«Շնորհակալություն ձեր մեծ սիրո համար»
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
◼ Արևելյան Սիբիրի քաղաքներից Չիտայում Եհովայի վկաները, մինչ նոր Թագավորության սրահ տեղափոխվելը, իրենց ժողովի հանդիպումներն անցկացնում էին դպրոցի դասարաններից մեկում։ Քանի որ նրանք դասարանը մաքուր էին պահել, վերանորոգել էին որոշ բաներ և բարեհամբույր ու սիրալիր վերաբերմունք էին դրսևորել, դպրոցի տնօրինությունը շնորհակալական նամակ գրեց ժողովին։
Նամակում գրված էր. «Շնորհակալություն ձեր մեծ սիրո համար, ինչպես նաև քարոզչական և մարդասիրական գործունեության։ Մենք երբեք չենք մոռանա այն ամենը, ինչ սովորեցինք ձեզնից այս տարիների ընթացքում ձեզ հետ համագործակցելիս։ Դուք ապացուցեցիք, որ նրանք, ովքեր հավատում են Աստծուն, պարկեշտ, բարեխիղճ, բարի, նպատակասլաց մարդիկ են, որոնք իմաստալից կյանքով են ապրում»։ Անկասկած, Եհովայի վկաները գնահատում են այսպիսի խոսքերը։
◼ Չիտայից մոտավորապես 5 500 կիլոմետր արևմուտք գտնվող՝ Ռուսաստանի Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչը հրավեր ստացավ մասնակցելու հատուկ արարողության, որը կազմակերպել էր Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանը։ Իսկ ի՞նչ նպատակով։ Ամեն տարի ձնհալից հետո Վկաները մաքրում են այն աղբը, որը կուտակվում է մասնաճյուղից ոչ հեռու գտնվող ճանապարհին։ Այդ ճանապարհը 60 կիլոմետր երկարություն ունի։ Հասարակության օգտին բարի գործ անելու համար մասնաճյուղի ներկայացուցչին պաշտոնապես շնորհակալական վկայական հանձնվեց։ Ներկաները բուռն ծափահարեցին։ Հետաքրքիր է, որ երբ հրավիրված հռետորը սխալ արտասանեց Եհովա Աստծու անունը, ներկաներից ոմանք, ովքեր Վկաներ չէին, արագ ուղղեցին նրան։ Դա վկայում է այն մասին, որ մարդիկ գիտեն Աստծու անունը և ճանաչում են Եհովայի վկաներին։
Ո՞րն է պատճառը, որ Եհովայի վկաներին այդքան լավ են ճանաչում։ Պատճառն այն է, որ Ռուսաստանի մոտ 150 000 Վկաներ իրենց քարոզչական գործունեությամբ շարունակում են «մեծ սեր» դրսևորել մարդկանց հանդեպ՝ Աստվածաշնչի մխիթարական պատգամը հայտնելով բոլորին (Մատթեոս 22։39)։
[Նկար 31–րդ էջի վրա]
Ռուսաստանի մասնաճյուղը շնորհակալական վկայական ստացավ