Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/13 էջ 8–11
  • Վե՛րջ ընտանեկան բռնությանը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Վե՛րջ ընտանեկան բռնությանը
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՎԵ՛ՐՋ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ
  • Բռնությունը մի օր վերջ կգտնի՞
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Դուք կարող եք հաղթահարել ընտանիքին վնաս հասցնող խնդիրները
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ընտանեկան բռնություն. ի՞նչ անել և ինչպե՞ս օգնել
    Այլ նյութեր
  • 4. Սիրո պակաս
    2011 Դիտարան
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 4/13 էջ 8–11

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Վե՛րջ ընտանեկան բռնությանը

Տեսարան #1. Իզաբելիa ծնողները հյուր էին եկել։ Նրանք հրաշալի երեկո անցկացրին իրենց աղջկա և փեսայի հետ՝ հաճելի զրույցներ վարելով։ Ո՞ր ծնողը չէր հպարտանա այս տղամարդով, ում հետ ամուսնացած է իր աղջիկը։ Չէ՞ որ նա այնքան լավ է վերաբերվում իր կնոջը։

Տեսարան #2. Ֆրենկը գազազած է։ Ինչպես միշտ, նա իր բարկությունը թափում է կնոջ վրա՝ ապտակելով, աքացի տալով, մազերից քաշելով և գլուխը պատին խփելով։

ԹԵՐԵՎՍ քեզ զարմացնի այն փաստը, որ այս տեսարաններում խոսքը նույն ամուսնական զույգի մասին է։

Ընտանիքում բռնություն գործողների մեջ երկու մարդ է ապրում

Շատերի նման, ովքեր ընտանիքում բռնություն են գործադրում, Ֆրենկը գիտի՝ ինչպես խաղալ լավ տղամարդու դերը ուրիշների կամ իր կնոջ ծնողների ներկայությամբ։ Բայց երբ մենակ են, նա շատ դաժան մարդ է։

Ֆրենկի պես՝ շատերը մեծացել են այնպիսի ընտանիքներում, որտեղ բռնությունը սովորական բան է եղել։ Ու հիմա, երբ արդեն չափահաս են, մտածում են, որ իրենց վարքագիծը ընդունելի է, նույնիսկ նորմալ։ Բայց ընտանեկան բռնությունը նորմալ բան չէ։ Դա է պատճառը, որ շատերը զարհուրում են, երբ իմանում են, որ ամուսինը ծեծում է կնոջը։

Ցավոք, ընտանեկան բռնությունը տարածված երևույթ է։ Միացյալ Նահանգներում, օրինակ, մի հարցման ժամանակ պարզվեց, որ մեկ օրվա ընթացքում մեկ րոպեում ավելի քան 16 զանգ է արվում թեժ գիծ ընտանեկան բռնության զոհերի կողմից։ Ընտանիքում բռնությունը համաշխարհային համաճարակ է, որը չի խնայում մշակութային, տնտեսական կամ սոցիալական ոչ մի խմբի։ Ցավալի է, բայց բռնության բազմաթիվ դեպքերի մասին այդպես էլ չի իմացվում։ Անկասկած, իրավիճակն ավելի վատ է, քան ցույց են տալիս վիճակագրական տվյալներըb։

Ընտանեկան բռնության մասին լսելով՝ մարդիկ մտածում են. «Ինչպե՞ս կարող է բանը հասնել նրան, որ տղամարդը ձեռք բարձրացնի որևէ մեկի վրա, հատկապես դաժանորեն վերաբերվի իր կնոջը։ Հնարավո՞ր է օգնել այդպիսի տղամարդկանց փոխելու իրենց վարքը»։

Եհովայի վկաները՝ այս ամսագրի հրատարակիչները, համոզված են, որ Աստվածաշնչի գործնական խորհուրդները կարող են օգնել բռնի կողակիցներին փոխելու իրենց վարքը։ Իսկ հե՞շտ է այդպիսի փոփոխություններ անել։ Ո՛չ։ Բայց հնարավո՞ր է։ Այո՛։ Աստծու Խոսքի տված կրթության շնորհիվ շատ կոպիտ մարդիկ դարձել են բարի ու հարգալից (Կողոսացիներ 3։8–10)։ Նկատի առնենք Տրոյի ու Վալերիի օրինակը։

