Գլուխ 13
Ինչ ենք սովորում Հիսուսի փորձություններից
ՄԿՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ անմիջապես հետո Աստծու ոգին Հիսուսին առաջնորդում է Հրեաստանի անապատ։ Հիսուսը խորհելու շատ բան ունի, որովհետև նրա մկրտության ժամանակ «երկինքը բացվել էր», որպեսզի նա կարողանար երկնային բաները հասկանալ։ Իսկապես, նա շատ բաների մասին պետք է խորհրդածի։
Հիսուսը 40 օր ու 40 գիշեր անց է կացնում անապատում և այդ ընթացքում ոչինչ չի ուտում։ Երբ նա շատ է սովածանում, Բանսարկու Սատանան մոտենում է նրան՝ փորձելու։ Նա ասում է. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան»։ Բայց Հիսուսը գիտի, որ ճիշտ չի լինի հրաշք գործելու իր զորությունը օգտագործել անձնական կարիքները բավարարելու համար։ Ուստի նա մերժում է Սատանայի առաջարկը։
Սակայն Սատանան չի հանձնվում։ Նա մեկ ուրիշ ձևով է փորձում մոտենալ։ Բանսարկուն ասում է Հիսուսին, որ տաճարի պարըսպի վրայից ցած նետվի, ավելացնելով, որ եթե նա այդ քայլին դիմի, Աստծու հրեշտակները կփրկեն նրան։ Բայց Հիսուսը հրաժարվում է նման թատերական ներկայացում ցույց տալուց։ Գրություններից մեջբերում անելով՝ նա ասում է, որ սխալ է այդ ձևով Աստծուն փորձելը։
Երրորդ անգամ փորձելով Հիսուսին՝ Բանսարկուն հրաշքի միջոցով նրան ցույց է տալիս աշխարհի բոլոր թագավորությունները և ասում. «Այս բոլորը քե՛զ կտամ, եթե ընկնես ու երկրպագություն անես ինձ»։ Բայց Հիսուսը այս անգամ էլ փոխզիջման չի գնում և դեմ է կանգնում սխալ գործելու փորձությանը՝ ցանկանալով հավատարիմ մնալ Աստծուն։
Ի՞նչ ենք սովորում Հիսուսի այս փորձություններից։ Դրանք ցույց են տալիս, որ Սատանան պարզապես մարդկանց ներսում եղած չարություն չէ, ինչպես պնդում են ոմանք, այլ իրական անտեսանելի անձնավորություն է։ Հիսուսի փորձությունները նաև ցույց են տալիս, որ աշխարհի բոլոր կառավարությունները Սատանային են պատկանում։ Այլապես Բանսարկուի առաջարկությունը՝ Քրիստոսին տալ աշխարհի բոլոր թագավորությունները, վերջինիս համար իրական փորձություն չէր լինի։
Մտածիր նաև հետևյալի շուրջ. Բանսարկուն ասաց, որ եթե Հիսուսը գոնե մեկ անգամ երկրպագի իրեն, նա կվարձատրի նրան և կտա նույնիսկ աշխարհի բոլոր թագավորությունները։ Հնարավոր է՝ Սատանան մեզ էլ նման ձևով փորձության ենթարկի՝ թերևս հարստություն, իշխանություն կամ բարձր դիրք ձեռք բերելու գայթակղիչ հնարավորություններ բաց անելով մեր առջև։ Բայց ինչպիսի փորձության էլ որ հանդիպենք, որքա՜ն իմաստուն կլինի հետևել Հիսուսի օրինակին և հավատարիմ մնալ Աստծուն։ Մատթեոս 3։16; 4։1–11; Մարկոս 1։12, 13; Ղուկաս 4։1–13։
▪ Անապատում 40 օրվա ընթացքում հավանաբար ինչի՞ մասին է խորհրդածում Հիսուսը։
▪ Ինչպե՞ս է Բանսարկուն փորձության ենթարկում Հիսուսին։
▪ Ի՞նչ ենք սովորում Հիսուսի փորձություններից։