Երուսաղեմ, որ համապատասխանում է իր անվանը
«Իմ ստեղծագործութիւնովս յաւիտեանս յաւիտենից ուրախացէ՛ք.... Վասն զի ահա ես Երուսաղէմը՝ ցնծութեան համար.... կը ստեղծեմ» (Եսայիա 65։18, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
1. Եզրասն ի՞նչ զգացումներ ուներ Աստծո ընտրյալ քաղաքի հանդեպ։
ԱՍՏԾՈ Խոսքի ժրաջան աշակերտ լինելով՝ հրեա քահանա Եզրասը կարոտով էր հիշում այն ժամանակները, երբ Երուսաղեմը սերտորեն կապված էր Եհովայի մաքուր պաշտամունքի հետ (Բ Օրինաց 12։5; Եզրաս 7։27)։ Աստծո քաղաքի նկատմամբ ունեցած նրա սերը երևում է Աստվածաշնչի մի քանի՝ «Առաջին Մնացորդաց», «Երկրորդ Մնացորդաց» և «Եզրասի» գրքերից, որոնք նա գրեց Աստծուց ներշնչված։ Ամբողջ Աստվածաշնչում ավելի քան 800 անգամ բերված «Երուսաղեմ» անվան մոտավորապես մեկ քառորդը գտնվում է այս պատմական արձանագրություններում։
2. Մարգարեական ի՞նչ նշանակություն ենք գտնում «Երուսաղեմ» անվան մեջ։
2 Հին եբրայերենի, որով գրվել է Աստվածաշունչը, քերականական օրենքների համաձայն՝ կարելի է հասկանալ, որ «Երուսաղեմ» բառն օգտագործված է երկակի թվով։ Քերականական այս ձևն ամենից հաճախ օգտագործվում է զույգ առարկաներ բնորոշելիս, ինչպես օրինակ՝ աչքեր, ականջներ, ձեռքեր և ոտքեր։ Երկակի թվով օգտագործված «Երուսաղեմ» անունը կարող է դիտվել որպես մարգարեական անուն, որը մատնանշում է այն խաղաղությունը, որն Աստծո ժողովուրդը վայելելու է ինչպես բառացի, այնպես էլ հոգևոր առումներով։ Սուրբ գրությունները չեն հայտնում մեզ, թե Եզրասն արդյոք լիովին հասկանո՞ւմ էր այս իմաստը։ Այնուամենայնիվ, քահանա լինելով, նա իր ձեռքից եկածն արեց հրեաներին օգնելու համար, որպեսզի Աստծո հետ խաղաղություն վայելեն։ Նա, անկասկած, ջանք չէր խնայում, որ Երուսաղեմը համապատասխաներ իր անվան նշանակությանը, այն է՝ «կրկնապատիկ խաղաղության տիրապետություն [կամ հիմք]» (Եզրաս 7։6)։
3. Քանի՞ տարի է անցնում, երբ Եզրասը կրկին վերադառնում է Երուսաղեմ, և ի՞նչ անելիս ենք նրան գտնում։
3 Աստվածաշունչը մեզ չի հաղորդում, թե որտեղ էր եղել Եզրասն այն 12 տարիների ընթացքում, որոնք ընկած էին Երուսաղեմ կատարած նրա այցելության և այդ քաղաք Նեեմիայի այցի միջև։ Այդ տարիներին ժողովրդի մեջ տիրող հոգևոր վատ իրավիճակը մեզ հուշում է, որ Եզրասը բացակայում էր այնտեղից։ Սակայն Եզրասին՝ որպես հավատարիմ քահանայի, կրկին հանդիպում ենք Երուսաղեմում ծառայելիս՝ պարսպի վերաշինումից հետո։
Հոյակապ համաժողովի օրը
4. Ինչո՞վ էր աչքառու եբրայերեն օրացույցի յոթերորդ ամսվա առաջին օրը։
4 Երուսաղեմի պարսպի շինարարությունն ավարտվեց հրեական կրոնական օրացույցի յոթերորդ՝ Անթան ամսվա նախօրյակին։ Այդ ամսում նշանակալից տոներ էին կատարվում։ Անթանի առաջին օրը՝ նոր լուսնային ամսին, հրեաները յուրահատուկ խնջույք էին կազմակերպում, որը կոչվում էր «փող հնչեցնելու օր»։ Այդ օրը, Եհովային զոհաբերություններ մատուցելիս, քահանաները փող էին հնչեցնում (Թուոց 10։10; 29։1)։ Տոնը նախապատրաստում էր իսրայելացիներին Անթանի 10–ին տեղի ունենալիք տարեկան քավության օրվան և նույն ամսվա 15—21–ը կատարվելիք «Տաղաւարահարաց» ուրախ տոնին։
5. ա) Եզրասն ու Նեեմիան ինչպե՞ս արդյունավետ դարձրին «յոթերորդ ամսուա առաջին օրը»։ բ) Իսրայելացիներն ինչո՞ւ լաց եղան։
5 «Յոթերորդ ամսուա առաջին օրը բոլոր ժողովուրդը» հավաքվեց տոնին, հավանաբար, ոգեվորված լինելով Նեեմիայի ու Եզրասի կողմից։ Հավաքվածների թվում կային տղամարդիկ, կանայք, նաև բոլոր նրանք, ովքեր ի վիճակի էին հասկանալու։ Այնպես որ երեխաներն էլ էին ներկա և ուշադիր լսում էին, մինչ Եզրասը բեմից կարդում էր Մովսիսական օրենքը «առաւօտից մինչեւ կէսօր» (Նէեմիա 8։1—4)։ Ղևտացիները պարբերաբար օգնում էին նրանց հասկանալու կարդացված խոսքերը, որոնք արտասվելու աստիճան հուզեցին իսրայելացիներին. պատճառն այն էր, որ նրանք հասկացան, թե իրենք ու իրենց նախահայրերն ինչքա՜ն էին թերացել Աստծո Օրենքին հնազանդվելու հարցում (Նէեմիա 8։5—9)։
6, 7. Քրիստոնյաներն ի՞նչ կարող են սովորել Նեեմիայից, որը ժողովրդին սգալուց ետ պահեց։
6 Սակայն դա սգի օր չէր, այլ տոն էր, ու ժողովուրդը հենց նոր էր ավարտել Երուսաղեմի պարսպի շինարարությունը։ Հետևաբար Նեեմիան օգնեց նրանց, որ այս հարցի նկատմամբ ճիշտ մոտեցում ունենան, երբ ասաց. «Գնացէք՝ պարարտ բաներ կերէք եւ անոյշ բաներ խմեցէք, եւ բաժիններ ուղարկեցէք պատրաստութիւն չ’ունեցողին. որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է»։ Հնազանդվելով այս հրահանգին՝ «բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խօսքերը որ նորանց իմացնում էին» (Նէեմիա 8։10—12)։
7 Այսօր Աստծո ժողովուրդը շատ բան կարող է սովորել այս հաղորդագրությունից։ Նրանք, ովքեր առանձնաշնորհում ունեն ելույթ ունենալու ժողովի հանդիպումներին ու համաժողովներին, պետք է հիշեն վերը նշվածը։ Ուղղիչ խրատ հայթայթելուց բացի, որը երբեմն անհրաժեշտ է, նման հանդիպումներին ուշադրություն է դարձվում օգուտների և օրհնությունների վրա, որոնք առաջ են գալիս Աստծո պահանջներին հնազանդվելիս։ Նաև կատարած լավ գործերի համար գովասանք է տրվում, ինչպես նաև քաջալերանք՝ տոկալու համար։ Աստծո ժողովուրդը պիտի ուրախ սրտով տուն վերադառնա այդ հանդիպումներից՝ Աստծո Խոսքից շինիչ հրահանգներ ստանալով (Եբրայեցիս 10։24, 25)։
Մեկ ուրիշ ցնծալի ժողով
8, 9. Ի՞նչ յուրահատուկ ժողով տեղի ունեցավ յոթերորդ ամսվա երկրորդ օրը, և ինչպիսի՞ ավարտ ունեցավ այն Աստծո ժողովրդի համար։
8 Այդ յուրահատուկ ամսվա երկրորդ օրը «բոլոր ժողովրդի տոհմապետները, քահանաները եւ Ղեւտացիները ժողովուեցան Եզրաս դպրի մօտ, օրէնքի խօսքերը էլի հասկանալու համար» (Նէեմիա 8։13)։ Եզրասը նախապես պատրաստվել էր այդ ժողովն անցկացնելուն, քանի որ նա «պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան» (Եզրաս 7։10)։ Անկասկած, այդ ժողովը աչքառու դարձրեց Օրենքի ուխտի այն կետերը, որոնց Աստծո ժողովուրդը ուշադրությամբ պիտի հետևեր, և առաջինը՝ մոտեցող «Տաղաւարահարաց» տոնին ճիշտ պատրաստություններ տեսնելն էր։
9 Մեկ շաբաթ տևողությամբ այս տոնը պատշաճ ձևով անցկացվեց. ողջ ժողովուրդը տեղավորվեց զանազան ծառերի տերևներից ու ճյուղերից պատրաստված ժամանակավոր տաղավարներում։ Ժողովուրդը տաղավարներ պատրաստեց իրենց տան կտուրների վրա, բակերում, տաճարի գավիթներում և Երուսաղեմի հրապարակներում (Նէեմիա 8։15, 16)։ Այդ տոնը ժողովրդին հավաքելու և նրանց համար Աստծո Օրենքը կարդալու ի՜նչ հոյակապ առիթ էր (համեմատեք Բ Օրինաց 31։10—13)։ Դա արվում էր ամեն օր՝ տոնի «առաջին օրից մինչեւ վերջինը», որի հետևանքով «շատ մեծ ուրախութիւն եղաւ» Աստծո ժողովրդի մեջ (Նէեմիա 8։17, 18)։
Անհոգ մի՛ եղեք Աստծո տան հանդեպ
10. Ինչո՞ւ յոթերորդ ամսվա 24–ին ժողով կազմակերպվեց։
10 Աստծո ժողովրդի լուրջ թերություններն ուղղելու համար պատշաճ տեղ և ժամանակ գոյություն ունի։ Ըստ երևույթին, գիտակցելով, որ հարմար պահ էր, Եզրասն ու Նեեմիան կարգադրություն արեցին Անթանի 24–ին ծոմ պահելու օր հայտարարել։ Նորից կարդացին Աստծո Օրենքը, և իսրայելացիները խոստովանեցին իրենց մեղքերը։ Ապա ղևտացիները հիշեցրին նրանց Աստծո՝ իր քմահաճ ժողովրդի հանդեպ ցուցաբերած ողորմածության մասին, Եհովային փառաբանեցին գեղեցիկ խոսքերով և «հաստատ ուխտ» կնքեցին՝ վավերացնելով այն իշխանների, ղևտացիների և քահանաների կնիքով (Նէեմիա 9։1—38; Արևմտահայերեն Աստվածաշունչ)։
11. Հրեաները ի՞նչ «հաստատ ուխտ» պահելու պարտավորություն վերցրին իրենց վրա։
11 Ժողովուրդը երդվեց կատարել գրված «հաստատ ուխտը»։ «Նրանք երդում արին, որ գնան Աստուծոյ օրէնքովը»։ Եվ իսրայելացիները համաձայնվեցին չամուսնանալ «երկրի ազգերի» մարդկանց հետ (Նէեմիա 10։28—30)։ Բացի այդ, հրեաները պարտավորվեցին պահել Շաբաթը, ճշմարիտ պաշտամունքին ի նպաստ տարեկան դրամական ներդրումներ կատարել, զոհասեղանի համար փայտ մատակարարել, նվիրաբերել իրենց անդրանիկ ոչխարներին և արջառներին զոհաբերության համար և իրենց բերքի առաջին պտուղները բերել տաճարի ճաշասենյակները։ Հասկանալի էր, որ նրանք վճռել էին ‘Աստծո տան հանդեպ անհոգ չլինել’ (Նէեմիա 10։32—39, Արևտահայերեն Աստվածաշունչ)։
12. Այսօր Աստծո տան հանդեպ անհոգ չլինելն ի՞նչ է նշանակում։