— Ինչպիսի՞ն էին ձեր փոխհարաբերությունները սկզբում։

Վալերի. «Մեր նշանադրության օրը Տրոյը այնքան ուժեղ հարվածեց ինձ, որ մի շաբաթ կապտուկը չէր անցնում։ Նա հազար անգամ ներողություն խնդրեց ու խոստացավ, որ նման բան էլ չի անի։ Տարիներ շարունակ լսել եմ այդ նույն խոսքերը»։

Տրոյ. «Ես միանգամից կատաղում էի, երբ ուզում էի ճաշել, բայց կինս դեռ պատրաստած չէր լինում կերակուրը։ Մի անգամ ատրճանակի կոթով խփեցի Վալերիին։ Մի օր էլ այնքան ուժեղ ծեծեցի նրան, որ մտածեցի, թե սպանել եմ։ Հետո վախեցրի նրան՝ սպառնալով, որ կսպանեմ մեր որդուն, ու դանակը դրեցի տղայիս կոկորդին»։

Վալերի. «Ես անընդհատ ահ ու սարսափի մեջ էի ապրում։ Երբեմն փախչում էի տնից, մինչև Տրոյը հանգստանար։ Ճիշտ է, նա շատ ուժեղ էր ծեծում ինձ, բայց վիրավորական խոսքերի ցավին ավելի դժվար էր դիմանալ»։

— Տրո՛յ, մի՞շտ ես բռնի եղել։

Տրոյ. «Այո՛, փոքր տարիքից։ Մեծացել եմ բռնի ընտանիքում։ Հայրս կանոնավորաբար ծեծում էր մորս իմ ու քույր-եղբայրներիս ներկայությամբ։ Երբ նա լքեց մեզ, մայրս սկսեց ապրել մի ուրիշ տղամարդու հետ, որը նույնպես ծեծում էր նրան։ Նա նաև բռնաբարեց քրոջս ու ինձ։ Այդ արարքի համար նրան բանտարկեցին։ Բայց ես հասկանում եմ, որ այս ամենը չի արդարացնում իմ վարքագիծը»։

— Վալե՛րի, իսկ ինչո՞ւ չէիր ամուսնալուծվում։

Վալերի. «Ես վախենում էի։ Մտածում էի. «Բա որ հետապնդի ու սպանի ինձ կամ ծնողների՞ս։ Իսկ եթե հայտնեմ նրա մասին, ու իրավիճակն ավելի վատանա՞»»։

— Ե՞րբ ամեն ինչ սկսվեց փոխվել։

Տրոյ. «Կինս սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Սկզբում խանդում էի, որ նոր ընկերներ ունի, և մտածում էի, որ պետք է փրկեմ նրան այդ տարօրինակ «աղանդից»։ Ուստի ավելի դաժան դարձա ոչ միայն Վալերիի, այլև Վկաների հանդեպ։ Բայց մի օր մեր չորս տարեկան որդին՝ Դանիելը, որը նոպաներ էր ունենում, երեք շաբաթով հիվանդանոց պառկեց։ Այդ ընթացքում Վկաները այնքան բան արեցին մեզ համար, նույնիսկ հոգ տարան մեր վեցամյա աղջկա՝ Դազերայի մասին։ Մի Վկա էլ ամբողջ գիշեր աշխատելուց հետո օրն անցկացրեց Դանիելի հետ, որ Վալերին կարողանա մի քիչ քնել։ Բարի վերաբերմունքը, որ դրսևորեցին այդ մարդիկ, որոնց մի ժամանակ շատ էի վիրավորել, ինձ խորապես տպավորեց։ Ես հասկացա, որ նրանք իսկական քրիստոնյաներ են, ուստի հարցրի Վկաներին, թե ինձ հետ էլ Աստվածաշունչ կուսումնասիրեն։ Ուսումնասիրության ընթացքում սովորեցի, թե ինչպես պետք է տղամարդը վերաբերվի իր կնոջը և ինչպես չպետք է վերաբերվի։ Ես մեկընդմիշտ փոխեցի դաժան ու անգութ վարքագիծս։ Ի վերջո, դարձա Եհովայի վկա»։

— Աստվածաշնչյան սկզբունքների շնորհիվ ի՞նչ փոփոխություններ արեցիր։

Տրոյ. «Դրանք այնքան շատ են։ 1 Պետրոս 3։7-ը ասում է, որ ես պետք է «պատիվ» տամ իմ կնոջը։ Գաղատացիներ 5։23-ը հորդորում է «մեղմություն» և «ինքնատիրապետում» դրսևորել։ Եփեսացիներ 4։31-ը դատապարտում է «վիրավորական խոսքը»։ Եբրայեցիներ 4։13-ը ասում է, որ «բոլոր բաները.... բացահայտ են» Աստծու համար։ Այսինքն՝ Աստված տեսնում է իմ վարքը, նույնիսկ եթե հարևաններս չեն տեսնում։ Ես նաև սովորեցի, որ պետք է փոխեմ ընկերական շրջապատս, քանի որ «վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Իմ նախկին ընկերները ինձ դրդում էին բռնություն գործադրելու։ Նրանք մտածում էին, որ պետք է կնոջդ ծեծես, որ կարողանաս «բռիդ մեջ» պահել»։

— Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն է հիմա քո ամուսնությունը։

Վալերի. «Արդեն 25 տարի է, ինչ Տրոյը Եհովայի վկա է։ Այս տարիների ընթացքում նա անկեղծ սեր, բարություն և ուշադրություն է դրսևորել իմ հանդեպ»։

Տրոյ. «Ես չեմ կարող ջնջել այն ցավն ու տառապանքը, որ կրել է իմ ընտանիքը։ Կինս էլ, անխոս, արժանի չի եղել այն վերաբերմունքին, որ դրսևորել եմ նրա հանդեպ։ Բայց ես սպասում եմ Եսայիա 65։17-ի կատարմանը, երբ մեր կյանքի այս «սև» էջը այլևս չենք հիշի»։

— Ի՞նչ խորհուրդ կտաք այն ընտանիքներին, որոնցում բռնություն է գործադրվում։

Տրոյ. «Եթե վիրավորում և բռնություն ես գործադրում ընտանիքում, ընդունիր, որ օգնության կարիք ունես և օգնություն խնդրիր։ Շատ կերպեր կան, որոնք կարող են օգնել քեզ։ Ես, օրինակ, Եհովայի վկաների օգնությամբ Աստվածաշունչ ուսումնասիրելու և նրանց հետ ընկերակցելու շնորհիվ կարողացա ձերբազատվել բռնության արմատացած հակումից»։

Վալերի. «Մի՛ համեմատիր քո իրավիճակը ուրիշների իրավիճակի հետ ու մի՛ հետևիր այն մարդկանց խորհուրդներին, որոնք կարծում են, թե գիտեն՝ ինչն է լավագույնը քեզ համար։ Թեև բոլոր դեպքերում չէ, որ խնդիրը նույն լուծումն է ստանում, բայց ես ուրախ եմ, որ չեմ հեռացել ամուսնուցս, քանի որ օրհնություն եմ համարում այն փոխհարաբերությունները, որ ունենք հիմա»։

ՎԵ՛ՐՋ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

Աստվածաշնչի ուսումնասիրությունը շատ զույգերի է օգնել փոփոխություններ անելու

Աստվածաշունչն ասում է. «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Տրոյի նման՝ շատ բռնի տղամարդիկ են կիրառել Աստվածաշնչի խորհուրդը և փոխել իրենց մտածելակերպն ու վարքը։

Ցանկանո՞ւմ ես ավելին իմանալ այն մասին, թե ինչպես Աստվածաշունչը կարող է օգնել պահպանելու ամուսնությունը։ Լրացուցիչ տեղեկության համար կապ հաստատիր Եհովայի վկաների հետ կամ այցելիր www.pr418.com կայք։

a Այս հոդվածում որոշ անուններ փոխված են։

b Պետք է ընդունել, որ շատ տղամարդիկ ծեծվում են կնոջ կողմից։ Սակայն ըստ հաշվետվությունների՝ մեծ մասամբ բռնություն գործադրվում է հենց տղամարդկանց կողմից։

ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ՆՐԱՆՑԻՑ

Ինչո՞ւ են որոշ կանայք որոշում չհեռանալ բռնի կողակիցներից։ Հիմնական պատճառն այն է, որ նրանք վախենում են, որ եթե հեռանան, իրավիճակն ավելի կվատանա։ Որոշ ամուսիններ սպառնում են վնասել, նույնիսկ սպանել իրենց կանանց, եթե նրանք անգամ փախչելու փորձ անեն։ Փաստն այն է, որ ոմանք սպանել են իրենց կանանց։

Մյուսներն էլ վարանում են հեռանալ, քանի որ վախենում են, որ ընկերները և հարազատները դեմ կլինեն իրենց որոշմանը, քանի որ չեն հավատա, որ իրավիճակն իրոք այդքան լուրջ է։ Օրինակ՝ Իզաբելը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, հեռացավ իր ամուսնուց։ Նա ասում է. «Մեծ քույրս բարկացավ ինձ վրա և ստիպեց, որ տուն գնամ. նա չհավատաց, որ այդ լավ տղամարդը կարող է այդքան դաժան լինել։ Բոլոր հարևանները խուսափում էին ինձնից, ես ստիպված էի երեխաներիս հետ հեռանալ»։

Ահա ուրիշ պատճառներ, թե ինչու են որոշ կանայք որոշում չհեռանալ։

  • Ուզում են, որ երեխաները մեծանան երկու ծնողների հետ։

  • Վախենում են, որ չեն կարողանա հոգ տանել իրենց ու երեխաների նյութական կարիքների մասին։

  • Սխալմամբ կարծում են, որ ամեն ինչում իրենք են մեղավոր։

  • Ամաչում են և չեն կարողանում ընդունել, որ բռնության զոհ են դարձել։

  • Հույս ունեն, որ իրավիճակը կբարելավվի։

Եհովայի վկաները առաջնորդվում են աստվածաշնչյան այն չափանիշով, որ ամուսնալուծության միակ պատճառը շնությունն է (Մատթեոս 5։32)։ Սակայն կան հանգամանքներ, որոնց դեպքում կանայք կարող են առանձին ապրել, օրինակ՝ երբ ամուսնու բռնի վարքը սպառնում է կնոջ կյանքին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՕԳՏԱԿԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

  • Կնոջդ պատվիր ու հարգիր (1 Պետրոս 3։7)։

  • Սիրիր կնոջդ քո անձի պես (Եփեսացիներ 5։28, 29)։

  • Սերդ վառ պահիր և ամրացրու (Եփեսացիներ 5։25)։

  • Վիրավորական խոսքեր մի՛ ասա (Եփեսացիներ 4։29, 31)։

  • Ինքնատիրապետում զարգացրու (Առակներ 29։11)։

  • Մի՛ մոռացիր, որ ինքնահարգանքը ոչ թե ուրիշներին վերահսկելուց է առաջ գալիս, այլ ինքդ քեզ հսկելուց (Առակներ 16։32)։

  • Մտածիր քո արարքների հետևանքների մասին (Գաղատացիներ 6։7)։

  • Երբ զգում ես, որ կորցնում ես ինքնատիրապետումդ, լավ կլինի հեռանաս (Առակներ 17։14)։

  • Սովորիր ատել բռնի վարքը (Սաղմոս 11։5)։

  • Կնոջդ ոչ թե ստորադաս մարդ համարիր, այլ խելացի համագործակից (Ծննդոց 1։31; 2։18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը