Գլուխ 83
Փարիսեցու տանը հյուրընկալվելիս
ՀԻՍՈՒՍԸ դեռ գտնվում է ճանաչված փարիսեցու տանը։ Նա քիչ առաջ բուժել է ջրգողությամբ տառապող մարդուն։ Նկատելով, որ հյուրերը սեղանի շուրջ պատվավոր տեղերն են ընտրում՝ Հիսուսը խոնարհության դաս է սովորեցնում։
«Երբ ինչ–որ մեկի կողմից հրավիրվում ես հարսանեկան խնջույքի,— ասում է նա,— մի՛ բազմիր ամենապատվավոր տեղը։ Գուցե քեզանից ավելի նշանավոր մեկն էլ այդ ժամանակ հրավիրված լինի նրա կողմից, և նա, որ հրավիրել է քեզ և նրան, գա ու քեզ ասի. «Տեղդ այս մարդո՛ւն տուր»։ Եվ այդ ժամանակ ամաչելով կսկսես ամենացածր տեղը զբաղեցնել»։
Ապա Հիսուսը խորհուրդ է տալիս. «Երբ հրավիրվում ես, գնա և նստիր ամենացածր տեղը, որ երբ քեզ հրավիրող մարդը գա, քեզ ասի. «Ընկե՛ր, ավելի վե՛ր բարձրացիր»։ Եվ այն ժամանակ քեզ պատիվ կտրվի մյուս բոլոր հյուրերի առաջ»։ Հիսուսը եզրափակում է իր խոսքը՝ ասելով. «Ամեն ոք, ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով որ խոնարհեցնում է իր անձը, կբարձրանա»։
Այնուհետև Հիսուսը խոսքն ուղղում է իրեն հրավիրող փարիսեցուն և բացատրում, թե ինչպիսի հացկերույթն է Աստծու կողմից գնահատվում։ Նա ասում է. «Երբ ճաշ կամ ընթրիք ես տալիս, մի՛ կանչիր քո ընկերներին, քո եղբայրներին, քո ազգականներին կամ հարուստ հարևաններին։ Գուցե, փոխարենը, նրանք էլ երբևիցե քեզ հրավիրեն, և դա քեզ համար փոխհատուցում լինի։ Սակայն երբ խնջույք ես կազմակերպում, հրավիրիր աղքատներին, խեղանդամներին, կաղերին, կույրերին և դու երջանիկ կլինես, որովհետև նրանք փոխարենը քեզ հատուցելու ոչինչ չունեն»։
Թշվառ մարդկանց համար այսպիսի հացկերույթ կազմակերպելը երջանկություն կպարգևի հյուրընկալողին, ինչպես որ Հիսուսն է բացատրում փարիսեցուն. «Քո հատուցումը կլինի արդարների հարության ժամանակ»։ Այսպիսի վարձահատույց հյուրասիրության նկարագրությունը հյուրերից մեկին հիշեցնում է մեկ ուրիշ հացկերույթի մասին։ «Երջանիկ է նա, ով հաց կուտի Աստծու թագավորության մեջ»,— ասում է այդ հյուրը։ Բայց ոչ բոլորն են հարկ եղած ձևով գնահատում այդ հրաշալի հեռանկարը, ինչպես պարզ երևում է Հիսուսի հաջորդ առակից։
«Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց ու շատերին հրավիրեց։ Նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, որովհետև արդեն ամեն ինչ պատրաստ է»։ Սակայն բոլորը մեկը մյուսի նման սկսեցին պատրվակ բերելով հրաժարվել։ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գընել և պետք է գնամ ու տեսնեմ այն։ Խնդրում եմ, ներողամիտ եղիր իմ հանդեպ»։ Մյուսն ասաց. «Ես հինգ լուծ եզ եմ գնել և գնում եմ, որ փորձեմ նրանց։ Խնդրում եմ, ներողամիտ եղիր իմ հանդեպ»։ Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ կին առել և այդ պատճառով չեմ կարող գալ»»։
Ինչպիսի՜ անհիմն պատրվակներ։ Արտը կամ անասունը սովորաբար քննում են գնելուց առաջ, ուստի ոչ մի անհապաղ անհրաժեշտություն չկա գնելուց հետո զննել նրանց։ Նմանապես, ամուսնությունը չպետք է խոչընդոտ հանդիսանա ընդունելու այդպիսի կարևոր հրավերը։ Այդ պատճառով, երբ տերը լսում է այս պատըրվակները, զայրանում է և իր ծառային հրամայում.
««Շտապ դո՛ւրս գնա քաղաքի գլխավոր փողոցներն ու նըրբանցքները և այստե՛ղ բեր աղքատներին, խեղանդամներին, կույրերին ու կաղերին»։ Մի որոշ ժամանակ անց ծառան ասաց. «Տե՛ր, ինչ որ հրամայեցիր, կատարված է, և դեռ էլի տեղ կա»։ Տերն էլ ասաց ծառային. «Դո՛ւրս գնա ճանապարհներն ու ցանկապատված տեղերը և ստիպիր նրանց ներս մտնել, որ տունս լցվի։.... Այն հրավիրվածներից և ոչ մեկը չի ճաշակի իմ ընթրիքից»»։
Ի՞նչ իրավիճակ է նկարագրվում այս առակում։ «Տերը», որ կազմակերպել է ընթրիքը, ներկայացնում է Եհովա Աստծուն։ «Ծառան», որ հրավեր է տալիս, ներկայացնում է Հիսուս Քրիստոսին։ Իսկ «մեծ ընթրիքը» խորհրդանշում է երկնքի Թագավորություն մտնելու հնարավորությունները։
Թագավորություն մտնելու առաջին հրավերը ստացողները նախևառաջ Հիսուսի օրերում ապրող հրեա կրոնական առաջնորդներն էին։ Սակայն նրանք մերժեցին հրավերը։ Այդ իսկ պատճառով հատկապես մ. թ. 33 թ. Պենտեկոստեից սկսած՝ երկրորդ հրավերը տրվեց հրեա ազգի արհամարհված և հասարակ մարդկանց։ Բայց արձագանքողների թիվը բավարար չեղավ, որպեսզի լրանար Աստծու երկնային Թագավորության մեջ 144 000 տեղերը։ Դրա համար էլ երեք ու կես տարի անց՝ մ. թ. 36–ին, տրվեց երրորդ, այսինքն՝ վերջին հրավերը անթլփատ ոչ հրեաներին, և նրանք շարունակում են հավաքվել ընդհուպ մինչև մեր օրերը։ Ղուկաս 14։1–24։
▪ Խոնարհության ի՞նչ դաս է սովորեցնում Հիսուսը։
▪ Ինչպե՞ս կարող է հյուրընկալը Աստծու կողմից գնահատելի հացկերույթ կազմակերպել, և ինչո՞ւ դա նրան երջանկություն կպարգևի։
▪ Ինչո՞ւ են կանչված հյուրերի պատրվակները անհիմն։
▪ Ի՞նչ է ներկայացնում «մեծ ընթրիքի» մասին Հիսուսի առակը։