Գլուխ 84
Աշակերտ լինելու պատասխանատվությունը
ՀԵՌԱՆԱԼՈՎ ճանաչված փարիսեցու տնից, որն ակներևաբար Սինեդրիոնի անդամ է՝ Հիսուսը շարունակում է իր ճանապարհը դեպի Երուսաղեմ։ Մարդկանց մի մեծ բազմություն նրա հետևից է գնում։ Սակայն ի՞նչ մղումներով։ Ի՞նչ է իրականում նշանակում Հիսուսի ճշմարիտ աշակերտը լինել։
Ճանապարհին Հիսուսը շրջվում է դեպի բազմությունը և ասում. «Եթե մեկը գալիս է ինձ մոտ և չի ատում իր հորն ու մորը, կնոջն ու երեխաներին, եղբայրներին ու քույրերին, այո՛, անգամ իր իսկ հոգին, նա չի կարող իմ աշակերտը լինել»։ Այս խոսքերը, հավանաբար, ցնցում են ժողովրդին։
Ի՞նչ են նշանակում Հիսուսի խոսքերը։ Նա չի ուզում ասել, թե իր հետևորդները պետք է բառի բուն իմաստով ատեն իրենց հարազատներին, այլ պետք է ատեն այն իմաստով, որ Հիսուսին նրանցից ավելի շատ պետք է սիրեն։ Աստվածաշնչում կարդում ենք, որ Հիսուսի նախահայր Հակոբը «ատում էր» Լիային և սիրում էր Ռաքելին, ինչը նշանակում է, որ Ռաքելին ավելի շատ էր սիրում, քան նրա քույր Լիային։
Հիսուսը նաև ասաց, որ իր աշակերտը պետք է ատի «անգամ իր իսկ հոգին», այսինքն՝ կյանքը։ Դարձյալ Հիսուսը նկատի ունի այն, որ ճշմարիտ աշակերտը նրան ավելի շատ պետք է սիրի, քան իր կյանքը։ Այսպիսով՝ նա ընդգծում է, որ իր աշակերտը դառնալը լուրջ պատասխանատվություն է։ Սա մի հարց է, որին չի կարելի թեթևամտորեն վերաբերվել։
Հիսուսի աշակերտը լինելը դժվարություններ և հալածանք է բերում, ինչպես որ նա շարունակում է ասել. «Ով որ չի կրում իր տանջանքի ցիցը և չի գալիս իմ հետևից, չի կարող իմ աշակերտը լինել»։ Ճշմարիտ աշակերտը պետք է պատրաստ լինի կրելու նախատինքի այն նույն բեռը, որը Հիսուսը կրեց, անհրաժեշտության դեպքում նույնիսկ մահանալու Աստծու թշնամիների ձեռքով, ինչը շուտով պատահելու է Հիսուսին։
Հետևաբար Քրիստոսի հետևից եկող բազմությունը պետք է լրջորեն մոտենա նրա աշակերտը լինելու հարցին։ Հիսուսը շեշտում է այս փաստը մի օրինակի միջոցով։ Նա ասում է. «Օրինակ՝ ձեզանից ո՞ր մեկը, որ եթե ուզում է աշտարակ կառուցել, նախ չի նստում և չի հաշվում ծախսը՝ տեսնելու, թե բավականաչափ միջոցներ ունի՞ արդյոք այն ավարտելու համար։ Այլապես, նա միգուցե դրա հիմքը դնի, բայց չկարողանա ավարտել, և բոլոր դիտողները սկսեն ծաղրել նրան՝ ասելով. «Այս մարդը սկսեց կառուցել, բայց չկարողացավ ավարտել»»։
Այսպես Հիսուսը ժողովրդին պարզաբանում է, որ նախքան իր աշակերտը դառնալը նրանք պետք է հաստատ որոշած լինեն, որ կարող են կատարել դրա հետ կապված պարտականությունները, ինչպես որ այն մարդը, որն ուզում է աշտարակ կառուցել, նախքան սկսելը հավաստիանում է, որ բավականաչափ միջոցներ ունի իր գործն ավարտին հասցնելու։ Մեկ այլ օրինակ բերելով՝ Հիսուսը շարունակում է.
«Կամ ո՞ր թագավորը մեկ ուրիշ թագավորի դեմ պատերազմելու գնալիս նախ չի նստում և չի խորհրդակցում, թե արդյոք տասը հազարանոց զորքով կկարողանա՞ դիմադրել նրան, որը քսան հազարով է գալիս իր դեմ։ Եթե չի կարող, ապա քանի դեռ մյուսը հեռու է, նա մի խումբ դեսպաններ է ուղարկում և խաղաղություն է խնդրում»։
Այժմ Հիսուսը ընդգծում է իր բերած օրինակների գլխավոր միտքը՝ ասելով. «Այսպիսով՝ վստա՛հ եղեք. ձեզանից նա, ով հրաժեշտ չի տալիս իր ողջ ունեցվածքին, չի կարող իմ աշակերտը լինել»։ Հենց դա պետք է պատրաստ լինի անելու Հիսուսին հետևող ժողովուրդը և, ինչ խոսք, ցանկացած մարդ, ով սովորում է Քրիստոսի մասին։ Այո, Հիսուսի աշակերտը լինելու համար նրանք պետք է պատրաստ լինեն զոհելու ամեն ինչ՝ իրենց ունեցվածքը և նույնիսկ կյանքը։ Պատրա՞ստ ես այդ քայլին գնալու։
«Ինչ խոսք, աղը լավ է»,— շարունակում է Հիսուսը։ Լեռան քարոզում նա ասել էր, որ իր աշակերտները «երկրի աղն» են, ինչը նշանակում է, որ նրանք պահպանող ազդեցություն ունեն մարդկանց վրա, ինչպիսի հատկություն որ աղն ունի։ Հիսուսը եզրափակում է. «Բայց եթե աղը կորցնի իր ուժը, էլ ինչո՞վ պիտի նրան համ տրվի։ Այն ո՛չ հողի համար է պիտանի, ո՛չ էլ գոմաղբի։ Մարդիկ այն դուրս են նետում։ Ով լսելու ականջ ունի, թող լսի»։
Եվ այսպես՝ Հիսուսը ցույց է տալիս, որ նույնիսկ նրանք, ովքեր արդեն որոշ ժամանակ է, ինչ իր աշակերտներն են, չպետք է թուլացնեն իրենց վճռականությունը։ Եթե թուլացնեն, պիտանի չեն լինի. աշխարհի համար կդառնան ծաղրուծանակի առարկա, իսկ Աստծու առաջ՝ անպիտան, այո՛, նույնիսկ նախատինք կբերեն Աստծուն։ Ուստի ուժը կորցրած, փչացած աղի նման՝ նրանք դուրս կնետվեն, այսինքն՝ կկործանվեն։ Ղուկաս 14։25–35; Ծննդոց 29։30–33; Մատթեոս 5։13։
▪ Ի՞նչ է նշանակում «ատել» հարազատներին և սեփական անձը։
▪ Ի՞նչ երկու օրինակներ է բերում Հիսուսը, և ի՞նչ են դրանք նշանակում։
▪ Ո՞րն է աղի մասին Հիսուսի եզրափակիչ խոսքերի գլխավոր իմաստը։