Հոկտեմբեր
1 հոկտեմբերի, չորեքշաբթի
Վերին իմաստությունը.... հնազանդվելու պատրաստ [է] (Հակ. 3։17)։
Երբևէ հայտնվե՞լ ես այնպիսի իրավիճակում, երբ դժվարացել ես հնազանդվել։ Դավթի կյանքում եղավ այդպիսի իրավիճակ, և նա Աստծուց հետևյալը խնդրեց. «Իմ մեջ բոցավառիր քեզ հնազանդվելու ցանկությունը» (Սաղ. 51։12)։ Թեև Դավիթը սիրում էր Եհովային, բայց երբեմն դժվարանում էր հնազանդվել նրան։ Մեզ համար էլ հնազանդվելը երբեմն հեշտ չէ։ Նախ՝ մենք ծնվել ենք անհնազանդ լինելու հակումով։ Երկրորդ՝ Սատանան անդադար դրդում է մեզ, որ ըմբոստանանք Եհովայի դեմ, ինչպես որ ինքն է վարվել (2 Կորնթ. 11։3)։ Երրորդ՝ մեզ վրա ազդում է այս աշխարհի ըմբոստ մտածելակերպը, «այն ոգին, որն այժմ գործում է անհնազանդ մարդկանց մեջ» (Եփես. 2։2)։ Այսպիսով՝ հնազանդ լինելու համար մենք պայքարում ենք թե՛ մեղք գործելու մեր հակման դեմ, թե՛ Սատանայի և այս աշխարհի կողմից եկող ճնշումների դեմ։ Ուստի մեզանից մեծ ջանքեր են պահանջվում, որ հնազանդվենք Եհովային, և նրանց, ում նա որոշակի իշխանություն է տվել։ w23.10, էջ 6, պրբ. 1
2 հոկտեմբերի, հինգշաբթի
Դու լավ գինին մինչև հիմա պահել ես (Հովհ. 2։10)։
Հիսուսի գործած այս հրաշքի մասին պատմությունից խոնարհություն ենք սովորում։ Հիսուսը չպարծեցավ իր գործած հրաշքով։ Իրականում նա երբեք չէր պարծենում իր ձեռքբերումներով։ Ընդհակառակը՝ Հիսուսը խոնարհ էր և միշտ փառքն ու պատիվը իր Հորն էր ուղղում (Հովհ. 5։19, 30; 8։28)։ Ընդօրինակելով նրան և մեր անձի հանդեպ համեստ տեսակետ ունենալով՝ մենք չպետք է պարծենանք մեր հաջողություններով։ Եկեք պարծենանք ոչ թե ինքներս մեզանով, այլ մեր հրաշալի Աստված Եհովայով, որին պատիվ ունենք ծառայելու (Երեմ. 9։23, 24)։ Եկեք փառքը միշտ Եհովային ուղղենք։ Չէ՞ որ ամեն լավ բան, որ կարողանում ենք անել, նրա շնորհիվ է (1 Կորնթ. 1։26-31)։ Եթե խոնարհ ենք, մեր արած լավ բաների մասին չենք ազդարարի։ Մեզ ուրախություն կպատճառի այն, որ Եհովան տեսնում ու գնահատում է մեր արածը (համեմատիր Մատթեոս 6։2-4; Եբր. 13։16)։ Կարող ենք վստահ լինել, որ Հիսուսի խոնարհությունն ընդօրինակելով՝ ուրախացնում ենք Եհովային (1 Պետ. 5։6)։ w23.04, էջ 4, պրբ. 9; էջ 5, պրբ. 11-12
3 հոկտեմբերի, ուրբաթ
Մի՛ մտածեք միայն ձեր մասին, մտածեք նաև ուրիշների մասին (Փիլիպ. 2։4)։
Աստծու ներշնչմամբ Պողոս առաքյալը հորդորեց քրիստոնյաներին մտածել նաև ուրիշների մասին։ Ինչպե՞ս կարող ենք այս խորհուրդը կիրառել ժողովի հանդիպումներին։ Դա կարող ենք անել, եթե հիշենք, որ ուրիշներն էլ մեզ պես՝ ուզում են մեկնաբանել։ Օրինակ՝ երբ զրուցում ես ընկերներիդ հետ, այնքան շատ չես խոսում, որ նրանց հերթ չհասնի։ Դու ուզում ես, որ նրանք էլ մասնակցեն զրույցին։ Հանդիպումների ժամանակ մենք նույնպես ցանկանում ենք, որ հնարավորինս շատերը մեկնաբանելու հնարավորություն ունենան։ Իրականում մեր եղբայրներին ու քույրերին քաջալերելու կերպերից մեկն այն է, որ նրանց հնարավորություն տանք արտահայտելու իրենց հավատը (1 Կորնթ. 10։24)։ Ուստի կարող ենք հակիրճ մեկնաբանություններ տալ՝ թույլ տալով, որ շատերը մասնակցեն։ Խուսափիր շատ մտքեր ներառելուց։ Եթե պարբերության բոլոր մտքերին անդրադառնաս, ուրիշներին ասելու բան չի մնա։ w23.04, էջ 22-23, պրբ. 11-13
4 հոկտեմբերի, շաբաթ
Ինչ էլ որ անում եմ, բարի լուրը ուրիշներին քարոզելու համար եմ անում (1 Կորնթ. 9։23)։
Հիշենք, թե որքան կարևոր է, որ շարունակենք օգնել ուրիշներին՝ հատկապես քարոզչական գործին մասնակցելով։ Մենք պետք է ճկունություն դրսևորենք մեր ծառայության մեջ. չէ՞ որ հանդիպում ենք տարբեր հավատալիքներ, մտածելակերպ և ծագում ունեցող մարդկանց։ Ճկունություն դրսևորելու և հարմարվող լինելու հարցում հիանալի օրինակ է Պողոս առաքյալը։ Հիսուսը նրան նշանակեց որպես «ազգերի մոտ ուղարկված առաքյալ» (Հռոմ. 11։13)։ Դրանից հետո Պողոսը քարոզում էր հրեաներին, հույներին, կրթված մարդկանց, հասարակ ժողովրդին, բարձրաստիճան պաշտոնյաներին և թագավորներին։ Այս լայն լսարանի սրտին հասնելու համար Պողոսը «ամեն տեսակ մարդկանց համար ամեն ինչ եղավ» (1 Կորնթ. 9։19-22)։ Նա ուշադրություն էր դարձնում, թե իրեն լսող մարդիկ ինչ մշակույթից էին և ինչ ծագում ու հավատալիքներ ունեին, ու հարմարեցնում էր իր մոտեցումը նրանց կարիքներին։ Մենք նույնպես պետք է ճկուն լինենք և յուրաքանչյուր անհատի համապատասխան մոտեցում ցուցաբերենք։ w23.07, էջ 23, պրբ. 11-12
