Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/09 էջ 6–9
  • Ինչու նրանք աբորտ չարեցին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչու նրանք աբորտ չարեցին
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հապճեպորեն որոշում մի՛ կայացրու
  • Ընդունիր իրականությունը
  • Խուսափիր մարդավախությունից
  • Աստծու հետ մտերմությունը զորացնում է
  • Նրանք չեն զղջացել
  • Աբորտ հեշտ լուծո՞ւմ
    2009 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում հղիության արհեստական ընդհատման մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հղիության արհեստական ընդհատում
    2017 Արթնացե՛ք
2009 Արթնացե՛ք
g 7/09 էջ 6–9

Ինչու նրանք աբորտ չարեցին

ՎԻԿՏՈՐԻԱՆ, որի մասին խոսվեց առաջին հոդվածում, Բիլին ասաց, որ աբորտ չի անելու։ «Ես զգում էի, որ իմ ներսում կյանք գոյություն ունի,— ասում է նա։— Ես գիտեի, որ հղիության ընթացքում Բիլը հոգ չի տանի իմ մասին, ուստի հեռացա նրանից»։

Սակայն ժամանակի ընթացքում Բիլը փոխեց իր մտադրությունը և առաջարկեց Վիկտորիային ամուսնանալ իր հետ։ Ինչ խոսք, դժվար էր հոգ տանել նորածնի մասին։ Վիկտորիան բացատրում է պատճառը. «Մենք գրեթե ոչ մի բան չունեինք. ո՛չ մեքենա, ո՛չ փող, ո՛չ հագուստ։ Բիլը ցածր աշխատավարձ էր ստանում։ Ապրում էինք վատ հարմարություններ ունեցող բնակարանում, քանի որ տան վարձը պետությունն էր վճարում։ Բայց մի կերպ դիմացանք»։

Ուրիշները նույնպես դժվար հանգամանքներում են հայտնվում չծրագրված հղիության պատճառով։ Այդուհանդերձ, նրանք հրաժարվում են աբորտ անելուց։ Ի՞նչն է օգնում նրանց լինելու վճռական և հաղթահարելու այդ սթրեսը։ Աստվածաշնչային իմաստությունը։

Հապճեպորեն որոշում մի՛ կայացրու

«Աշխատասէրի մտածողութիւնները միայն դէպի առատութիւն են, բայց ամեն աճապարող՝ միայն դէպի կարօտութիւն է դիմում» (Առակաց 21։5)։

Կոնի անունով մի կին ունի երեք տղա, ընդ որում նրանցից մեկը հիվանդ է։ Երբ իմացավ, որ շուտով չորրորդ երեխան է ունենալու, նա սթրեսի մեջ ընկավ։ «Մենք ևս մեկ ուտող բերանի կարիք չունեինք,— ասում է Կոնին,— հետևաբար մտածում էինք աբորտ անելու մասին»։ Բայց նախքան որոշում կայացնելը Կոնին խորհրդակցեց իր գործընկերուհու՝ Կայի հետ։ Վերջինս օգնեց Կոնիին հասկանալու, որ նրա ներսում արդեն փոքրիկ մարդ է ապրում։ Այդ բանի գիտակցումը մղեց Կոնիին փոխելու իր մտադրությունը։

Սակայն որպեսզի կարողանար հաղթահարել նոր դժվարությունները, Կոնին օգնության կարիք ուներ։ Կայը առաջարկեց նրան դիմել մորաքրոջը, որն ապրում էր մոտակայքում։ Վերջինս ուրախությամբ համաձայնվեց օգնել։ Բացի այդ, Կոնիի ամուսինը որոշեց մեկ ուրիշ աշխատանքի էլ անցնել։ Նրանք նաև տեղափոխվեցին ավելի էժան բնակարան։ Եվ այսպիսով պատրաստվեցին դիմավորելու իրենց ընտանիքի նոր անդամին։

Կայը նաև օգնեց Կոնիին դիմել հատուկ գործակալների, որոնք օգնություն են առաջարկում այն մայրերին, ովքեր չնախատեսված երեխա պետք է ունենան։ Շատ երկրներում ծառայության այսպիսի ձևեր կան։ Ինտերնետի կամ հեռախոսների տեղեկատուի միջոցով կարելի է կապ հաստատել այդ գործակալների հետ և օգնություն ստանալ։ Ինչ խոսք, գուցե ջանքեր և ժամանակ պահանջվեն, սակայն «աշխատասեր» անձնավորությունը անպայման հաջողության կհասնի։

Ընդունիր իրականությունը

Աստվածաշնչում գրված է. «Իմաստունի աչքերը իր գլխին են, բայց յիմարը խաւարումն է գնում» (Ժողովող 2։14)։

Իմաստուն կինը չի փակում իր աչքերը իրականության առաջ և այսպես ասած՝ «խավարում չի գնում»։ Նա գործի է դնում իր բանականությունը՝ «աչքերը, որ գլխին են», այսինքն՝ հասկանում է, թե ինչ հետևանքներ կունենա իր արարքը։ Ի տարբերություն այն կնոջ, որը չի ուզում տեսնել իրականությունը և հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իր արգանդում՝ իմաստուն կինը կարեկից է և պաշտպանում է իր ներսում գոյություն ունեցող սաղմին։

Ստեֆանին, որն ուզում էր աբորտ անել, սոնոգրաֆիայով տեսավ իր երկու ամսական երեխային։ «Սկսեցի լաց լինել,— ասում է նա,— մտածեցի՝ ինչու եմ ուզում սպանել մեկին, որն արդեն ապրում է»։

Դենիզ անունով մի հղի կին նույնպես գիտակցում էր, որ իր ներսում կյանք կա։ Երբ նրա ընկերը փող տվեց ու ասաց՝ «մի բան արա», Դենիզը պատասխանեց. «Աբո՞րտ։ Ես երբեք նման բան չեմ անի»։ Այո՛, նա հրաժարվեց իր երեխային սպանելուց։

Խուսափիր մարդավախությունից

Խելամիտ կլինի նախքան այդ քայլին դիմելը խորհրդածել աստվածաշնչային հետևյալ առակի շուրջ. «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի» (Առակաց 29։25)։

17–ամյա Մոնիկան պատրաստվում էր իր կրթությունը շարունակելու, սակայն նրա կյանքում անսպասելի փոփոխություն տեղի ունեցավ. նա հղիացավ։ Մոնիկայի մայրը, որն առանց ամուսնու հոգ էր տանում հինգ երեխայի մասին, մեծ հիասթափության մեջ ընկավ։ Նա ուզում էր, որ իր աղջիկը ինչ–որ արհեստ սովորի և աջակցի իրեն։ Հուսահատված՝ նա ստիպեց Մոնիկային աբորտ անել։ «Երբ բժիշկը հարցրեց ինձ, թե արդյոք ուզում եմ աբորտ անել, ես ասացի՝ ոչ»,— պատմում է նա։

Տեսնելով, որ Մոնիկայի խոստումնալից ապագան կորած է ու պատկերացնելով մեկ ուրիշ երեխայի հետ կապված խնդիրները՝ մայրը դուրս արեց նրան տանից։ Մոնիկան տեղափոխվեց իր մորաքրոջ տուն։ Մի քանի շաբաթից մայրը զղջաց իր արածի համար և խնդրեց, որ աղջիկը տուն վերադառնա։ Նա օգնեց Մոնիկային մեծացնելու փոքրիկ Լեոնին և շատ սիրեց իր թոռնիկին։

Իսկ Ռոբին անունով մի կին ուրիշ կողմից էր ճնշումների ենթարկվում։ Նա պատմում է. «Երբ հղիացա, բժիշկս ասաց, որ երիկամներում ինֆեկցիա ունեմ։ Նա հայտնեց ինձ, որ մտավոր հիվանդ երեխա կունենամ»։ Բժիշկը խորհուրդ տվեց Ռոբինին աբորտ անել։ «Ես բացատրեցի նրան Աստվածաշնչի վրա հիմնված իմ տեսակետը և նշեցի, որ չեմ կարող աբորտ անել»,— ասում է Ռոբինը։

Գուցե տեղին էր բժշկի մտահոգությունը, սակայն Ռոբինի կյանքին վտանգ չէր սպառնումa։ «Երբ աղջիկս ծնվեց, բժշկական տեստ արեցին,— պատմում է Ռոբինը,— պարզ դարձավ, որ երեխայի ուղեղի որոշ հատված թեթև կաթված է ստացել, սակայն ուղեղի մյուս ֆունկցիաները նորմալ են։ Այժմ նա 15 տարեկան է։ Գնալով ավելի ու ավելի լավ է կարդում։ Օրվա մեջ մի քանի անգամ շնորհակալություն եմ հայտնում Եհովային։ Աղջիկս մի աշխարհ արժե ինձ համար»։

Աստծու հետ մտերմությունը զորացնում է

Աստվածաշնչում գրված է. «Տիրոջ մտերմութիւնը նորանց հետ է, որ վախենում են նորանից» (Սաղմոս 25։14)։

Շատերը, ովքեր հրաժարվում են աբորտ անելուց, այդպիսի որոշում են կայացնում այն պատճառով, որ հաշվի են առնում, թե ինչ կզգա իրենց Արարիչը, եթե այդ քայլին դիմեն։ Այդ անհատներին գլխավորապես մտահոգում են Աստծու հետ ունեցած իրենց փոխհարաբերությունները։ Վիկտորիան ասում է. «Ես հավատում էի, որ Աստված է կյանքի աղբյուրը, և գիտեի, որ իրավունք չունեմ խլելու ուրիշի կյանքը»։

Ժամանակի ընթացքում Վիկտորիան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և մտերմանալ Աստծու հետ։ Նա ասում է. «Ես ավելի մտերմացա Եհովայի հետ, երբ որոշեցի աբորտ չանել։ Երբ աղոթեցի առաջնորդություն ստանալու համար, ամեն բան իր տեղն ընկավ։ Այժմ ուզում եմ իմ կյանքի բոլոր բնագավառներում Աստծուն հաճելի որոշումներ կայացնել»։

Արարչի հետ մտերիմ փոխհարաբերությունները մղում են անհատին հարգանք դրսևորելու արգանդում գոյություն ունեցող կյանքի հանդեպ (Սաղմոս 36։9)։ Բացի այդ, Աստված կարող է «սովորականին գերազանցող զորությունը» տալ և օգնել հաղթահարելու չծրագրված հղիության դժվարությունները (2 Կորնթացիներ 4։7)։ Իսկ ի՞նչ են զգում նրանք, ովքեր, հաշվի առնելով կյանքի հանդեպ Աստծու տեսակետը, աբորտ չանելու որոշում են կայացրել։

Նրանք չեն զղջացել

Նրանք, ովքեր որոշել են արհեստական վիժում չանել, հետագայում երբեք չեն ափսոսել։ Այսօր «որովայնի պտուղը» այդ ծնողները համարում են օրհնություն և ոչ թե անեծք (Սաղմոս 127։3)։ Օրինակ՝ Կոնին, որի մասին խոսվեց հոդվածում, հասկացավ այս պարզ ճշմարտությունը երեխայի ծնվելուց ընդամենը երկու ժամ հետո։ Նա անգամ իր գործընկերուհուն՝ Կային, ասաց. «Ես շատ ուրախ եմ, որ պետք է մեծացնեմ իմ փոքրիկ աղջկան։ Իսկապես, Աստված օրհնում է նրանց, ովքեր իրեն հաճելի որոշում են կայացնում»։

Ինչո՞ւ է անհատը օգուտներ ստանում, երբ Աստծու կամքին ներդաշնակ է վարվում։ Քանի որ Եհովան՝ կյանքի Աղբյուրը, իր օրենքներն ու չափանիշները տվել է, որ «[մեզ] համար լավ լինի» (Բ Օրինաց 10։13)։

Օրինակ՝ աբորտ չանելու որոշումը մեծապես փոխեց Վիկտորիայի և Բիլի կյանքը։ Նրանք ասում են. «Մենք թմրանյութեր էինք օգտագործում և այսօր հավանաբար մեռած կլինեինք, եթե շարունակեինք այդպիսի կյանքով ապրել։ Սակայն երբ իմացանք, որ պետք է երեխա ունենանք, դա մեզ սթափեցրեց, ու մենք սկսեցինք մտածել մեր կյանքի մասին։ Եհովայի վկաների օգնությամբ մենք փոփոխություններ կատարեցինք մեր կյանքում»։

Իսկ Լանսը՝ Վիկտորիայի և Բիլի տղան, որն այժմ մոտ 34 տարեկան է և արդեն 12 տարի է, ինչ ամուսնացած է, ասում է. «Մանկուց ծնողներս սովորեցրել են ինձ Աստվածաշնչի վրա հիմնված որոշումներ կայացնել։ Այդպես վարվելով՝ ես, կինս և մեր երեխան մեծ օգուտներ ենք ստացել։ Եթե այդպես չանեինք, երջանիկ չէինք լինի»։ Իսկ Բիլը, որ սկզբում դեմ էր երեխա ունենալուն, ասում է. «Ես սարսռում եմ այն բանի գիտակցումից, որ պետք է վերջ դնեի իմ թանկագին տղայի կյանքին»։

Այժմ տեսնենք, թե ինչ է ասում Մոնիկան, որի մայրը ստիպում էր նրան աբորտ անել. «Տղայի ծնվելուց երկու շաբաթ հետո հանդիպեցի Եհովայի վկաներին։ Նրանց օգնությամբ կյանքս ներդաշնակեցրի Աստծու օրենքներին։ Բացի այդ, տղայիս՝ Լեոնին, սովորեցրի, թե որքան կարևոր է հնազանդվել Եհովային։ Ժամանակի ընթացքում նա սկսեց սիրել Աստծուն։ Այսօր Լեոնը ծառայում է որպես շրջագայող վերակացու»։

Իսկ Լեոնը պատմում է. «Հասկանալով, որ մայրս այնքան շատ է սիրել ինձ, որ կուլ չի գնացել ճնշմանը և պահպանել է իմ կյանքը՝ ուզում եմ ապրել այնպես, որ ցույց տամ իմ երախտագիտությունը Աստծուն՝ կյանքի պարգևի համար»։

Շատերը, ովքեր հասկացել են կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը, երբեք չեն ափսոսել, որ աբորտ անելու փոխարեն՝ որոշել են լույս աշխարհ բերել երեխային, ում այսօր շատ են սիրում։ Ուրախությամբ նրանք կարող են ասել. «Մենք աբորտ չարեցինք»։

[Ծանոթագրություն]

a Եթե ծննդաբերության ժամանակ անհատը կանգնում է ընտրության առաջ՝ մոր կյանքը, թե երեխայի, ապա այդ որոշումը պետք է կայացնի նա, ով ուղղակիորեն առնչվում է այդ հարցին։ Սակայն շատ երկրներում բժշկական ժամանակակից պրոցեդուրաների շնորհիվ անհատը հազվադեպ է հայտնվում նման իրավիճակում։

[Նկար 7–րդ էջի վրա]

Սոնոգրաֆիայով տեսնելով իր ներսում գտնվող երկու ամսական երեխային՝ Ստեֆանին փոխեց իր մտադրությունը

(ուրվագիծն ավելացված է)

[Նկարներ 8–րդ էջի վրա]

Վիկտորիան և Լանսը

Վիկտորիան և Բիլը այսօր Լանսի ու նրա ընտանիքի հետ

[Նկար 9–րդ էջի վրա]

Լեոնը երախտապարտ է Աստծուն, որ 36 տարի առաջ Մոնիկան դիմադրել է ճնշմանը և աբորտ չի արել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը