Գլուխ 82
Հիսուսը կրկին գնում է Երուսաղեմ
ՇՈՒՏՈՎ Հիսուսը նորից ճանապարհ է ընկնում՝ ուսուցանելով քաղաքից քաղաք և գյուղից գյուղ։ Ակներևաբար, նա Հորդանան գետի մյուս կողմում՝ Հրեաստանի դիմաց գտնվող Պիրեայի շրջանում է։ Բայց նա նպատակ ունի գնալ Երուսաղեմ։
Ըստ հրեական փիլիսոփայության՝ միայն սահմանափակ թվով մարդիկ կարող են փրկվել։ Հավանաբար դա մղում է մի մարդու հարցնել Հիսուսին. «Տե՛ր, մի՞թե քիչ են փրկվողները»։ Հիսուսի պատասխանը ստիպում է մարդկանց մտածել, թե ինչ է հարկավոր անել փրկության համար. «Ամեն ջանք գործադրեք [այսինքն՝ պայքարեք], որ նեղ դռնով ներս մտնեք»։
Եռանդուն ջանքեր գործադրելը հրատապ է, որովհետև, ինչպես ասում է Հիսուսը, «շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա»։ Ինչո՞ւ չեն կարողանա։ Նա բացատրում է, որ երբ տանտերը վեր կենա ու դուռը փակի, և դրսում կանգնած մարդիկ սկսեն դուռը թակել ու ասել՝ «Տե՛ր, բաց արա մեզ համար», նա կասի. «Չգիտեմ, թե որտեղից եք դուք։ Հեռացե՛ք ինձանից, բոլոր անարդարություն գործողնե՛րդ»։
Դրսում կանգնած մարդիկ, ակներևաբար, գալիս են այն ժամանակ, երբ իրենց է հարմար։ Բայց այդ ժամանակ դուռն արդեն փակ է և կողպված։ Ներս մտնելու համար նրանք պետք է շուտ գային, նույնիսկ եթե դա իրենց հարմար չլիներ։ Իրոք որ, տխուր վախճան է սպասում բոլոր նրանց, ովքեր հետաձգում են Եհովայի երկրպագությունը իրենց կյանքում գլխավոր նպատակ դարձնելը։
Հիսուսն ուղարկվել է հրեաներին ծառայելու համար։ Սակայն մեծամասամբ նրանք չօգտվեցին փրկության համար Աստծու տված հիասքանչ հնարավորությունից։ Ուստի Հիսուսն ասում է, որ երբ նրանք դուրս նետվեն, այն ժամանակ լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները։ Իսկ «արևելյան ու արևմտյան կողմերից, հյուսիսից ու հարավից» եկած մարդիկ, այսինքն՝ բոլոր ազգերի մարդիկ, «սեղանի շուրջը կթիկնեն Աստծու թագավորության մեջ»։
Հիսուսը շարունակում է. «Կան վերջիններ [արհամարհված ոչ հրեաներ, ինչպես նաև հարստահարված հրեաներ], որ առաջիններ կլինեն, և կան առաջիններ [նյութապես և կրոնական առումով բարգավաճող հրեաներ], որ վերջիններ կլինեն»։ Վերջիններ լինելը նշանակում է, որ այսպիսի անգործունյա և անշնորհակալ մարդիկ ընդհանրապես չեն լինելու Աստծու Թագավորության մեջ։
Այժմ փարիսեցիները մոտենում են Հիսուսին ու ասում. «Դո՛ւրս եկ ու գնա՛ այստեղից, որովհետև Հերովդես [Անտիպասն] ուզում է սպանել քեզ»։ Հնարավոր է՝ Հերովդեսն ինքն է այս լուրը տարածել, որպեսզի ստիպի Հիսուսին փախչել այդ տեղանքից։ Գուցե Հերովդեսը վախենում է, որ կարող է Աստծու մեկ ուրիշ մարգարեի սպանությանը մասնակից դառնալ, ինչպես որ եղավ Հովհաննես Մկրտչի սպանության դեպքում։ Սակայն Հիսուսն ասում է փարիսեցիներին. «Գնացե՛ք ու ասացե՛ք այդ աղվեսին. «Ահա ես դևեր եմ հանում և բուժումներ եմ անում այսօր և վաղը, և երրորդ օրը կվերջացնեմ»»։
Այդ տեղանքում իր գործերն ավարտելուց հետո Հիսուսը շարունակում է ճանապարհը դեպի Երուսաղեմ, քանի որ, ինչպես ինքն է ասում՝ «կարելի չէ, որ մի մարգարե Երուսաղեմից դուրս կորստյան մատնվի»։ Ինչո՞ւ պետք է ակնկալել, որ Հիսուսը Երուսաղեմում է սպանվելու։ Որովհետև Երուսաղեմը Հրեաստանի մայրաքաղաքն է, որտեղ գտնվում է 71 անդամներից բաղկացած գերագույն ատյանը՝ Սինեդրիոնը, և որտեղ կենդանական զոհեր են մատուցվում։ Ուստի անընդունելի կլիներ, եթե «Աստծու Գառը» որևէ այլ տեղում սպանվեր։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող,— հառաչում է Հիսուսը։— Քանի՜ անգամ ես ցանկացա հավաքել քո երեխաներին այնպես, ինչպես հավն է իր ձագերին հավաքում իր թևերի տակ, բայց դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը լքված է թողնվում ձեզ»։ Աստծու Որդուն մերժելու համար ազգը կործանման է մատնված։
Հիսուսը շարունակում է իր ճանապարհը դեպի Երուսաղեմ։ Այդ ժամանակ փարիսեցիների իշխաններից մեկը նրան իր տուն է հրավիրում։ Շաբաթ է, և ժողովուրդը ուշադիր նայում է նրան, քանի որ այնտեղ կա մի մարդ, որը ջրգողությամբ է տառապում։ Դա մի հիվանդություն է, որի ժամանակ հավանաբար ձեռքերի և ոտքերի մեջ ջուր է հավաքվում։ Այնտեղ ներկա փարիսեցիներին և Օրենքից լավատեղյակ մարդկանց Հիսուսը հարցնում է. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել, թե՝ ոչ»։
Ոչ ոք մի բառ անգամ չի ասում։ Իսկ Հիսուսը բուժում է այդ մարդուն և ուղարկում։ Այնուհետև հարցնում է. «Ձեզանից ո՞ր մեկը, որ եթե իր որդին կամ ցուլը ընկնի ջրհորը, իսկույն դուրս չի հանի նրան շաբաթ օրը»։ Եվ դարձյալ ոչ ոք պատասխան չի տալիս։ Ղուկաս 13։22–14։6; Հովհաննես 1։29։
▪ Ըստ Հիսուսի խոսքերի՝ ի՞նչ է հարկավոր փրկության համար, և ինչո՞ւ են շատերը դուրսը մնում։
▪ Ովքե՞ր են «վերջինները», որ դառնում են առաջիններ, և ովքե՞ր են «առաջինները», որ դառնում են վերջիններ։
▪ Հավանաբար ինչո՞ւ են ասում, թե Հերովդեսն ուզում է սպանել Հիսուսին։
▪ Ինչո՞ւ է անընդունելի, որ մարգարեն Երուսաղեմից դուրս սպանվի։