Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 11/1 էջ 8–13
  • Երուսաղեմ՝ «Մեծ Արքայի քաղաք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երուսաղեմ՝ «Մեծ Արքայի քաղաք»
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի աթոռանիստը
  • Խաղաղությունից դեպի ամայություն
  • Ընդդիմություն կեղծ աստվածների պաշտող հարևանների կողմից
  • Մեսիան հայտնվո՜ւմ է
  • Հարատև խաղաղության նախապատկերներ
  • Երուսաղեմ, որ համապատասխանում է իր անվանը
    1998 Դիտարան
  • Ի՞նչ է Նոր Երուսաղեմը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
1998 Դիտարան
w98 11/1 էջ 8–13

Երուսաղեմ՝ «Մեծ Արքայի քաղաք»

«Չերդուել Երուսաղէմի վերայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է» (Մատթէոս 5։34, 35)։

1, 2. Ի՞նչն է շփոթեցնում ոմանց Երուսաղեմ քաղաքի վերաբերյալ։

ԵՐՈՒՍԱՂԵՄ... Այս անունն անգամ հիշատակելը տարբեր կրոնի մարդկանց մեջ հիացմունք է առաջացնում։ Հնարավոր չէ հերքել այն փաստը, որ սա հինավուրց քաղաք է, որի մասին հաճախ է նշվում տեղեկատվական լուրերում։ Բայց և այնպես, ցավալի է, որ, ըստ մի շարք հաղորդագրությունների, միշտ չէ, որ Երուսաղեմը խաղաղության վայր է։

2 Սա Աստվածաշունչն ընթերցողներից ոմանց կարող է շփոթեցնել։ Անցյալում Երուսաղեմի կարճ անվանումն էր Սաղեմ, որը նշանակում է խաղաղություն (Ծննդոց 14։18; Սաղմոս 76։2; Եբրայեցիս 7։1, 2)։ Գուցե ցանկանաք իմանալ, թե ինչու է վերջին տասնամյակներին բացակայում խաղաղությունն այս անվանումը կրող քաղաքում։

3. Որտեղի՞ց կարող ենք վստահելի տեղեկություններ ձեռք բերել Երուսաղեմի մասին։

3 Այս հարցին պատասխանելու համար եկեք անդրադառնանք պատմությանը և ծանոթանանք վաղեմի Երուսաղեմ քաղաքին։ Բայց ոմանք կարող են մտածել. «Մենք հին պատմությունն ուսումնասիրելու ժամանակ չունենք»։ Այնուամենայնիվ, Երուսաղեմի նախկին պատմության մասին եղած ճշգրիտ գիտելիքները բոլորիս համար էլ արժեք ունեն։ Աստվածաշունչը հետևյալ խոսքերով է դա բացատրում. «Ինչ որ գրուեց, գրուեց, որ մենք սովորենք, որպէսզի համբերութեամբ եւ գրքերի պարգեւած մխիթարութեամբ յոյսը ընդունենք» (Հռովմայեցիս 15։4)։ Այո՛, Երուսաղեմի մասին Աստվածաշնչից ձեռք բերած տեղեկությունները կարող են մեզ մխիթարել և խաղաղության հույս ներշնչել ոչ միայն այդ քաղաքի, այլ նաև ողջ աշխարհի հանդեպ։

Եհովայի աթոռանիստը

4, 5. Դավիթն ինչպե՞ս նպաստեց Աստծո նպատակների իրականացման մեջ Երուսաղեմի գլխավոր դեր ունենալուն։

4 Մ.թ.ա. տասնմեկերորդ դարում Երուսաղեմը, խաղաղ ու ապահով մի ազգի մայրաքաղաք լինելով, աշխարհահռչակ դարձավ։ Եհովա Աստված երիտասարդ Դավիթին օծել էր որպես թագավոր վաղեմի իսրայել ազգի վրա։ Արքայական գահը գտնվում էր Երուսաղեմում, որտեղ Դավիթն ու նրա թագավորական ժառանգներն էին նստում «Տիրոջ [«Եհովայի», ՆԱ] թագաւորութեան աթոռի վերայ» (Ա Մնացորդաց 28։5; 29։23)։

5 Աստվածավախ Դավիթը, որը Հուդայի ցեղից էր, Երուսաղեմ քաղաքը գրավեց կռապաշտ հեբուսացիների ձեռքից։ Հետագայում բարձունքի վրա գտնվող քաղաքը կոչվեց Սիոն, իսկ այդ անունը դարձավ Երուսաղեմ անվան հոմանիշը։ Իր ժամանակին Դավիթն Աստծո ուխտի տապանակը իսրայել ազգի հետ միասին տեղափոխեց Երուսաղեմ, որտեղ տեղադրվեց վրանի մեջ։ Այդ դեպքերից տարիներ առաջ Աստված իր Մովսես մարգարեի միջոցով ամպի միջից խոսել էր սուրբ տապանակի վերևից (Ելից 25։1, 21, 22, ԷԹ; Ղեւտացոց 16։2, ԷԹ; Ա Մնացորդաց 15։1—3)։ Տապանակը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը, քանի որ Եհովան Իսրայելի իրական Թագավորն էր։ Հետևաբար, կարելի է ասել, որ Եհովա Աստված կրկնակի իմաստով իշխում էր Երուսաղեմ քաղաքից։

6. Եհովան ի՞նչ խոստացավ Դավիթ թագավորին Երուսաղեմի վերաբերյալ։

6 Եհովան Դավիթին խոստացավ, որ նրա թագավորական տան իշխանությունը՝ Երուսաղեմով կամ Սիոնով պատկերված, վերջ չի ունենալու։ Սա նշանակում էր, որ Դավիթ թագավորի շառավղից մեկն իրավունք կունենար հավիտյան իշխելու իբրև Աստծո օծյալ՝ Մեսիա կամ Քրիստոսa (Սաղմոս 132։11—14; Ղուկաս 1։31—33)։ Աստվածաշունչը նաև հայտնում է, որ «Տիրոջ աթոռի» այս մշտական ժառանգը պիտի իշխի ոչ միայն Երուսաղեմի, այլև բոլոր ազգերի վրա (Սաղմոս 2։6—8; Դանիէլ 7։13, 14)։

7. Դավիթ թագավորն ինչպե՞ս օգնեց ճշմարիտ պաշտամունքի վերկանգնմանը Երուսաղեմ քաղաքում։

7 Աստծո օծյալին՝ Դավիթ թագավորին գահընկեց անելու փորձերը չհաջողվեցին։ Ընդհակառակը, թշնամի ազգերը նվաճվեցին, իսկ Խոստացյալ երկրի սահմաններն ընդարձակվեցին, ինչպես որ Աստված նախապես որոշել էր։ Դավիթն օգտվեց այս իրավիճակից և օգնեց մաքուր պաշտամունքի վերականգնմանը։ Նրա գրած սաղմոսներից շատերի մեջ Եհովան փառաբանվում է որպես Սիոնի իրական Թագավոր (Բ Թագաւորաց 8։1—15; Սաղմոս 9։1, 11; 24։1, 3, 7—10; 65։1, 2; 68։1, 24, 29; 110։1, 2; 122։1—4)։

8, 9. Սողոմոն թագավորի օրոք ճշմարիտ պաշտամունքը որչա՞փ ընդարձակվեց Երուսաղեմում։

8 Դավիթի որդի Սողոմոնի թագավորության օրոք Եհովայի պաշտամունքն իր գագաթնակետին հասավ։ Սողոմոնը Երուսաղեմի սահմանները տարածեց դեպի հյուսիս՝ ներառյալ Մորիա սարը (ներկայումս այս տարածքում գտնվում է Քուբաթ աս–Մահրա մզկիթը)։ Այս վեհ բարձունքի վրա նա առանձնաշնորհում ունեցավ կառուցելու հոյակապ տաճարը Եհովային փառաբանելու նպատակով։ Ուխտի տապանակը տեղավորեցին տաճարի Սրբությունների Սրբություն կոչված բաժնում (Գ Թագաւորաց 6։1—38)։

9 Իսրայել ազգը խաղաղություն էր վայելում, քանի որ ամբողջ սրտով թիկունք էր կանգնում Եհովայի՝ Երուսաղեմում կենտրոնացված պաշտամունքին։ Աստվածաշունչը հրաշալի կերպով նկարագրում է այնտեղ տիրող իրավիճակը. «Յուդան ու Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին.... Եւ խաղաղութիւն ուներ [Սողոմոնը] բոլոր իր շուրջը եղող ծառաներիցը։ Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ» (Գ Թագաւորաց 4։20, 24, 25)։

10, 11. Հնագիտությունն ինչպե՞ս է հաստատում Աստվածաշնչի՝ Սողոմոնի օրոք Երուսաղեմի մասին եղած տեղեկությունը։

10 Հնագիտական տվյալները հաստատում են, որ Սողոմոնի թագավորության տարիներին երկիրը բարգավաճ ու շեն վիճակում էր։ Պրոֆեսոր Յոհանես Ահարոնին իր գրքում տեղեկացնում է. «Բոլոր շրջաններից արքունիք հոսող հարստությունը և բարգավաճող առևտուրը.... կտրուկ և աչքառու շրջադարձ առաջ բերեցին տնտեսության բոլոր ոլորտներում.... Տնտեսական բնագավառում կատարված փոփոխություններն աչքառու էին ոչ միայն պերճանքի առարկաների արտադրության, այլ հատկապես խեցեգործության մեջ.... Կավե ամանների որակը և դրանց թրծումը ապշեցուցիչ կերպով կատարելագործվեցին» («Archaeology of the Land of Israel»)։

11 Նույնպիսի կարծիք հայտնեց Ջերրի Լանդեյը. «Սողոմոնի թագավորության օրոք տնտեսությունը երեք տասնամյակում ավելի առաջընթաց ապրեց, քան նախորդ երկու հարյուրամյակների ընթացքում։ Սողոմոնի ժամանակներից մեզ են հասել մոնումենտալ կառույցների մնացորդներ, վիթխարի պարիսպներով խոշոր քաղաքներ, բնակելի թաղամասեր մեծահարուստների տների ամրակուռ և խիտ խմբերով, ինչպես նաև կավագործության և կավագործական իրերի հմուտ պատրաստման արվեստի առկայության փաստեր։ Հայտնաբերում ենք նաև տարբեր տեղերում պատրաստված իրերի բեկորներ, որոնք վկայում են միջազգային աշխույժ առևտրի մասին» («The House of David»)։

Խաղաղությունից դեպի ամայություն

12, 13. Ինչպե՞ս պատահեց, որ ճշմարիտ պաշտամունքը դադարեց Երուսաղեմում։

12 Երուսաղեմի՝ քաղաք, որտեղ գտնվում էր Եհովայի տաճարը, խաղաղության ու բարգավաճման համար խնդրելը աղոթքի հարմար թեմա էր։ Դավիթը գրեց. «Խաղաղութիւն խնդրեցէք Երուսաղէմի համար. թող հաջողուեն քեզ սիրողները։ Թող խաղաղութիւն լինի քո պարիսպներումը, յաջողութիւն քո պալատներումը։ Իմ եղբայրների եւ իմ ընկերների համար ասում եմ ես՝ խաղաղութիւն լինի քեզանում» (Սաղմոս 122։6—8)։ Թեև Սողոմոնը այդ խաղաղարար քաղաքում հոյակապ տաճարը կառուցելու առանձնաշնորհումը ստացավ, բայց ժամանակի ընթացքում նա բազում հեթանոս կանանց հետ ամուսնացավ։ Ծեր տարիքում կանայք շեղեցին նրան դեպի այն ժամանակվա կեղծ աստվածների պաշտամունքը։ Այս հավատուրացությունը ապականեց ողջ ազգը՝ զրկելով քաղաքին ու նրա բնակիչներին իսկական խաղաղությունից (Գ Թագաւորաց 11։1—8; 14։21—24)։

13 Սողոմոնի որդի Ռոբովամի թագավորության վաղ շրջանում տասը ցեղերը ապստամբեցին ու կազմեցին Իսրայելի հյուսիսային թագավորությունը։ Նրանց կռապաշտության պատճառով Աստված թույլ տվեց, որ Ասորեստանը գրավի այդ թագավորությունը (Գ Թագաւորաց 12։16—30)։ Իսկ Երուսաղեմը մնաց Հուդայի երկցեղ, հարավային թագավորության մայրաքաղաքը։ Բայց ժամանակի ընթացքում նրանք էլ հեռացան մաքուր պաշտամունքից, ուստի Աստված թույլ տվեց, որ մ.թ.ա. 607–ին այդ անհնազանդ քաղաքը ոչնչացվի բաբելոնացիների կողմից։ 70 տարի շարունակ հրեաները որպես գերի տանջվեցին Բաբելոնում։ Հետագայում, Աստծո ողորմածության շնորհիվ նրանց թույլ տրվեց վերադառնալ Երուսաղեմ և վերականգնել ճշմարիտ պաշտամունքը (Բ Մնացորդաց 36։15—21)։

14, 15. Բաբելոնի գերությունից հետո Երուսաղեմն ինչպե՞ս վերագտավ իր դիրքը, բայց ի՞նչ տարբերությամբ։

14 Ավերված շինությունները 70 տարի ամայի մնալուց հետո, հավանաբար, մոլախոտերով էին ծածկվել։ Երուսաղեմի պարիսպները քանդվել էին ու ճեղք էին բացել այնտեղ, ուր մի ժամանակ կանգնած էին դարպասները և վիթխարի աշտարակները։ Սակայն գերությունից վերադարձած հրեաները չընկճվեցին։ Նախկին տաճարի տեղում նրանք զոհասեղան կառուցեցին, որտեղ ամեն օր Եհովային զոհեր էին մատուցում։

15 Սկիզբը խոստումնալից էր, բայց վերականգնված Երուսաղեմն այլևս չհամարվեց մայրաքաղաքն այն թագավորության, որի գահին պիտի նստեր Դավիթ թագավորի հետնորդը։ Ընդհակառակը, հրեաներին իշխեց Բաբելոնը զավթողների կողմից նշանակված մի կառավարիչ, և նրանք պետք է հարկեր վճարեին իրենց պարսիկ տերերին (Նէեմիա 9։34—37)։ Չնայած Երուսաղեմը ոտնակոխ էր արվել, այն դեռ շարունակում էր մնալ երկրի վրա Եհովա Աստծո հաճությունը վայելող միակ քաղաքը (Ղուկաս 21։24)։ Մաքուր պաշտամունքի կենտրոն լինելով՝ Երուսաղեմը ներկայացնում էր Դավիթ թագավորի շառավղի միջոցով ողջ երկրի վրա Աստծո իշխելու իրավունքը։

Ընդդիմություն կեղծ աստվածների պաշտող հարևանների կողմից

16. Բաբելոնից վերադարձած հրեաներն ինչո՞ւ դադարեցրին Երուսաղեմի շինարարությունը։

16 Գերությունից Երուսաղեմ վերադարձած հրեաները շուտով նոր տաճարի հիմքը գցեցին։ Բայց կեղծ աստվածների պաշտող հարեվան ազգերը զրպարտիչ նամակ ուղարկեցին պարսից Արտաշես թագավորին՝ սուտ տեղեկություն տալով, թե հրեաները պատրաստվում են ապստամբել նրա դեմ։ Արդյունքը եղավ այն, որ Արտաշես թագավորն արգելեց տաճարի հետագա շինարարությունը։ Պատկերացրեք, թե դուք այդ ժամանակ ապրում եք Երուսաղեմում. հավանաբար կցանկանայիք իմանալ, թե ինչ ապագա էր սպասվում քաղաքին։ Քանի որ հանգամանքները կտրուկ փոխվեցին, հրեաները դադարեցրին տաճարի շինարարությունը և սկսեցին նյութական նպատակներ հետապնդել (Եզրաս 4։11—24; Անգէ 1։2—6)։

17, 18. Եհովան ո՞ւմ միջոցով առաջնորդեց Երուսաղեմի վերակառուցումը։

17 Հրեաների վերադարձից մոտավորապես 17 տարի հետո Աստված Անգե և Զաքարիա մարգարեներին ուղարկեց իր ժողովրդի մտածելակերպն ուղղելու նպատակով։ Հրեաներն ապաշխարեցին և ձեռնարկեցին տաճարի վերաշինությունը։ Այդ ժամանակ պարսիկների թագավորն էր Դարեհը։ Նա վավերացրեց Կյուրոսի՝ Երուսաղեմի տաճարը վերականգնելու մասին հրամանը։ Դարեհը նամակ ուղարկեց հրեաների հարևան ազգերին՝ զգուշացնելով նրանց, որ «հեռանան այդ տեղից՝ Երուսաղեմից» և թագավորներին տրվող տուրքից դրամական օգնություն հատկացնեն հրեաներին, որպեսզի հնարավոր լիներ շինարարական աշխատանքները վերջացնել (Եզրաս 6։1—13)։

18 Տաճարի շինարարությունը հրեաներն ավարտեցին գերությունից վերադառնալու 22–րդ տարում։ Կարող է ձեզ թվալ, թե այս պատմական դեպքը մեծ ուրախությամբ պետք է նշվեր։ Բայց Երուսաղեմն ու նրա պարիսպը դեռ զգալի չափով ավերված էին։ Քաղաքն անհրաժեշտ ուշադրության արժանացավ «Նէեմիա կուսակալի եւ Եզրաս քահանայ դպրի օրերումը» (Նէեմիա 12։26, 27)։ Որպես հին աշխարհի խոշոր քաղաք՝ Երուսաղեմը մ.թ.ա. հինգերորդ դարի վերջում վերջնականապես վերակառուցվեց։

Մեսիան հայտնվո՜ւմ է

19. Մեսիան ինչպե՞ս ցույց տվեց Երուսաղեմի անզուգական լինելը։

19 Եկեք այդ դեպքերից մի քանի դար առաջ ընթանանք ու հասնենք համաշխարհային կարևորություն ունեցող մի իրադարձության՝ Հիսուս Քրիստոսի ծնունդին։ Եհովա Աստծո հրեշտակը հայտնել էր Հիսուսի կույս մորը. «Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը.... ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ» (Ղուկաս 1։32, 33)։ Տարիներ հետո Հիսուսը կարդաց իր հռչակավոր Լեռան քարոզը։ Այնտեղ նա խորհուրդներ և քաջալերանքներ տվեց։ Օրինակ՝ նա հորդորեց իր ունկնդիրներին կատարել Աստծուն տված իրենց երդումները, սակայն ուշադիր լինել և դատարկ երդումներ չտալ։ Հիսուսն ասաց. «Լսել էք դարձյալ, թէ ինչ ասուեց նախնիներին. «Երդմնազանց մի՛ լինիր, այլ արա՛ Տիրոջն այն, ինչ երդուել ես»։ Իսկ ես ձեզ ասում եմ՝ ամենեւին չերդուել. ո՛չ երկնքի վերայ, որովհետեւ Աստծու աթոռն է, ո՛չ երկրի վրայ, որովհետեւ նրա ոտքերին պատուանդան է, եւ ո՛չ Երուսաղէմի վրայ, որովհետեւ մեծ Արքայի քաղաքն է» (Մատթէոս 5։33—35)։ Ուշադրության է արժանի այն, որ Հիսուսն ընդունեց Երուսաղեմի անզուգական լինելը, այն քաղաքի, որով հարյուրամյակներ շարունակ հիացել էին մարդիկ։ Այո՛, այն Եհովա Աստծո՝ «մեծ Արքայի քաղաքն» էր։

20, 21. Երուսաղեմում ապրող շատերի վերաբերմունքն ինչպե՞ս ազդեցիկ կերպով փոխվեց։

20 Երբ մոտենում էր Հիսուսի երկրային կյանքի ավարտը, նա Երուսաղեմի բնակիչներին ներկայացավ որպես Աստծո կողմից օծված Թագավոր։ Այդ հուզիչ իրողությանն արձագանքելով՝ շատերը ցնծությամբ բացականչում էին. «Օրհնեա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնեա՜լ լինի մեր հօր՝ Դաւթի թագաւորութիւնը, որ գալիս է» (Մարկոս 11։1—10; Յովհաննէս 12։12—15)։

21 Սակայն, դրանից մի շաբաթ էլ դեռ չէր անցել, երբ Երուսաղեմի կրոնական առաջնորդների դրդմամբ ամբոխը Հիսուսին դեմ դարձավ։ Հիսուսը զգուշացրեց, որ Երուսաղեմ քաղաքն ու ողջ իսրայել ազգը կորցնելու էին իրենց առանձնաշնորհյալ դիրքն Աստծո առաջ (Մատթէոս 21։23, 33—45; 22։1—7)։ Նա հայտարարեց. «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, որ կոտորում էիր մարգարէներին եւ քարկոծում էիր քեզ մօտ ուղարկուածներին. քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո մանուկներին, ինչպէս հաւն է հաւաքում իր ձագերին թեւերի տակ, բայց չկամեցաք։ Ահա ձեր տունը աւերակ կը թողնուի ձեզ» (Մատթէոս 23։37, 38)։ Մ.թ. 33–ի Պասեքի օրերին Երուսաղեմ քաղաքից դուրս Հիսուսի հակառակորդներն անարդարացիորեն նրան մահապատժի ենթարկեցին։ Սակայն Եհովան հարություն տվեց իր Օծյալին և երկնային Սիոնում փառավորեց նրան հոգեղեն անմահ կյանքով. մի արտակարգ իրադարձություն, որից բոլորս էլ կարող ենք օգուտներ քաղել (Գործք 2։32—36)։

22. Ինչպե՞ս կատարվեցին Հիսուսի մահից հետո Երուսաղեմի մասին արված բազմաթիվ մեջբերումները։

22 Այդ ժամանակից ի վեր լուսաբանվեց Սիոնի կամ Երուսաղեմի մասին դեռ չկատարված մարգարեությունների այն գերակշռող մասը, որը վերաբերում էր երկնային կարգադրություններին և Հիսուսի օծյալ հետևորդներին (Սաղմոս 2։6—8; 110։1—4; Եսայիա 2։2—4; 65։17, 18; Զաքարիա 12։3; 14։12, 16, 17)։ «Երուսաղէմի» կամ «Սիոնի» վերաբերյալ Հիսուսի մահից հետո գրված մի շարք մեջբերումների խոսքերն ակնհայտորեն փոխաբերական իմաստ ունեն և բառացի քաղաքի կամ վայրի չեն վերաբերվում (Գաղատացիս 4։26; Եբրայեցիս 12։22; Ա Պետրոս 2։6; Յայտնութիւն 3։12; 14։1; 21։2, 10)։ Վերջին ապացույցը, որ Երուսաղեմն այլևս «մեծ Արքայի քաղաքը» չէ, տրվեց մ.թ. 70–ին, երբ հռոմեական զորքերն ավերեցին այն, ինչպես մարգարեացել էին Դանիել մարգարեն և Հիսուս Քրիստոսը (Դանիէլ 9։26; Ղուկաս 19։41—44)։ Ո՛չ Աստվածաշունչը գրի առնողները, և ո՛չ էլ անձամբ Հիսուսը չմարգարեացան, թե երկրային Երուսաղեմը հետագայում կվերականգնվի Եհովա Աստծո բարեհաճությամբ և կվերագտնի նախկինում վայելած իր փառքը (Գաղատացիս 4։25; Եբրայեցիս 13։14)։

Հարատև խաղաղության նախապատկերներ

23. Ինչո՞ւ ենք մինչև այսօր հետաքրքրվում Երուսաղեմ քաղաքով։

23 Երկրային Երուսաղեմի անցյալի պատմությանն անդրադառնալով՝ տեսնում ենք, որ Սողոմոնի խաղաղարար թագավորության օրոք Երուսաղեմն ապրում էր իր անվան նշանակության հետ ներդաշնակ. այն է՝ «կրկնապատիկ խաղաղության տիրապետություն [կամ հիմք]»։ Սակայն դա միայն նախապատկերն էր այն խաղաղության ու բարգավաճման, որը շուտով պիտի վայելեն Աստծո երկրպագուները դրախտի վերածված երկրում։

24. Ի՞նչ ենք հասկանում՝ կարդալով Սողոմոնի թագավորության օրոք տիրող պայմանների մասին։

24 Սաղմոս 72–ում նկարագրված են այն պայմանները, որոնք տիրում էին Սողոմոնի օրոք։ Բայց այդ գեղեցիկ երգը նաև Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի երկնային թագավորության ներքո մարդկությանը տրվող օրհնությունների մարգարեական նկարագրությունն է։ Սաղմոսերգուն Հիսուսի մասին գրեց. «Նորա օրերումը ծաղկի արդարը. եւ շատ խաղաղութիւն՝ մինչեւ որ լուսին էլ չ’լինի.... Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին։ Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մեջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։7, 8, 12—14, 16)։

25. Ինչո՞ւ է հարկավոր Երուսաղեմի մասին ավելին սովորել։

25 Երուսաղեմում կամ աշխարհի որևէ անկյունում ապրող Աստծո երկրպագուներին ինչպե՜ս են հուսադրում ու մխիթարում այս խոսքերը։ Դուք էլ կարող եք լինել նրանց մեջ, ովքեր Աստծո Մեսիական թագավորության ներքո վայելելու են համերկրային դրախտը։ Երուսաղեմի անցյալի պատմության մասին գիտելիքները կարող են օգնել մեզ, որպեսզի հասկանանք մարդկության նկատմամբ Աստծո նպատակը։ Հաջորդ հոդվածները կկենտրոնանան այն դեպքերի վրա, որոնք տեղի ունեցան Բաբելոնի գերությունից հրեաների ազատագրումից յոթ–ութ տասնամյակ հետո։ Այդ պատմությունները մխիթարում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հաճելի պաշտամունք մատուցել Եհովա Աստծուն՝ Մեծ Արքային։

[ծանոթագրություն]

a Եբրայերեն «Մեսիա» և հունարեն «Քրիստոս» անունները նշանակում են «Օծյալ»։

Հիշո՞ւմ եք

◻ Երուսաղեմն ինչպե՞ս դարձավ Եհովայի աթոռանիստը։

◻ Սողոմոնն ի՞նչ դեր խաղաց ճշմարիտ պաշտամունքի առաջխաղացման գործում։

◻ Որտեղի՞ց գիտենք, որ Երուսաղեմը դադարեց Եհովայի պաշտամունքի կենտրոնը լինելուց։

◻ Ինչո՞ւ է մեզ հետաքրքրում Երուսաղեմի մասին ավելին սովորելը։

[նկար 10–րդ էջի վրա]

Դավիթի քաղաքը հարավային կողմում էր գտնվում, իսկ Սողոմոնն ընդարձակեց այն դեպի հյուսիս և կառուցեց տաճարը։

[թույլտվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est

[նկար 10–րդ էջի վրա. թույլտվությամբ]

Դավիթի քաղաքը հարավային կողմում էր գտնվում, իսկ Սողոմոնն ընդարձակեց այն դեպի հյուսիս և կառուցեց տաճարը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը