Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • od գլ. 12 էջ 123–129
  • Թիկունք կանգնենք Թագավորության գործին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թիկունք կանգնենք Թագավորության գործին
  • Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
  • ՀՈԳԱԼ ՏԵՂԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ
  • ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
  • ՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐ
  • ՀՈԳ ՏԱՆԵԼ ԱՂՔԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ
  • ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ
  • Ինչպես է ֆինանսավորվում Թագավորության գործունեությունը
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Վերակացուներ, որ նշանակված են հոտը հովվելու համար
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
  • Ծառայությունն ընդլայնելու կերպեր
    Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
Ավելին
Կազմակերպված ենք՝ կատարելու Եհովայի կամքը
od գլ. 12 էջ 123–129

ԳԼՈՒԽ 12

Թիկունք կանգնենք Թագավորության գործին

ՎԵՐՋԻՆ օրերի վերաբերյալ Հիսուսի մարգարեության համաձայն՝ Եհովայի վկաները բարի լուրը քարոզում են «մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8; Մատթ. 24։14)։ Այսպես վարվելով՝ նրանք առատաձեռնորեն տրամադրում են իրենց ժամանակն ու եռանդը՝ հոգևոր ճշմարտությունները ուրիշներին պատմելու համար։ Վստահ լինելով, որ Եհովան կաջակցի իր համագործակիցներին՝ նրանք չեն մտահոգվում, այլ շարունակում են իրենց կյանքում Աստծու Թագավորությունը դնել առաջին տեղում (Մատթ. 6։25–34; 1 Կորնթ. 3։5–9)։ Արդյունքները հստակ ցույց են տալիս, որ այս գործն ունի Եհովայի հավանությունն ու օրհնությունը։

ԱՌԱՋ ՏԱՆԵԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ

2 Երբ մարդիկ տեսնում են, որ մենք անվճար Աստվածաշնչեր և աստվածաշնչյան գրականություն ենք տարածում, գուցե հարցնեն. «Ի՞նչ միջոցներով է այս ամենն արվում»։ Իրոք, Աստվածաշնչեր և աստվածաշնչյան գրականություն տպագրելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Մեծ գումարներ են անհրաժեշտ նաև Բեթելի մասնաշենքեր կառուցելու և դրանք սարքին վիճակում պահելու համար, ինչպես նաև հոգ տանելու այն ծառայողներին, ովքեր գործի են դնում տպագրական հաստոցները, վերահսկում քարոզչական գործը և այլ կերպերով են աջակցում բարի լուրի տարածմանը։ Բացի այդ, որոշակի ֆինանսական օգնություն է տրվում շրջանային վերակացուներին, միսիոներներին, հատուկ ռահվիրաներին և այլ հատուկ լիաժամ ծառայողներին, ինչի շնորհիվ նրանք կարողանում են կատարել իրենց ծառայությունը։ Հասկանալի է, որ մեր օրերում թե՛ տվյալ երկրի գործունեությանը թիկունք կանգնելու, թե՛ համաշխարհային գործի համար մեծ գումարներ են պահանջվում։ Սակայն որտեղի՞ց այդքան նյութական միջոցներ։

3 Շատերը գնահատում են Եհովայի վկաների աշխատանքը և ուրախությամբ նվիրաբերություն են կատարում համաշխարհային գործի համար։ Սակայն հիմնականում մեր գործունեությանը ֆինանսապես աջակցում են Վկաները։ Նրանցից ոմանք իրենց նվիրաբերությունները ուղարկում են անմիջապես Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ։ Հնում ապրած Աստծու ծառաների նման, որոնք առատաձեռնորեն միջոցներ տրամադրեցին Եհովային նվիրված երկրպագության վայր կառուցելուն, Վկաները նույնպես դրսևորում են պատրաստակամության ոգի (Ելք 35։20–29; 1 Տար. 29։9)։ Ոմանք էլ իրենց անշարժ գույքն են կտակում կազմակերպությանը։ Իսկ առանձին անհատներ, ժողովներ և շրջաններ փոքր գումար են նվիրաբերում։ Այս ամենը բավական է, որ քարոզչական գործունեությունը ֆինանսավորվի։

Եհովայի վկաները առանձնաշնորհում են համարում իրենց նյութական միջոցները օգտագործել քարոզչական գործի առաջխաղացման համար

4 Եհովայի վկաները առանձնաշնորհում են համարում իրենց նյութական միջոցները օգտագործել քարոզչական գործի առաջխաղացման համար։ Հիսուսը և նրա աշակերտները փողի արկղ ունեին, որտեղից փող էին վերցնում իրենց ծախսերը հոգալու համար (Հովհ. 13։29)։ Աստվածաշունչը պատմում է մի քանի կանանց մասին, ովքեր ծառայում էին Հիսուսին և նրա աշակերտներին՝ կիսելով նրանց հետ իրենց ունեցածը (Մարկ. 15։40, 41; Ղուկ. 8։3)։ Պողոս առաքյալը երախտագիտությամբ նյութական օգնություն ընդունեց նրանցից, ովքեր հետաքրքրված էին բարի լուրի առաջխաղացմամբ և ցանկանում էին աջակցել իրեն ծառայության մեջ (Փիլիպ. 4։14–16; 1 Թեսաղ. 2։9)։ Եհովայի վկաներն այսօր շարունակում են հետևել առաջին դարի նախանձախնդիր և առատաձեռն քրիստոնյաների օրինակին։ Այդ պատճառով ամենուրեք ապրող ազնվասիրտ մարդկանց հնարավոր է լինում առաջարկել «կյանքի ջուրը ձրի» (Հայտն. 22։17)։

ՀՈԳԱԼ ՏԵՂԻ ԺՈՂՈՎԻ ԿԱՐԻՔՆԵՐԸ

5 Ժողովի կարիքների մասին նույնպես հոգ է տարվում կամավոր նվիրաբերությունների միջոցով։ Հանգանակություն չի լինում, գումար չի հավաքվում, ինչպես նաև չեն հաշվում, թե որքան է յուրաքանչյուրը նվիրաբերում։ Հանդիպումների վայրերում տեղադրված են նվիրաբերությունների արկղեր, որպեսզի յուրաքանչյուր անհատ կարողանա նվիրաբերել այնքան, որքան «իր սրտում է որոշել» (2 Կորնթ. 9։7)։

6 Նվիրաբերված գումարը նախևառաջ օգտագործվում է Թագավորության սրահի հետ կապված ծախսերը հոգալու համար։ Երեցների խորհուրդը կարող է որոշել, որ այդ գումարի մի մասն ուղարկվի Եհովայի վկաների տեղի մասնաճյուղ՝ Թագավորության համաշխարհային գործի առաջխաղացման համար։ Այդ դեպքում ժողովում պետք է բանաձև ընդունել։ Այս կերպով շատ ժողովներ կանոնավորաբար նվիրաբերություններ են կատարում համաշխարհային գործի համար։ Ժամանակ առ ժամանակ կարող են առաջանալ այլ կարիքներ, սակայն երբ բոլոր քարոզիչները գիտեն տեղի կարիքների մասին, կարիք չկա հաճախակի հայտարարություններ անել նվիրաբերություններ անելու մասին։

ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

7 Ժողովի յուրաքանչյուր հանդիպումից հետո երկու եղբայրներ արկղերից հանում են նվիրաբերված փողը և գրանցում կատարում (2 Թագ. 12։9, 10; 2 Կորնթ. 8։20)։ Երեցների խորհուրդը համապատասխան միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այդ գումարը ապահով ձեռքերում լինի մինչև մասնաճյուղ ուղարկվելը կամ ժողովի կարիքների համար օգտագործվելը։ Ժողովի ֆինանսական հաշիվների համար պատասխանատու եղբայրը ամեն ամիս ֆինանսական հաշվետվություն է կազմում ժողովի համար, իսկ ամեն երեք ամիսը մեկ երեցների խորհրդի կոորդինատորը կազմակերպում է, որ ստուգվեն ֆինանսական հաշիվները։

ՇՐՋԱՆԻ ԾԱԽՍԵՐ

8 Շրջանային համաժողովների կազմակերպման ծախսերը, ինչպես նաև շրջանի այլ ծախսերը ծածկվում են այդ շրջանի քարոզիչների նվիրաբերություններով։ Համաժողովների անցկացման վայրերում դրվում են նվիրաբերությունների արկղեր՝ կամավոր նվիրաբերությունների համար։ Ընթացիկ ծախսերը հոգալու համար ժողովները, շրջանային համաժողովներից բացի, կարող են նվիրաբերություն անել նաև այլ ժամանակ։

9 Սովորաբար շրջանները պետք է ի վիճակի լինեն փակելու ցանկացած անհրաժեշտ ծախս, իսկ ավելացած գումարը պետք է նվիրաբերվի համաշխարհային գործին։ Եթե շրջանի ֆոնդում բավականաչափ գումար չկա համաժողովի ծախսերը փակելու համար կամ հաջորդ համաժողովի նախնական ծախսերը կատարելու համար (օրինակ՝ սրահ վարձելու ծախսերը), ապա շրջանային վերակացուն կարող է հոգ տանել, որ ժողովներին հիշեցվի նվիրաբերություն կատարելու առանձնաշնորհման մասին։ Երեցների յուրաքանչյուր խորհուրդ կքննարկի այդ հարցը և կորոշի, թե իրենց ժողովը ինչ չափով նվիրաբերություն կարող է կատարել շրջանի ֆոնդին աջակցելու համար։ Այնուհետև այդ մասին պետք է բանաձև ընդունել ժողովում։

10 Երբ ֆինանսական հարցեր են ծագում, որոնք պետք է քննարկեն շրջանի երեցները, շրջանային համաժողովի օրը պետք է շրջանի երեցների հանդիպում կազմակերպվի։ Բացի շրջանի որոշված ծախսերի մասին որոշումներ կայացնելուց՝ մյուս բոլոր որոշումների համար երեցները պետք է բանաձև ընդունեն։ Այս գրավոր բանաձևերում հարկավոր է նշել գումարի կոնկրետ չափը և ամեն անգամ շրջանի միջոցները բաշխելիս ներկայացնել հավանության։

11 Քայլեր են ձեռնարկվում, որպեսզի պարբերաբար շրջանի հաշիվների աուդիտ անցկացվի։

ՀՈԳ ՏԱՆԵԼ ԱՂՔԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԱՍԻՆ

12 Հիսուսն ու նրա աշակերտները իրենց փողի արկղի միջոցներով օգնում էին նաև աղքատներին (Մարկ. 14։3–5; Հովհ. 13։29)։ Քրիստոնյաներն այսօր էլ ունեն նման պատասխանատվություն, քանի որ Հիսուսն ասաց. «Աղքատները միշտ ձեզ հետ են» (Մարկ. 14։7)։ Ինչպե՞ս են Եհովայի վկաները կատարում այս պատասխանատվությունը։

13 Երբեմն ժողովում ծառայող հավատարիմ անհատները նյութական աջակցության կարիք են ունենում տարիքի, վատառողջության կամ որևէ դժբախտության պատճառով։ Ընտանիքի անդամները, բարեկամները և նրանք, ովքեր իմանում են այդ մասին, թերևս մղվեն օգնելու։ Այդպես վարվելը ներդաշնակ է Հովհաննես առաքյալի խոսքերին. «Ով որ այս աշխարհի բարիքներն ունենա և տեսնի, որ իր եղբայրը կարիքի մեջ է, ու չկարեկցի նրան, ինչպե՞ս կարող է Աստծու սերը նրա մեջ մնալ։ Որդյակնե՛ր, եկեք սիրենք ոչ թե խոսքով ու լեզվով, այլ գործով ու ճշմարտությամբ» (1 Հովհ. 3։17, 18; 2 Թեսաղ. 3։6–12)։ Հետևաբար, ճշմարիտ երկրպագության մեջ մտնում է նաև հոգ տանել հավատարիմ ու նվիրված անհատների մասին, ովքեր նյութական օգնության կարիք ունեն (Հակ. 1։27; 2։14–17)։

14 Տիմոթեոսին ուղղած իր առաջին նամակում Պողոս առաքյալը նշեց, թե ինչպես նյութապես աջակցել նրանց, ովքեր արժանի են դրան։ Այդ մասին կարող ես կարդալ 1 Տիմոթեոս 5։3–21 համարներում։ Յուրաքանչյուր քրիստոնյայի պատասխանատվությունն է հոգալ իր ընտանիքի անդամների կարիքները։ Տարեց կամ վատառողջ անհատներին պետք է օգնեն իրենց երեխաները, թոռները կամ մտերիմ բարեկամները։ Երբեմն պետությունը կամ սոցիալական կազմակերպությունները նյութական օգնություն են տրամադրում, ուստի բարեկամները կամ այլ մարդիկ կարող են օգնել կարիքավոր անհատին ստանալու այդ օգնությունը։ Սակայն որոշ կարիքավոր եղբայրներ ու քույրեր, ովքեր երկար տարիներ հավատարմորեն ծառայել են Աստծուն, գուցե ունենան ամբողջ ժողովի օգնության կարիքը։ Եթե այդ անհատները չունեն ընտանիքի անդամներ կամ այլ հարազատներ, կամ եթե պետությունն ու սոցիալական կազմակերպությունները նրանց բավականաչափ օգնություն չեն տրամադրում, երեցների խորհուրդը կարող է միջոցներ ձեռնարկել, որ նրանց օգնություն ցույց տրվի։ Քրիստոնյաների համար առանձնաշնորհում է նյութապես աջակցել այդպիսի անհատներին։

15 Մեր եղբայրներից շատերը կարիքի մեջ են հայտնվում հալածանքների, պատերազմների, երկրաշարժերի, ջրհեղեղների, սովի կամ այլ աղետների պատճառով, որոնք բնորոշ են այս դժվար օրերին (Մատթ. 24։7–9)։ Նման դեպքերում տեղի ժողովները գուցե չկարողանան միմյանց օգնել, ուստի Կառավարիչ մարմինը հոգ է տանում, որ այլ երկրներում ապրող եղբայրները օգնություն տրամադրեն։ Այդպիսի բան տեղի ունեցավ առաջին դարում. Փոքր Ասիայում ապրող քրիստոնյաները սնունդ ուղարկեցին Հրեաստանում ապրող իրենց հավատակիցներին, երբ այնտեղ սով էր (1 Կորնթ. 16։1–4; 2 Կորնթ. 9։1–5)։ Հետևելով նրանց օրինակին՝ մենք փաստում ենք, որ սիրում ենք մեր եղբայրությանը, և ցույց ենք տալիս, որ Հիսուս Քրիստոսի աշակերտներն ենք (Հովհ. 13։35)։

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ

16 Թագավորության մասին բարի լուրը տարածելու գործում մեծ դեր ունեն Աստվածաշնչերն ու աստվածաշնչյան գրականությունը։ Սովորաբար երեցների խորհուրդը մի ծառայող օգնականի հանձնարարում է, որ նա հոգ տանի, որպեսզի ժողովում լինի բավականաչափ գրականություն։ Նշանակված այս եղբայրները լրջորեն են վերաբերվում իրենց պատասխանատվություններին։ Նրանք գրառումներ են անում և հոգ են տանում, որպեսզի ժողովում լինի պետք եղած գրականությունը քարոզիչների համար։

17 Որպես քրիստոնյաներ՝ մենք գիտակցում ենք, որ մեր ժամանակը, մտավոր և ֆիզիկական կարողությունները, ունակությունները, նյութական միջոցները, նույնիսկ մեր կյանքը Աստծու տված պարգևներն են, և այդ ամենը հարկավոր է օգտագործել նրան ծառայելու համար (Ղուկ. 17։10; 1 Կորնթ. 4։7)։ Ուստի ճիշտ օգտագործելով այդ ամենը՝ փաստում ենք, թե որքան խորն է մեր սերը Եհովայի հանդեպ։ Մեր ցանկությունն է պատվել Եհովային մեր արժեքավոր բաներով՝ իմանալով, որ նա ընդունում է այն ամենը, ինչ տալիս ենք նրան՝ ի նշան լիարժեք նվիրվածության (Առակ. 3։9; Մարկ. 14։3–9; Ղուկ. 21։1–4; Կող. 3։23, 24)։ Հիսուսն ասաց. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթ. 10։8)։ Մեզ տրամադրելով ծառայությանը, ինչպես նաև տալով մեր ունեցածը՝ մենք մեծ ուրախություն ենք ստանում (Գործ. 20։35)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը