Ինչու են ցանցերը դատարկ
«Եղել են և՛ լավ, և՛ վատ տարիներ։ Սակայն երբեք չեմ տեսել ձկնորսության այսպիսի ճգնաժամ,— ասում է 65–ամյա Ջորջը, որը ձկնորսությամբ է զբաղվում Անգլիայի հյուսիսարևելյան ափին։— Ամեն ինչ սպառվել է. ո՛չ սաղմոն կա, ո՛չ սիգ, ո՛չ ձողաձուկ, ո՛չ ծովախեցգետին. ոչինչ չկա»։
ՋՈՐՋԸ միակը չէ, ով մտահոգված է այս խնդրով։ Այսպես են արտահայտվում աշխարհի տարբեր մասերում ապրող ձկնորսներ։ Պերուում ապրող Ագուստինը 350 տոննանոց ձկնորսական նավի նավապետ է։ Նա ասում է. «Սարդինա ձկան պակասը զգացվել է դեռ տասներկու տարի առաջ։ Պերուում կլոր տարի առատ ձուկ էր լինում, սակայն հիմա ամիսներով չենք կարողանում ձուկ գտնել։ Առաջ ձուկ որսալու համար ափից 25 կիլոմետրից այն կողմ չէինք գնում, իսկ հիմա ափից նավարկում ենք 300 կիլոմետր հեռու, որպեսզի կարողանանք ձուկ բռնել»։
Անտոնիոն, որն ապրում է Իսպանիայի Գալիցիա նահանգում, ասում է. «Քսան տարուց ավել է, որ ձկնորսությամբ եմ զբաղվում։ Տեսել եմ, թե ինչպես են ձկները տարիների ընթացքում վերանում։ Մենք ավելի շատ ենք ձուկ որսում, քան ծովը կարող է տալ»։
Ճիշտ է, օվկիանոսների դատարկությունը հնարավոր չէ տեսնել, բայց իրական պատկերը նույնքան տխուր է, որքան համատարած անտառահատումների պատկերն է։ Վերջերս ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը ձկնորսության չարաշահման մասին ասել է հետևյալը. «Իրավիճակը բավականին լուրջ է և սպառնալից, քանի որ արդեն ամբողջությամբ դատարկվել է աշխարհի ձկնորսական տարածքների 75 տոկոսը»։
Մարդկության մեկ հինգերորդի համար ձուկը կենդանական պրոտեինների հիմնական աղբյուրն է։ Ուստի կարևորագույն սննդամթերքներից մեկը վտանգված է։ Ծովերում ձկներն անսպառ չեն։ Իրականում օվկիանոսների բոլոր հատվածները չէ, որ ձկնառատ են։ Հիմնականում ձկնառատ են ափամերձ շրջանները և սննդարար նյութերով հարուստ ջրերը։ Ֆիտոպլանկտոնը, որը սնվում է այս սննդանյութերով, ծովային կենդանիների սնման շղթայի սկիզբն է։ Ինչպե՞ս են «ավերվում» ձկնորսական տարածքները։ Պատմական մի ակնարկ կպատասխանի այս հարցին։
Նյուֆաունդլենդյան Մեծ Բանկ. նոր տարածք
Ոսկե տենդի պես մի բան սկսվեց ձկնորսների մեջ, երբ անգլիացի ծովագնաց–հետախույզ Ջոն Կաբոտանa, անցնելով Ատլանտյան օվկիանոսը, հայտնաբերեց Մեծ Բանկի ձկնորսական տարածքը Կանադայի ափամերձ ծանծաղուտ ջրերում։ Այս հայտնագործությունը կատարվեց Քրիստափոր Կոլումբոսի պատմական ճանապարհորդությունից (1492 թ.) հինգ տարի անց։ Շուտով հարյուրավոր ձկնորսներ ներխուժեցին Մեծ Բանկ։ Ոչ մի եվրոպացի մինչ այդ չէր տեսել մի տարածք, որը հարուստ լիներ ձողաձկներով։
Ձողաձուկը ոսկու գին ուներ։ Այն շատ թանկ էր գնահատվում իր սպիտակ և ոչ ճարպոտ մսի համար։ Առայսօր այն մեծ պահանջարկ ունի միջազգային շուկայում։ Ատլանտյան ձողաձուկը սովորաբար կշռում է 1,4–9 կիլոգրամ, բայց Մեծ Բանկում եղել են անգամ մարդու չափ մեծ ձողաձկներ։ Հաջորդող դարերի ընթացքում ձկնորսները ավելի շատ ձկներ էին հանում ջրից՝ օգտագործելով հսկա ցանցեր և ձկնորսական սարքեր՝ հազարավոր կարթերով։
Ձկնարդյունաբերության ընդլայնումը
19–րդ դարում որոշ եվրոպացիներ սկսեցին անհանգստանալ, որ ձկան, հատկապես ծովատառեխի պաշարները սպառվում են։ Սակայն Բրիտանիայի արքայական գիտական հասարակության պրոֆեսոր Թոմաս Հաքսլին 1883 թ.–ին ձկնորսական իրերի միջազգային ցուցադրման ժամանակ հայտարարեց. «Ձկների այնպիսի առատություն է նկատվում, որ այն քանակը, որ մենք բռնում ենք, համեմատաբար աննշան է....։ Ես հավատում եմ, որ ձողաձուկը.... և հավանաբար բոլոր մեծ ծովերի ձկներն անսպառ են»։
Նույնիսկ այն բանից հետո, երբ Մեծ Բանկում թափ առավ ձկնարդյունաբերությունը, քչերն էին կասկածի ենթարկում Հաքսլիի խոսքերը։ Գնալով մեծանում էր ձողաձկան պահանջարկը, հատկապես 1925–ից հետո, երբ Քլարենս Բըրդսին (Մասաչուսեթս, ԱՄՆ) հայտնագործեց ձկների արագ սառեցման մեթոդը։ Քանի որ հնարավոր էր արդեն մեծ քանակությամբ ձկներ սառեցնել, ձկնորսները սկսեցին ավելի շատ ձուկ բռնել։ Սակայն այս ամենը դեռ սկիզբն էր։
1951 թ.–ին Բրիտանիայից մի հսկայական նավ ձկնորսության նպատակով ուղևորվեց դեպի Մեծ Բանկ։ Այն 85 մետր երկարություն ուներ և կարող էր տանել 2 600 տոննա բեռ։ Դա առաջին նավն էր, որ կարող էր սառեցնել և փաթեթավորել ձկները անմիջապես բռնելուց հետո։ Նավի հետևամասում տեղադրված էին հատուկ սարքավորումներ, որոնց միջոցով հսկայական ցանցը դուրս էր բերվում ջրից, իսկ նավի ամենացածր տախտակամածի վրա կային ավտոմատ սարքեր, որոնք արագորեն հեռացնում էին ձկան փշերը և սառեցնում միսը։ Օգտագործելով ռադարներ և ձուկ որոնող սարքեր՝ նավը կարող էր շաբաթներ շարունակ օր ու գիշեր որսալ ձկների վտառներ։
Մյուս երկրները նույնպես հասկացան, որ մեծ շահույթ կարող են ստանալ. շուտով նմանատիպ հարյուրավոր նավեր գործի անցան։ Նրանք մեկ ժամում բռնում էին մինչև 200 տոննա ձուկ։ Որոշ նավեր կարող էին տանել 8 000 տոննա բեռ։ Դրանք ունեին այնքան մեծ ցանցեր, որոնք կարող էին ծածկել մի հսկա օդանավ։
Վերջնական հարվածը
«Օվկիանոսի վերջը» գրքում նշվում է. «1970–ականների վերջին շատերը դեռ կարծում էին, թե օվկիանոսի պաշարները անսպառ են» (Ocean’s End)։ 1980–ականներին ավելի շատ հսկայական ձկնորսական նավեր էին շրջում Մեծ Բանկում։ Գիտնականները զգուշացնում էին, որ ձողաձուկը անհետացման եզրին է։ Սակայն այսօր տասնյակ հազարավոր մարդկանց համար ապրուստի հիմնական միջոցը դա է։ Բացի այդ, քաղաքական գործիչները չեն ցանկանում այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնց պատճառով կզրկվեն մարդկանց աջակցությունից։ 1992 թ.–ին գիտնականները հայտարարեցին, որ 30 տարվա ընթացքում ձողաձկան պոպուլյացիան 98,9 տոկոսով նվազել է։ Մեծ Բանկում արգելվեց ձողաձկան որսը։ Սակայն արդեն ուշ էր։ Աշխարհի ամենաձկնառատ տարածքներից մեկը ամայացել էր հայտնաբերվելուց ընդամենը հինգ հարյուր տարի անց։
Ձկնորսները հույս ունեին, որ ձողաձուկը «կվերադառնա», սակայն նրանց սպասելիքները դեռ չեն իրականացել, քանի որ ձկան այս տեսակը ապրում է ավելի քան 20 տարի և շատ դանդաղ է բազմանում։
Ձկնարդյունաբերության համաշխարհային ճգնաժամ
Մեծ Բանկում տիրող իրավիճակը ցույց է տալիս, թե համաշխարհային ձկնարդյունաբերության մեջ ինչ խնդիր կա։ 2002 թ.–ին Բրիտանիայի բնապահպանության նախարարը ահազանգեց, որ դատարկվել է աշխարհի ձկներով հարուստ տարածքների 60 տոկոսը։ Թյունոսը, թրաձուկը, շնաձուկը այն տեսակների թվում են, որոնք անհետացման եզրին են։
Ներկայումս որոշ ազգեր, որոնք արդեն վերացրել են ձկներով հարուստ իրենց տարածքները, նոր տարածքներ են փնտրում։ Աֆրիկայի ափերը, օրինակ, ձկնառատ տարածքներն են։ Աֆրիկացի շատ ղեկավարներ չեն կարողանում արգելել ձկան որսը, քանի որ իրենց երկրների բյուջեն հարստանում է ձուկ արտահանելով։ Ուստի զարմանալի չէ, որ տեղի բնակիչներն անհանգստանում են, երբ տեսնում են, որ իրենց ապրուստի միջոցները սպառվում են։
Մինչև ե՞րբ
Գուցե թվա, թե լուծումը շատ պարզ է՝ հսկել ձկնորսությունը։ Բայց դա այդքան էլ հեշտ չէ։ Ձկնարդյունաբերությունը մեծ գումարների ներդրում է պահանջում սարքավորումներ ձեռքբերելու համար։ Ուստի յուրաքանչյուր ձկնորս սպասում է, որ մյուսները դադարեցնեն որսը։ Արդյունքում ոչ ոք էլ չի դադարեցնում ձկնորսությունը։ Ավելին, հաճախ իշխանություններն իրենք են խոշոր ներդրողները, այդ պատճառով էլ անմասն չեն այդ խնդրից։ «Հարցեր գիտության և տեխնիկայի մասին» ամսագրում ասվում է. «Ազգերը (ՄԱԿ) հաճախ օրենքներ են սահմանում ձկնառատ տարածքների պահպանության համար, սակայն հենց իրենք են ոտնահարում դրանք» (Issues in Science and Technology)։
Սիրողական ձկնորսությունը նույնպես ներգրավված է այս հարցում։ Միացյալ Նահանգներում անցկացված մի ուսումնասիրության արդյունքների մասին նշելով՝ «Նյու սայենթիստ» հանդեսը ասում է. «Մեքսիկական ծոցում արգելքի տակ գտնվող տարածքներում կատարված ձկնագողության 64 տոկոսի համար պատասխանատու են սիրողական ձկնորսությամբ զբաղվողները, որոնք բռնում են անհետացման եզրին հայտնված ձկնատեսակներ»։ Քանի որ և՛ սիրողական, և՛ արդյունաբերական ձկնորսությունը տարածված է, քաղաքական գործիչները որոշումներ կայացնելիս ավելի շատ մտածում են իրենց հեղինակության, քան ձկնապաշարների պահպանման մասին։
Կգա՞ ժամանակ, երբ աշխարհի ձկնորսական տարածքները պաշտպանված կլինեն։ Բոիս Թորն–Միլերը իր՝ «Կենդանի օվկիանոս» գրքում ասում է. «Ոչինչ չի փրկի օվկիանոսի ձկնատեսակներին, մինչև մարդը չփոխի իր վերաբերմունքը» (The Living Ocean)։ Ուրախալի է, որ Ստեղծիչը՝ Եհովա Աստված, մի Թագավորություն է հիմնել, որի իշխանության ներքո երկիրը պաշտպանված կլինի (Դանիէլ 2։44; Մատթեոս 6։10)։
[Ծանոթագրություն]
a Ջոն Կաբոտան ծնվել է Իտալիայում, որտեղ նրան կոչում էին Ջիովանի Կաբոտո։ Սակայն 1480–ականներին նա տեղափոխվեց Բրիստոլ՝ Անգլիա, իսկ 1497 թ.–ին կատարեց իր ճանապարհորդությունը։
[Մեջբերում 21–րդ էջի վրա]
Անտառահատված տարածքների նման՝ օվկիանոսները ամայացել են
[Մեջբերում 22–րդ էջի վրա]
«Արդեն ամբողջությամբ դատարկվել է աշխարհի ձկնորսական տարածքների 75 տոկոսը» (ՄԱԿ–ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն)
[Մեջբերում 23–րդ էջի վրա]
Մարդկության մեկ հինգերորդի համար ձուկը կենդանական պրոտեինների հիմնական աղբյուրն է
[Նկար 23–րդ էջի վրա]
Կամբոջա
[Նկար 23–րդ էջի վրա]
Արդյունաբերական ձկնորսությունն Ալյասկայում
[Նկար 23–րդ էջի վրա]
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
[Թույլտվությամբ 20–րդ էջի վրա]
© Janis Miglavs/DanitaDelimont.com
[Թույլտվությամբ 22–րդ էջի վրա]
Top։ © Mikkel Ostergaard/Panos Pictures; middle։ © Steven Kazlowski/SeaPics.com; bottom։ © Tim Dirven/Panos Pictures
[Նկար 23–րդ էջի վրա]
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն