Գլուխ 65
Գաղտնի ուղևորություն դեպի Երուսաղեմ
ՄԵՐ թվարկության 32 թվականն է։ Աշուն է։ Մոտենում է Տաղավարների տոնը։ 31 թ. Պասեքից սկսած, երբ հրեաները փորձեցին սպանել Հիսուսին՝ նա իր ծառայությունը կատարում է հիմնականում Գալիլեայում։ Ըստ ամենայնի, այդ ժամանակվանից ի վեր նա այցելել է Երուսաղեմ միայն հրեաների տարեկան երեք տոներին մասնակցելու համար։
Այժմ Հիսուսի եղբայրները համոզում են նրան. «Այստեղից դուրս եկ ու գնա Հրեաստան»։ Երուսաղեմը Հրեաստանի գլխավոր քաղաքն է և ամբողջ երկրի կրոնական կենտրոնը։ Նրա եղբայրները բացատրում են. «Ոչ ոք ոչ մի բան թաքուն չի անում, երբ ձգտում է բոլորի կողմից ճանաչված լինել»։
Թեև Հակոբոսը, Սիմոնը, Հովսեփը և Հուդան չեն հավատում, որ իրենց ավագ եղբայրը՝ Հիսուսը, իսկապես Մեսիան է, սակայն ցանկանում են, որ նա հրաշք գործելու իր զորությունը ցույց տա տոնի առիթով բոլոր հավաքվածներին։ Սակայն Հիսուսը գիտի, որ դա վտանգավոր է։ «Աշխարհը ձեզ ատելու պատճառ չունի,— ասում է նա,— բայց ինձ ատում է, որովհետև ես նրա մասին վկայում եմ, թե նրա գործերը չար են»։ Ուստի ասում է իր եղբայրներին. «Դուք գնացեք տոնին, բայց ես դեռ չեմ գնում տոնին»։
Տաղավարների տոնը տևում է յոթ օր։ Ութերորդ օրը այն ավարտվում է հանդիսավոր արարողություններով։ Տոնը նշանավորում է հողագործական տարվա ավարտը։ Դա մի ժամանակ է, երբ ժողովուրդը ուրախանում է և իր երախտագիտությունն է հայտնում Աստծուն։ Մի քանի օր անց այն բանից հետո, երբ Հիսուսի եղբայրները ճանապարհորդների հիմնական խմբի հետ գնում են Երուսաղեմ, Հիսուսը նույնպես իր աշակերտների հետ գնում է այնտեղ, սակայն գաղտնի, որպեսզի ոչ ոք չնկատի իրեն։ Հորդանան գետի մոտով անցնող ճանապարհով գնալու փոխարեն, որով գնում է մարդկանց մեծամասնությունը՝ նրանք որոշում են գնալ Սամարիայի միջով։
Քանի որ Հիսուսին և իր ընկերակիցներին իջևանելու տեղ է հարկավոր Սամարիայի գյուղերից մեկում, Հիսուսն իր առաջից պատգամաբերներ է ուղարկում պատրաստություններ տեսնելու համար։ Սակայն այնտեղի մարդիկ, երբ իմանում են, որ Հիսուսը գնում է Երուսաղեմ, հրաժարվում են նրա համար որևէ բան անել։ Բորբոքված՝ Հակոբոսն ու Հովհաննեսը հարցնում են. «Տե՛ր, ուզո՞ւմ ես՝ ասենք, որ երկնքից կրակ իջնի ու ոչնչացնի նրանց»։ Սակայն Հիսուսը հանդիմանում է նրանց այսպիսի բան առաջարկելու համար, և նրանք գնում են մեկ ուրիշ գյուղ։
Ճանապարհով անցնելիս մի դպիր ասում է Հիսուսին. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, ես քո հետևից կգամ»։ «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ,— պատասխանում է Հիսուսը,— բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ իր գլուխը դնի»։ Այս խոսքերով Հիսուսն ուզում է ասել, որ եթե դպիրը իր հետևորդը դառնա, դժվարություններ կունենա։ Իսկ դպիրը, ակներևաբար, չափազանց հպարտ է, որ այդպիսի կյանք ընտրի։
Մեկ ուրիշ մարդու Հիսուսն ասում է. «Իմ հետևո՛րդը եղիր»։ «Թո՛ւյլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»,— պատասխանում է այդ մարդը։ «Թող մեռելները թաղեն իրենց մեռելներին,— ասում է Հիսուսը,— իսկ դու գնա և ամենուրեք Աստծու թագավորությունը հռչակիր»։
Այդ մարդու հայրը, ամենայն հավանականությամբ, դեռ չէր մահացել, քանի որ հակառակ դեպքում՝ նրա որդին այդտեղ չէր լինի և Հիսուսին չէր լսի։ Ըստ երևույթին, այդ մարդը խնդրում է, որ իրեն ժամանակ տրվի, մինչև իր հայրը մահանա։ Նա պատրաստ չէ Աստծու Թագավորությունը իր կյանքում առաջին տեղում դնել։
Մինչ նրանք շարունակում են իրենց ճանապարհը դեպի Երուսաղեմ, մեկ ուրիշ մարդ Հիսուսին ասում է. «Ես քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թույլ տուր, որ հրաժեշտ տամ իմ տան անդամներն»։
Ի պատասխան՝ Հիսուսն ասում է. «Ոչ ոք, ով ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար»։ Նրանք, ովքեր ցանկանում են լինել Հիսուսի աշակերտները, պետք է իրենց ուշադրությունը կենտրոնացած պահեն Թագավորության գործի վրա։ Ճիշտ ինչպես որ ակոսը ծուռ կլինի, եթե հող հերկողը առաջ չնայի, այնպես էլ այն մարդը, որը ետ է նայում իրերի այս հին համակարգին, կշեղվի դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհից։ Հովհաննես 7:2–10; Ղուկաս 9:51–62; Մատթեոս 8:19–22։
▪ Ովքե՞ր են Հիսուսի եղբայրները, և ի՞նչ են նրանք մտածում Հիսուսի մասին։
▪ Ինչո՞ւ են սամարացիները այդքան կոպիտ, և ի՞նչ են ցանկանում անել Հակոբոսն ու Հովհաննեսը։
▪ Ճանապարհին ի՞նչ զրույց է ունենում Հիսուսը երեք տարբեր մարդկանց հետ, և ինչպե՞ս է նա ընդգծում ծառայության մեջ անձնազոհ լինելու անհրաժեշտությունը։