածում։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս կարող է խորաթափանցությունը օգնել ծնողին երկայնամիտ լինել։

• Ի՞նչ կապ գոյություն ունի սիրո և բարությամբ դաստիարակելու միջև։

• Ինչո՞ւ է կարևոր, որ ծնողների և երեխաների միջև բաց հաղորդակցություն լինի։

[նկարներ 23–րդ էջի վրա]

Ծնողնե՛ր, հիշո՞ւմ եք, թե ինչպիսին եք դո՛ւք եղել

[նկար 24–րդ էջի վրա]

Քաջալերո՞ւմ եք ձեր երեխաներին անկեղծորեն և ազատ հաղորդակցվել ձեզ հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը