Դիտում ենք աշխարհը
◼ «Մի խումբ աստղագետներ Սուբարու և Մաունա Քեա հանգած հրաբխի մոտ [Հավայի] տեղակայված հեռադիտակների միջոցով հայտնաբերել են 200 միլիոն լուսատարի տարածության վրա ձգվող գալակտիկաների հսկայական եռաչափ թևեր»։ Դրանք երբևէ հայտնաբերված ամենամեծ մարմիններն են տիեզերքում։(ՍՈՒԲԱՐՈՒ ՀԵՌԱԴԻՏԱԿ ՎԵԲ ԿԱՅՔ, ՃԱՊՈՆԻԱ)
◼ Միացյալ Թագավորության ազգային վիճակագրության գրասենյակը տեղեկացնում է, որ 2006 թ.–ին տեղի ունեցած հարսանիքները [Անգլիա և Ուելս] 110 տարվա մեջ ամենացածր թիվն են կազմել։ Պատճառն այն է, որ շատերը նախընտրում են չամուսնանալ, այլ պարզապես ապրել միասին («ԳԱՐԴԻԱՆ», ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)
◼ Կրոնական հարցերով զբաղվող մի կազմակերպություն նշում է, որ մարդկանց 44 տոկոսը կա՛մ փոխում է իր կրոնը, կա՛մ ընդհանրապես հրաժարվում է իր կրոնից և ուրիշ կրոնի անդամ չի դառնում։ Որոշներն էլ հրաժարվում են որևէ կրոնական աղանդի անդամ դառնալուց (PEW FORUM ON RELIGION AND PUBLIC LIFE, ԱՄՆ)
Քոլեջները և սեքսը
«Բացի որոշ ավետարանչական քոլեջներից, .... անբարո վարքի հետ կապված շատ քիչ տարբերություն կա պետական, մասնավոր և կաթոլիկական քոլեջների ու համալսարանների միջև։ Այդ հաստատություններում սովորող ուսանողները սեռական հարաբերություն են ունենում երբ ուզում են և ում հետ ուզում են»։ Այսպես արտահայտվեց կաթոլիկ աստվածաբան և պրոֆեսոր Դոնա Ֆրետասը այն բանից հետո, երբ ուսումնասիրեց ամերիկյան քոլեջներում սովորող ուսանողների վարքը։ «Ազգային կաթոլիկական տեղեկատուի» համաձայն՝ Ֆրետասը ասել է, որ բարոյական չափանիշները պահելու հարցում կրոնի թույլ ազդեցությունը բացահայտում է ոչ միայն «քոլեջներում առկա անբարո վարքի զորեղ ազդեցությունը», այլև ցույց է տալիս, որ «կրոնը թույլ է և անզոր՝ արգելելու հանդուրժողական ապրելակերպը» (National Catholic Reporter)։
Աղջիկ ունեցար, փող էլ կունենաս
«Հնդկաստանի կառավարությունը աղքատ ծնողներին մոտավորապես 3 000 ամերիկյան դոլար է առաջարկում, եթե նրանք աղջիկ երեխա ունենան»,— նշում է Բի–Բի–Սի լրատվական ծառայությունը։ Պետությունը պարբերաբար տալիս է այդ գումարը մինչև երեխայի 18 տարին լրանալը։ Թեև 1994 թ.–ին որոշում ընդունվեց սեռի ընտրությունը և արհեստական վիժումը համարել անօրինական, այդուհանդերձ, կանայք շարունակում են այդպես վարվել։ Ըստ հաշվարկների՝ անցած 20 տարիների ընթացքում մոտ 10 միլիոն իգական սեռի պտուղ ենթարկվել է արհեստական վիժման, ինչը զգալիորեն ազդել է աղջիկ և տղա երեխաների թվային հավասարակշռության վրա։ 2001 թ.–ին անցկացրած մարդահամարը ցույց տվեց, որ վեց տարեկան երեխաների շրջանում գրանցվել է 927 աղջիկ և 1 000 տղա։ Իսկ նահանգներից մեկում ծնվել էր 793 աղջիկ և 1 000 տղա։
Թռչունների արձագանքը
Որոշ թռչուններ մեծ ջանքեր են թափում, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի աղմկոտ քաղաքում։ Ինչ խոսք, մարդկանց տհաճություն է պատճառում քաղաքի աղմուկը, մինչդեռ թռչունների համար դա «կյանքի և մահվան» հարց է, ինչպես նշվում է «Նյու սայենթիստ» հանդեսում, քանի որ արուները երգելով են «հրապուրում էգերին, ինչպես նաև այդպես սահմանազատում են իրենց տարածքը» (անգլ.)։ Սովորաբար քաղաքի աղմուկը բարձր է, այդ պատճառով որոշ թռչուններ ավելի բարձր ձայնով են երգում կամ էլ երգում են գիշերը։ Հանդեսում նշվում էր, որ նման բան նկատվել է ոչ միայն քաղաքում ապրող թռչունների մոտ, այլև ջրվեժների և գետերի մոտակայքում ապրող թռչունների։