ԳԼՈՒԽ 9
Մենք պետք է հեռու մնանք սխալ գործելուց
Պատահե՞լ է, որ քեզ համոզեն կամ ստիպեն սխալ բան անել։ ~ Գուցե քեզ ասել են, թե դա զվարճալի է, ու ոչ մի վատ բան չկա դրանում։ ~ Երբ որևէ մեկը փորձում է այնպես անել, որ մենք սխալ քայլ կատարենք, նա մեզ փորձության է ենթարկում։
Ի՞նչ պետք է անենք, երբ մեզ փորձության են ենթարկում։ Պե՞տք է վարվենք նրանց ուզածով։ ~ Դրանով մենք կտխրեցնենք Եհովա Աստծուն։ Իսկ գիտե՞ս, թե ում կուրախացնի մեր արարքը։ ~ Այո, Բանսարկու Սատանային։
Սատանան Աստծո թշնամին է։ Նա նաև մեր թշնամին է։ Մենք նրան չենք տեսնում, քանի որ նա ոգեղեն անձնավորություն է։ Բայց նա տեսնում է մեզ։ Մի օր Բանսարկուն փորձության ենթարկեց Հիսուսին՝ Մեծ Ուսուցչին։ Եթե մենք իմանանք, թե Հիսուսն ինչպես վարվեց, դա մեզ կօգնի, որ փորձությունների ժամանակ ճիշտ վարվենք։
Հավանաբար ի՞նչ սկսեց հիշել Հիսուսը մկրտվելուց հետո
Հիսուսը ցանկանում էր կատարել Աստծո կամքը։ Նա բոլորին ցույց տվեց դա՝ մկրտվելով Հորդանան գետում։ Մկրտությունից հետո էր, որ Սատանան փորձության ենթարկեց նրան։ Աստվածաշնչում գրված է, որ երբ Հիսուսը ջրից դուրս եկավ, «երկինքը բացվեց» Հիսուսի համար (Մատթէոս 3։16)։ Դա նշանակում է, որ նա սկսեց հիշել երկնքում Աստծո հետ ապրած տարիները։
Հիսուսը գնաց անապատ, որպեսզի խորհրդածի այն ամենի շուրջ, ինչ սկսել էր հիշել։ Քառասուն օր ու գիշեր նա այնտեղ մնաց։ Այդ օրերի ընթացքում Հիսուսը ոչինչ չէր ուտում, ուստի նա շատ սովածացավ։ Հենց այդ ժամանակ Սատանան փորձեց Հիսուսին։
Բանսարկուն ինչպե՞ս փորձեց Հիսուսին, երբ նա քաղցած էր
Բանսարկուն ասաց. «Եթե Աստծո որդի ես, ասա, որ այս քարերը հաց դառնան»։ Պատկերացնո՞ւմ ես, թե այդ պահին որքա՜ն համեղ կարող էր նրան թվալ մի կտոր հացը։ Բայց կկարողանա՞ր Հիսուսը քարը հաց դարձնել։ ~ Այո, նա կարող էր։ Ինչո՞ւ։ Որովհետև Հիսուսը՝ Աստծո Որդին, առանձնահատուկ զորություն ուներ. նա կարո՛ղ էր հրաշք գործել։
Եթե Հիսուսի տեղը դու լինեիր, կկատարեի՞ր Բանսարկուի ասածը։ ~ Հիսուսը շատ քաղցած էր. արդարացի չէ՞ր լինի, որ նա ընդամենը մի անգամ նման բան աներ։ ~ Հիսուսը գիտեր, որ իր ունեցած զորությունն այդ ձևով օգտագործելը սխալ կլիներ։ Եհովան Հիսուսին հրաշք գործելու զորություն էր տվել ոչ թե այն բանի համար, որ նա հոգար իր անձնական կարիքները, այլ որպեսզի օգներ մարդկանց մոտենալ Աստծուն։
Սատանայի ասածն անելու փոխարեն՝ Հիսուսը պատասխանեց նրան Աստվածաշնչում գրված խոսքերով. «Ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից»։ Հիսուսը գիտեր, որ Եհովա Աստծո կամքը կատարելը շատ ավելի կարևոր էր, քան կերակուր ունենալը։
Սատանան մի ուրիշ ձևով էլ ուզեց փորձել Հիսուսին։ Նա Հիսուսին տարավ Երուսաղեմ և կանգնեցրեց տաճարի բարձր աշտարակի վրա։ Ապա ասաց. «Եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցիր. որովհետեւ գրված է, թե Աստծո հրեշտակները կպահեն, որ քեզ ոչինչ չպատահի»։
Ինչո՞ւ Սատանան այսպես խոսեց Հիսուսի հետ։ ~ Նրա նպատակն էր դրդել Հիսուսին անմիտ քայլ կատարելու։ Հիսուսը այս անգամ էլ չհնազանդվեց Սատանային։ Նա ասաց. «Գրված է, թե մի փորձիր Տիրոջը՝ քո Աստծուն»։ Հիսուսը գիտեր, որ ճիշտ չէր լինի կյանքը վտանգի ենթարկելով՝ ստուգել, թե արդյոք Եհովան կպաշտպանի՞ իրեն այդ վտանգից։
Սակայն Սատանան այդքանով էլ չբավարարվեց։ Նա Հիսուսին տարավ մի բարձր լեռ և այնտեղից ցույց տվեց աշխարհի բոլոր թագավորություններն ու նրանց փառքը։ Ապա ասաց. «Սրանք ամենը քեզ կտամ, եթե գետին ընկնելով երկրպագես ինձ»։
Հապա մտածիր՝ ի՞նչ էր խոստանում Բանսարկուն Հիսուսին։ Աշխարհի բոլոր թագավորությունները Սատանայի՞ն էին պատկանում։ ~ Հիսուսը չժխտեց. եթե դրանք չպատկանեին Սատանային, նա կասեր այդ մասին։ Իրականում Սատանան աշխարհի բոլոր թագավորությունների իշխանն է։ Աստվածաշունչը անվանում է նրան «այս աշխարհի իշխան» (Յովհաննէս 12։31)։
Ինչո՞ւ Սատանան կարող էր առաջարկել Հիսուսին այս բոլոր թագավորությունները
Ի՞նչ կանեիր, եթե Բանսարկուն քեզ ինչ–որ բան խոստանար՝ պայմանով, որ երկրպագեիր իրեն։ ~ Հիսուսը գիտեր, որ սխալ է Բանսարկուին երկրպագելը՝ ինչ էլ որ դրա դիմաց նա առաջարկեր։ Ուստի Հիսուսը ասաց. «Դե՛ն գնա, Սատանա։ Որովհետև Աստվածաշնչում գրված է, թե Տիրոջը՝ քո Աստծուն երկրպագիր և միայն նրան պաշտիր» (Մատթէոս 4։1–10; Ղուկաս 4։1–13)։
Ինչպե՞ս կվարվես դու փորձության ժամանակ
Մեր կյանքում նույնպես կարող են փորձություններ լինել։ Գիտե՞ս, թե ինչպիսի։ ~ Ահա մի օրինակ։ Մայրիկը համեղ թխվածք է պատրաստել և ասում է, որ պետք չէ այն ուտել մինչև ճաշի ժամը։ Բայց դու շատ ես ուզում ուտել, ու քեզ թվում է, թե չես կարող համբերել։ Կհնազանդվե՞ս մայրիկին։ ~ Սատանան չի ուզում, որ դու հնազանդվես նրան։
Հիշիր Հիսուսին։ Նա նույնպես խիստ քաղցած էր։ Բայց գիտեր, որ Աստծուն լսելը շատ ավելի կարևոր է, քան որևէ բան ուտելը։ Երբ անում ես այն, ինչ մայրիկն է ասում քեզ, ընդօրինակում ես Հիսուսին։
Հնարավոր է՝ ուրիշ երեխաներ քեզ դեղահաբեր ցույց տան ու համոզեն կուլ տալ՝ ասելով, որ դրանք կուլ տալուց հետո դու մեծ հաճույք կստանաս։ Բայց հնարավոր է, որ այդ հաբերը թմրադեղեր լինեն։ Դրանք ընդունելով՝ կարող ես հիվանդանալ և նույնիսկ մահանալ։ Կամ գուցե ինչ–որ մեկը քեզ ծխախոտ առաջարկի, որը նույնպես թմրանյութ է պարունակում, և ստիպի քեզ ծխել։ Ի՞նչ կանես նման դեպքերում։ ~
Հիշիր Հիսուսին։ Սատանան ուզում էր, որ նա վտանգի ենթարկեր իր կյանքը՝ ցատկելով տաճարի բարձր աշտարակից։ Բայց Հիսուսը Սատանայի ասածը չարեց։ Իսկ դու ի՞նչ կանես, եթե որևէ մեկը ստիպի քեզ վտանգավոր քայլ կատարել։ ~ Հիսուսը չլսեց Սատանային։ Դո՛ւ էլ չպիտի լսես այնպիսի մեկին, ով կփորձի քեզ սխալ քայլի դրդել։
Պատկերների միջոցով Աստծուն երկրպագելը ինչո՞ւ է սխալ
Կարող է այնպես պատահել, որ քեզ ստիպեն երկրպագել ինչ–որ պատկերի։ Աստվածաշունչն ասում է, որ մենք նման բան չպետք է անենք (Ելից 20։4, 5)։ Գուցե դա լինի դպրոցում որևէ միջոցառման ժամանակ։ Հնարավոր է՝ սպառնան, որ միջոցառմանը չմասնակցելու դեպքում քեզ նույնիսկ կհեռացնեն դպրոցից։ Ի՞նչ կանես դու։ ~
Հեշտ է Աստծո կամքը կատարել, երբ շրջապատում բոլորն այդպես են վարվում։ Բայց երբ ուրիշները փորձում են դրդել մեզ սխալ քայլերի, Աստծուն հաճելի ձևով վարվելը կարող է բավականին դժվար լինել։ Մարդիկ կարող են պնդել, թե տվյալ արարքի մեջ ոչ մի վատ բան չկա։ Բայց կա մի կարևոր հարց՝ ի՞նչ է Աստված մտածում դրա մասին։ Չէ՞ որ նա ավելի լավ գիտի ճիշտն ու սխալը։
Ուրեմն՝ ինչ էլ որ ասեն ուրիշները, մենք երբեք չպետք է անենք այնպիսի բաներ, որ Աստված սխալ է համարում։ Այդպես վարվելով՝ միշտ կուրախացնենք Աստծուն, և ոչ թե Սատանային։
Իմանալու համար, թե ինչպես կարելի է հեռու մնալ սխալ գործելուց, կարդանք Սաղմոս 1։1, 2; Առակաց 1։10, 11; Մատթէոս 26։41 և Բ Տիմոթէոս 2։22 համարները։