Գլուխ 85
Փնտրել կորածը
ՀԻՍՈՒՍԸ մեծ ցանկություն ունի փնտրելու և գտնելու նրանց, ովքեր խոնարհությամբ կծառայեն Աստծուն։ Ուստի նա գտնում է մարդկանց և ամենքի հետ, այդ թվում նաև վատահամբավ մեղավորների հետ զրուցում է Թագավորության մասին։ Այժմ այդպիսի մարդիկ մոտենում են, որպեսզի լսեն նրան։
Փարիսեցիներն ու դպիրները տեսնելով սա՝ սկսում են քննադատել Հիսուսին, որ ընկերակցում է իրենց տեսանկյունից անարժան մարդկանց հետ։ Նրանք փնթփնթում են. «Այս մարդը ընդունում է մեղավորներին և ուտում է նրանց հետ»։ Նրանց համար դա անչափ նվաստացուցիչ է։ Փարիսեցիներն ու դպիրները հասարակ ժողովրդին իրենց ոտքի տակի կեղտ են համարում և նրանց հանդեպ իրենց արհամարհանքն արտահայտելու համար օգտագործում են ամ հաարեց եբրայերեն արտահայտությունը, որը նշանակում է՝ «հողի մարդիկ»։
Բայց Հիսուսը բոլորին վերաբերվում է արժանապատվությամբ, բարությամբ և կարեկցանքով։ Դա է պատճառը, որ այս համեստ մարդկանցից շատերը, այդ թվում մեղսագործ վարքով հայտնի մարդիկ, շատ են ուզում լսել նըրան։ Բայց ինչպե՞ս վերաբերվել այն բանին, որ փարիսեցիները Հիսուսին քննադատում են այդպիսի «անարժաններին» օգնելու համար։
Հիսուսը մի առակ է պատմում և այդպիսով պատասխանում նրանց առարկությանը։ Նա խոսում է փարիսեցիների տեսանկյունից, ասես նրանք արդար են և Աստծու հոտի մեջ ապահով են, իսկ արհամարհված ամ հաարեց կոչվածները մոլորված են ու կորած վիճակում։ Լսիր, թե նա ինչ է հարցնում.
«Ձեզանից ո՞վ է այն մարդը, որը հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկին կորցնելիս չի թողնի իննսունիննին անապատում և չի գնա կորածի հետևից, մինչև որ գտնի նրան։ Եվ երբ գտնի նրան, կդնի իր ուսերին և կուրախանա։ Երբ նա տուն գա, կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարին»»։
Ապա Հիսուսը ցույց է տալիս այս պատմության կիրառությունը՝ ասելով. «Ասում եմ ձեզ, որ այսպես երկնքում ավելի շատ ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ զղջում է, քան իննսունինը արդարների համար, որ զղջալու կարիք չունեն»։
Փարիսեցիները իրենք իրենց արդար են համարում, ուստիև մտածում են, թե զղջալու կարիք չունեն։ Երկու տարի առաջ, երբ նրանք մեղադրեցին Հիսուսին այն բանում, որ ուտում է մաքսահավաքների ու մեղավորների հետ, նա ասաց. «Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին»։ Քանի որ իրենք իրենց արդար համարող փարիսեցիները չեն տեսնում, որ զղջալու կարիք ունեն, նրանք ուրախություն չեն բերում երկնքում։ Սակայն այլ է պարագան իսկապես զղջացող մեղավորների դեպքում։
Որպեսզի կրկնակի անգամ շեշտի այն միտքը, որ կորած մեղավորների դարձի գալը մեծ ուրախություն է պատճառում, Հիսուսը մեկ ուրիշ օրինակ է բերում։ Նա ասում է. «Ո՞վ է այն կինը, որը տասը դրախմա ունենա և մեկ դրախմա կորցնելիս չի վառի ճրագը և չի ավլի իր տունը և ուշադիր չի փնտրի, մինչև որ գտնի այն։ Եվ երբ գտնի, կկանչի կանանց՝ իր ընկերուհիներին ու հարևանուհիներին, ու կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորցրած դրախման»»։
Այնուհետև Հիսուսը ցույց է տալիս կիրառությունը։ Նա շարունակում է իր խոսքը. «Ասում եմ ձեզ. այսպես էլ Աստծու հրեշտակների մեջ է ուրախություն լինում մեկ մեղավորի համար, որ զղջում է»։
Իսկապես, որքա՜ն մեծ սիրով են լցված Աստծու հրեշտակները կորած մեղավորների հանդեպ և որքա՜ն են ցանկանում տեսնել նրանց դարձի գալը։ Դա հատկապես երևում է այն բանում, որ երբեմնի հասարակ, արհամարհված «հողի մարդիկ» (ամ հաարեց) ի վերջո դառնում են Աստծու երկնային Թագավորության անդամներ և երկնքում հրեշտակների դիրքից ավելի բարձր դիրք են ստանում։ Սակայն հրեշտակները չեն նախանձում նրանց և իրենց անտեսված չեն զգում, այլ խոնարհաբար ընդունում են, որ այս մեղավոր մարդիկ կյանքում բախվել և դիմակայել են տարբեր իրավիճակների, ինչի շնորհիվ կկարողանան ծառայել որպես կարեկից և ողորմած երկնային թագավորներ ու քահանաներ։ Ղուկաս 15։1–10; Մատթեոս 9։13; 1 Կորնթացիներ 6։2, 3; Հայտնություն 20։6։
▪ Հիսուսն ինչո՞ւ է ընկերակցում վատահամբավ մեղավորների հետ և ի՞նչ քննադատության է արժանանում փարիսեցիների կողմից։
▪ Ինչպե՞ս են փարիսեցիները վերաբերվում հասարակ ժողովրդին։
▪ Ի՞նչ օրինակներ է բերում Հիսուսը, և ի՞նչ կարող ենք դրանցից սովորել։
▪ Ինչո՞վ է ուշագրավ հրեշտակների ուրախությունը։