Հիվանդի իրավունքը
ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ ԻՏԱԼԻԱՅԻՑ
◼ Եհովայի վկաները արյան փոխներարկում չեն ընդունում։ Նրանց այդ դիրքորոշումը հիմք ունի։ Դեռևս հնում Աստված պատվիրել էր. «Միայն միսը իր կեանքով այսինքն իր արիւնովը չուտէք»։ Առաջին դարի քրիստոնյաներին նույնպես պատվեր տրվեց «հեռու մնալ.... արյունից» (Ծննդոց 9։4; Գործեր 15։29; Ղեւտացոց 17։14)։
Մոնտերենզո քաղաքի (Իտալիա) միջնակարգ դպրոցներից մեկում աշակերտներին հանձնարարվեց «Արյուն տալու կարևորությունը» թեմայով շարադրություն գրել։ Աշակերտներից մեկը՝ Բենեդետան, որը Եհովայի վկա է, իր շարադրության մեջ գրել էր.
«Բոլորին հայտնի է, որ Եհովայի վկաները չեն ընդունում արյան փոխներարկում, քանի որ հետևում են աստվածաշնչյան սկզբունքներին։ Սակայն նրանք չեն հրաժարվում բուժման այլ մեթոդներից։ Իրականում առողջությունը թանկ է Վկաների համար։ Նրանք ձգտում են օգտվել բուժման լավագույն միջոցներից և պատրաստ են համագործակցելու բժիշկների հետ, եթե վերջիններս հարգում են իրենց համոզմունքները»։
Բենեդետան նաև գրել էր. «Յուրաքանչյուր հիվանդ իրավունք ունի որոշելու, թե որն է իր համար բուժման լավագույն մեթոդը, իրավունք ունի պահանջելու, որ հարգեն իր սկզբունքները, և իրավունք ունի տեղեկանալու տվյալ մեթոդի թե՛ բացասական, թե՛ դրական կողմերի մասին»։
Մոնտերենզո քաղաքի «Արյան դոնորների միության» մասնաճյուղը պարգևատրեց լավ շարադրություն գրած աշակերտներին։ Քաղաքի պարբերագրերից մեկում նշվում էր. «Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Բենեդետա Բարբիի շարադրությանը, որը տարբերվում էր մյուսների աշխատանքներից։ Այս թեմայի վերաբերյալ նրա տեսակետը հակառակ էր միության տեսակետին։ Սակայն աղջիկն իր մտքերը շարադրել էր հավասարակշռված և հարգալից ձևով»։
Թեև Եհովայի վկաների տեսակետը արյան փոխներարկման վերաբերյալ տարբերվում է հասարակության մեջ ընդունված կարծիքից, այդուհանդերձ, այսօր շատ բժիշկներ հարգում են նրանց դիրքորոշումը։ Եհովայի վկաների այս դիրքորոշման շնորհիվ բուժման շատ նոր եղանակներ են հայտնագործվել, որպեսզի վիրահատության ժամանակ նվազեցվի արյան կորուստը։ Արդյունքում մեծ օգուտներ են ստացել նաև ոչ Վկա հիվանդները։ Ինչևէ, ինչպես նշվեց հոդվածի սկզբում, հիմնական պատճառը, թե ինչու են Եհովայի վկաները հրաժարվում արյան փոխներարկումից, Աստվածաշնչի սկզբունքներն են։
Հաջորդ անգամ, երբ Եհովայի վկաներն այցելեն ձեզ, դուք կարող եք հարցնել նրանց, թե որն է Ստեղծչի տեսակետը արյան վերաբերյալ։ Նրանք սիրով և «խոր հարգանքով» կպատասխանեն ձեր հարցին (1 Պետրոս 3։15)։
[Շրջանակ 30–րդ էջի վրա]
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
«Բուժման մեթոդներ՝ առանց արյան փոխներարկման. վավերագրական նյութեր» տեսաֆիլմում շատ հայտնի մասնագետների օգնությամբ ներկայացվում է բժշկական, իրավական և բարոյական սկզբունքներ, որոնք առնչվում են արյան փոխներարկմանը։ Այն կարող եք ձեռք բերել Եհովայի վկաներից։