5 հոկտեմբերի, կիրակի
Տիրոջ ծառան չպետք է վիճի, այլ պետք է բոլորին մեղմությամբ վերաբերվի (2 Տիմոթ. 2։24)։
Մեղմությունը ոչ թե թուլության նշան է, այլ ուժի։ Դժվար իրավիճակներում հանգստություն պահպանելու համար ներքին ուժ է հարկավոր։ Մեղմությունը «ոգու առաջ բերած պտղի» մասերից է (Գաղ. 5։22, 23)։ «Մեղմություն» թարգմանված հունարեն բառը երբեմն օգտագործվում է բնութագրելու համար վայրի ձիուն, որին ընտելացրել են։ Պատկերացրու մի այդպիսի ձի, որին սանձել են. ճիշտ է նրա պահվածքը ավելի մեղմ է դարձել, բայց նա շարունակում է ուժեղ լինել։ Իսկ հնարավո՞ր է, որ մարդը լինի մեղմ, բայց միևնույն ժամանակ ուժեղ։ Դրա համար կամքի ուժ է պետք, բայց միայն դա բավական չէ։ Մենք պետք է աղոթենք Աստծուն, որ տա մեզ իր սուրբ ոգին և օգնի զարգացնել այդ գեղեցիկ հատկությունը։ Եհովայի ծառաներից շատերին է հաջողվել մեղմություն զարգացնել։ Հակառակության բախվելիս նրանք մեղմությամբ են արձագանքել՝ այդպիսով լավ տպավորություն թողնելով ուրիշների վրա (2 Տիմոթ. 2։24, 25)։ w23.09, էջ 14, պրբ. 3
6 հոկտեմբերի, երկուշաբթի
Ես.... աղոթում [էի], ու Եհովան տվեց ինձ այն, ինչ խնդրեցի իրենից (1 Սամ. 1։27)։
Ակնածանք ներշնչող մի տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսավ 24 երեցների, որոնք երկնքում Եհովային երկրպագություն էին մատուցում։ Նրանք փառաբանում էին Աստծուն՝ ասելով, որ նա արժանի է «փառքի, պատվի և զորության» (Հայտն. 4։10, 11)։ Հավատարիմ հրեշտակները նույնպես բազմաթիվ պատճառներ ունեն փառաբանելու և գովաբանելու Եհովային։ Նրանք Աստծու հետ երկնքում են և լավ են ճանաչում նրան, ինչպես նաև տեսնում են, որ Եհովայի հատկությունները արտացոլված են նրա բոլոր գործերում։ Նրա գործելակերպը տեսնելով՝ նրանք մղվում են փառաբանելու նրան (Հոբ 38։4-7)։ Մենք նույնպես ուզում ենք փառաբանական աղոթքներ մատուցել Եհովային՝ արտահայտելով մեր սերն ու երախտագիտությունը նրա հանդեպ։ Երբ կարդում և ուսումնասիրում ես Աստվածաշունչը, ուշադրություն դարձրու Եհովայի հատկություններին, հատկապես այն հատկություններին, որոնցով հիանում ես (Հոբ 37։23; Հռոմ. 11։33)։ Հետո ասա նրան, թե ինչ ես զգում՝ տեսնելով դրանք։ Կարող ենք գովաբանել Եհովային նաև այն բանի համար, որ նա օգնում է մեզ և մեր ողջ եղբայրությանը (1 Սամ. 2։1, 2)։ w23.05, էջ 3-4, պրբ. 6-7
7 հոկտեմբերի, երեքշաբթի
Վարվեք Եհովայի ծառաներին վայել կերպով (Կող. 1։10)։
1919 թ.-ին Աստծու ժողովուրդը ազատվեց Մեծ Բաբելոնի տիրապետությունից։ Նույն տարվա ընթացքում նշանակվեց «հավատարիմ և իմաստուն ծառան», ինչի շնորհիվ ազնվասիրտ մարդիկ կարողացան ոտք դնել նոր բացված «Սրբության ճանապարհի» վրա (Մատթ. 24։45-47; Ես. 35։8)։ Այդ ճանապարհ մուտք գործող անհատները կարող էին խորացնել իրենց գիտելիքները Եհովայի նպատակների մասին մասամբ շնորհիվ այն հավատարիմ «աշխատողների», որոնք անցյալում մասնակցել էին ճանապարհի շինարարությանը (Առակ. 4։18)։ Նրանք կարող էին նաև իրենց կյանքը համապատասխանեցնել Եհովայի չափանիշներին։ Եհովան երբեք չի ակնկալել, որ իր ժողովուրդը միանգամից կատարի բոլոր անհրաժեշտ փոփոխությունները։ Փոխարենը՝ ժամանակի ընթացքում աստիճանաբար զտել է նրանց։ Որքա՜ն ուրախալի կլինի այն օրը, երբ մեր բոլոր գործերով կկարողանանք հաճեցնել Աստծուն։ Ցանկացած ճանապարհ կանոնավոր բարեկարգման կարիք ունի։ 1919 թ.-ից ի վեր «Սրբության ճանապարհի» շինարարությունը շարունակվում է, որ ավելի շատ մարդիկ կարողանան դուրս գալ Մեծ Բաբելոնից։ w23.05, էջ 17, պրբ. 15; էջ 19, պրբ. 16
8 հոկտեմբերի, չորեքշաբթի
Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի (Եբր. 13։5)։
Կառավարիչ մարմնի անդամները անձամբ կրթում են Կառավարիչ մարմնի տարբեր կոմիտեների օգնականներին։ Արդեն իսկ հիմա այս տղամարդիկ իրենց ուսերին հավատարմորեն մեծ պատասխանատվություններ են կրում։ Նրանք ինչպես հարկն է պատրաստված են, որ շարունակեն Քրիստոսի ոչխարներին հոգ տանելու գործը։ Երբ մեծ նեղության եզրափակիչ փուլում վերջին օծյալ քրիստոնյան վերցվի երկինք, երկրի վրա եղող Եհովայի ժողովուրդը Հիսուս Քրիստոսի առաջնորդության շնորհիվ կշարունակի հավատարմորեն ծառայել նրան։ Ճիշտ է, Մագոգի Գոգը՝ ազգերի կոալիցիան, կհարձակվի մեզ վրա, բայց դա կարճ և անհաջող հարձակում կլինի (Եզեկ. 38։18-20)։ Նա չի կարողանա ստիպել Աստծու ժողովրդին դադարել պաշտել Աստծուն։ Եհովան, անկասկած, կփրկի իր ժողովրդին։ Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ մարդկանց մի «մեծ բազմություն», որը բաղկացած էր Քրիստոսի ուրիշ ոչխարներից։ Հովհաննեսին ասվեց, որ այդ բազմությունը «վերապրել է մեծ նեղությունից» (Հայտն. 7։9, 14)։ Այս խոսքերից երևում է, որ Եհովան փրկելու է նրանց։ w24.02, էջ 5-6, պրբ. 13-14
9 հոկտեմբերի, հինգշաբթի
Մի՛ հանգցրեք սուրբ ոգու բորբոքած կրակը (1 Թեսաղ. 5։19)։
Ի՞նչ կարող ենք անել, որ ունենանք Աստծու ոգին։ Մենք կարող ենք աղոթել այն ստանալու համար, ուսումնասիրել Աստծու ներշնչյալ Խոսքը և լինել սուրբ ոգով առաջնորդվող նրա կազմակերպության մի մասը։ Այդպես վարվելը կօգնի մեզ զարգացնել «ոգու առաջ բերած պտուղը» (Գաղ. 5։22, 23)։ Աստված իր ոգին տալիս է միայն նրանց, ովքեր մաքուր մտածելակերպ ու վարք ունեն։ Նա կզրկի մեզ իր ոգուց, եթե մեր միտքը սնենք անմաքուր բաներով և վարվենք դրանց համաձայն (1 Թեսաղ. 4։7, 8)։ Որպեսզի շարունակ ստանանք սուրբ ոգին, պետք է նաև «արհամարհանքով չվերաբերվենք Աստծու ներշնչմամբ տրված պատգամներին» (1 Թեսաղ. 5։20)։ Այս համարում «պատգամներ» բառը վերաբերում է Աստծու ոգով ներշնչված խոսքերին, այդ թվում՝ Եհովայի օրվա և մեր ժամանակների հրատապ լինելու մասին հորդորներին։ Մենք մեր մտքում չենք հետաձգում Եհովայի օրը՝ մտածելով, թե Արմագեդոնը չի գա մեր կյանքի ընթացքում։ Փոխարենը մեր մտքում վառ ենք պահում այն և դրսևորում ենք մաքուր վարք ու զբաղված ենք լինում «աստվածանվեր գործերով» (2 Պետ. 3։11, 12)։ w23.06, էջ 12, պրբ. 13-14
10 հոկտեմբերի, ուրբաթ
Եհովայի հանդեպ վախը իմաստության սկիզբն է (Առակ. 9։10)։
Ի՞նչ պետք է անենք, եթե մեր էլեկտրոնային սարքի վրա պատահաբար պոռնկագրական պատկեր հայտնվի։ Մենք պետք է անմիջապես հեռացնենք մեր հայացքը դրանից։ Դա անելը դժվար չի լինի, եթե հիշենք, որ մեր ունեցած ամենաթանկ բանը Եհովայի հետ մտերմությունն է։ Հարկավոր է նաև ի մտի ունենալ, որ կան նկարներ, որոնք թեև պոռնկագրական չեն համարվում, բայց կարող են մեր մեջ անբարո ցանկություններ արթնացնել։ Մենք չպետք է այդպիսի նկարներ դիտենք, քանի որ չենք ցանկանում անգամ մեկ քայլով մոտենալ մեր սրտում շնություն գործելու սահմանին (Մատթ. 5։28, 29)։ Թաիլանդում ապրող Դեյվիդ անունով մի երեց ասում է. «Ես ինքս ինձ հարցնում եմ. «Նույնիսկ եթե այդ նկարները պոռնկագրական բնույթի չեն, մի՞թե կհաճեցնեմ Եհովային, եթե շարունակեմ նայել դրանք»։ Այսպես մտածելն օգնում է, որ իմաստնորեն վարվեմ»։ Եհովային տհաճեցնելու վախը օգնում է մեզ իմաստնորեն վարվել։ Աստվածավախությունը «իմաստության սկիզբն է», կամ՝ հիմքը։ w23.06, էջ 23, պրբ. 12-13
11 հոկտեմբերի, շաբաթ
Գնա, ի՛մ ժողովուրդ, մտիր քո տան խորքի սենյակները (Ես. 26։20)։
«Տան խորքի սենյակները» կարող են վերաբերել մեր ժողովներին։ Մեծ նեղության ընթացքում մենք կունենանք Եհովայի խոստացած պաշտպանությունը, եթե միաբանված մնանք մեր հավատակիցների հետ։ Հիմա է ժամանակը ջանքեր թափելու, որ ոչ թե պարզապես հանդուրժենք մեր եղբայրներին ու քույրերին, այլ սիրենք նրանց։ Մեր փրկությունը գուցե կախված լինի դրանից։ «Եհովայի մեծ օրը» ողջ մարդկության համար շատ ծանր ժամանակաշրջան է լինելու (Սոփ. 1։14, 15)։ Այդ ընթացքում Եհովայի ժողովուրդն էլ է դժվարություններ կրելու։ Այսօրվանից պատրաստվելով դրան՝ կկարողանանք հանգստություն պահպանել, օգնել ուրիշներին և դիմանալ ցանկացած դժվարության ներքո։ Երբ մեր հավատակիցները նեղություններ կրեն, մենք կարեկցանք կդրսևորենք նրանց հանդեպ և կապահովենք նրանց անհրաժեշտ բաներով։ Եթե այսօրվանից սովորենք սիրել մեր հավատակիցներին, ապա նրանց հանդեպ սեր կցուցաբերենք նաև ապագայում։ Այդ դեպքում Եհովան կվարձատրի մեզ՝ տալով հավիտենական կյանք մի աշխարհում, որտեղ աղետներն ու դժվարությունները ընդմիշտ մոռացված կլինեն (Ես. 65։17)։ w23.07, էջ 7, պրբ. 16-17
12 հոկտեմբերի, կիրակի
[Եհովան] կզորացնի ձեզ, ամուր և հաստատուն կդարձնի (1 Պետ. 5։10)։
Աստծու Խոսքում Եհովայի հավատարիմ ծառաները հաճախ նկարագրվում են որպես զորեղ մարդիկ։ Բայց նրանք միշտ չէ, որ իրենց ուժեղ են զգացել։ Օրինակ՝ Դավիթ թագավորը երբեմն իրեն «սարի պես ամուր էր» զգում, բայց լինում էին պահեր, երբ նա «վախով էր համակվում» (Սաղ. 30։7)։ Իսկ Սամսոնը, ով թեև Աստծուց ստացած արտասովոր ուժ ուներ, գիտեր, որ, առանց Աստծու օգնության, «կթուլանա և մյուս բոլոր մարդկանց պես կդառնա» (Դատ. 14։5, 6; 16։17)։ Այս հավատարիմ մարդիկ ուժեղ էին միայն այն բանի շնորհիվ, որ Եհովան էր զորացնում իրենց։ Պողոս առաքյալը նույնպես գիտակցում էր, որ Եհովայի տված ուժի կարիքն ունի (2 Կորնթ. 12։9, 10)։ Նա պայքարում էր առողջական խնդիրների դեմ (Գաղ. 4։13, 14)։ Բացի այդ՝ նա էլ էր դժվարանում անել այն, ինչ ճիշտ է (Հռոմ. 7։18, 19)։ Իսկ երբեմն առաքյալը անհանգստության և անորոշության զգացում էր ունենում (2 Կորնթ. 1։8, 9)։ Սակայն երբ նա թույլ էր, այդ ժամանակ էր զորավոր։ Պատճառն այն է, որ Եհովան Պողոսին տալիս էր անհրաժեշտ զորությունը, որպեսզի նա կարողանար դիմանալ դժվարություններին։ w23.10, էջ 12, պրբ. 1-2
13 հոկտեմբերի, երկուշաբթի
Ես՝ Եհովաս, սիրտն եմ տեսնում (1 Սամ. 16։7)։
Եթե երբեմն թերարժեքության զգացումը պատում է մեզ, պետք է հիշենք, որ Եհովան է մեզ ձգել դեպի իրեն (Հովհ. 6։44)։ Նա մեր մեջ տեսնում է այն լավ բաները, որ գուցե ինքներս չենք տեսնում, և գիտի, թե ինչպիսին ենք իրականում (2 Տար. 6։30)։ Ուստի կարող ենք լիովին վստահել նրա հավաստիացմանը ու չկասկածել, որ թանկ ենք նրա համար (1 Հովհ. 3։19, 20)։ Նախքան ճշմարտությունն իմանալը ոմանք այնպիսի բաներ են արել, որոնց պատճառով մինչև հիմա իրենց մեղավոր են զգում (1 Պետ. 4։3)։ Եհովայի հավատարիմ ծառաներից ոմանք էլ պայքարում են որոշ մեղավոր հակումների դեմ։ Քո սիրտն է՞լ է երբեմն դատապարտում քեզ։ Եթե այո, գուցե քեզ մխիթարի այն միտքը, որ հնում ապրած Եհովայի ծառաներն էլ են ունեցել նմանատիպ զգացումներ։ Նրանցից էր Պողոս առաքյալը։ Բախվելով իր անկատարության դրսևորումներին՝ Պողոսը իրեն թշվառ էր համարում (Հռոմ. 7։24)։ Ինչ խոսք, նա զղջացել էր իր մեղքերի համար և մկրտվել էր, բայց իրեն համարում էր «առաքյալների մեջ փոքրագույնը» և մեղավորներից «առաջինը» (1 Կորնթ. 15։9; 1 Տիմոթ. 1։15)։ w24.03, էջ 27, պրբ. 5-6
14 հոկտեմբերի, երեքշաբթի
Ժողովուրդը մերժեց իր.... Եհովայի տունը (2 Տար. 24։18)։
Հովաս թագավորի թույլ տված սխալից սովորում ենք, որ կարևոր է ընտրել այնպիսի ընկերներ, որոնք լավ ազդեցություն կունենան մեզ վրա, ընկերներ, որոնք սիրում են Եհովային և ուզում են ուրախացնել նրա սիրտը։ Մենք չպետք է սահմանափակվենք միայն մեր հասակակիցների հետ շփվելով։ Հիշիր, որ Հովասը բավականին փոքր էր իր ընկեր Հովիադայից։ Լավ կլինի՝ մտածես հետևյալ հարցերի շուրջ. «Ընկերներս օգնո՞ւմ են, որ ամրացնեմ Եհովայի հանդեպ հավատս։ Քաջալերո՞ւմ են ինձ, որ ապրեմ Աստծու չափանիշներով։ Սովորություն ունե՞ն խոսելու Եհովայի և նրա հայտնած թանկ ճշմարտությունների մասին։ Հարգո՞ւմ են նրա սահմանած չափանիշները։ Ասում են այն, ինչ ուզում եմ լսե՞լ, թե՞ քաջություն ունեն անհրաժեշտության դեպքում շտկելու իմ մտածելակերպը» (Առակ. 27։5, 6, 17)։ Իրականում դու Եհովային չսիրող ընկերների կարիք չունես։ Բայց եթե ընկերներդ սիրում են Եհովային, թանկ համարիր նրանց. նրանք դրական ազդեցություն կունենան քեզ վրա (Առակ. 13։20)։ w23.09, էջ 9, պրբ. 6-7
15 հոկտեմբերի, չորեքշաբթի
Ես եմ Ալֆան և Օմեգան (Հայտն. 1։8)։
Հունարեն այբուբենը սկսվում է «ալֆա» տառով և վերջանում «օմեգա» տառով։ «Ալֆա և Օմեգա» ասելով՝ Եհովան նկատի ուներ, որ իր սկսած գործը միշտ ավարտին է հասցնում։ Ադամին ու Եվային ստեղծելուց հետո նա նրանց ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տնօրինեք այն» (Ծննդ. 1։28)։ Այդ պահին Եհովան կարծես ասաց՝ «Ալֆա»։ Նրա նպատակը պարզ էր. գալու էր մի ժամանակ, երբ Ադամի ու Եվայի կատարյալ, հնազանդ սերունդները լցնելու էին երկիրը և այն դրախտի էին վերածելու։ Երբ այդ պահը գա, Եհովան կարծես կասի՝ «Օմեգա»։ Իր նպատակի իրականացումը հաստատելու համար Եհովան «երկնքի, երկրի և դրանցում եղող ամեն բանի» արարումից հետո մի երաշխիք տվեց, որ անպայման կիրականացնի երկրի և մարդկության հետ կապված իր նպատակը։ Այն ամբողջությամբ կիրագործվի յոթերորդ օրվա վերջում (Ծննդ. 2։1-3)։ w23.11, էջ 5, պրբ. 13-14
16 հոկտեմբերի, հինգշաբթի
Մաքրե՛ք ճանապարհը Եհովայի համար։ Աստծու համար ճանապա՛րհ հարթեք անապատում (Ես. 40։3)։
Բաբելոնից Իսրայել ճամփորդելը հեշտ չէր։ Դա կարող էր մոտ չորս ամիս տևել։ Բայց Եհովան խոստացել էր վերացնել ցանկացած խոչընդոտ, որը գուցե դժվարացներ նրանց վերադարձը։ Հավատարիմ հրեաները գիտեին, որ Իսրայել վերադառնալու օգուտները շատ ավելին էին, քան ցանկացած զոհողություն, որ գուցե անեին։ Մեծագույն օրհնությունը առնչվում էր նրանց երկրպագությանը։ Բաբելոնում Եհովային նվիրված տաճար չկար։ Չկար նաև զոհասեղան, որի վրա իսրայելացիները կարող էին մատուցել Մովսիսական օրենքով պահանջվող զոհերը, ոչ էլ քահանաների կազմակերպված խումբ կար, որը կաներ դա։ Բացի այդ՝ Աստծու ժողովուրդը թվով շատ ավելի քիչ էր, քան հեթանոսները, ովքեր ոչ մի հարգանք չունեին Եհովայի և նրա չափանիշների հանդեպ։ Ուստի տասնյակ հազարավոր աստվածավախ հրեաներ փափագում էին վերադառնալ իրենց հայրենիք և վերականգնել մաքուր երկրպագությունը։ w23.05, էջ 14-15, պրբ. 3-4
17 հոկտեմբերի, ուրբաթ
Շարունակեք վարվել լույսի զավակներին վայել ձևով (Եփես. 5։8)։
Որպեսզի շարունակենք վարվել լույսի զավակների պես, մենք Աստծու սուրբ ոգու կարիքն ունենք։ Ինչո՞ւ։ Քանի որ այս բարոյազուրկ աշխարհում մաքուր մնալը հեշտ չէ (1 Թեսաղ. 4։3-5, 7, 8)։ Սուրբ ոգին կարող է օգնել մեզ, որ մերժենք այս աշխարհի մտածելակերպը, այդ թվում՝ տարածված փիլիսոփայական գաղափարներն ու Աստծու մտածելակերպին հակասող տեսակետները։ Այն կարող է նաև օգնել մեզ, որ անենք «այն ամենը, ինչ բարի է [և] արդար» (Եփես. 5։9)։ Սուրբ ոգու օգնությունը ստանալու կերպերից մեկը դրա համար աղոթելն է։ Հիսուսն ասաց, որ Եհովան «սուրբ ոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրեն» (Ղուկ. 11։13)։ Եհովան տալիս է մեզ իր ոգին նաև այն ժամանակ, երբ միասին հավաքվում ենք, որ գովաբանենք իրեն (Եփես. 5։19, 20)։ Այդ ոգին դրական ազդեցություն է թողնում մեզ վրա և օգնում է, որ ապրենք Աստծուն հաճելի կյանքով։ w24.03, էջ 23-24, պրբ. 13-15
18 հոկտեմբերի, շաբաթ
Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք, շարունակեք թակել, և կբացվի ձեր առաջ (Ղուկ. 11։9)։
Ավելի շատ համբերության կարի՞ք ունես։ Եթե այո, ապա խնդրիր Եհովայից։ Համբերատարությունը ոգու պտղի մասերից է (Գաղ. 5։22, 23)։ Ուստի կարող ենք աղոթել Եհովային, որ իր սուրբ ոգին տա մեզ և օգնի զարգացնել դրա պտուղը։ Երբ մեր համբերությունը փորձվում է, մենք «շարունակում ենք խնդրել» Աստծուց իր սուրբ ոգին, որ կարողանանք դիմանալ (Ղուկ. 11։13)։ Կարող ենք նաև Եհովային խնդրել, որ օգնի՝ հարցերին նայենք իր տեսանկյունից։ Դրանից հետո լավ կլինի՝ մեր ձեռքից եկածն անենք, որ ամեն օր համբերություն դրսևորենք։ Եթե շարունակ Եհովայից համբերություն խնդրենք և ձգտենք դրսևորել այդ հատկությունը, այն խոր արմատներ կգցի մեր սրտում և կդառնա մեր անհատականության մի մասը։ Կօգնի նաև աստվածաշնչյան օրինակների շուրջ խորհրդածելը։ Աստծու Խոսքում համբերատար մարդկանց շատ օրինակներ կան։ Խորհրդածելով դրանց շուրջ՝ կսովորենք, թե ինչպես կարելի է համբերություն դրսևորել։ w23.08, էջ 22-23, պրբ. 10-11
19 հոկտեմբերի, կիրակի
Ցանցերը գցեք ջուրը (Ղուկ. 5։4)։
Հիսուսը հավաստիացրեց Պետրոս առաքյալին, որ Եհովան հոգ կտանի նրա մասին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին և մյուս առաքյալներին ևս մեկ անգամ հրաշքով օգնեց ձուկ բռնել (Հովհ. 21։4-6)։ Անկասկած, այդ հրաշքը Պետրոսին համոզվածությամբ լցրեց, որ Եհովան կարող է հոգ տանել նրա նյութական կարիքների մասին։ Թերևս առաքյալը հիշեց Հիսուսի այն խոսքերը, որ Եհովան հոգ կտանի նրանց մասին, ովքեր «միշտ առաջին տեղում են դնում Աստծու թագավորությունը» (Մատթ. 6։33)։ Այդ ամենն օգնեց, որ Պետրոսն իր կյանքում առաջին տեղում դնի ոչ թե իր աշխատանքը, այլ քարոզչական գործը։ 33 թ. Պենտեկոստեին նա քաջաբար քարոզեց հազարավոր մարդկանց՝ օգնելով նրանց ընդունել բարի լուրը (Գործ. 2։14, 37-41)։ Դրանից հետո Պետրոսը օգնեց սամարացիներին և այլազգիներին ընդունել Քրիստոսին (Գործ. 8։14-17; 10։44-48)։ Հստակ է, որ Եհովան նրա միջոցով զորավոր գործեր արեց՝ ամեն տեսակ մարդկանց բերելով քրիստոնեական ժողով։ w23.09, էջ 20, պրբ. 1; էջ 23, պրբ. 11
20 հոկտեմբերի, երկուշաբթի
Եթե դուք չպատմեք ինձ այդ երազը և չմեկնեք այն, ձեզ կտոր-կտոր կանեն (Դան. 2։5)։
Երուսաղեմի կործանումից մոտ երկու տարի հետո Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորը մի հսկա արձանի մասին երազ է տեսնում, որը նրան գցում է մտատանջությունների մեջ։ Նա սպառնում է սպանել իր ենթակայության տակ եղող բոլոր իմաստուններին, այդ թվում՝ Դանիելին, եթե նրանք չկարողանան պատմել իր տեսած երազը և տալ դրա մեկնությունը (Դան. 2։3-5)։ Դանիելը պետք է արագ գործեր, հակառակ դեպքում՝ շատերը կկորցնեին իրենց կյանքը։ Նա «մտնում է թագավորի մոտ ու խնդրում, որ իրեն ժամանակ տա երազի մեկնությունը հայտնելու համար» (Դան. 2։16)։ Դրա համար քաջություն ու հավատ էր պետք։ Ոչ մի արձանագրություն չկա այն մասին, որ մինչ այդ Դանիելը երազներ է մեկնել։ Նա խնդրում է իր երեք ընկերներին, որ «աղոթեն երկնքի Աստծուն, որ նա գթասիրտ լինի իրենց հանդեպ ու բացահայտի այդ գաղտնիքը» (Դան. 2։18)։ Եհովան պատասխանում է նրանց աղոթքներին։ Աստծու օգնությամբ Դանիելը մեկնում է Նաբուգոդոնոսորի երազը, և Դանիելի ու նրա ընկերների կյանքը փրկվում է։ w23.08, էջ 2, պրբ. 4
21 հոկտեմբերի, երեքշաբթի
Ով որ մինչև վերջ դիմանա, կփրկվի (Մատթ. 24։13)։
Մտածիր համբերատար լինելու օգուտների մասին։ Համբերատար մարդիկ ավելի երջանիկ են ու հանգիստ։ Ուստի համբերատար լինելը կարող է բարելավել մեր հոգեկան ու ֆիզիկական առողջությունը։ Բացի այդ՝ ավելի լավ փոխհարաբերություններ ենք ունենում մարդկանց հետ։ Այդպես նաև նպաստում ենք ժողովի միասնությանը։ Եվ երբ ինչ-որ մեկը սադրում է մեզ, մենք «չենք շտապում բարկանալ» և իրավիճակը ավելի չենք սրում (Սաղ. 37։8; Առակ. 14։29)։ Իսկ որ ամենակարևորն է, մենք ընդօրինակում ենք մեր երկնային Հորը և ավելի ենք մտերմանում նրա հետ։ Համբերատարությունը իրոք որ գրավիչ և օգտակար հատկություն է։ Թեև երբեմն դժվար է համբերատար լինել, բայց Եհովայի օգնությամբ մենք կարող ենք զարգացնել այս հատկությունը։ Մինչ համբերությամբ սպասում ենք նոր աշխարհին, մենք համոզված ենք, որ «Եհովան իր աչքը իրենից վախեցողների վրա է պահում, նրանց վրա, ովքեր իր հավատարիմ սիրուն են ապավինում» (Սաղ. 33։18)։ Եկեք բոլորս նպատակ դնենք համբերատարություն զարգացնել և միշտ դրսևորել այն։ w23.08, էջ 22, պրբ. 7; էջ 25, պրբ. 16-17
22 հոկտեմբերի, չորեքշաբթի
Առանց գործերի [հավատը] մեռած է (Հակ. 2։17)։
Հակոբոսը նշեց, որ մարդը գուցե պնդի, թե հավատ ունի, բայց նրա գործերը այլ բանի մասին խոսեն (Հակ. 2։1-5, 9)։ Նա խոսեց նաև մի մարդու մասին, ով տեսնում էր, որ իր եղբայրը կամ քույրը հագուստ և բավականաչափ ուտելիք չունի, բայց ոչ մի գործնական օգնություն չէր ցուցաբերում նրան։ Անգամ եթե այդ մարդը պնդում էր, թե հավատ ունի, նա գործերով չէր փաստում դա, հետևաբար նրա հավատն անօգուտ էր (Հակ. 2։14-16)։ Հակոբոսը Ռախաբի մասին խոսեց որպես մեկի, ով գործերով փաստեց իր հավատը (Հակ. 2։25, 26)։ Նա լսել էր Եհովայի մասին և գիտեր, որ Եհովան աջակցում է իսրայելացիներին (Հեսու 2։9-11)։ Ռախաբը փաստեց իր հավատը գործերով, երբ պաշտպանեց երկու իսրայելացի լրտեսների, որոնց կյանքը վտանգի տակ էր։ Թեև այս անկատար կինը իսրայելացի չէր, սակայն արդար հայտարարվեց, ճիշտ ինչպես Աբրահամը։ Նրա օրինակը փաստում է, թե որքան կարևոր է, որ հավատը դրսևորվի գործերով։ w23.12, էջ 5-6, պրբ. 12-13
23 հոկտեմբերի, հինգշաբթի
Թող որ դուք խոր արմատներ ունենաք և կանգնած լինեք ամուր հիմքի վրա (Եփես. 3։17)։
Մենք չենք բավարարվում Աստվածաշնչի վերաբերյալ միայն մակերեսային գիտելիքներ ձեռք բերելով։ Եհովայի սուրբ ոգու օգնությամբ մղվում ենք սովորելու «նույնիսկ Աստծու խորունկ մտքերը» (1 Կորնթ. 2։9, 10)։ Անձնական ուսումնասիրության քո ծրագրի միջոցով փորձիր ավելի մտերմանալ Եհովայի հետ։ Օրինակ՝ փնտրտուքներ արա այն թեմայով, թե ինչպես է Եհովան անցյալում սեր ցուցաբերել իր ծառաների հանդեպ, և թե ինչպես է դա փաստում, որ նա սիրում է նաև քեզ։ Կարող ես նաև ուսումնասիրել, թե որն էր երկրպագություն մատուցելու կարգը հին Իսրայելում և համեմատել այն այսօրվա ժողովներում գործող կարգի հետ։ Կամ էլ խորությամբ ուսումնասիրիր այն մարգարեությունները, որոնք Հիսուսը կատարեց իր երկրային կյանքի և ծառայության ընթացքում։ Վստահ ենք՝ մեծ ուրախություն կստանաս, եթե «Փնտրտուքների ուղեցույց Եհովայի վկաների համար» ձեռնարկի օգնությամբ ուսումնասիրես այդ նյութերը։ Աստվածաշնչի խոր անձնական ուսումնասիրություն անելը կամրացնի քո հավատը, և կօգնի, որ «Աստծու մասին գիտելիքներ գտնես» (Առակ. 2։4, 5)։ w23.10, էջ 18-19, պրբ. 3-5
24 հոկտեմբերի, ուրբաթ
Ամենից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ, որովհետև սերը ծածկում է բազմաթիվ մեղքերը (1 Պետ. 4։8)։
Պետրոս առաքյալի օգտագործած «ուժգին» թարգմանված բառը հունարեն բառացի նշանակում է «ձգված»։ Համարի երկրորդ մասում ասվում է, որ այդպիսի սերը կարող է ծածկել մեր հավատակիցների մեղքերը։ Դա կարող ենք պատկերացնել հետևյալ կերպ։ Մենք երկու ձեռքով բռնում ենք սերը, որն ասես ձգվող կտոր լինի, և այնքան ենք ձգում, որ դրանով կարողանանք ծածկել ոչ թե մեկ կամ երկու, այլ «բազմաթիվ մեղքեր»։ Ներելը նկարագրվում է «ծածկել» բառով։ Ինչպես կտորը կարող է ծածկել առարկայի վրայի բծերը, այնպես էլ սերը կարող է ծածկել ուրիշների թերությունները և անկատարության դրսևորումները։ Մեր հավատակիցների հանդեպ սերը այնքան ամուր պետք է լինի, որ կարողանանք ներել նրանց բացթողումները, նույնիսկ եթե այդպես վարվելը երբեմն դժվար է (Կող. 3։13)։ Ներելով կփաստենք, որ ուժգին սեր ունենք և ցանկանում ենք հաճեցնել Եհովային։ w23.11, էջ 10-11, պրբ. 13-15
25 հոկտեմբերի, շաբաթ
Սաֆանը թագավորի առաջ սկսեց կարդալ այն (2 Տար. 34։18)։
Երբ Հովսիան 26 տարեկան էր, ձեռնարկեց տաճարի վերանորոգումը։ Այդ աշխատանքների ընթացքում գտնվեց «Եհովայի օրենքի գիրքը, որը տրվել էր Մովսեսի միջոցով»։ Երբ այն ընթերցվեց, թագավորը մղվեց վարվելու այնտեղ գրվածի համաձայն (2 Տար. 34։14, 19-21)։ Իսկ դու փորձո՞ւմ ես կանոնավորաբար կարդալ Աստվածաշունչը։ Հաճույք ստանո՞ւմ ես այդ ընթերցանությունից։ Առանձնացնո՞ւմ ես այն համարները, որոնք կարող են օգտակար լինել քեզ համար։ 39 տարեկանում Հովսիան Եհովայի առաջնորդությունը փնտրելու փոխարեն ապավինեց ինքն իրեն, որի պատճառով կորցրեց իր կյանքը (2 Տար. 35։20-25)։ Սովորում ենք, որ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք և որքան երկար ենք ուսումնասիրում Աստվածաշունչը, պետք է միշտ փնտրենք Եհովային։ Դա ներառում է աղոթքով կանոնավորաբար Աստծու առաջնորդությունը խնդրելը, նրա Խոսքը ուսումնասիրելը և հասուն քրիստոնյաների խորհուրդներին հետևելը։ Եթե այդպես վարվենք, քիչ հավանական է, որ լուրջ սխալներ թույլ կտանք, և ավելի հավանական է, որ երջանիկ կլինենք (Հակ. 1։25)։ w23.09, էջ 12, պրբ. 15-16
26 հոկտեմբերի, կիրակի
Աստված հակառակվում է գոռոզներին, բայց խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում (Հակ. 4։6)։
Աստվածաշնչում ընդօրինակման արժանի շատ կանայք են հիշատակված, ովքեր սիրել են Եհովային և ծառայել նրան։ Նրանք «սովորությունների մեջ չափավոր» էին և «ամեն ինչում հավատարիմ» (1 Տիմոթ. 3։11)։ Քույրերը կարող են օրինակ վերցնել նաև իրենց ժողովներում ծառայող հասուն քրիստոնյա կանանցից։ Երիտասա՛րդ քույրեր, հավանաբար ճանաչում եք այնպիսի հասուն քույրերի, որոնց կցանկանաք ընդօրինակել։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ լավ հատկություններ ունեն նրանք, այնուհետև մտածեք, թե ինչպես կարող եք դրսևորել այդ հատկությունները։ Հասուն քրիստոնյային բնորոշ կարևոր հատկություններից մեկը խոնարհությունն է։ Խոնարհությունը կօգնի, որ կինը լավ հարաբերություններ ունենա Եհովայի և ուրիշների հետ։ Օրինակ՝ Եհովային սիրող կինը խոնարհաբար հետևում է գլխավորության սկզբունքին, որն իր երկնային Հայրն է հաստատել (1 Կորնթ. 11։3)։ Այդ սկզբունքը կոնկրետ կիրառություն ունի ժողովում և ընտանիքում։ w23.12, էջ 19, պրբ. 3-5
27 հոկտեմբերի, երկուշաբթի
Ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինը (Եփես. 5։28)։
Եհովան ակնկալում է, որ ամուսինը սիրի իր կնոջը և հոգա նրա ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր կարիքները։ Խորհելու կարողությունը, կանանց հանդեպ հարգանքը և վստահելի լինելը, կօգնեն քեզ լավ կողակից դառնալ։ Ամուսնությունից հետո գուցե հայր դառնաս։ Լավ հայր լինելու հարցում Եհովայից շատ բան կարող ես սովորել (Եփես. 6։4)։ Եհովան իր Որդուն՝ Հիսուսին, ասաց, որ սիրում և հավանում է նրան (Մատթ. 3։17)։ Եթե հայր դառնաս, ամեն բան արա, որ երեխաներիդ կանոնավորաբար հավաստիացնես քո սիրո մեջ։ Հաճախ գովիր նրանց իրենց արած լավ բաների համար։ Եհովային ընդօրինակող հայրերը օգնում են իրենց երեխաներին դառնալ հասուն քրիստոնյաներ։ Դու այսօրվանից կարող ես պատրաստվել ստանձնելու այդ դերը, եթե սիրով հոգ տանես քո ընտանիքի անդամների և հավատակիցների մասին և սովորես սեր ու գնահատանք արտահայտել նրանց հանդեպ (Հովհ. 15։9)։ w23.12, էջ 28-29, պրբ. 17-18
28 հոկտեմբերի, երեքշաբթի
[Եհովան ձեզ] հաստատուն կդարձնի (1 Պետ. 5։10)։
Թեև մենք հավատարմորեն ծառայում ենք Եհովային, բայց մյուս մարդկանց պես բախվում ենք դժվարությունների և առողջական խնդիրներ ենք ունենում։ Բացի այդ՝ Աստծուն ատող մարդիկ հակառակվում և հալածում են մեզ։ Ճիշտ է, Եհովան մեզ չի ազատում այսպիսի խնդիրներից, բայց խոստանում է օգնել (Ես. 41։10)։ Նրա աջակցությամբ մենք կարող ենք պահպանել մեր ուրախությունը, ճիշտ որոշումներ կայացնել և նվիրված մնալ նրան նույնիսկ դժվար իրավիճակներում։ Եհովան խոստանում է օգնել մեզ՝ տալով իր խաղաղությունը (Փիլիպ. 4։6, 7)։ Դա մտքի և սրտի հանդարտ վիճակն է, որը ունենում ենք Եհովայի հետ մտերիմ լինելու շնորհիվ։ Այն «վեր է մարդկային ամեն հասկացողությունից»։ Երբևէ եղե՞լ է, որ Եհովային ջերմեռանդորեն աղոթելուց հետո հանկարծակի աննկարագրելի հանգստություն զգաս։ Այդ զգացումը հենց Աստծու խաղաղությունն է։ w24.01, էջ 20, պրբ. 2; էջ 21, պրբ. 4
29 հոկտեմբերի, չորեքշաբթի
Ո՛վ իմ անձ, Եհովային գովաբանիր, իմ ո՛ղջ էություն, նրա սուրբ անունը փառաբանիր (Սաղ. 103։1)։
Աստծու հանդեպ սերը մղում է հավատարիմ մարդկանց ողջ սրտով գովաբանելու նրա անունը։ Դավիթ թագավորը հասկանում էր, որ Աստծու անունը գովաբանել նշանակում է գովաբանել հենց Եհովային։ Աստծու անունը ներառում է նրա համբավը, ուստի այն մեզ հիշեցնում է նրա գեղեցիկ հատկությունների և զարմանահրաշ գործերի մասին։ Դավիթը սուրբ էր համարում իր երկնային Հոր անունը և գովաբանում էր այն։ Նա ուզում էր, որ իր «ողջ էությունը» գովաբանի Աստծուն, այսինքն՝ նա դա անի իր ամբողջ սրտով։ Ղևտացիները նույնպես առաջնորդություն էին վերցնում Եհովային գովաբանելու հարցում։ Նրանք խոնարհաբար ընդունում էին, որ իրենց խոսքերով երբեք չեն կարողանա Եհովայի սուրբ անվանը մատուցել այն գովաբանությունը, որին նա արժանի է (Նեեմ. 9։5)։ Անկասկած, խոնարհությամբ և սրտանց արված այդ գովաբանությունը ուրախացնում էր Եհովայի սիրտը։ w24.02, էջ 9, պրբ. 6
30 հոկտեմբերի, հինգշաբթի
Ինչպես որ առաջադիմել ենք մինչև հիմա, եկեք նույն ձևով շարունակենք առաջ ընթանալ այդ ուղով (Փիլիպ. 3։16)։
Եհովան քեզ ձախողակ չի համարի, եթե չես հասել մի նպատակի, որը պարզապես վեր է քո ուժերից (2 Կորնթ. 8։12)։ Խոչընդոտը սովորելու առիթ համարիր։ Մտածիր այն նպատակների մասին, որոնց արդեն հասել ես։ Աստվածաշունչն ասում է. «Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը» (Եբր. 6։10)։ Ուստի դու էլ մի՛ մոռացիր քո ձեռքբերումների մասին։ Մտածիր, թե ինչ նպատակների ես արդեն հասել։ Օրինակ՝ Եհովայի հետ մտերմանալը, նրա մասին ուրիշներին պատմելը կամ մկրտվելը։ Ինչպես անցյալում ես կարողացել հոգևորապես առաջադիմել և որոշ նպատակների հասնել, այնպես էլ շարունակիր ձգտել ներկայիս նպատակներիդ։ Եհովայի օգնությամբ դա հնարավոր է։ Նպատակներիդ հասնելու ճանապարհին մի՛ մոռացիր տեսնել, թե ինչպես է Եհովան օգնում և օրհնում քեզ (2 Կորնթ. 4։7)։ Եթե չհանձնվես, առատ օրհնություններ կքաղես (Գաղ. 6։9)։ w23.05, էջ 31, պրբ. 16-18
31 հոկտեմբերի, ուրբաթ
Հայրն ինքը սիրում է ձեզ, որովհետև դուք սիրում եք ինձ ու հավատում եք, որ ես նրա կողմից եմ եկել (Հովհ. 16։27)։
Եհովան տարբեր կերպերով ցույց է տալիս իր ժողովրդին, որ սիրում է նրանց, և որ նրանք ունեն իր հավանությունը։ Աստվածաշնչում խոսվում է երկու դեպքի մասին, երբ Եհովան Հիսուսին ասել է, որ նա իր սիրելի Որդին է, ում ինքը հավանել է (Մատթ. 3։17; 17։5)։ Կցանկանայի՞ր դու էլ Եհովայից նման հավաստիացում ստանալ։ Այսօր Նա մեզ հետ չի խոսում երկնքից, բայց նա դա անում է իր Խոսքի միջոցով։ Օրինակ՝ մենք կարող ենք լսել Եհովայի սիրո հավաստիացումը՝ կարդալով Ավետարաններում գրված Հիսուսի խոսքերը։ Երկրի վրա եղած ժամանակ նա կատարելապես արտացոլում էր իր Հոր էությունը։ Ուստի երբ կարդում ենք, թե ինչպես էր Հիսուսը արտահայտում իր հավանությունը իր անկատար, բայց հավատարիմ հետևորդների հանդեպ, պատկերացնում ենք, որ Եհովան այդ խոսքերը մեզ է ասում (Հովհ. 15։9, 15)։ Երբ փորձություններ ենք ունենում, չի նշանակում, որ չունենք Աստծու հավանությունը։ Ընդհակառակը՝ դրանք հնարավորություն են տալիս մեզ փաստելու, թե որքան խորն է Եհովայի հանդեպ մեր սերն ու վստահությունը (Հակ. 1։12)։ w24.03, էջ 28, պրբ. 10-11