12 Այսօր Եհովայի ժողովուրդը պետք է ուշադրություն դարձնի Եհովայի հսկայական, հոգևոր տաճարի գավիթներում «անհոգ չլինելու» համար և «սուրբ ծառայություն մատուցելու» առանձնաշնորհման նկատմամբ (Յայտնութիւն 7։15, ՆԱ)։ Սա նշանակում է կանոնավոր, սրտանց աղոթել Եհովայի պաշտամունքի առաջխաղացման համար։ Այսպիսի աղոթքների համաձայն ապրելը նշանակում է պատրաստվել քրիստոնեական ժողովներին ու մասնակցել դրանց, բաժին բերել բարի լուրը քարոզելու կարգադրության մեջ և օգնել հետաքրքրվող անձանց, կրկնակի այցելություններ կատարելով, և հնարավորության դեպքում Աստվածաշնչի ուսուցում անցկացնել նրանց հետ։ Ովքեր ցանկանում են հոգատարություն ցուցաբերել Աստծո տան հանդեպ, քարոզչական գործին դրամական օգնություն են ցույց տալիս և օժանդակում են ճշմարիտ պաշտամունքն անցկացնելու համար վայրեր ունենալուն։ Մենք նույնպես կարող ենք աջակցել մեզ համար խիստ անհրաժեշտ հանդիպումների վայրեր կառուցելուն, նաև դրանք մաքուր ու կոկիկ պահելուն։ Աստծո հոգևոր տան հանդեպ սեր ցույց տալու կարևոր կերպերից մեկն է՝ ջանք թափել հավատակիցների միջև խաղաղություն պահպանելու համար և օգնել նյութապես ու հոգևորապես կարիք ունեցողներին (Մատթէոս 24։14; 28։19, 20; Եբրայեցիս 13։15, 16)։
Տաճարի հանդիսավոր բացումը
13. Նախքան Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացումը, ո՞ր հարցն էր ուշադրության արժանի, և շատերն ի՞նչ հոյակապ օրինակ թողեցին։
13 Նեեմիայի օրերում կնքված «հաստատ ուխտը» Աստծու վաղեմի ժողովրդին նախապատրաստեց Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացմանը։ Բայց մի ուրիշ անհրաժեշտ հարց ևս ուշադրության արժանի էր։ Երուսաղեմը, շրջապատված 12 դարպասներից կազմված մեծ պարսպով, ավելի շատ բնակչության կարիք ուներ։ Թեև այնտեղ թվով քիչ իսրայելացիներ էին ապրում, սակայն «քաղաքը ընդարձակ եւ մեծ էր, բայց միջի ժողովուրդը քիչ էր» (Նէեմիա 7։4)։ Այս խնդիրը լուծելու համար իսրայելացիները «վիճակ գցեցին, որ ժողովրդի մի տասներորդը բերեն Երուսաղէմ սուրբ քաղաքումը բնակուելու»։ Այս հարցում պատրաստակամություն ցուցաբերելը ժողովրդին մղեց, որպեսզի օրհնեն «այն ամեն մարդկանց, որ յօժարութեամբ համաձայնեցին բնակուել Երուսաղէմումը» (Նէեմիա 11։1, 2)։ Ի՜նչ հոյակապ օրինակ է ճշմարիտ երկրպագուների համար այսօր, որոնք, թերևս, ի վիճակի են տեղափոխվելու այնպիսի վայրեր, որտեղ հասուն քրիստոնյաների ավելի մեծ կարիք է զգացվում։
14. Ի՞նչ տեղի ունեցավ Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացման արարողության օրը։
14 Շուտով սկսվեցին Երուսաղեմի պարսպի հանդիսավոր բացման մեծ օրվա նախապատրաստումները։ Հուդայի մոտակա քաղաքներից հավաքվեցին երաժիշտներն ու երգիչները։ Նրանք գովաբանության երգեր կատարելու երկու մեծ երգչախումբ կազմեցին, որոնցից յուրաքանչյուրին առաջնորդում էր մի երթ (Նէեմիա 12։27—31, 36, 38)։ Երգչախումբն ու շքերթը շարժվեցին տաճարի ամենահեռավոր պարսպից, հավանաբար Ձորի դռնից, և քայլում էին հակառակ ուղղություններով, մինչև որ հասան Աստծո տուն։ «Այն օրը մեծամեծ զոհեր մատուցրին եւ ուրախացան, որովհետեւ Աստուած ուրախացրեց նորանց մեծ ուրախութեամբ, նաեւ կնիկներն ու երեխաներն էլ էին ուրախանում. եւ Երուսաղէմի ուրախութիւնը հեռուից էր լսվում» (Նէեմիա 12։43)։
15. Ինչո՞ւ Երուսաղեմի պարսպի բացման արարողությունը հարատև ուրախության առիթ չդարձավ։
15 Աստվածաշունչը չի հայտնում այս ցնծալի տոնակատարությունն անցկացնելու ժամանակը։ Անկասկած, սա կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն էր կամ էլ Երուսաղեմի վերականգնման կուլմինացիոն կետը։ Իհարկե, բավականին շինարարական աշխատանքներ պիտի անցկացվեին քաղաքում։ Ժամանակի ընթացքում Երուսաղեմի բնակիչները կորցրին իրենց հոգևոր դիրքը։ Օրինակ՝ երբ Նեեմիան երկրորդ անգամ այցելեց քաղաք, Աստծո տունը դարձյալ արհամարհված վիճակում գտավ, իսկ իսրայելացիները կրկին ամուսնանում էին հեթանոս կանանց հետ (Նէեմիա 13։6—11, 15, 23)։ Այս նույն ահավոր իրավիճակների առկայությունը հաստատվում է Մաղաքիա մարգարեի արձանագրած գրքում (Մաղաքիա 1։6—8; 2։11; 3։8)։ Ուստի Երուսաղեմի պարսպի բացման արարողությունը հարատև ուրախության առիթ չդարձավ։
Հարատև ուրախության պատճառը
16. Աստծո ժողովուրդը ո՞ր կուլմինացիոն իրադարձությանն է սպասում։
16 Այսօր Աստծո ժողովուրդն անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ Աստված հաղթելու է իր թշնամիներին։ Սա սկսվելու է «մեծն Բաբելոնի»՝ բոլոր կեղծ կրոններն ընդգրկող այլաբանական քաղաքի կործանումով (Յայտնութիւն 18։2, 8)։ Կեղծ կրոնի կործանումով կսկսվի գալիք մեծ նեղության առաջին փուլը (Մատթէոս 24։21, 22)։ Մեզ սպասվում է նաև մի ուրիշ նշանակալից իրադարձություն՝ Տեր Հիսուս Քրիստոսի և իր հարսի՝ «նոր Երուսաղէմի» 144 000 անդամների «ամուսնությունը» (Յայտնութիւն 19։7; 21։2)։ Մենք չենք կարող ստույգ ասել, թե երբ տեղի կունենա այդ կուլմինացիոն միացումը, սակայն այն անկասկած, ուրախ իրադարձություն է լինելու (տեսեք «Դիտարանի» 1990 թ. դեկտեմբերի 1–ի 30 և 31 էջերը)։
17. Ի՞նչ գիտենք Նոր Երուսաղեմի ստեղծման ավարտի մասին։
17 Մենք գիտենք, որ Նոր Երուսաղեմի ստեղծման ավարտը մոտ է (Մատթէոս 24։3, 7—14; Յայտնութիւն 12։12)։ Ի տարբերություն երկրային Երուսաղեմի՝ այն հիասթափության պատճառ չի լինելու, քանի որ այդ քաղաքի բոլոր բնակիչները սուրբ հոգով օծված, փորձված ու Հիսուս Քրիստոսի կողմից «մաքրված» աշակերտներն են։ Հավատարիմ մնալով մինչև մահ՝ նրանցից յուրաքանչյուրը կապացուցի Տիեզերքի Գերիշխանի՝ Եհովա Աստծո հանդեպ իր անսահման հավատարմությունը։ Սա կարևոր նշանակություն ունի մարդկության մնացած մասի՝ թե՛ կենդանի, և թե՛ մահացած մարդկանց համար։
18. Ինչո՞ւ պիտի ‘հավիտյանս հավիտենից ուրախանանք ու ցնծանք’։
18 Նկատի առեք, թե ինչ է տեղի ունենալու, երբ Նոր Երուսաղեմն իր ուշադրությունը դարձնի Հիսուսի փրկանքի զոհաբերությանը հավատ ընծայող մարդկությանը։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ» (Յայտնութիւն 21։2—4)։ Այնուհետև, Նոր Երուսաղեմի միջոցով Աստված մարդկությանը կհասցնի կատարելության (Յայտնութիւն 22։1, 2)։ Ի՜նչ հոյակապ առիթներ են սրանք Եհովայի ‘ստեղծագործություններով հավիտյանս հավիտենից ուրախանալու և ցնծալու’ (Եսայիա 65։18)։
19. Ի՞նչ է իրենից ներկայացնում հոգևոր դրախտը, որտեղ հավաքվում են քրիստոնյաները։
19 Սակայն զղջացող մարդիկ Աստծուց օգնություն ստանալու համար կարիք չունեն այդքան սպասելու։ 1919–ին Եհովան սկսեց հավաքել 144 000–ի վերջին անդամներին հոգևոր դրախտի մեջ, որը լի է Աստծո հոգու այնպիսի պտուղներով, ինչպիսին են՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը (Գաղատացիս 5։22, 23)։ Այս հոգևոր դրախտն աչքառու է դարձել նրա օծյալ բնակիչների ցուցաբերած հավատով, ովքեր պտուղներ են բերում Աստծո Թագավորության բարի լուրը ողջ երկրով մեկ քարոզելու գործում (Մատթէոս 21։43; 24։14)։ Այս քարոզչության շնորհիվ երկրային հույս ունեցող մոտավորապես վեց միլիոն «այլ ոչխարներ» ևս հնարավորություն են ստացել մտնելու հոգևոր դրախտը և պտղաբեր աշխատանք կատարելու (Յովհաննէս 10։16)։ Նրանք պատրաստ են այս անելու, քանի որ իրենց կյանքը նվիրել են Եհովա Աստծուն՝ նրա որդի Հիսուս Քրիստոսի զոհաբերական փրկանքի հանդեպ հավատ ցուցաբերելով։ Նոր Երուսաղեմի ապագա անդամների հետ նրանց համագործակցությունն իրոք օրհնվել է։ Այսպիսով՝ օծյալ քրիստոնյաների միջոցով Եհովան ամուր հիմք է դրել «նոր երկրի»՝ աստվածավախ մարդկության մի հասարակության, որը կժառանգի երկնային Թագավորության երկրային ոլորտը (Եսայիա 65։17; Բ Պետրոս 3։13)։
20. Նոր Երուսաղեմն ինչպե՞ս է համապատասխանելու իր անվան նշանակությանը։
20 Խաղաղ պայմանները, որոնք Եհովայի ժողովուրդն այժմ վայելում է հոգևոր դրախտում, շուտով կդառնան երկրային դրախտի մի մասը։ Սա տեղի կունենա այն ժամանակ, երբ Նոր Երուսաղեմը մարդկությանն օրհնելու համար կիշխի երկնքից։ Այն ժամանակ Եսայիա 65։21—25–ում խոստացված խաղաղ պայմանները Աստծո ժողովուրդը կրկնակի իմաստով կվայելի։ Եհովայի միացյալ երկրպագուները՝ երկնային Նոր Երուսաղեմում դեռ իրենց տեղին սպասող օծյալները և «այլ ոչխարները» այժմ աստվածատուր խաղաղություն են վայելում հոգևոր դրախտում։ Այսպիսի խաղաղություն է տիրելու երկրային դրախտում, երբ ‘Աստծո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է’ (Մատթէոս 6։10)։ Այո՛, Աստծո փառավոր, երկնային քաղաքն ապացուցելու է Երուսաղեմ անվան ճշմարիտ նշանակությունը և լինելու է ‘կրկնպատիկ խաղաղության ամուր հիմք’։ Ողջ հավիտենականության ընթացքում այն փառք է բերելու իր մեծ Արարիչ՝ Եհովա Աստծուն և նորապսակ Թագավոր Հիսուս Քրիստոսին։
Հիշո՞ւմ եք
◻ Արդյունքն ինչպիսի՞ն եղավ, երբ Նեեմիան ժողովրդին հավաքեց Երուսաղեմ քաղաքում։
◻ Հին հրեաներն ի՞նչ արեցին Աստծո տան հանդեպ անհոգ չլինելու համար, և մենք էլ ի՞նչ անելու ենք հրավիրվում։
◻ Ո՞րն է «Երուսաղեմ» քաղաքի դերը հարատև խաղաղություն և ուրախություն բերելու մեջ։